2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված, եւ 2021 թվականի մարտի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածով ստեղծվել է քաղհասարակության երկկողմ Պլատֆորմ՝ բաղկացած Եվրամիության քաղհասարակության ներկայացուցիչներից եւ Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներից։
Հայաստանից Պլատֆորմի մաս են կազմում հայաստանյան ՀԿ-ների, Արհմիությունների կոնֆեդերացիայի եւ Գործատուների միությունների ներկայացուցիչները։ Պլատֆորմի նպատակն է ՀԸԳՀ- CEPA-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի իշխանություններին խոհրդատվություն տրամադրելն ու դրա իրականացումը մշտադիտարկելը։ Հիշեցնենք, որ ՀԸԳՀ-ով նախատեսված համագործակցությունը եւ բարեփոխումները առնչվում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են․
-Տնտեսական համագործակցությունը,
-Քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները
-Արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործացկությունը
-Արդարադատությունը, ազատությունը եւ անվտանգությունը։
2018թ. հուլիսի 2-ի ՀՀ վարչապետի թիվ 906-Ն որոշմամբ ստեղծվել է Համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի մաս կազմող Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հրապարակել է «Կայուն ձեռնարկատիրությունը եւ կայուն զբաղվածությունը ՀՀ-ում» զեկույցը, որն ունի խորհրդատվական նշանակություն ՀՀ կառավարության համար՝ ՀԸԳՀ դրույթների ներդրման գործընթացում։ Ուսումնասիրությունում ընտրվել են ՀՀ տնտեսության կարեւոր հինգ ոլորտներ, ինչպես նաեւ ծառայությունների մասով՝ հաշվապահություն, իրավաբանական ծառայություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Ներկայացված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ ստորեւ մեր զրույցը պարոն Գագիկ Մակարյանի հետ։
-Ձեր խորհրդատվական կարծիքի հիմանական առանցքը ՓՄՁ-ներն են։ ՀՀ-ի՝ ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնառությունների լույսի ներքո, որտեղ ծավալուն անդրադարձ կա տնտեսությանն ընդհանրապես, ինչո՞ւ եք հատկապես կարեւորել ՓՄՁ-ները։
-ՓՄՁ-ները կարեւոր են երկու առումով՝ առաջինը, որ ՀՀ-ում շուրջ 67000 մասնավոր ընկերություններ են գործում, ներառյալ միկրո, փոքր, միջին եւ խոշոր ընկերությունները միասին վերցրած: Դրանցից շուրջ 66750-ը կազմում են միկրո եւ ՓՄՁ ընկերությունները: Այդ թվաքանակը ցույց է տալիս, որ մասնավոր հատվածում թվաքանակով գերակշռում են ՓՄՁ-ները: Բացի այդ աշխատողների թվաքանակով միկրո եւ ՓՄՁ-ները նույնպես գերակշռում են:
Երկրորդ հանգամանքն այն է, որ ՀՀ-ում գործում է ՓՄՁ զարգացման Ազգային ռազմավարությունը, որի դրույթները եւ կից միջոցառումների պլանը ներդաշնակեցված են CEPA-ի դրույթներին: Սյսինքն, ՓՄՁ-ները կարեւոր նշանակություն ունեն Ձեռնարկատիրության եւ զբաղվածության բնագավառներում:
—Նշել եք, որ փորձել ենք «առաջարկների ձեւով ներկայացնել, թե ինչպես պետք է կառավարությունը իր գործիքակազմով աջակցի, որպեսզի առկա գործիքակազմը իրապես արդյունավետ լինի այդ ոլորտը զարգացնելու համար եւ մշակելու այնպիսի ռազմավարություններ, որոնք կխթանեն Համաձայնագրի դրույթների կատարումը»: Եթե փորձենք ընդհանրացնել, եւ համառոտ ձեւակերպել, ապա ՀԸԳՀ դրույթների կատարումն ի՞նչ կտա մեր տնտեսությանը, ինչպե՞ս կփոխի այն, տեսանելի եւ շոշափելի ի՞նչ առավելություններ կստանան մեր տնտեսվարողներն ընդհանրապես։
-ՀԸԳՀ դրույթների կատարումը մեր տնտեսությանը կտա հետեւյալը՝ տնտեսական կարիքներին համապատասխան ՓՄՁ-ների ձեւավորում ամբողջ ՀՀ տարածքում, զբաղվածության խթանում՝ ներգրավելով տարբեր տարիքի եւ սեռի անձանց: Կրթական համակարգի հետ համագործակցության արդյունքում՝ կրթության որակի բարելավում, հավասար մրցակցային իրավիճակի ապահովում, ձեռնարկատիրական մշակույթի խթանում, առկա տնտեսական ճյուղերի զարգացում եւ նոր տնտեսական ճյուղերի ստեղծման հնարավորություն, միջին խավի ձեւավորում, չքավորության նվազում, դեմոկրատական բարեփոխումների խթանում, արդար ընտրությունների իրականացման հնարավորության բարձրացում:
-Խորհրդատվական կարծիքում տնտեսության հինգ ճյուղերի վրա եք կենտրոնացել, որո՞նք են այդ ոլորտների զարգացման հեռանկարները՝ եթե կառավարությունը լսի Ձեր կարծիքն ու իրականացնի ՀԸԳՀ-ով ստանձնած հանձառությունները։
-Տնտեսական 5 ճյուղերը իրականում ներկայացնում են շուրջ 13 ենթաճյուղեր: Եթե հաշվի առնենք, որ ՀՀ տնտեսական բոլոր ենթաճյուղերը միասին վերցված հասնում են 20-ի, ապա մեր դեպքում մենք ապահովել ենք շուրջ 65 % ճյուղերի մասնակցությունը: Դա նշանակում է, որ պետական աջակցության գործիքակազմը բարելավելու դեպքում տնտեսական ճյուղերի մեծամասնությունը կունենա արդյունավետ զարգացման հնարավորություն: Դա կառաջացնի լրացուցիչ տնտեսական աճ, զբաղվածության խթանում, արտահանման ծավալների մեծացում, Հայաստանի Հանրապետության միջազգային շուկաներում դիրքադրման նոր հնարավորություններ: Բացի այդ, ՀՀ-ում տնտեսական մակարդակը եւ ձեռնարկատիրական մշակույթն ու հայկական ընկերությունների մրցունակությունը կմոտենա եվրոպական ստանդարտներին:
—Առանձնացրել եք հետեւյալ ոլորտները՝ մետալուրգիա, հանքագործություն եւ քիմիական արդյունաբերություն, դեղագործություն, ոսկեգործություն եւ ադամանդագործություն, թեթեւ արդյունաբերություն. սննդի արդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն. տեքստիլ եւ կաշվի արտադրություն, սարքաշինություն։ Ինչո՞վ է պայմանավորված հենց այս ոլորտների ընտրությունը։
-Ոլորտների ընտրությունը իրականցվել է հետյալ տրամաբանությամբ՝ առաջինը, որ այդ ոլորտների մի մասը հանդիսանում է գերակա, երկրորդը, որ դրանցից հանքարդյունաբերությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները ունեն գերակշիռ նշանակություն ՀՀ արտահանման ցուցանիշներում: Ոլորտներից ոսկեգործությունը եւ ադամանդագործությունը, Թեթեւ արդյունաբերությունը՝ ներառյալ սննդի արդյունաբերությունը եւ տեքստիլը, կարեւոր են զբաղվածության խթանման հարցում եւ հատկապես կանանց զբաղվածության տեսանկյունից: Ոլորտներից սարքաշինությունը կարեւոր է մեքենաշինության ընդհանուր զարգացման համար եւ նորարարության խթանման նպատակով:
-Եթե սովորական քաղաքացու տեսանկյունից նայենք ՀԸԳՀ-ին, եւ մասնավորապես, դրա տնտեսական բաղադրիչին, քաղաքացին իր կյանքում ինչպե՞ս կզգա տնտեսության ոլորտում ՀԸԳՀ-ով ՀՀ ստանձնած հանձնառությունների իրականացումը, ի՞նչ փոփոխություններ դա կբերի քաղաքացու կյանքում։
-ՀՀ քաղաքացի կնկատի հետյալ զարգացումները եւ առավելությունները՝ ավելի որակյալ եւ քանակապես շատ հայկական տեղական արտադրանք, ցածր աղքատություն եւ չքավորություն, զբաղվածության բարձր ցուցանիշներ, այսինքն ցածր գործազրկություն, բարեկեցության աճ, համերաշխ գործընկերություն եւ համերաշխ միջավայր, կրթության եւ մշակույթի խթանված վիճակ, անհատական բարեկեցություն:
-Ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործողությունները տնտեսական դաշտում ՀԸԳՀ-ով ստանձնած հանձառությունների կատարման հարցում, արդյո՞ք կառավարությունը իրապես գործուն քայլեր է կատարում դրանց իրականացման ուղղությամբ, այս տեմպերով մենք ե՞րբ կարող ենք ակնկալել իրական արդյունքներ։
-ՀՀ Կառավարության ձգտումները եւ ջանքերը ՀԸԳՀ ստանձնած հանձառությունների վերաբերյալ կարեւոր են: Սակայն ավելի կարեւոր է դրանց կատարման ընթացքը, պետական մարմինների եւ պետական աշխատողների պատասխանատվությունը: Որոշակի նկատելի են կատարված աշխատանքները, որոնք առաջացրել են դրական բարեփոխումներ: Որոշ դեպքերում նկատելի են մակերեսային լուծումներ, կամ տեսակետներ: ՀՀ տնտեսվարողները եւ ՀՀ քաղաքացիները առանձնապես տեղեկացված չեն ՀԸԳՀ մասին: Համայնքներում նկատելի է համայնքային կառույցների թույլ ընդգրկվածությունը անհրաժեշտ գործառույթներում:
