2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտությունների մեկնարկը՝ ներկայացնելով 5 կետից բաղկացած քարտեզ․ այն ենթադրում էր անցումային արդարադատության եւ վեթինգի մեխանիզմների ներդում, սակայն այդ վեթինգն այդպես էլ չիրականացավ, ինչո՞ւ։ «1in.am»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը նշել է․
«Երեւի մի քանի առանցքային պատճառներ կան՝ բավարար ռեսուրսի կենտրոնացման անկարողությունը՝ այդ կապակցությամբ մտքի ժողովման, կամքի ձեւավորման նպատակով, ու թափվող ջանքի անբավարարությունը։ Այն չձեւավորվեց, չսինթեզվեց այնպիսի մի պրոցեսի, որը հնարավորություն կտար այս հարցը գոնե առաջին 2-3 տարում լուծել։ Դրա համար մենք եկանք հասանք այստեղ։ Եւ մեր հիմնական մյուս պրոբլեմը անկազմակերպվածությունն է, մի հարցի շուրջ ռացիոնալ բանավեճի եւ ռացիոնալ համագործակցության անկարողությունը, որը մենք չենք զարգացրել տարիների ընթացքում։ Ի՞նչ էր այն ժամանակ տեղի ունենում, ասենք՝ նախարարը մի դիրքորոշում էր ընդունում, մյուս խումբը՝ այլ դիրքորոշում, մյուսը՝ այլ, այսպես ասած, բանաձեւ էր փորձում ներկայացնել, կառավարությունն ընդհանրապես այս ամենի մեջ մեծ հաշվով շփոթի մեջ էր, չէր կարողանում սինթեզել, եւ այս ամենի մասնակիցներից որեւէ մեկը քննարկումն արդյունավետ չէր վարում, այսպես ԶԼՄ-ներով ինչ-որ քննարկումներ էին վարվում եւ արդյունքում պրոցես չձեւավորվեց, արդյունավետ չեղավ այդ պրոցեսը, իսկ հակառակ կողմը շատ արագ կողմնորոշվեց իրավիճակում եւ սկսեց պաշտպանվել տարբեր շոշափուկների եւ խողովակների միջոցով, եւ ձախողվեց այդ քաղաքականությունը։
Հիմնական խնդիրներից էր նաեւ այն, որ, այսպես ասած, հայկական վերածնված ժողովրդավարության հանդեպ ստվեր չնետվի, բայց օրինակ՝ ես համարում էի, որ ցանկացած գործողության պարագայում ավելի ճիշտ կլինի սկզբնական շրջանում, երբ ժողովրդավարական պրոցեսներն ու ժողովրդի սատարումը, այսպես ասած, պիկի վրա էր, իրականացնել անհրաժեշտ մաքրման աշխատանքները, եւ մենք այսօր արդեն կունենայինք գործնական ապացույց, որ դա արդյունավետ է եւ դա սպասարկում է մեր ժողովրդավարությանը։ Փոխարենը մենք այդ ժամանակահատվածում վատնելով այդ ռեսուրսն ու ժամանակը՝ այսօր ունենք այն իրավիճակը, որ ավելի մեծ վտանգ, սպառնալիք է ներկայացնում մեր նոր, վերածնված դեմոկրատական պրոցեսների համար»։
Այսինքն, մենք կորցրե՞լ ենք վեթինգի հնարավորությունը։ Ի պատասխան այս հարցի Եգորյանը ասել է․
«Իհարկե, արդեն այն բովանդակությամբ, որը քննարկվում էր 18-19 թվականներին, հնարավոր չէ իրականացնել վեթինգ, մենք արդեն ստիպված պետք է զբաղվենք այն պրոցեսով, որը մեծ հաշվով հիմա ընթանում է, այլ հարց է դրա բովանդակցության եւ որակի հետ կապված խնդիրը։
Եւ մի ճշտում, քանի որ այն ժամանակ էլ այս կապակցությամբ վեճ կար, տարբեր մարդիկ տարբեր բաներ էին ասում․ այն չէր վերաբերում անխտիր բոլոր դատավորների լիազորությունների դադարեցմանը, ես երբեք դրա կողմնակիցը չեմ եղել, բայց կային հստակ չափանիշներ, որոնք կառավարության նիստում ժամանակին հստակ հրապարակեց վարչապետը եւ այդ ստանդարտների շրջանակներում պետք է իրականցվեր ամբողջությամբ Սահմանադրությանը եւ կոնվենցիային համապատասխան գործընթաց, եւ դատական համակարգը պետք է մաքրվեր այն դատավորներից, որոնք շարունակաբար հանդիսացել են ՀՀ-ում սահմանադրությամբ սահմանված հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման սպասարկողներ։ Բայց այդ կետից մենք մինչ օրս շատ բան բաց թողեցինք եւ ցավոք, այսօր այս փուլում ենք։
Այս փուլում էլ է հնարավոր շատ բան անել, ուղղակի էլի պետք է բավարար ջանք, բավարար կարողություն՝ ռացիոնալ խոսակցություն վարելու, եւ այդ խոսակցության, կոմունիկացիայի արդյունքում առավելագույն արդյունավետ լուծումներ սինթեզելու կարողություն։ Մեծ հաշվով ժողովրդավարությունը սրա մասին է, եւ մենք հանգում ենք այդ արդյունավետ կառավարման խնդրին՝ բոլոր ոլորտներում, այնպես չէ, որ միայն դատական համակարգում է այդպես, իհարկե, դատական իշխանությունը էական ներգրվվածություն ունի այդ բոլոր հարցերում, բայց այդ պրոցեսների խեղման արդյունքում մենք նաեւ տեսնում ենք, որ դատական իշխանությունն օրինակ տարբեր տուրբուլենտ իրավիճակներում փորձում է մխրճվել գործադիր իշխանության, կամ օրենսդիր իշխանության դաշտ, փորձում են անիվների մեջ փայտ խրել եւ այդ հակամարտությունն արդեն տեղափոխում են անթույլատրելի հարթակներ եւ լիազորությունների չարաշահման միջոցների կապակցությամբ եւս խտրություն չի դրվում։ Եւ սա դեստրուկտիվ ընթացք է, որը անդրադառնում է ամեն ինչի վրա, միայն դատարանները չեն, կառավարությունը չէ, ընդհանրապես ժողովրդավարության եւ կառավարման բոլոր ասպեկտներին է վերաբերում։ Դրա համար է ամեն ինչի տեմպը դանդաղ եւ որակը ցածր, իսկ կառավարման խնդիրները էլի նույնն են, մեծ հաշվով այն, ինչի արդյունքում չստացվեց դատական իշխանության վերածնունդը, այդ նույն պատճառով էլ չեն ստացվում մնացած հարցերը, կամ ոչ այնքան արդյունավետ են ստացվում։
Կառավարման այդ որակն ինչի՞ց է գալիս, մարդկանց ռացիոնալ քննարկելու, դատելու կարողությունից եւ ռացիոնալ վեճի շրջանակներում սինթեզելու լուծում։ Այս կարողության բացակայությունը հանգեցնում է խնդիրների, խնդիրների չլուծման, խնդիների խորացման։ Եւ ի վերջո նաեւ ճգնաժամերի, սա է մեր պրոբլեմը, այն էլ իր հերթին առաջացել է, քանի որ մենք սկած երեւի 96 թվականից սկսեցինք նվազեցնել, այնուհետեւ մի կետում նաեւ դադարեցնել քաղաքական եւ ժողովրդավարական փոխազդեցությունը հասարակության մեջ ՀՀ-ում։ Կուսակցությունները, քաղաքական համակարգը սկսեց ուզուրպացվել, երկխոսությունը սկսեց վերացվել, փոխարինվել մենախոսությամբ, պատրանքային տեսլականներով, նպատակներով եւ մենք 20-25 տարի չբանեցրեցինք այդ կարողությունը, չզարգացրեցինք մեր միտքը, ինչի արդյունում հիմա այստեղ ենք, որտեղ այդ մեծ դադարից հետո վերջապես ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, եւ վերջ։ Եւ չունենք բավարար ինքնակազմակերպվածություն, որպեսզի կարողանանք ստեղծել այլընտրանք այդ իշխանությանը, որի խնդիրը միայն իշխանությանը ոչնչացնելը չէ, կամ վերցնելը չէ, այլ ընդհանուր պետության եւ ժողովրդի բարեկեցությունը եւ զարգացումը, ռեֆորմների իրականացումը եւ այլն։ Ոչ թե հակա-ն, այլ՝ սինթեզը։ Եւ մենք առայժմ չունենք այդպիսի երկրորդ ուժ։ Առնվազն չենք կարողանում այդպիսի համախումբ բերել պաշտոնական հարթակ։ Դա կլինի ԱԺ, քաղաքային իշխանություն, այլ մարմիններ, եւ հիմնականում այդ հակընդդեմ բախման տիրույթում ենք գործում, որտեղ կառուցողական արդյունքը շատ ավելի ցածր է լինելու»։
Ի պատասխան այն հարցի, որ «արդարադատությունը շարունակում է չվերականգնված մնալ, ո՞րն է դրա պատճառը», Եգորյանը նշել է․
«Ցավոք, էլի ոչ արդյունավետ կառավարումը, ցավոք, ինչի մասին էլ խոսենք, այդ հարցը առկախված եւ փոխկապակցված է լինելու արդյունավետ կառավարման խնդրից, որը մենք չենք կարողանում լուծել։ Բոլորովին վերջերս վարչապետը դժգոհում էր հենց այդ խնդրից։ Քանի որ հենց արդյունավետ կառավարման կազմակերպման խնդիրն է, որ պետք է լուծել։ Այդ խնդրի լուծումից հետո է հնարավոր շղթայաբար լուծել մյուս խնդիրները, առանց արդյունավետ կառավարման կարողության ձեւավորման հնարավոր չէ լուծել որեւէ խնդիր։ Միայն անձերի փոփոխությունը, կամ այդ խնդրի մասին տարբեր կվազի ծրագրերի, կամ ռազմավարությունների մշակումը խնդրի լուծում չէ, եթե չկան այն խումբը, մարդիկ, կառույցը, որոնք կարող են եւ պատրաստ են արդյունավետորեն հետապնդել այդ խնդիրը, որոնց միակ ձգտումը անձանական փոքրիկ, սահմանափակ շահը չէ, որոնք կարողանում են իրենց շահը տեղաբաշխել նաեւ ընդհանուր շահի զամբյուղում։ Մինչեւ այս խնդիրները չլուծենք, որեւէ հարց հնարավոր չի լինի լուծել, անընդհատ կունենանք տարբեր կառավարիչներ եւ ղեկավարներ, որոնք մանր անձնական, խմբային խնդիրներով պայմանավորված պաստրաստ չեն հետապնդել ընդհանուր խնդիրը եւ լուծել, արդյունավետ աշխատել, մենք սա անընդհատ ունենալու ենք։ Հիմա հարցը թերեւս վերաբերում էր ավելի մեծ մակարդակին, բայց այդ ավելի մեծ մակարդակը ձեւավորվում է ավելի փոքր մակարդակներից: Մենք շատ տեւական ժամանակ ձեռնպահ ենք մնացել խնդիրների արդյունավետ լուծումից՝ թե՛ դատական համակարգում, թե՛ իրավապահ մարմինների մակարդակում, եւ դրանք փոխարինել ենք անձնական եւ խմբային խնդիրների լուծման շահով։ Նույն հանրային գերակա շահի հետ կապված խնդիրները, այսքան տարի է անցել, այսքան մարդիկ տառապեցին, ունեզրկվեցին, այսօր մեր աչքի առջեւ ունենք տառապող մարդիկ, բայց այդ խնդիրը չենք կարողանում լուծել։ Ներդրողների, ընդանրապես գործնական, տնտեսական հարաբերությունների ոլորտում խնդիրները, որոնք դատական ատյաններում են եւ տարիներով չեն լուծվում, խնդիրների չլուծումը բերում է նոր ծախսերի, վնասների, բերում է նոր խնդիրների, եղածի խորացման, առաջընթացի բացակայության, սա լուրջ խնդիր է, որից մենք շարունակաբար կարծես ենթագիտակցաբար ձեռնպահ ենք մնում, ընդ որում՝ ե՛ւ պաշտոնական մակարդակում՝ դատարաններ կլինեն, թե իրավապահ մարմիններ, ե՛ւ՝ անհատական մակարդակում։ Այսպիսի պրոբլեմ է ձեւավորվել մեզ մոտ արդեն վերջին 20-25 տարիների ընթացքում, մենք կարծես՝ խուսափում ենք խնդիրներից, հետաձգում ենք խնդիրների լուծումը, ինչը բերում է բացասական հետեւանքների։ Նույնը դատարանները, դատավորները դժգոհում են ծանրաբեռնվածությունից, դրա արդյունքում ավելի քիչ ծավալի խնդիրներ են լուծում՝ փորձելով լուծել անձնական խնդիր։ Օրինակ՝ ասենք՝ ճնշում գործադրել ԲԴԽ-ի վրա, կամ կառավարության վրա, կամ փոխադարձ մեղադրանք ուղղել՝ այ ձեր վատ կազմակերպչական պատճառով է, որ մենք չենք կարողանում ավելի արդյունավետ լինել։ Բայց մյուս կողմից բազմաթիվ ռեսուրսներ կան դատական իշխանության ոլորտում, որոնք չեն կիրառվում։ Դատավորների ընդհանուր ժողովների միջոցով մենք չենք տեսնում մի այնպիսի հարցի վերաբերյալ քննարկում, կամ այնպիսի խնդրի լուծմանն ուղղված ջանքեր, որոնք վերաբերում են մեծ, համակարգային բլոկի, օրինակ՝ բոլորիս կյանքին, բայց տեսնում ենք տարբեր մանր պրոբլեմներ, բանսարկություններ՝ կոնկրետ նեղ խմբային հարցերի վերաբերյալ։
Սա հենց ապացույցն է նրա, որ մենք այս պրոբլեմը չենք էլ ուզում դեռ լուծենք, եւ բոլոր մակարդակներում կարծես չենք ուզում, իսկ մի բեւեռից ջանքը չի կարող այդ պարագայում բավարար արդյունավետ լինել»։
Այսօր կարծես հակասություններ կան ԲԴԽ եւ դատավորների միջեւ, ի՞նչ է իրականում կատարվում, ԲԴԽ-ի գործողությունները ո՞ւր է տանում։
Պատասխանելով այս հարցին՝ Եգորյանը նշել է․
«Հասանք մեր խոսակցության սկզբին, մենք հասել ենք այսօրվան, քանի որ ժամանակին չենք արել ավելի արդյունավետ եւ ռացիոնալ գործողություններ, պիտանի, համաչափ ֆունկցիա չիրականացնելու արդյունքում այսօր մենք ԲԴԽ-ի հետ կապված այս խնդիրների մեջ ենք, բայց մյուս արգումենտները՝ թե հոշոտում են դատավորներին եւ այլն, սրանք, ես կասեի՝ այդ կաստայականության բացասական ածանցյալներն են, պետք է հստակ հասկանանք, որ բոլոր ոլորտներում պետք է դադարեցնենք կաստայական ընկալումները, ինչը շատ տարածված է օրինակ դատական համակարգում՝ դատավորների փոխադարձ կոլեգիալության, սոլիադարության տեսքով, ԲԴԽ-ն դրա մասին չէ, եւ նաեւ ԲԴԽ անդամ ընտրվող դատավորները այդ մասին չեն, եւ դատավորների պաշտպանությանը չեն, որ պետք է ծառայեն, նրանք պետք է ծառայեն Սահմանադրությամբ սահմանված իրենց պարտականություններին եւ այն պարագայում ու բոլոր այն ժամանակներում, երբ Սահմանադրությամբ սահմանված այդ խնդիրների հետ կխաչվի որեւէ դատավորի գործողություն, որոշում, ակտ, ապա այդ խաչումը պետք է հանգեցնի ԲԴԽ-ի կողմից արձագանքի, եւ սա չի կարող կոչվել հոշոտում, դատավորների իրավունքների ոտնահարում։ Այնպես որ, բոլոր այդպիսի կեղծ որակումներին առաջարկում եմ շատ ուշադրություն չդարձնել, ԲԴԽ-ն իր հերթին պետք է փորձի մաքսիմալ թափանցիկ եւ անառարկելի հնարավորինս նվազեցնի իր գործողությունների եւ որոշումների հետ կապված հարցերի ծավալը, եւ այդ հարցերի պարզաբանման մաքսիմալ ջանքեր գործադրի, որպեսզի այն ջանքը, որն ուղղված է բարուն, չվերածվի չարիքի ընկալման, եւ այս ռեսուրսը չեմ կարծում, որ այնպիսի մի ռեսուրս է, որը հնարավոր չէ զարգացնել ԲԴԽ-ում։ Դատավորների ընդհանուր ժողովի հետ կապված եւս կարծում եմ, որ խնդիրը կաստայական, խմբային ընկալումներն են, մենք ունենք այդ պրոբլեմն ընդհանրապես, մենք ձգտում ենք այդպիսի համայնքային ինչ-որ մի ձեւավորման, եւ մեզ թվում է, որ մենք այդտեղ ապահովության եւ անվտանգության մեջ ենք, այնինչ, մենք պետք է փորձենք գոյատեւել բաց ծովում, իսկ այդ բաց ծովն այն մասին է, որ միշտ չէ, որ քո համայնքակիցը, կամ կոլեգան պետք է անվերապահորեն քեզ հետ ունենա ընդհանուր շահեր, եւ անվերապահորեն դուք պետք է միասին ձեր ընդհանուր շահերը հակադրեք մնացած բոլորի շահերին, սա խեղում է այն հարաբերությունը, որը Սահմանադրությամբ ձեւավորված է որպես արդարադատության ֆունկցիա, սա խեղում է սահմանադրական այդ նպատակը։ Այո՛, դատավորները պետք է պատրաստ լինեն նաեւ միմյանց նկատմամբ լինել քննադատ եւ չձգտեն այնպիսի վիճակների, որ իրենց՝ դատավորի կոչմամբ միայն պայմանավորված այդ կոչումը կիսող մյուսների կողմից ստանան աջակցություն, իրենք պետք է սովոր լինեն իրենց համոզմունքների շրջանակներում ազատվելու այդ համայնքային փոխադարձ կապերից եւ ազդեցություններից։ Սրա համար են իրենք երդում տվել, այսպիսի ակնկալիքով են նրանք նշանակվել, կամ՝ ընտրվել, այո, իրենք պետք է առանձնահատուկ եւ տարբերվող պահեն իրենց ընկալումներով եւ վարքագծով հասարակ քաղաքացուց, նրանք իրավունք չունեն ակնկալելու, որ իրենց կոլեգան կամ համայնքակիցը պետք է իրենց ամեն գնով պաշտպանի»։
