2023 թ. հուլիսի 29-30-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը անցկացրեց իր առաջին ամառային դպրոցը հայաստանյան բուհերի իրավագիտության ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների համար:
Ամառային դպրոցը կազմակերպվել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից Նիդերլանդների Թագավորության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում:
Ամառային դպրոցին մասնակցում էին ուսանողներ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից և Հայաստանի եվրոպական համալսարանից:
Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Իր խոսքում Լուսինե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Սահմանադրական դատարանին և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը իրավագիտության ֆակուլտետների ուսանողներին Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցությամբ ամառային դպրոցի ձևաչափով ուսանելու հնարավորության համար: Նա նաև ներկայացրեց նախկինում Սահմանադրական դատարանի հետ համագործակցաբար` կազմակերպության իրականացրած ծրագրերը և հույս հայտնեց, որ ներկայիս համագործակցությունը ևս արգասաբեր կլինի Սահմանադրական դատարանի համար:
Առաջին օրը՝ հուլիսի 29-ին, «Սահմանադրական դատարանի ձեւավորման եւ գործունեության սկզբունքները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Սահմանադրական դատարանի դատավոր Հովակիմ Հովակիմյանը, «Սահմանադրական դատարանը հանրային իշխանության մարմինների համակարգում» թեմայով՝ Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Երկրորդ օրը՝ հուլիսի 30-ին, դասախոսություններով հանդես եկան դատավորներ Սեդա Սաֆարյանը՝ «Սահմանադրական դատարանի դերը մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար» թեմայով, եւ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը՝ «Սահմանադրական դատարանի դերը եւ նշանակությունը սահմանադրական ժողովրդավարության համար» թեմայով։
Երրորդ օրը՝ հուլիսի 31-ին, մասնակիցների համար դատավոր Վահե Գրիգորյանի հետ կազմակերպվեց այց Սահմանադրական դատարանում։
Շրջայցից հետո տեղի ունեցավ ամառային դպրոցի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում խոսքով հանդես եկան Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխեմերսը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ Ամառային դպրոցի շրջանավարտներին հավաստագրերը հանձնեց Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը:
