ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են չորս դատավորների լիազորությունները։ Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԲԴԽ այդ որոշումը՝ «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշել է․
«Չէի ցանկանա ընդհանրական պատասխանել, քանի որ դրանք տարբեր գործեր են, և տարբեր փաստեր. Դրանցից յուրաքանչյուրը ենթակա է ինքնուրույն քննության։ Ցավոք, նյութը բավական քիչ է ե՛ւ առցանց, ե՛ւ ԶԼՄ-ներում, որոշումներն էլ դեռ հրապարակված չեն ԲԴԽ կայքում, հետեւաբար, ինչը որ ասեմ, սահմանափակ հասանելի տեղեկության հիման վրա պետք է ասեմ։
Պայմանական ասած առաջին գործը Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի եւ Արտակ Բարսեղյանի լիազորությունները դադարեցնելու գործն է, այն, ըստ էության, հիմնված է ՄԻԵԴ «Շոլց Ա․Գ․-ն ընդդեմ Հայաստանի» վճռի վրա․ սա գերմանական ընկերության գործ է, որը փորձել է արդարադատության հասնել հայաստանյան դատարաններում, բայց՝ ապարդյուն։ ՄԻԵԴ-ը բավական հանգամանալից վերլուծել է այդ գործի տարբեր հանգամանքները, իր պատճառաբանական մասում վերլուծել է տարբեր չափանիշներ եւ դրանց հիման վրա եզրակացրել է, որ խախտվել է «Շոլց» ընկերության արդար դատաքննության իրավունքը, քանի որ առաջին ատյանի դատարանն այդ գործը թողել է առանց քննության, ապա Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններն, ըստ էության, հաստատել են Առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի հետեւանքով անձի արդար դատաքննության իրավունքը խախտվել է։ Ըստ էության, այդ ընկերությունը զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, դա եւս անարդարության մի ձեւ է, երբ որ իրեն մերժել են արդարադատություն իրականացնել։ Միգուցե գործի քննության շրջանակներում դատավորները նշել են ինչ-որ փաստեր, պատճառաբանություններ, իմ տեղեկություններով՝ այդ գործը դռնփակ չի եղել, բայց իմ որոնումների արդյունքում ես չգտա այդ նիստի որեւէ լուսաբանում, պետք է նայել որոշումը, տեսնել՝ ինչ են ասել եւ նոր միայն անել եզրահանգումներ, բայց ՄԻԵԴ-ի այդ գործը բավական լուրջ է։ Ասեմ, որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում այդ հիմքը անցած տարի է ավելացվել՝ ՄԻԵԴ վճռիների հիման վրա խախտում արձանագրած գործերով կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը, դա բավական երկար քննարկվեց Վենետիկի հանձնաժողովի հետ նաեւ, մեր կազմակերպությունը եւս մասնակցեց այդ քննարկումներին եւ մենք անգամ բավական ծավալուն գրավոր կարծիք ենք հայտնել այդ կապակցությամբ, եւ նույն Վենետիկի հանձնաժողը եւ ԵԽ-ն տարբեր առիթներով նշել են, որ այդ կարծիքը խիստ օգտակար է եղել, եւ մենք կողմ ենք եղել, որ ՄԻԵԴ վճիռներով կոպիտ խախտումներ արձանագրելու դեպքում հայաստանյան դատավորները, որոնք պատասխանատու են եղել այդ խախտումների համար, ենթարկվեն պատասխանատվության։ Այս դեպքում ԲԴԽ-ն էական խախտում է համարել, որ ընկերությունը զրկված է եղել արդարադատության մատչելիության իրավունքից։
Ինչ վերաբերվում է Դավիթ Հարությունյանի գործին․ նախ՝ ասեմ, որ Հարությունյանին ես առնչվել եմ «Հարսնաքարի» գործով, այդ դատավարությունը ընթացավ մի երկու տարի։ Մենք՝ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներս, համարում էինք, որ գործը բազմակողմանիորեն չի քննվել, եւ նաեւ դատական ատյանում այն բազմակողմանիորեն չքննվեց, բայց շատերի կարծիքով այդ ժամանակվա համար այդ դատավճիռը հեղափոխական էր, քանի որ մարդիկ հույս էլ չունեին, որ գոնե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները կենթարկվեն պատասխանատվության (էլ չեմ խոսում Ռուբեն Հայրապետյանի պատասխանատվության մասին):
Ուղղակի այս գործին դառնալով՝ ասեմ, որ կարծես՝ արդեն շարք է դառնում, քանի որ այն կապված է դատավորի կարծիքի ազատության իրավունքի իրացման հետ։ Դրանից առաջ եւս այդպիսի մի գործ է եղել՝ Զարուհի Նախշքարյանի գործը, եւ կարելի է արդեն գնահատել որպես միտում, երբ դատավորը իր կարծիքն ազատորեն արտահայտելու համար ենթարկվում է այնպիսի լուրջ պատասխանատվության, ինչպիսին է լիազորությունների դադարեցումը երկու դեպքում էլ։ Երկու դեպքում էլ ես քննադատել եմ այդ որոշումները։ Ասեմ, որ այս դեպքում էլ որոշումը չկա եւ ես այսպես սպառիչ չեմ կարող ներկայացնել, բայց այն, ինչ ես լսել եմ՝ Դավիթ Հարությունյանի «Factor.am»-ին տված հարցազրույցում, կարող եմ ասել, որ նա բավական լուրջ հարցեր էր բարձրացնում, որոնք հանրային կարեւորություն ունեն, եւ այդ հարցերը առնվազն պետք է քննարկվեին ԲԴԽ-ի եւ այլ շահագրգիռ մարմինների կողմից, այլ ոչ թե դրա համար նա ենթարկվեր կարգապահական պատասխանատվության։
Մասնավորապես, բավական կարեւոր բաներ էր նա ասում Կարեն Անդրեասյանի նախաձեռնած դիլիջանյան հավաքներից, որտեղ քննարկվել են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, մամուլի քարտուղարների միջոցով շփման հնարավորություններ եւ այլն։ Հարությունյանը որոշ նախաձեռնություններում հակասական մոտեցումներ էր նկատում, մասնավորապես, օրինակ՝ խոսում էր մինչդատական վարույթներով մասնակցող դատավորների ինստիտուտի մասին՝ ասելով, որ մենք այնտեղ առաջարկություններ էինք արել, մինչդեռ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդհանրապես այդ ինստիտուտը վերացավ, մինչդեռ մենք այդպիսի բան չէինք առաջարկում, եւ պատճառաբանությունն այն էր, որ այդ դատավորները պատշաճ վերապատրաստում անցած չեն, պետք է վերապատրաստվեն ակադեմիայում եւ այլուր, միեւնույն ժամանակ օրենսդրական նախաձեռնություն է բերվել եւ ընդունվել, որի համաձայն դատավորները ուղղակի առանց որեւէ վերապատրաստման կարող են դառնալ դատավոր եւ այդ հակասական մոտեցումները նա քննադատում էր։ Իսկ դրանք, ինչպես նշեցի, հանրային կարեւորության լուրջ հարցեր են, եւ ամենեւին էլ չի նշանակում, որ դրա համար նա պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվի, այն էլ՝ լիազորությունների դադարեցման տեսքով։
Նաեւ չմոռանանք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի արտահայտվելու ազատության իրավունք՝ ըստ Սահմանադրության Հոդված 42-ի, եւ ՄԻԵԴ կայուն պրակտիկան էլ ասում է, որ 3 պայմանի պետք է բավարարի անձի արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակումը, որպեսզի այն չհամարվի իրավունքի խախտում․ դրանք են՝ 1՝ այդ սահմանափակումը պետք է նախատեսված լինի օրենքով, ենթադրում եմ՝ Հարությունյանի գործով ԲԴԽ-ն կվկայակոչի Դատական օրենսգիրքը, 2՝ պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, ենթադրում եմ՝ այս դեպքում կասեն, որ դա վնասում էր դատարանի հեղինակությանն ու անկողմնակալությանը՝ այս դեպքում ԲԴԽ-ի, բայց կա նաեւ երրորդ պայմանը, և այս երեք պայմանները միասին պետք է բավարարվեն, եւ այդ պայմանն է՝ անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում, եւ այստեղ հարց է՝ որքանո՞վ է անհրաժեշտ այս դատավորի արտահայտվելու ազատության իրավունքի նման սահմանափակումը։ Պետք է սպասել որոշմանը, բայց արդեն իսկ իմ տեսակետից՝ նշածս հանգամանքների եւ իրավական կարգավորումների լույսի ներքո, այդ որոշումը խնդրահարույց է, եւ ես վստահ եմ, որ ՄԻԵԴ-ը եւս այդ որոշումը խնդրահարույց կդիտարկի։ Ուղղակի ցավում եմ, որ մոտեցումը մինչեւ հիմա այն է, որ՝ դե ՄԻԵԴ-ը մի 10 տարուց այդ որոշումը կկայացնի, մինչեւ այդ՝ «էշ մի սատկի, գարուն կգա»»։
Հարցին, թե «ինչպիսի՞ն է ընդհանուր տենդենցը», Հակոբյանն արձագանքել է․
«Այս տենդենցները լավը չեն, ես այստեղ ներկայացնում եմ ոչ միայն ԻԵՄ-ը, այլեւ՝ ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմը, որի համանախագահն եմ, եւ մենք 2 ամիս առաջ հայտարարություն ենք արել, որով կոչ ենք արել բացառել ընտրովի արդարադատությունը։ Ես խիստ դրական եմ գնահատում ՄԻԵԴ վճիռների հիման վրա էական կարգապահական խախտման հիմքով դատավորների լիազորությունների դադարեցումը, քանի որ չեմ համարում, որ դատավորներ կան, որ պետք է գային եւ ասեին՝ բա մենք չգիտեինք, որ մի տասը տարի առաջ մարդու իրավունք ենք խախտում, դա նորմալ չեմ համարում, միաժամանակ նորմալ չեմ համարում նաեւ ընտրովի արդարադատությունը, քանի որ եթե Աստղիկ Խառատյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտակ Բարսեղյանը այդ խախտումներն արել են, առերեւույթ այդ խախտումներն արել է նաեւ Մնացական Մարտիրոսյանը, եւ ինքն ու իր նման մի շարք դատավորներ շարունակում են պաշտոնավարել, մինչդեռ եթե չեմ սխալվում 2006 թվականից Մնացական Մարտիրոսյանի քննած գործերով կան ՄԻԵԴ շատ տարբեր վճիռներ՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով, Մարտի մեկի գործով, եւ այլն, բայց այդ մարդը շարունակում է դատավոր աշխատել, եւ քննում է բավական լուրջ գործեր, սա չի կարող ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգություններ չառաջացնել»։
Հարցին, թե վերջին շրջանում փաստաբանների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը տենդե՞նց են, թե՞՝ առանձին դեպքեր, Հակոբյանը պատասխանել է․
«Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ նախկինում չի եղել նման բան, քանի որ եղել է, եւ կոնկրետ եղել է նաեւ իմ ճանաչած փաստաբանների հանդեպ, բայց հետհեղափոխական Հայաստանում գոնե այդպիսի երեւույթները պետք է բացառվեին, բայց արդեն որերորդ դեպքն է, որի մասին իմանում ենք, երբ փաստաբանի հանդեպ բռնություն է կիրառվում, ինչը քրեորեն հետապնդելի արարք է։ Մենք կարծում էինք, որ նման բաներ պետք է արդեն չլինեին, քանի որ մենք թեւակոխել ենք այլ դարաշրջան, այլ փուլ, բայց արի ու տես՝ վերջերս Տիգրան Եգորյանի հանդեպ էլ է նման վերաբերմունք կիրառվել, երբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննիչն ուղղակի բրդբրդել է եւ այդ կապակցությամբ նա եւս գործողություններ է ձեռնարկել։ Սրանք եթե դառնան միտում, ոչ մի լավ տեղ չենք հասնելու»։
Իսկ արդյո՞ք դա կապված է նրա հետո, որ «շատ փաստաբանների պարագայում դժվար է տարբերել՝ նրանք քաղաքական գործի՞չ են, թե՞՝ փաստաբան»։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այս վերջին փաստաբանը չեմ էլ հիշում, որ քաղաքական գործերով մասնակցեր։ Այո, փաստաբանների կուսակցականացման երեւույթն է նկատելի, եւ մի շարք գործընկերների հետ կապված կան այդ մտահոգությունները, երկուսին օրինակ՝ ես կադրերում տեսա 2020 թվականի նոյեբերի 9-ին Հանրապետության հրապարակում, խիստ զարմացել էի, քանի որ նախկինում քաղաքական հնչեղություն ունեցող գործերով նրանք խուսափում էին անգամ մեզ հետ մամլո ասուլիսների մասնակցել, այլ տարբեր հայտարարություններ եղան՝ նույն Վանեցյանի գործով, Վարդազարյանի եւ այլն, այո՛, կան այդ երեւույթնեը, բայց դրանք հիմք չեն, որպեսզի փաստաբանի հանդեպ նման վերաբերմունք դրսեւորվի, եւ էլի եմ ասում՝ դա քրեորեն հետապնդելի արարք է»։
Հարցին, որ «հեղափոխությունից հետո վեթինգի գաղափարից էին խոսում, մենք ինչ-որ մի տեղ եկա՞նք այդ հարցով, թե՞՝ ոչ», Հակոբյանն արձագանքել է․
«Ցավոք, հետհեղափոխական սկզբի 1-2 տարին ամենալավ պահն էին վեթինգ իրականացնելու համար, այդ մասին շարունակաբար քաղհասարակությունը կոչերով, պահանջներով դիմում էր, նաեւ տարբեր միջազգային գործընկերների հետ համագործակցություն կար, մասնավորապես Անցումայիբն արդարադատության միջազգային կնտրոնի: Հիմա հասկանալի է, որ մի քիչ այլ իրավիճակում ենք հայտնվել, քանի որ հետպատերազմյան փուլում անվտանգության մարտահրավերներն են բավական մեծ եւ ժողովուրդը կարծես ավելի շատ մտածում է իր անվտանգության մասին, ԼՂ խնդրի մասին եւ այդքան չի կենտրոնանում ներպետական ժողովրդավարական բարեփոխումների վրա, եւ կարծես՝ ներքեւից այդ պահանջարկը չկա, կամ եթե կա էլ՝ թույլ է, եւ դրան ի պատասխան էլ իշխանության կողմից ջանքերն են քչանում։ Բայց ես կարծում եմ, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը խիստ փոխկապակցված երեւույթներ են, եւ մենք չպետք է թերագնահատենք եւ պակաս չկարեւորենք ժողովրդավարական բարեփոխումները»։
Դիտարկմանը, որ այս մի քանի տարիներին «բազում կոչեր են հնչել սահմանադրական կարգը տապալելու, եւ այդ կոչ անողները ազատության մեջ են, դա նորմա՞լ է», Հակոբյանն արձագանքել է․
«Համակարգային է պետք նայել խնդիրներին, մենք այդ համակարգային մոտեցումը դեռ չենք կարողացել որդեգրել։ Դա նորմալ չէ, բայց էլի առանձին դեպքերով պետք է քննարկենք, այդ դեպքերը կան եւ դա էլի մեր թերի արդարադատության համակարգի մասին է խոսում․ հիշում ենք՝ Չաուշեսկույի եւ նրա կնոջ գնդակահարության բեմականացումը, այդ անձը արդարացվել է, իսկապես շատ ցավալի է, մեր արդարադատական համակարգի չբարեփոխված վիճակի արդյունքնում է այդ ամենը»։

