Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Սահմանադրական դատարանի 2023 թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ: Պարզաբանում է ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը:

— Պարոն Գրիգորյան Ո՞րն է Սահմանադրական դատարանի` 2023թ. մարտի 24-ի որոշման ՍԴՈ-1680 որոշման հիմնական ազդեցությունը Հայաստանի իրավական համակարգի համար, ինչ ազդեցություն այն կունենա հետագայում միջազգային պայմանագրերի կամ օրենքների սահմանադրականության ստուգման գործընթացում:

-Սահմանադրական դատարանի այս որոշումը սահմանադրական արժեբանության մասին է: Այն հիմնարար ու հիմնական ուղերձը, որ ՍԴ ներդրել է այս որոշման մեջ, առաջին  հերթին հիշեցնելն է 2021 թ. մեկ այլ որոշմամբ արտահայտված իր այն դիրքորոշումը, որ սահմանադրության ցանկացած նորմի մեկնաբանություն շեղվելու է իր արժեբանական հունից, եթե այն չի համընկնելու սահմանադրությամբ նախատեսված սկզբունքների եւ արժեքների հետ: Երկրորդը ՍԴ-ը այս որոշմամբ հստակորեն արձանագրել է որ ՀՀ ինքնիշխանության սկզբունքը արձանագրված ՀՀ Սահմանադրության անփոփոխ դրույթներից մեկով չի կարող հակասություն ունենալ սահմանադրության արժեբանության հիմքում ընկած արժեքների եւ սկզբունքների հետ: Եվ որեւէ նման հակասության հանգեցնող եզրակացություն կամ վերլուծություն արժեբանորեն սխալ հունով է գնում:

— Ըստ ձեզ` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության Սահմանադրությանը համապատասխանության դիմումով գործով զեկուցող դատավորի, որն է 2004թ. ՍԴՈ-502 և 2023թ. ՍԴՈ-1680 որոշումներով րձանագրված Սահմանադրական դատարանի դիրքորոշումներիհիմնական տարբերությունը: Այս երկու որոշումներով Դատարանը տրամագծորեն հակառակ եզրահանգումներ է կատարել: Ինչպես է դա հնարավոր?

-Խոսելով այս երկու որոշումների մասին մենք պիտի հիշենք 3 կարեւոր հանգամանք. բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք առնչվում են այս որոշումների տարբերությանը, բայց 3 առանցքային հանգամանքներ գոյություն ունեն: Նախ 2023 թ. ՍԴ որոշումը չի կայացվել 2004 թ. որոշման վերանայման արդյունքում:  Այն սկզբից սկսված նոր գործընթաց է եղել Հռոմի ստատուտի  սահմանադրականության ստուգման: Եվ ինչու այն սկզբից ի վեր նոր գործընթաց է եղել, որովհետեւ էական տարբերություն է եղել 2004 թ-ի հանգամանքների եւ 2023 թ-ի հանգամանքների միջեւ, որը եւ  դատարանը արձանագրել է իր առաջին որոշմամբ: Առաջին էական տարբերությունը եղել է այն, որ 2015 թ.-ին վերաբերելի սահմանադրական դրույթները փոփոխության են ենթարկվել եւ դրանք որքանով բովանդակային փոփոխություն են եղել թե ոչ ՍԴ անդրադարձել է իր որոշմով: Երկրորդ կարեւոր տարբերությունը եղել է այն, որ 2021 թ-ին իմ կողմից նշված որոշումներից մեկով ՍԴ-ը որոշել էր սահմանադրական նորմերի մեկնաբանման  մեթոդաբանությունը եւ ըստ այդ մեթոդաբանության նախաբանում արձանագրված արժեքներն ու սկզբունքները չէին դիտարկվում այլեւս որպես հռչակագրային բնույթ ունեցող կատեգորիաներ, այլ շատ հստակ պրակտիկ արժեբանական ուղենիշներ էին սահմանադրական նորմերի մեկնաբանման համար: Եվ երրորդ տարբերությունը, որը այս երկու որոշումների միջեւ եղել է, ՍԴ կողմից իրականացված քննությամբ ստուգման մեթոդաբանությունն է եղել, որտեղ ՍԴ սկզբից ստուգել է Հռոմի ստատուտի հիմքում եւ սահմանադրության հիմքում ընկած արժեբանությունների համապատասխանությունը եւ գտնելով , որ Հռոմի ստատուտի նպատակները եւ դրա հիմքում ընկած արժեքները լիովին համապատասխանում են Սահմանադրության նախաբանում հայ ժողովրդի կողմից համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքին, դրանից հետո այնուհետեւ անդրադարձել է կոմպլեմենտարության սկզբունքին, այն սկզբունքը, որն ընկած է միջազգային քրեական դատարանի գործունեության հիմքում: Եվ կոմպլեմենտարության սկզբունքի վերլուծությունը ՍԴ հակառակ 2004 թ որոշման տրամաբանությանը, որտեղ ընդամենը տեխնիկական ստուգում էր իրականացվել, առ այն թե  որքանով է միջազգային քրեական դատարանը նախատեսված արդարադատություն իրականացնող մարմինների շարքում 2023 թ. ՍԴ վերլուծել է այդ սկզբունքի համապատասխանությունը առաջին հերթին սահմանադրության նպատակներին եւ երկրորդ հերթին, թե որքանով այդ համապատասխանությունը պիտի տեղ գտնի տեխնիկական, այսինքն միջազգային քրեական դատարանի համակարգի, նրա գործունեության այլ ընթացակարգային դրույթների համապատասխանության համատեքստում:

-Այս գործի քննությունը և որոշման ընդունումն ու հրապարակումը համընկավ բարդ քաղաքական զարգացումների հետ: Արդյոք քաղաքական այս ալեկոծումներն ազդել են Հռոմի ստատուտի սահմանադրականության մասին Դատարանի որոշման վրա:

-2023 թ. ՍԴ որոշումը ՀՀ-ում 2018 սկիզբ առած ժողովրդավարական գործընթացների տրամանաբական ընթացքի արդյունք է: Ինչ նկատի ունեմ: Քաղաքական իրադարձությունները իրենց քաղաքական բովանդակությամբ որեւէ կերպ չեն ազդել այս որոշման վրա, սակայն այս որոշման վրա ազդել է ՍԴ արդեն ձեռք բերած այն ազատությունն ու իր լիազորությունները իրականացնելու լիարժեք  հնարավորությունը, որի շրջանակներում ՍԴ-ը շուրջ 3 ամիս մանրամասն քննություն կատարելու արդյունքում եւ հիմքում դնելով իմ կողմից նշված ծանրակշիռ հանգամանքներն ու արժեքները կայացրել է այս որոշումը: Ասեմ ավելին, այն արժեբանությունը, որի վրա հիմնված է ՍԴ որոշումը եւ այն հանգամանքները, որի վրա ՍԴ-ը հատուկ շեշտադրում է կատարել իր որոշման մեջ, չէին կարող այլ եզրահանգման բերել, ավելին, ցանկացած ողջամիտ դիտորդի մոտ, ողջամիտ կասկած կառաջանար առ այն, թե նման ծանրակշիռ հանգամանքների արդյունքում, ինչպես կարող էր ՍԴ այլ եզրահանգման գալ: Եվ այդ եզրահանգումը, վստահաբար, միշտ թողնելու էր արտաարդարադատական օրակարգի առկայության նպատակ : ՍԴ ոչ մի նշույլ իսկ չի շեղվել այդ ողջ ընթացում եւ մանրամասն քննության արդյունքում է կայացրել այս որոշումը: Այս որոշումը չի կայացվել նաեւ կարճաժամկետ քաղաքական նկատառումների կամ քաղաքական իրադարձությունների կարճաժամկետ ազդեցության արդյունքում: Սա  մի որոշում էր, որ ինչպես ՍԴ-ը հատուկ շեշտադրել է այդ որոշման մեջ, հաշվի առնելով ՀՀ առաջին սահմանադրի՝ հայ ժողովրդի, ցեղասպանություն վերապրած ժողովրդի կարգավիճակը եւ պատմությունը, ՀՀ-ը որպես մի պետություն, որը հիմնվել է ցեղասպանություն վերապրածների սերունդների կողմից, չէր կարող որեւէ այլ եզրահանգման գալ, քան միջազգային ջանքերին աջակցելը մարդկության դեմ կատարվող ցեղասպանության, եւ պատերազմական,  ինչպես նաեւ ագրեսիայի ծանրագույն հանցագործությունների դեմ պայքարում:

-Շնորհակալություն:

Exit mobile version