Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Սահմանադրական դատարանի 2023թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն ընդունվել է 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում, Միջազգային քրեական դատարանի հիմնադրման նպատակով ձևավորված ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում և ուժի մեջ մտել հուլիսի 1-ից:

Միջազգային քրեական դատարանը քրեական հետապնդման է ենթարկում այն անձանց, որոնք մեղադրվում են միջազգային հանրության մտահոգության առարկա հանդիսացող առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Դատարանը մասնակցում է անպատժելիության վերացման համընդհանուր պայքարին: Այն նպատակ ունի միջազգային քրեական արդարադատության միջոցով պատասխանատվության ենթարկելու մեղավորներին իրենց կատարած հանցանքների համար և կանխարգելելու այդպիսի լրջագույն հանցագործությունների կատարումն ապագայում:

Դատարանը, սակայն, չի կարող միայնակ հասնել իր նպատակներին: Որպես վերջին ատյանի դատարան` այն կոչված է լրացնելու, այլ ոչ` փոխարինելու ներպետական դատարաններին: Ղեկավարվելով միջազգային պայմանագրով, որը հայտնի է որպես Հռոմի ստատուտ` Միջազգային քրեական դատարանը առաջին, մշտական հիմունքներով գործող, միջազգային քրեական դատարանն է:

Հռոմի ստատուտի համաձայն` Միջազգային քրեական դատարանը իրավազորություն ունի չորս հանցագործությունների նկատմամբ: Դրանք են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները և ագրեսիան:

Ցեղասպանություն է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելը կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելը, այդ թվում` բռնությամբ տեղահանելը, այդ խմբում մանկածնությունը կանխելուն ուղղված միջոցներ իրականացնելը կամ այդ խմբի երեխաներին մարդկային այդ խմբից այլ խումբ հարկադրաբար փոխանցելը:

Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, օրինակ, քաղաքացիական բնակչության դեմ ուղղված լայնածավալ հարձակման շրջանակներում նրանց սպանությունը, բնաջնջումը, բռնաբարությունը, ստրկացումը, ազատազրկումը, խոշտանգումը, մարդկանց բռնի անհետացումը, ապարտեիդը և բռնի տեղահանումը:

Պատերազմական հանցագործություններ են համարվում զինված հակամարտության պայմաններում Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտումները, օրինակ` երեխաներին զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելը կամ հավաքագրելը, քաղաքացիական անձանց կամ ռազմագերիների խոշտանգումները կամ սպանությունները, նպատակադրված հարձակումները հիվանդանոցների, պատմական հուշարձանների, կրոնական, կրթական, արվեստի, գիտության և բարեգործական հաստատությունների վրա:

Եվ վերջապես ագրեսիա է համարվում մի պետության կողմից զինված ուժերի օգտագործումը մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության դեմ:

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999թ. հոկտեմբերի 1-ին:

2004թ. Հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան` Ստատուտում ամրագրված պարտավորությունների` սահմանադրականության ստուգման հարցով: Իր ՍԴՈ-502 որոշմամբ Սահմանադրական դատարանը եզրակացրել էր, որ Ստատուտում ամրագրված այն պարտավորությունը, որի համաձայն` Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմիններին չի համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն ներպետական դատարանները : Եվ որ ՀՀ Սահմանադրության` դատական իշխանությանը վերաբերող 9-րդ գլուխը թույլ չի տալիս քրեական իրավազորություն իրականացնող դատական մարմինների համակարգը լրացնել քրեական իրավազորության միջազգային դատական մարմնով:

Այդ որոշման ընդունումն անհնարին էր դարձրել Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից:

Եվ միայն 18 տարի անց, Հայաստանի կառավարությունը վերստին քննարկման առարկա դարձրեց Ստատուտը վավերացնելու անհրաժեշտությունը: Կառավարության 2022թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ հավանության արժանացած օրենքի նախագծի համաձայն` նախատեսվում է ընդունել Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչում է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հռոմի ստատուտով նախատեսված` ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021թ. մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր:

Դրանից հետո, 2023թ. հունվարի 3-ին Կառավարությունը դիմեց Սահմանադրական դատարան Հռոմի ստատուտով ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով:

2023թ. մարտի 24-ին իր ՍԴՈ- 1680 որոշմամբ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտով ամրագրված պարտավորությունները:

Exit mobile version