Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Բարեփոխման լուրջ ինդիկատոր կլիներ հանրային լուրջ վերահսկողությունը հայցելը․ Լուսինե Հակոբյան

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործերով մեղադրող դատախազները, որոնցից մեկը Գլխավոր դատախազի տեղակալը, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։ Որո՞նք են նման քայլերի պատճառները։

«1in.am»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշել է․

«Սրանք առաջին առանցքային պաշտոնյաները չեն, որ իրենց սեփական դիմումներով համակարգից դուրս են գալիս, նման դեպքեր էլի են եղել, նույն Արթուր Վանեցյանի դեպքն էր, եւ այո, ե՛ւ նախկին, ե՛ւ այս դեպքերի կապակցությամբ թափանցիկությունը եւ դիմումների պատճառների մասին հանրային իրազեկվածությունը կարեւոր է, քանի որ եթե հանրությունը չի տեղեկանում նման դիմումների պատճառներին եւ դրանք մնում են զուտ դիմումներ, որոնց կապակցությամբ որեւէ հետագա ընթացք չկա, հետո այդ մարդկանց մենք տեսնում ենք ԱԺ ընդդիմության շարքերում, կամ այդ ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ, այսինքն, պաշտոններ, որոնք քաղաքական չեզոքություն էին ենթադրում, բայց հետո տեսնում ենք, որ նրանք հարում են ինչ-ինչ քաղաքական, կուսակցական ուժերի։ Դրանք լուրջ մտահոգության առարկա են, եւ այո, այս դեպքում եւս պետք է հանրությունը իրազեկվի, թե ինչ պատճառով են միանգամից երեք դատախազ, որոնցից մեկը տեղակալ, եւ այդպիսի առանցքային գործերում ներգրավված, իրենց դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել, ի՞նչ են գրել այդ դիմումներում, այդ մասին մենք պետք է իմանանք, որո՞նք են եղել պատճառները, որ այդ դիմումները բավարարվել են, եւ նաեւ՝ ի՞նչ չենք գրել դիմումներում, որոնք կարեւր են, որ հանրությունը իմանա։ Այդ գործերը եւս կարեւոր նշանակություն ունեն, եւ դրանք եւս այն պատճառների թվում են, որոնք պահանջում են հնարավորինս բաց եւ հրապարակային հանրային իրազեկում այդ անձանց աշխատանքից ազատման պատճառների մասին»։

Կա տեսակետ, թե նոր Գլխավոր դատախազը նոր ռազմավարություն ունի, գուցե՞ այս դեպքում հատկապես նրա տեղակալը նոր ռազմավարության կանոններին չի՞ հարմարվել։ Պատասխանելով այս հարցին՝ Հակոբյանը նշել է․

«Դրանք մնում են ենթադրությունների դաշտում, եւ նույն կերպ էլ ես կարող եմ ենթադրել, որ Գլխավոր դատախազը հակաժողովրդավարական խմորումներ է իրականացնում։ Ուստի, որպեսզի մենք ենթադրությունների տիրույթում չմնանք, այլ կարողանանք կոնկրետ եւ փաստահեն խոսակցություն վարել, պետք է հնարավորինս թափանցիկ լինեն այսպիսի դեպքերի մասին բարձրաձայնումները, այսպիսի իրավիճակների պատճառների, քանի որ բոլորը կարող են տարբեր ենթադրություններ բերել, ընդդիմությունն էլ իր ենթադրությունը կբերի՝ որ սրանք հակաժողովրդավարական զարգացումների ճնշումների արդյունք են եւ այլն, եւ այդ պատճառով թափանցիկ եւ հրապարակային գործելաոճը կօգնի մեզ հնարավորիս քիչ լինել ենթադրությունների դաշտում, եւ ավելի փաստահեն դատողություններ բարձրաձայնել»։

Հարցին, թե արդյո՞ք նման դեպքերը խոսում են այն մասին, որ «իշխանություն-իրավական համակարգը իրարից անկախ են գործում, հատկապես, որ  2018-ց հետո իշխանություններն ասում էին, որ որեւէ ազդեցություն չունեն դատական համակարգի վրա», Հակոբյանը պատասխանել է․

«Դրանից հետո էլ մենք այլ բան էինք տեսնում, որ նույն ուժերից էլի զանգերը շարունակվում էին, նույն Ռուբեն Վարդազարյանի դեպքն էր ակնհայտ հետպատերազմյան ժամանակահատվածում, բայց որոշակի զարգացումներ, որ տեղի են ունենում, էլի շատ մեծ, դրական առաջընթացի մասին չեն խոսում եւ մեզ թույլ չեն տալիս հստակ պնդել, որ այդ զանգերը տեղի չեն ունենում։ Մասնավորապես, ես խոսում եմ ԲԴԽ նոր նախագահի  մասին, որն արդեն մեկ տարի է ԲԴԽ նախագահն է, որը անդամակցեց ՔՊ-ին, հետո դուրս եկավ այդ կուսակցությունից, մտավ դատական իշխանություն, հետո ընտրվեց որպես ԲԴԽ նախագահ, այս երեւույթները եւս մեզ չեն օգնում, որ ասենք՝ ժողովրդավարական դրական առաջընթաց է տեղի ունենում, սրանք հարցեր են, որոնց մի քիչ ավելի խորքային մոտեցումներ են պետք։ Ժողովրդավարության ֆորումին օրինակ՝ ԿԸՀ նախագահի վերաբերությամբ վարչապետն ասեց՝  «մենք մեզ լոյալ մարդկանց տարել ենք, որպեսզի դրական փոփոխություններ տեղի ունենան, եւ արդյունքում տեսեք՝ օրինակ, որ տեղական ընտրությունների հետ կապված բողոքներ չկան»։ Ճիշտն ասած՝ այս փաստարկները համոզիչ չեն, նույն Տիգրան Մուկուչյանն էլ 2018 թվականից առաջ գալիս էր ՍԴ-ում ասում էր՝ ոչ մի բողոք չունենք վստահված անձանցից, այսինքն, չափանիշը դա չպետք է լինի՝ բողոք կա՞, թե՝ չկա՞, այստեղ այդ բարեփոխումների խորքային էությունը պետք է լինի եւ նաեւ այդ էությունը պետք է լինի այնպիսին, որ հանրության մոտ եւս օբյելտիվ ընկալում ձեւավորվի, որ դրանք բարեփոխումներ են։ Ցավոք՝ հանրության մոտ այն ընկալումը չի ձեւավորվում, որ դրանք խորքային բարեփոխումներ են եւ չի ձեւավորվում որոշակի պատճառներով, քանի որ իրականում դրանք խորքային բարեփոխումներ չեն, դրանց համար գործողությունների այլ համախումբ է անհրաժեշտ, որոնք չեն ձեռնարկվում եւ սրան-նրան ազատելով՝ այսպես բարեփոխումներ չեն իրականացվում։ Բարեփոխման լուրջ ինդիկատոր կլիներ հանրային լուրջ վերահսկողությունը հայցելը, ներգրավելը՝ նույն պետության կողմից․ կան կարող հասարակական ուժեր, որոնք կարող են լուրջ դաշնակից հանդես գալ պետության համար հանրային վերահսկողության տեսակետից, օրինակ՝ ոստիկանության վերջին դեպքերի կապակցությամբ հանրային լուրջ վերահսկողությունը կարող է նպաստել, որ այս համակարգում լուրջ բարեփոխումներ տեղի ունենան եւ այդ հանրային վերահսկողությունը կարող է կանխարգելիչ դերակատարում ունենալ՝ նման դեպքերը նվազեցնելու համար, եւ այդ վերահսկողությանը պետք է լուրջ վերաբերվել, ներգրավել եւ ոչ թե «պծիչկայի համար» կազմակերպություններին ներգրավել հասարակական խորհուրդներում եւ այլն։ Դա օրինակ՝ մի բաղադրիչը կլինի, մյուսը կլինի իրոք կարող կադրերով այդ համակարգերը զինելը, հասկանալու համար, որ լավ՝ այս մարդը այստեղ է, նա ի՞նչ արեց այստեղ այսքան ժամանակ, իր գործունեության մեջ գոնե կա՞ դրական դինամիկա, թե՞՝ չկա»։

Դիլիջանում ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին անդրադառնալով էլ՝ Հակոբյանը նշել է․

«Հանրային ճնշումն այստեղ շատ կարեւոր դերակատարում ունեցավ, այդ կադրերն ուղղակի սահմրկեցուցիչ էին, ինչպես նաեւ այդ մարդու դաժանությունը, եւ դրանից հետո առաջին արձագանքն այն էր, որ մարդը գործուն զղջացել է։ Ինչպե՞ս կարելի էր դա ընդունել որպես արդարացում, ասել՝ փոշմանել է իր արարքի համար, եկեք ներենք, ասենք՝ «նո, նո, նո», եւ անցնենք առաջ։ Դա ուղղակի խայտառակություն է, այդպիսի  մեկը չպետք է տեղ ունենա այդ համակարգում, եւ դա հստակ է, այսինքն, հանրային ճնշումը դրական դերակատարում ունեցավ, եւ կարծում եմ, որ մյուսների համար սա եւս կանխարգելիչ ազդեցություն կունենա՝ եթե այս դեպքը արժանանա իր հստակ, ադեկվատ պատժին։ Բայց, իհարկե, այդ բռնարարներին հայտնաբերելը, դրանցից համակարգը մաքրելը, լուրջ ռեֆորմը հեշտ չեն։ Ես չեմ հավատում օրինակ, որ այս մարդուն կրթությունը կփրկի, ասենք՝ եթե ինքը ԵԽ չափանիշներով վերապատրաստումներ անցնի, ինքը կդառնա այլ մա՞րդ, պարզ է, որ՝ չէ, չէ՞։ Այս մարդիկ լրջորեն պետք է բացահայտվեն, եւ տեղ չունենան համակարգում, եւ նաեւ պետք է հասկանալ՝ նա նո՞ր կադր էր, թե՞՝ հին, որտեղի՞ց էր այս երեւույթը, նույն կերպ այն մյուսը, որ գինու փառատոնի ժամանակ քաղաքացուն գետնին էր տապալել։ Սրանք, իհարկե, նոր երեւույթներ չեն, ոստիկանությունում եղել են բռնություններ, նաեւ լուրջ հետազոտություն է պետք անցկացնել՝ հասկանալու համար՝ այս դեպքերը ի՞նչ միտում ունեն, սրանք շատացե՞լ են, նո՞ւյնն են մնացել, քչացե՞լ են, որպեսզի ադեկվատ միջոցներ ձեռնարկվեն, բայց նախ, հանրային վերահսկողությունը զուգահեռաբար, պետք են համակարգերում դեպի ռեֆորմ կողմնորոշված առանցքային անձինք, եւ կրթությունը՝ որպես երրորդ բաղադրիչ։ Բայց, իհարկե, ոչ սա, սա չի կրթվի, ես հույս չունեմ, որ նա կգնա կլսի ինչ-որ թրեյնինգ ՝ ՄԻԵԴ պրակտիայի վերաբերյալ, եւ դա իրեն կփրկի։

Ինչ վերաբերվում է Գինու փառատոնի դեպքին՝ քաղաքացին իրավունք չունի օրենք խախտելու, բայց քաղաքացու հանդեպ արձագանքը այսպիսին չպետք է լինի։ Դրա համար ոստիկանական ուժերը լուրջ պատրաստություն են անցնում՝ հասկանալու համար, թե իրենք ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն, ինչպիսի միջավայրերում, ինչ իրավիճակներում, այսինքն, դեպքը որեւէ կերպ արդարացման ենթակա չէ։ Հա, քաղաքացին հայհոյել է, էն մեկն էլ էր Ալեն Սիմոնյանին «դավաճան» ասել, դա չէր նշանակում, որ պատասխանները պետք է լինեն նրանք, որոնք եղել են, եւ այստեղ չենք կարող ասել՝ մարդ է, սխալվել է։ Է, բոլորն էլ մարդ են, բոլորն էլ սխալական են։ Դրա համար պետության ներկայացուցիչն ունի կոնկրետ լիազորությունների շրջանակ, որից դուրս չի կարող գալ, չի կարող քաղաքացու հանդեպ բռնություն կիրառել, այդ քաղաքացուն հազար ու մի ձեւ կա օրենքի դաշտ բերելու՝ առանց նրա հանդեպ բռնություն կիրառելու։

Պետք է հասկանալ՝ մենք որտեղ ենք գտնվում, եւ արդյո՞ք մենք պատշաճ ուշադրություն դարձնում ենք ներքին բարեփոխումներին, թե՞՝ բոլորս ասում ենք ՝ մենք այնպիսի արտաքին մարտահրավերների առջեւ ենք կանգնած, որ այդ ներքին բարեփոխումները գուցե այդքան էլ կարեւոր չեն։ Գուցե դրանք պահանջարկ չունե՞ն, պետք է հասկանան այդ հարցերը, մենք որպես հասարակութւյուն՝ ի՞նչ ենք ուզում դառնալ, պետությունն ի՞նչ է անում, ի՞նչ ուղղությամբ է գնում, ուզո՞ւմ է մեր օգնությունը, թե՞՝ իշխանությունը կարծում է՝ ընդդիմություն չկա, սրանց հետ ամեն ինչ պարզ է, հստակ արտաքին կողմնորոշում ունեցող ապակառոցողական ուժեր են, սրանք համարում են՝ չկան, իրենք էլ՝ այսքանից այսքանը կանեն, դեռ պետք է բավարար դիտարկվի, քանի որ արտաքին մարտահրավերների առջեւ ենք կագնած, այդքան իրենցից չպահանջե՞ք, թե՞՝ իրոք ժողովրդավարությունն է մեր բրենդը եւ պետք է իրոք նորմալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»։

Exit mobile version