Մայիսի 11-ին Երեւանում կայացել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսը, որի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻԿ-ի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության միջեւ ստորագրվել է Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման եւ մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը։
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:
Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Արսեն Ղազարյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ «կոնցեպտով սահմանված նպատակներին հասնելու համար իր ուրույն ու կարեւորագույն դերն ունի պետության եւ հասարակական հատվածի համագործակցությունը»։
«Այս ենթատեքստում հատուկ կարեւորություն է տրվում հենց այս նախաձեռնությանը, այն է՝ 2022 թվականի գործողությունների պլանի այլընտրանքային մշտադիտարկումն ու զեկույցների պատրաստումը, որը մեր գործընկերները շատ արդյունավետ իրականացնում են»,- նշել է Կարապետյանը։
Նա կոռուպցիայի դեմ պայքարի իրենց հիմնական ձեռքբերումներից որոշներն է հիշատակել, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենսդրական կարգավորումների հետագա բարելավումները ու ընդլյանումը, կոռուպցիոն հանցագործությունների շրջանակների վերհանումը եւ ընդլայնումը, բարեվարքության համակարգի ինստիտուցիոնալ եւ իրավական հենքի հետագա զարգացումն ու բարելավումը, տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգում բարելավումները։
«Բնականաբար, դա չի նշանակում, որ խնդիրները վերացել են, բայց բարեփոխումների շարունակական եւ ռազմավարական ջանքերը ուղղված են լինելու բաղթողումների վերացմանն ու հետագա լուծումներ գտնելուն՝ ներկայումս մշակվող հետագա 3 տարիների ռազմավարության եւ դրա գործողությունների պլանի շրջանակներում»,- նշել է Կարապետյանը։
Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ սա «ողջունելի նախաձեռնություն է, որը մեծ խնդիրների առաջ կանգնած Հայաստանին էապես օգնելու է կոռուպցիայի հաղթահարման առումով խնդիրները լուծելու հարցում»։
«Ցավոք, Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշներով հետնահանջ է գրանցել՝ միջազգային հակակոռուպցիոն համապատասխան կազմակերպությունների տվյալներով, դա ընդունում է նաեւ Հայաստանի կառավարությունը, կար նույնիսկ քննարկոմ այդ առումով։ Բայց ցավում եմ, որ համապատասխան հետեւությունները դեռ տեսանելի չեն, որ իշխանություններն իրականացնեն՝ կոռուպցիայի դեմ պայքարն աշխուժացնելու եւ ավելի լավ արդյունքների հասնելու առումով, ավելին՝ տեսնում եմ շատ տեղեր, երբ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում։ Հույս ունեմ, որ այս կոալիցիայի ձայնն ավելի լսելի կլինի»,- նշել է Խուրշուդյանը։ Նրա խոսքով, կան հաջողված օրինակներ, օրինակ՝ պարեկային ծառայությունը, որի հանդեպ այսօր կա վստահություն, կա որոշակի լավ զարգացում ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ։ Բայց այդ զարգացումը, նրա խոսքով, շատ դանդաղ է, որից հասարակությունը եւ քաղհասարակությունը դժգոհ են։
«Մենք ավելի արագ տեմպեր տեսնելու ցանկություն ունենք, բայց նաեւ կան ոլորտներ որոնք պատճառ են դառնում այսպիսի ընկալման փոփոխության՝ դա ե՛ւ պետական կառավարման այլ մարմիններն են, հատկապես դատաիրավական համակարգն է, ե՛ւ ՏԻՄ-երն են։ Այդ առումով կա անելիք, եւ քաղհասարակությունը հետեւելու է մշտապես։ Հայաստանը ՀԸԳՀ շրջանակներում ԵՄ առջեւ ունի պարտավորություն, եւ հուսամ, որ մենք մեր եվրոպական գործընկերների աջակցությամբ կկարողանանք հզորացնել քաղհասարակության համապատասխան կառույցներին եւ կոալիցիաներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով»,- նշել է Խուրշուդյանը։
Արսեն Ղազարյանի խոսքով՝ առաջին հայացքից թվում է, թե գործարարությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը չհամընկնող են, բայց, ըստ նրա, «եթե վերցնենք իրավաբանական լեզվով՝ որպես պայմանագրի կողմեր, մենք առաջին շահառուն ենք, որպեսզի Հայաստանում կոռուպցիայի մակարդակը լինի շատ ցածր, որ վարվող քաղաքականությունը եւ վերջինիս կիրառումն ունենան լուրջ արդյունքներ»։
Նա կարեւորել է, որ իր ներկայացրած միությունը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդիսանում են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, որտեղ այդ քաղաքականության մշակումն անցնում է բավական թեժ մասնագիտական քննարկումներով։
«Շատ կարեւոր է, որ հանրությունը եւ քաղհասարակությունը ռեալ մասնակցություն ունենան թե՛ դրա մշակմանը, թե՛ մշտադիտարկմանը, թե՛ այլընտրանքային գնահատականին։ Վերջին հաշվով՝ այսօրվա մեր տնտեսական որոշակի հաջողությունների առաջնային հիմքը երկրում համակարգային կոռուպցիայի արմատական նվազումն է։ Մեր նման հասարակությունում եթե չեղավ հավասարություն, օրինականություն, չինովնիկների կամայականությունների սահմանափակում, ապա հասարակությունը կդառնա տոտալիտար, բեւեռացված, որի վտանգները նախկինում բավականին մեծ էին»,- նշել է Ղազարյանը։
Լուսինե Հակոբյանը հիշեցրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը տարիներ շարունակ մշտադիտարկել է հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ կենտրոնանալով պետական կառավարման, այդ թվում դատական համակարգի վրա՝ ջատագովելով դատական եւ այլ պաշտոնների զբաղեցման մրցութային եւ թափանցիկ ընթացակարգը, ինչը թույլ կտա բացառել նեպոտիզմի, հովանավորչության դրսեւորումները, քանի որ հակակոռուպցիոն պայքարը ոչ միայն կաշառքի դեմ պայքարն է, ոչ միայն հակակոռուպցիոն կրթությունն է, այլ «հենց այսպիսի օղակներում կոնկրետ պաշտոնների թափանցիկ եւ մրցութային կարգով զբաղեցման ընթացակարգերի հանդեպ հանրային վերահսկողությունը»։
«Ուրախ եմ, որ այս փուլում ներգրավված ենք հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործին, մեծ հույսեր եմ տածում, որ սա ուղղակի չի լինի հերթական հակակոռուպցիոն ռազմավարությունը, որպիսիք ունեցել ենք 2000-ականներից սկսած, այլ իրականում մեզ կհաջողվի այդ ռազմավարությունում ֆիքսվելիք բոլոր գործողությունները կատարել ու հասցնել ավարտին, եւ հակակոռուպցիոն պայքարը կթեւակոխի որակապես նոր փուլ, եւ դա մենք կկարողանանք անել հավաքական ջանքերով՝ նաեւ հնարավորինս արդյունավետ օգտագործելով քաղհասարակության կարող ներուժը»,- նշել է Հակոբյանը։
Մովսես Արիստակեսյանը նշել է, որ այս ձեւաչափով քննարկումը կարելի է համարել կառավարություն-քաղհասարակություն կառուցողական երկխոսության նոր ազդակ, ինչը երկար ժամանակ է ինչ բացակայում էր։
«Կոալիցիաի փորձագետները եւս ընդգրկված են 5-րդ ռազմավարության մշակման աշխատանքային խմբում եւ իրենց ներդրումը կունենան ավելի լավ եւ ավելի արդյունավետ ռազամավարության մշակման համար, որը ուղղված կլինի երկրում կոռուպցիայի եւ դրա հետեւանքների կտրուկ նվազմանը, համակարգային կոռուպցիայի այլակերպման նոր դրսեւորումների կանխարգեկմանն ու վերացմանը»,- նշել է նա։
Կարեն Զադոյանը մատնանշել է պրոցեսի հետ կապված իրենց տեսլականը՝ մշտադիտարկումը որակի տեսանկյունից։
«Մինչեւ հիմա մենք շարունակում ենք՝ իներցիայով տարբեր գործողություններ ենք դնում տարբեր ռազմավարություններում, ցուցիչներ ենք դնում ոչ ամբողջական, հետո գրում՝ այս ցուցիչը արվեց, այն գործողությունն արվեց, բայց մոռանում ենք դա համադրել ռազմավարական խնդիրների մակարդակում արդյունքների նվաճման հետ։
Կարծում եմ՝ որակական գնահատման արդյունքը բացահայտելու է այն խնդիրները, որոնք մենք դնելու ենք այս ռազմավարության մշակման հիմքում, որպեսզի ապագայում նոր ռազմավարությունը այդ խնդիրները չունենա։ Այսինքն, հիմնական հարցն այն է, որ բացահայտենք այն խնդիրները, որոնք տեղ չգտնեն ռազմավարության մեջ»,- նշել է նա։










