«Մեծ հաշվով նոր, որպես այդպիսին ընդհանուր համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք կարող ենք համարել, որ մեկնարկումից հետո իքս ժամանակ անց տալու են իրենց պտուղները։ Դատական իշխանության այսպես կոչված ռեֆորմը դեռ իր հիմնական սածիլները չի գցել, որ համարեnq, որ 5-10-15 տարուց կտան ցանկալի արդյունքներ։ Այդտեղ առկա հսկայական խնդիրների վերաբերյալ՝ դրանք լուծել պարտավոր տարբեր պետական մարմինների միջեւ նույնիսկ քննարկումները եւ լուծումների փնտրտուքը դեռ չունի այն արդյունավետությունը, որը կլիներ անհրաժեշտ եւ բավարար գոնե մի 2-3-4 տարվա մեջ արդյունք տեսնելու տեսանկյունից։
Այս հետհեղափոխական շրջանում պարբերաբար՝ մեկ, կամ մեկուկես երկու տարին մեկ տեղի է ունենում այնպիսի ընդհատում, որը նախորդ պրոցեսը այսպես ասած չեզոքացնում է, կամ ավելի վատ դիրքերի է բերում եւ այդտեղից նորից փորձ է արվում քայլել առաջ, կառուցել ինչ-որ բան»,- այդ մասին Հանրային հեռուստաընկերության տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ժամանակին հայտարարում էր, որ «այն ինչ ունենք երկրում, դատական իշխանության բացակայություն է, արդյո՞ք հիմա եւս այդպես է»։
Կարծիքներ կան, որ դատական ոլորտում արմատական լուծումներ չեն տրվում, փոխարենը բավարարվում են միայն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով, նրանց հայտարարագրերն ուսումնասիրելով․ արդյո՞ք սա բավարար է։ Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Հիշատատկված առաջին համակարգն այսպես ասած թերի է իրագործվում եւ, որպես այդպիսին, այն, ինչ անվանվում էր վեթինգ, դրա տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ էին հասկանում։ Եթե կհիշեք՝ այն ժամանակ բավական խիստ բանավեճ կար առաջին երկու Արդարադատության նախարարների հետ՝ մեկը մի բան էր հասկանում վեթինգի տակ, մյուսը՝ ուրիշ բան, քաղհասարակությունն ու մասնագետները՝ այլ բան, եւ այդպես էլ այդ սինթեզի պրոցեսը տեղի չէր ունեում։ Այսինքն, կարողության եւ աշխատանքային կուլտուրայի, մշակույթի բացակայության հետեւանքով արդյունավետ երկխոսելու եւ արդյունք գեներացնելու մշակույթի բացակայությունը մեզ բերեց այնտեղ, որտեղ մենք շարունակում ենք այդ արդյունավետ բանավեճը չունենալ։ Ինչ վերաբերվում է գույքի հետ կապված ստուգումներին, այսպես ասած ֆինանսական թափանցիկության եւ բարեվարքության բլոկին, ապա այստեղ եւս մենք ունեն լուրջ պրոբլեմ, քանի որ այդ համակարգը մենք չկարողացանք արդյունավետ կայացնել․ ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կատարվեցին որոշակի թերի օրենսդրական փոփոխություններ, որոնք սահմանափակեցին դատավորի պաշտոն զբաղեցնող անձանց գույքային դրության թափանցիկության արդյունավետ ստուգումը, այսինքն, ժամանակագրության մեջ առանց սահմանափակման ստուգումը, ամբողջ պաշտոնավարման շրջանի տեսանկյունից ստուգումը, եւ սահմանափակվեցին մյուս հիմնարար համակարգի գործողության հնարավորությունները, օրինակ՝ ՄԻԵԴ վճռով հաստատված հիմնարար իրավունքի խախտում թույլ տված դատավորի նկատմամբ կարգապահականները։ Մի քանի տարի ձախողվել էր, նոր նախորդ տարի հնարավոր եղավ երկու դեպքով այդ մեխանիզմը գործարկել։ Բայց սա չնչին ազդեցություն գործելու ռեսուրս ունի»։
Նախատեսվում է բարձրացնել դատավորների աշխատավարձը, դատավորներն առանց այդ էլ բարձր վարձատրվող սեգմենտ են, արժե՞ նորից բարձրացնել նրանց աշխատավարձը, եւ արդյո՞ք դա կբերի անհրաժեշտ փոփոխությունների։ Պատասխանելով այս հարցին՝ Եգորյանը նշել է․
«Իհարկե՝ արժե, դա կարեւոր բաղադրիչ է, համեմատականները այդպես համահարթեցման եղանակով հնարավոր չէ անցկացնել, քանի որ միջին աշխատավարձից հաշվարկ կատարելը եւ օրինակ՝ մի քանի անգամ ավել վարձրատրությունը չի նշանակում, որ դատավորի աշխատավարձն այնքան բարձր է, որ պետք է բավարարվել այդ մակարդակով, քանի որ եթե միջին աշխատավարձի նկատմամբ ասենք՝ ա, բ, գ չափորոշիչներ եւ խնդիրների կարգավորման հարցեր են գործում, ապա դատավորի պարագայում, կամ օրինակ՝ այլ պարագաներում, որոնք որ կոռուպցիոն ռիսկերի եւ այլնի հետ են կապված, նաեւ ստանդարտներ կիրառելու լրացուցիչ չափանիշներ եւ չափորոշիչներ են առաջանում, որպեսզի զսպվեն այդ ռիսկերը։ Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյո՞ք աշխատավարձը բարձրացնելու դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազելու են, դա եւս ուղիղ փոխանցման ազդեցությամբ չի գործում անմիջականորեն, դա բաղադրիչներից մեկն է։ Հիմա ուղղակի այդ հարցով չէի ցանկանա վերածվել դատավորների աշխատավարձը բարձրացնողի ջատագովի, ես կշարունակեի այն քննադատությունը, որ այդ բարձրացմամբ չէ, որ կարողանալու է հարցը լուծվել, քանի որ այն մարդը, որը սովոր է ամիսը տաս, կամ քսան միլիոն կաշառքով, կամ այլ պայմանավորված դատական ակտերով ստանալ, պարզ է՝ նրա վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենա։
Այսօր փաստորեն հիմնական հույսը կապվում է դատավորների ավազան այդ 70 նոր դատավորների ներարկման հետ, այն հույսով, որ մի 10-15 տարի հետո այդ 70՝ ենթադրաբար ստուգված, մաքուր մասնկիները պետք է տան էական որակյալ փոփոխություն դատական իշխանության տիրույթում։ Բայց նաեւ պետք չէ մոռանալ շատ ավելի փոքր, սակայն կազմակերպված սեգմենտների ապակայունացնող եւ քայքայիչ ազդեցությունը շատ ավելի մեծ բայց մաքուր խմբերի նկատմամբ։ Դրա ամենահետաքրքիր, ամենաակնառու օրինակը նշեմ՝ այս վերջերս տեղի ունեցած, այն դատավորների խումբը, որոնք հիմնականում ընդդիմանում էին օրինակ՝ ՄԻԵԴ վճիռներով, կամ այլ խնդիրների բերումով պայմանավորված դատավորների նկատմամբ պատասխանատվության կապակցությամբ, կամ առավելեւս նրանց լիազորությունների դադարեցման կապակցությամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովում մի կարեւոր հաղթանակ տարան եւ այդ 70, կամ 80 դատավորները որեւէ էական ազդեցություն չկարողացան ունենալ, այսինքն, եթե չես վերացնում չարորակ ուռուցքը, այն միշտ ի զորու է լինելու մետաստազներ ձեւավորել»։
Ըստ էության՝ 5 տարվա ընթացքում իրականացված դատական ռեֆորմների արդյունքում ունենք նվազագույն արդյունք, ի՞նչ անել։
Ըստ Եգորյանի, նվազագույն արդյունք էլ չունենք, քանի որ ինքնին ԲԴԽ-ի կազմը թույլ չի տալիս խնդիրների արդյունավետ լուծում իրականացնել։
«Այդ բարեփոխումների պայմանական ասած հետեւանքով օրինակ՝ մինչդատական վարույթի գործեր քննելու դատարան ստեղծելու արդյունքում այն մարդիկ, որոնք 2016-2020 թվականներից գործեր ունեին ասենք՝ մինդչատական վարույթին վերաբերվող, եւ նրանք, ում բախտը չբերեց այդ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանում այդ գործն ավարտին հասցնել, այնուհետեւ այդ մինչդատական վարույթի դատարանը ցրելու հետեւանքով մոտ երկու տարի գործեր, որոնք պետք է ասենք՝ երեք ամսում քննվեին, չքննվեցին, սա մասնավոր օրինակ էր, որպեսզի հասկանալի լինի, որ որեւէ կոլապսից խուսափելու հնարավորություն չի ստեղծվել։ 5 դատավոր կա ԲԴԽ-ում, այդ բոլորը ենթակա են այդ նույն ծանրաբեռնվածության, բայց իրենք իրենց հերթին պետք է քննեն այն նույն դատավորներին, որոնք այդ նույն ծանրաբեռնվածության արդյունքում իրականացնում են ենթադրյալ խախտումներ, այսինքն խնդիրը չլուծելու արդյունքում դու փորձում ես նաեւ հետեւանքները լուծել»,- նշել է Եգորյանը։
Իսկ արդյո՞ք այսօր դատական իշխանությունն անկախ է, թե՞ այն քաղաքական պատվերներ է կատարում։
«Այսօր այդ անկախության վերաբերյալ կարելի է մի քանի օրինակներով դատողություն անել, օրինակ՝ հետաքրքիր գործ է այդ Գլխավոր շտաբի պետի գործը, որտեղ ըստ էության դատական համակարգը մխրճվել էր գործադիր իշխանության սահմանադրական լիազորությունների դաշտ, սա լրջագույն պրոբլեմ է, թեեւ թվում է, թե՝ այսինչ լավ է, անկախ դատական համակարգ է, բայց դա անկախություն չէ, դա դատական համակարգ է, որը սահմանադրական գործընթացները խաթարող գործառույթ է իրականացնում։
Նախկինում գործած մեղքերը պաշտպանելու անհրաժեշտություն է առաջանում, եւ երբ օրինակ՝ իշխանությունը չի ճնշում, այդ նախկինում գործած աղավաղված դատական պրակտիկան պաշտպանելու նպատակով արդեն այդ խեղումը շարունակվում է։
Մենք չենք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն դատավորների, այսպես ասած, պայմանական հավասարությունը, քանի որ մենք նախկինում անհավասար պայմաններում արդյունքներ ձեւավորած դատավորների նկատմամբ բավարար պատասխանատվության գործիքներ չենք կիրառում, իսկ նոր դատավորները տեսնում են, որ այս անպատժելությունը միգուցե ճիշտ ճանապարհն է, եւ անընդհատ այդ մեսիջներն ենք ուղարկում, չենք ձեւավորել ֆինանսական թափանցիկության արդյունավետ համակարգ, քանի որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զեկույցները մեզ՝ հանրության համար հասանելի չեն, դրանք արդյունավետորեն քննելի չեն, եւ թե դրանց վերաբերյալ ի՞նչ որոշումներ է կայացնում ԲԴԽ-ն, եւս վերլուծելի չէ, եւ հետաւաբար տարբեր հնարավոր պայմանավորվածություններ, կամ անհավասար ելքեր եւս հնարավոր չէ վերլուծել»,- նշել է Եգորյանը։
