Այս սխեմայի իմաստը ոչ թե բացառիկ շահի սպասարկումն է, այլ՝ յուրայիններին բաշխման ենթակա բիզնես պրոյեկտը․ Տիգրան Եգորյան

«Որպեսզի հարցը չվերածվի մի քննարկման, որտեղ տպավորություն է ստեղծվում, թե մարդկանց մի ֆանտաստիկ առաջարկ է արվում, բայց նրանք՝ իրենց ագահության բերումով դրան չեն համաձայնվում, գանք սկզբից․ սա ընդամենը քաղաքաշինական մի պրոյեկտ է, եւ կառավարությունը դեռ 2001 թվականից (իսկ այս պրոյեկտի հիմնավորումը չի փոխվել) որոշել է, այսպես ասած, հանրային գերակա շահի լծակն օգտագործելով, այդ պետաիշխանական լիազորությունն օգտագործելով՝ մարդկանց հարկադրաբար իրենց սեփականությունից զրկել և յուրային գործարարներին լավ եւ հեշտ արդյունքներ ապահովել։ Ի՞նչ է տեղի ունենում․ այդ ամենաթանկարժեք հատվածում հողի արժեքը իր ամենանվազագույն գնահատմամբ օտարվում է իքս կազմակերպության եւ առաջարկվում է այդ նոմինալ արժեքով հողի վրա կառուցել բավականին գայթակղիչ բազմաֆունկցիոնալ կենտրոններ, որոնք ապահովում են հարյուրապատիկ ավելի մեծ եկամուտ։ Ասենք՝ այսօր արդեն այդ մեկ քառակուսի մետրը՝ ըստ տարբեր գովազդային հայտարարությունների վաճառվում է 5500-ից միչեւ 7500 ԱՄՆ դոլար արժեքով։ Այսինքն, մեկ հարկի պարագայում միայն մի քանի անգամ ավելի արժեք է ստացվում, քան ձեռք բերված հողամասը։ Այստեղ կա սկզբունքային խնդիր․ թե՛ իմ վստահորդները, թե՛ բոլոր նրանք, ովքեր իմ վստահորդը չեն, բայց այս կամ այն կերպ պայքարում են այս հարցի կապակցությամբ, հիմնական սկզբունքային խնդիրը որ բարձրացնում են կառավարության որոշման հիմնավորվածությունն է՝ թե ինչո՞ւ է իրենց նկատմամբ հայտարարված այդ քաղաքաշինական շահը գերակա իրենց սեփականության իրավունքի նկատմամբ եւ ինչո՞վ է այն բացառիկ, եւ եթե դա չի համապատասխանում բացառիկության այն ստանդարտներին, որոնք իր դատական պրակտիկայով ձեւավորել է ՄԻԵԴ-ը, իր սահմանադրաիրավական բովանդակությամբ բացահայտել է ՍԴ-ն, հետեւաբար այդ կառավարության որոշումը չի համապատասխանում օրենքով սահմանված ստանդարտներին եւ անվավեր է։ Բացի դրանից, կա նաեւ առոչնչության հարց, այս որոշման հիմքում դեռ 2001 թվականից դրված պատճառաբանությունները արդեն իսկ կորցրել են օրենքով սահմանված իրենց կյանքի թույլատրելի սահմանը․ այդ 7  տարին, որը սահմանված է հանրային գերակա բացառիկ շահի իրագործման համար, մի քանի անգամ անցել է, եւ անցել է, քանի որ իրականում այս նպատակը բացառիկ չէ, իրականում սա ընդամենը հասարակ ռենովացիոն ծրագիր է, որը շատ տարբեր երկրների, այդ թվում՝  եւրոպական երկրների մայրաքաղաքներում իրականացվում է եւ չի իրականացվում մարդկանց ունեզրկելու միջոցով»։

Այդ մասին Հանրային հեռուստաընկերության տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, իրացման գոտի ճանաչված եւ քանդման ենթակա Ֆիրդուսի թաղամասի մի շարք բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք քառակուսի մետրի համար 1700 դոլար փոխհատուցումը կարելի է ունեզրկում համարել, Եգորյանն արձագանքել է․

«Այո, քանի որ այդ հատվածում հողի արժեքը 1700 չէ։ Տարբեր մարդիկ գնահատման տարբեր սանդղակներ ունեն, բայց մենք չպիտի քննարկենք, թե որքան պետք է առաջարկվեր, քանի որ կարեւորագույն կետերից մեկն այն է, որ բացակայում է այդ շահի բացառիկությունը, եւ հետեւաբար՝ հասարակ շուկայական հարաբերությունների համաձայն՝ այդ մարդկանց պետք է մոտենային այն ներդրողները, որոնք ցանկանում էին ինչ-որ ռենովացիոն ծրագիր իրականացնել եւ գային համաձայնության առանց կառավարության որոշման։ Հաջորդ կարեւոր կետն այն է, որ կառավարությունը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից եւ որոշել է, որ այդ հարաբերությունների կառուցման ժամանակ միայն փոխհատուցում պետք է հատկացվի եւ պետք է չթույլատրել, որպեսզի կառուցապատողը առաջարկի, կամ օտարվող սեփականության սեփականատերը ակնկալի այդ տարածքում կառուցվող բնակմակերես։ Իսկ թե արդյո՞ք կառուցվող շենքում բնակչին պիտի տրամադրվի բնակարան, այս հարցը պետք է ազատ շուկայական հարաբերություններով լուծվի, կառավարությունը իր որոշման մեջ սահմանափակելով այդ իրավունքը՝ վերազանցել է իրեն Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները, կառավարությունը իրավունք չունի օրենքով սահմանված կարգով հանրային գերակա շահի որոշման մեջ սահմանափակել այդ դրույթը։ Ինչի՞ է սա արվել, քանի որ տեսան, որ պրոբլեմ է առաջանում, բնակիչները շատ ճիշտ իրավական փաստարկ բերեցեին՝ ասեցին ՝ լավ, սա անում եք, բայց այստեղ բաց է մնում։ Եւ որպեսզի իրավիճակը կարողանան ըստ քողարկված նպատակի կառավարել, մի հատ էլ այսպիսի որոշում ձեւակերպեցին այս՝ արդեն 2018 թվականի որոշմամբ։ Այս սխեմայի ամբողջ իմաստը ոչ թե բացառիկ շահի սպասարկումն է, այլ ուղղակի բիզնես պրոյեկտ է, որը յուրայիններին բաշխման ենթակա պրոյեկտ է եղել»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե անհնարին է եղել այլ եղանակով ծրագիրն ապահովել, Եգորյանը նշել է․

«Հենց այստեղ է թաքնված շան գլուխը, իրականում հնարավոր էր, քանի որ կառավարությունը պետք է այդ պետաիշխանական լիազորությունն իրականացնի միայն այն դեպքերում, երբ որեւէ ազատ շուկայական հարաբերությունների միջոցով որեւէ պրոյեկտ՝ կլինի քաղաքաշինական, թե՝ այլ, հնարավոր չէ իրագործել։ Քաղաքի կենտրոնում գտնվող այդ հողահատվածը չափազանց գայթակղիչ է եւ ազատ շուկայական հարաբերությունների պարագայում այդ քաղաքաշինական պրոյեկտը հանգիստ իրագործելի է, եւ այստեղ բացարձակ անհրաժեշտություն չկա պետության լիազորություն գործարկելու, այդպիսի բացառիկությունն առկա է այն դեպքերում, երբ հասարակ շուկայական ազատ պայմաններում այդ պրոյեկտը գայթակղիչ չէ, եկամտաբեր չէ եւ հետեւաբար ոչ մեկը չի ներդրվի այդ պրոյեկտի մեջ, իսկ այստեղ, ինչպես հասկանալի է՝ քաղաքի կենտրոնում շինարարության պարագայում առանց կառավարության որոշման եւս հնարավոր էր իրագործել այս ծրագիրը եւ հենց այդտեղ է, որ բացառիկությունը վիճարկվում է եւ չի ամբողջականանում»։

Դիտարկմանը թե դա արվել է նախորդ իշխանությունների ժամանակ, Եգորյանն արձագանքել է, որ հիմա էլ է այդպես։ Իսկ հիմա ինչո՞ւ է այդպես արվում։ Ի պատասխան այդ հարցի Եգորյանը նշել է․

«Այ դա շատ հետաքրքիր է, հենց այդ հարցը պետք  է պատասխան ստանա կառավարության, կամ մերձկառավարական այն օղակներից, որոնք այդ կառուցապատողներին երաշխիքներ են տվել։ Նայեք ձեռքբերողների կազմը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներով հրապարակվել է․ այդ սահմանափակ ցանկում կգտնեք նախկինում՝ տարբեր կառուցապատման պրոյեկտներով մարդկանց եւ պետությանը հսկայական վնասներ պատճառած անձանց, այդ գործերի մի մասը ՄԻԵԴ էր հասել եւ այլն։

Մենք հրապարակելու ենք ցանկը, հրապարակելու ենք ամփոփ տեղեկանք՝ բոլոր անուններով եւ նաեւ կապիտալով, որը միայն հայկական եւ հայաստանյան չէ։ Այդ բոլոր կասկածելի եւ նաեւ փողերի լվացման տեսանկյունից ստուգման ենթակա  գործընթացները մենք կներկայացնենք։ Այսօր արդեն համենայնդեպս կան որոշակի տվյալներ, որոնք մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ կոռուպցիոն սխեմաներ կան, եւ դրանով առանձին իրավական գործընթաց ենք նախաձեռնում»։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է կոմպրոմիս բնակիչների եւ կառուցապատողների միջեւ, Եգորյանն արձագանքել է․

«Բանակցություններ չկան, առնվազն իմ վստահորդների մասով այդ փորձերը չեն կատարվել։ Բայց շեշտեմ՝ վեճը չի վերաբերում փողային փոխհատուցմանը, վեճը վերաբերում է կառավարության որոշումներին, իմ վստահորդները պնդում են, որ սրանք ազատ շուկայական հարաբերությունների միջոցով լուծման ենթակա հարցեր են, եւ իրենց՝ ուժով վտարման, կառավարության լիազորությունների կիրառմամբ վտարման եւ տեղային զտման ենթարկելը հակասում է Սահմանադրությանը․ նրանց այդ հատվածից տեղահանելը հենց տեղային զտում է»։