Հայաստանի Սահմանադրական դատարանը օրերս որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Զուգահեռաբար, Արեւելյան գոծընկերության Հայաստանի ազգային պլատֆորմն իր հերթին էր կոչ արել ՀՀ իշխանություններին վավերացնել Հռոմի ստատուտը։
Հռոմի ստատուտին առնչվող հայաստանյան զարգացումներին շատ բացասական էին արձագանքել ՌԴ-ից, ինչին ՀՀ ԱԺ փոխխոսնակն արձագանքել էր, որ Հայաստանը լսել է ՌԴ-ից հնչող մտահոգությունները եւ կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին։
«1in.am»-ի տաղավարում մեկնաբանելով այս զարգացումները՝ «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ-CEPA) Քաղհասարակության Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը նշել է․
«Սա շատ կարեւոր գործընթաց է Հայաստանի համար, Հռոմի ստատուտի վավերացման հարցը ներառված էր նաեւ ՀԸԳ համաձայնագրում։ Ես՝ լինելով այդ համաձայնագրի 366 հոդվածի համաձայն ստեծված Քաղհասարակության երկկողմ պլատֆորմի համանախագահող, մեծապես ողջունում եմ ՍԴ այս խիստ կարեւոր որոշումը։ Բոլորովին վերջերս նաեւ Արեւելյան գործընկերության մեր քաղհասարակության պլատֆորմի (որը այլ պլատֆորմ է) վերջին ժողովի ընթացքում մենք ընդունեցինք հայտարարություն, որով կոչ արեցինք ՀՀ իշխանություններին հնարավորինս արագ վավերացնել Հռոմի ստատուտը եւ ակնկալում ենք, որ այդ գործընթացը եւս կկազմակերպվի ողջամիտ ժամկետներում։ Սահմանված հստակ ժամկետներ չկան, այդ պատճառով մենք կոչ ենք արել ողջամիտ ժամկետներում կազմակերպել գործընթացը։ Նաեւ կկարեւորեմ այդ կապակցությամբ հանրային լսումների հրավիրումը, քանի որ այդ գործընթացի վերաբերյալ արտահայտվողները շատ են, մտահոգությունները, կարծիքները եւ նաեւ առաջարկությունները հարկ է լսել Աժ-ում եւ այդ նպատակով շատ կարեւոր կլինի նման հանրային լսումների կազմկերպումը, ինչը անելու կոչով նաեւ դիմում եմ մեր իշխանությանը՝ օգտագործելով այս եթերը»։
Անդրադառնալով կոնկրետ ՀՀ ՍԴ որոշմանը՝ Հակոբյանն արձանագրել է․
«Իրապես շատ կարեւոր որոշում էր, խիստ բարձր մակարդակի իրավաբանական տեքստ, եւ նաեւ շատ ուսանելի, ոչ միայն մեզ՝ քաղաքացիներիս համար, իրավաբաններիս համար, նաեւ ուսանողների համար է լավ նյութ։ Քանի որ գիտեմ, թե որոշ համալսարաններում ովքեր են դասավանդում սահմանադրական իրավունք, ապա կուզենայի տեսնել ՍԴ այդ որոշման տեքստի հեղինակներին սահմանադրական իրավունք դասավանդելիս։
Կոնկրետ որոշման եւ Հռոմի կանոնադրության վերաբերյալ․ ըստ էության, կանոնադրությունը իր ընդհանուր նպատակ է հռչակում միջազգային հանրության մտահոգությունը հարուցող ծանրագույն հանցագործությունների հետապնդումը, պատիժը եւ կանխարգելումը։ Այդպիսի հանցագործությունները չորսն են՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները եւ ագրեսիան։ Եւ, ըստ էության, այդ հանցագործությունների քննության եւ պատժի միջազգային քրեական իրավազորությունը իրականացնող միջազգային ատյանի՝ Միջազգային քրեական դատարանի ստեղծումը նպատակ է հետապնդել պաշտպանել համամարդկային արժեքները՝ որպիսիք են համընդհանուր խաղաղությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը, եւ ՍԴ-ն բավական խոր անդրադարձ է կատարել այդ համամարդկային արժեքների՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այդ համընդհանուր արժեքներին հայ ժողովրդի հավատարմության հավաստմանը, եւ դա անելիս առաջին հերթին վկայակոչել է ՀՀ Սահմանադրության նախաբանը եւ 2021 թվականին ընդունված իր որոշումը, որով նախաբանը եւս ճանաչվել է որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթ։ ՍԴ-ն, ըստ էության, վերլուծել է մեր Սահմանադրության նախաբանով ստանձնած համամարդկային արժեքներին հավատարմությունն ու այդ կանոնադրությամբ ամգրագրված նպատակների ընդհանրությունը, եւ սա շատ կարեւոր արձանագրում է, երբ ՄՔԴ-ի իրավական հիմքը հանդիսացող Հռոմի ստատուտի համապատասխանությունը Սահմանադրությանը դիտարկվում է արժեբանական լույսի ներքո։ Շատ կարեւոր անդրադարձ է ՍԴ-ն կատարել նաեւ մեր Անկախության հռչակագրին որին հղում է տրված մեր Սահմանադրության նախաբանում, եւ դրանով մեր՝ հայ ժողովրդի ստանձնած հանձնառությանը՝ սատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Եւ շատ կարեւոր վերլուծություն է անում եւ ասում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելը ոչ միայն պատմական իրողության հետադարձ ճանաչման կարեւորություն ունի, այլեւ հայ ժողովրդի համար քաղաքակրթական հանձնառություն է մասնակցել նման ծանր հանցագործությունների կանխարգելման միջազգային համագործակցության ջանքերին եւ, ըստ էության, ասում է, որ սահմանադրի՝ հայ ժողովրդի համար դա նաեւ քաղաքակրթական հանձնառություն է։
Եւ որ դա ոչ միայն պետք է մեզ, այլեւ առաջին հերթին մենք նաեւ հանձնառու ենք միջազգային հանրության հետ միասին մեկտեղել մեր ջանքերը՝ որպես Ցեղասպանություն տեսած ժողովուրդ՝ օգնելու այդպիսի հանցագործությունների կանխարգելմանը։ Նաեւ կարեւոր է, որ հիշատակվում է այն հանգամանքը, որ ՀՀ-ն, ըստ էության, միացել է նման տարբեր՝ ծանրագույն հանցագործությունների պատժին եւ կանխարգելմանն ուղղված տարբեր այլ կոնվենցիաների, ինչպես օրինակ՝ «Ցեղասպանության պատժի եւ կանխարգելման մասին» կոնվենցիան, «Ապարտեիդի պատժի եւ կանխարգելման մասին» կոնվենցիան, եւ փաստացի սա եւս մեկ կարեւոր փաստաթուղթ է այդ միջազգային համագործակցության ջանքերի շրջանակում, որին ՀՀ-ն պետք է միանա»։
2004-ին ՀՀ ՍԴ-ն համարեց, որ Հռոմի ստատուտը չի համապատասխանում Սահմանադրությանը, ինչո՞ւ այն ժամանակ նման որոշում կայացվեց, արդյո՞ք դա քաղաքական որոշում էր։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այո, կասեի, որ միանշանակ քաղաքական էր եւ այս մասով եւս այս որոշումը բավականին լույս է սփռում այդ հարցի վրա։ ՍԴ նախորդ՝ 2004-ի որոշմամբ արձանգրվել էր, որ ՀՀ-ում քրեական իրավազորության իրականացմամբ օժտված է միայն ՀՀ քրեական արդարադատության համակարգը, այսինքն, քրեական արդարադատության համակարգը ՀՀ-ում ունի բացառիկ քրեական իրավազորություն, եւ դրանից ելնելով՝ այդ իրավազորությունը լրացնող միջազգային այլ ատյանի կողմից քրեական իրավազորության իրականացումը հակասահամանադրական էր ճանաչվել ըստ էության, բայց ՍԴ-ն դարձյալ հղում է կատարում կանոնադրությամբ ամրագրված հիմնական նպատակների եւ սկզբունքների եւ մեր Սահմանադրությամբ ամրագրված արդեն իսկ նկարագրածս նպատակների ընդհանրությանը եւ ասում, որ այդ նպատակների իրագործմանն ուղղված լրացնող միջազգային քրեական իրավազորություն մարմնի կողմից քրեական իրավազորության իրականացումը չի կարող դիտարկվել հակասահմանադրական, քանի որ երբ պետությունը՝ անկարողության պատճառով, իր ցանկության բացակայության պատճառով այդպիսի ծանրագույն հանցագործությունների նկատմամբ չի իրականացնում իր ներպետական քրեական իրավազորությունը, ապա դրանով իսկ հենց ստեղծվում է հակասահմանադրական իրավիճակ եւ սահմանադրական հուն վերադարձնելուն ուղղված միջազգային ատյանի լրացնող իրավազորության իրականացումը չի կարող դիտարկվել որպես ՀՀ բացառիկ քրեական իրավազորության հակասահմանադրական միջամտություն, ինչը շատ կարեւոր արձանագրում է։
Մի հանգամանք էլ կար․ նախորդ որոշմամբ ճանաչվել էր, որ երբ անձինք՝ մեր քաղաքացիները դատապարտվեն Միջազգային քրեական դատարանի կողմից, ապա նրանք չեն կարող օգտվել վել ներման իրավունքից կամ նրանց վրա չի տարածվի ԱԺ կողմից ընդունված համաներումը, նրանց վաղաժամ ազատ արձակելու, կամ պատժի կրման ժամկետը կրճատելու նպատակով։ Այստեղ եւս շատ կարեւոր դիրքորոշում է արտահայտում ՍԴ-ն՝ ասելով, որ Հռոմի ստատուտի վավերացումն՝ ինքնին, չի հանգեցնում նման իրավիճակի, նման իրավիճակ կարող էր առաջանալ եթե ՀՀ-ն մտադրություն արտահայտած լիներ ընդունելու պատժի կրման նպատակով ՄՔԴ կողմից դատապարտված անձանց, բայց ՀՀ կառավարությունը այս գործի քննության շրջանակներում հայտարարություն է արել, որ չունի նման մտադրություն՝ նման անձանց ընդունելու Հայաստանի տարածք՝ պատժի կրման նպատակով, եւ հետեւաբար այդպիսի հարցեր՝ ներման, կամ համաներման իրավունքներից օգտվելու, արդեն չեն կարող առաջանալ։ Ըստ այդմ եւս սա շատ կարեւոր դիրքորոշում էր»։
Թվում էր, թե այս կարեւոր հարցի շուրջ լուրջ քննարկումներ կլինեն ԱԺ-ում, փոխարենը ականատես եղանք իշխանության եւ ընդդիմության մասնակցությամբ մի քանի միջադեպերի, ընդհուպ խուլիգանության, այս որակի ԱԺ-ից ի՞նչ ակնկալիք ունենալ նման կարեւոր հարցերում։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Իսկապես պետք է հասկանալ հարցի կարեւորությունը, եւ որ առաջին հերթին այդ կանոնադրության վավերացումը ճիշտ է՝ այդ միջազգային համագործակցության ջանքին կնպատսի եւ այլն, բայց առաջին հերթին մեր անվտանգային նպատակներից ելնելով է մեզ անհրաժեշտ։ Ուստի, հարցին պետք է մոտենալ բավարար լրջությամբ, եւ դա էր նաեւ նպատակը, որ առաջարկում էի հանրային լսումներ հրավիրել այդ հարցով եւ լսել տարբեր դիրքորոշումներ եւ կարծիքներ։ Ինչ վերաբերվում է վերջին օրերին տեղի ունցածին, ապա կարծում եմ, որ իսկապես կարեւորը երկրորդականից զատելու օրհասական ժամանակ է։ Բռնության ցանկացած դրսեւորում միանշանակ դատապարտելի է, Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ ոտնձգությունը դատապարտելի է, Ալեն Սիմոնյանի կողմից եթե իրոք նման՝ անձի արժանապատվությունը նվաստացնող վարքագիծ է դրսեւորվել, եւս դատապարտելի է, բայց միեւնույն ժամանակ խիստ կարեւոր հարցեր կան, օրինակ՝ այս վերջին օրերին հանրությանը խիստ մտահոգում է Տեղ գյուղում տեղի ունեցող իրադարձությունները, մարդկանց ապահովության, անվտանգության կարիքներին անդրադառնալու կարեւորությունը, փոխարենը մենք տեսնում ենք, որ Աժ-ում տեսախցիկներից պատգամավորի փախուստի վերաբերյալ կադրեր են հավաքվում եւ համընդհանուր կերպով տարածում՝ ուրախության եւ կատակների առիթ դարձնելով, պետք է բավարար լրջություն դրսեւորել, եւ իսկապես փորձել փարատել հանրության մտահոգությունները, եւ ոչ թե զվարճանքի եւ տարբեր այլ անկարեւոր զբաղմունքով մարդկանց ուշադրությունը շեղել»։
Իսկ արդյո՞ք տպավորություն չկա, որ երկուստեք՝ ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը այս վիճակը ձեռնտու է, որպեսզի չքննարկեն կարեւոր հարցերը, ինչպես օրինակ՝ անվտանգության թեման։
«Եթե իշխանությունն այդ պատասխանները չունի, դրա համար կան հանրության այն գործիչները, որոնք կարող են օգնել եւ համատեղ ուժերով փորձել գտնել պատասխաններ։ Պատասխանատվությունից խուսափելով՝ մեր խնդիրները չեն լուծվելու, մեր խնդիրները կլուծվեն եթե մենք պատշաճ խորությամբ գիտակցենք, թե ինչ մարտահրավերների առջեւ ենք կանգնած եւ համատեղենք մեր ջանքերը դրանց լուծման ուղղությամբ․ այլ ելք այս իրավիճակից չեմ տեսնում»,- ի պատասխան նշել է Հակոբյանը։
Անդրադառնալով քաղհասարակության դերին այս հարցում՝ Հակոբյանը նշել է․
«Քաղհասարակությունը բավական ակտիվ եւ գործուն կերպով աջակցում էր ՄՔԴ իրավական հիմքը հանդիսացող Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին եւ շարունակում է աջակցել, նաեւ քաղաքացիական հասարակությունը պատրաստակամ է այս ուղղությամբ եւ նաեւ պետության առջեւ ծառացած այլ մարտահրավերներին դիմագրավելուն իր ներդրումն ունենալ, եւ միշտ պատրաստ է երկխոսության՝ իր առաջարկներով եւ գաղափարներով»։
