Այսօր լրացրել է Մարտի մեկի սպանդի 15-րդ տարելիցը։ «1in.am»-ի տաղավարում այդ թեմայի մասին է խոսել «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։
Լրագրողը մեջբերելով Նիկոլ Փաշինյանը այսօր արած հայտարարությունը, որ «Մարտի մեկի գործը բացահայտված է, թեեւ մեղավորները պատժված չեն, դա չի նշանակում, որ նրանք անպատիժ են մնալու», հետաքրքրվել է, թե՝ ի՞նչ ունենք այս գործով 15 տարի անց։
«Իհարկե, վարչապետի խոսքը մի փոքր այլ ասպեկտով էր, ինչը կարեւոր շեշտադրումներ էր պարունակում։ Այո, իսկապես էական եւ առանցքային է ֆիքսել այն, որ Մարտի մեկը հետեւանք էր ժողովրդի յուրացված իշխանությունը պահպանելու, եւ այդ ժողովրդի իշխանության իրականացման անհնարինության, քանի որ ընտրությունները չէին արտահայտում ժողովրդի կամքը։ Բայց մենք այսօր երեւի կխոսենք այլ հարթության վրա եւ այլ տեսանկյուններից նաեւ, որոնցից ամենատխուր եւ էական փաստագրումն այն է, որ 15 տարի անց մենք գտնվում ենք այն մակարդակում, այն կետում, երբ անկարող ենք նման ողբերգության կապակցությամբ արդարության հասնել եւ արդարադատություն իրականացնել»,- ի պատասխան ասել է Եգորյանը։
Հարցին, թե՝ ինչո՞ւ եւ «արդյո՞ք քաղաքական արգելքներ կան», Եգորյանը պատասխանել է․ «Նայած՝ ինչ նկատի ունենք քաղաքական արգելք ասելով․ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, այսպես ասած՝ իշխանության բարձրագույն մակարդակում, դժվար թե ունենա որեւէ կամքի, կամ ցանկության բացակայություն, ես կասեի միգուցե ցանկության, բայց արդեն այդ համահավաք կամքը, որը պետք է դրսեւորվի տարբեր գործիքակազմերի, տարբեր ուղղություններով հետեւողական աշխատանքների միջոցով, փաստացի բավարար չէ։ Եւ մենք այսօր, ցավոք, սպանվածների հարազատներին ոչ միայն նորից թողել ենք նույն վիճակում, այլ կասեի, որ ավելի ենք ծանրացրել նրանց բեռը, քանի որ նրանք այս պահին նորից հույս չունեն ներպետական մակարդակում արդարության հասնելու եւ նորից մեր այս պահի սպասելիքը ՄԻԵԴ-ից սպասվող արդարությունն է»։
Երկար ժամանակ է անցել բացահայտման համար, այս տարիների ընթացքում հաստատ կարեւոր դետալներ քողարկվել են, ոչնչացվել են, հասարակությունը, զոհերի ծնողները, հարազատները հույս ունենա՞ն, որ այս գործը մի օր ի վերջո կբացահայտվի։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․ «Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, եւ հույս ունեմ, որ այո՛, մի օր մեր կամքը ներպետական մակարդակում, կամ այդ կամքը ժողովրդի, այսպես ասած, պատվիրանը այս հարցում առնվազն արդարություն ստանալու, արդարության հասնելու եւ որ ամենակարեւորն է, ազգականների հույսը կիրականանա։ Ե՞րբ․ ինչպես արդեն նշեցի՝ արդեն բազմաթիվ շերտերի, բազմաթիվ հարցերի միջոցով պետք է ստացվի այդ պատասխանը, թե՝ երբ։ Հիմա տեսեք, 2018-ին՝ այդ ժողովրդավարական պոռթկումից, հեղափոխությունից հետո կրկին մեծ հույս առաջացավ եւ ինչպես մենք բոլորս ականատես եղանք՝ էական առաջընթաց արձանագրվեց գործով նշված հենց ապացույցների, գործի դեմ պետական պաշտոնյաների աշխատանքի։ Այս վերջերս էլ եղան հրապարակումներ, բայց ի՞նչ եղավ, եղավ այն, ինչ էլի հետեւանք էր այս նախոդ 25 տարիների ժողովրդի իշխանության յուրացման․ կոնկրետ դատական իշխանությունը եւ նաեւ գործադիր իշխանության բլոկում, այսպես ասած, հանդես եկող Դատախազությունը կարծես այդքան էլ չէր նպաստում արդարության եւ արդարադատության հաստատմանը։ Այս մի գործի մակարդակով բերեմ օրինակը՝ այսօրվա դատական համակարգի էությունն այն է, որ դատավորները պատրաստ են օրինակ ասենք մեկին, ով խոստովանում եւ հպարտորեն հայտարարում է, որ ինքը չեկիստ է , այդ մեկին անհայրենիք անվանելու համար 800 հազար դրամի փոխհատուցում պահանջել, կամ հաստատել, սակայն Մարտի մեկին սպանված մարդկանց ազգականների հասցեին, նրանց ազգականների շիրիմները վաճառելու կապակցությամբ մեղադրանքի վերաբերյալ դատարանները պատրաստ չեն որեւէ պաշտպանություն տրամադրել, համարելով, որ դա մի փոքր ընդհանուր մեղադրանք է, հասկանալի չէ, թե ում է ուղղված։ Այս դեմքով եւ բովանդակությամբ դատական համակարգը տապալեց այն առաջընթացը, որը մենք ունեցանք 2018 թվականի երկրորդ կեսին, այն գործը, որը կարողացավ պետությունը գեներացնել, զարգացնել այդ ժողովրդավարական հեղափոխությունից անմիջապես հետո։ Սա տապալվեց։ Իսկ հիմնական պատասխանատուների, բարձրագույն իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ գործը տապալեց ՍԴ- ն՝ ինչպես բոլորին հայտնի է։ Եւ այս ներհամակարգային արատավոր շրջանակների դիմադրությունը այնքան էական է եղել, որ այսօր մենք այստեղ նստած արձանագրում ենք, որ դեռ մենք չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք ազգականին կորցրած տուժողին տրամադրել արդարություն»։
Լրագրողը հիշեցրել է, որ երկար տարիներ բազմաթիվ ապօրինի, այդ թվում այսօրվա իշխանությունների վերաբերյալ վճիռներ կայացրած դատավորներից մեկը այսօր այս իշխանության օրոք պաշտոնի բարձրացում է ունենում․ մենք այսպես ցանկանում ենք «Մարտի մեկի», կամ նմանատիպ այլ գործեր բացահայտե՞լ։
Ի պատասխան Եգորյանը նշել է․
«Բնականաբար, այս եղանակով հնարավոր չի լինի հասնել արդյունքի, սա է հենց խնդիրը, ուղղակի իշխանություն ասվածը դա միաբաղադիչ եւ միատարր մի օրգանիզմ չէ, նույնիսկ օրինակ՝ եթե ասենք՝ բարձրագույն մակարդակով կա որեւէ ձգտում որեւէ արդյունքի հասնելու, դա դեռ բավարար չէ այդ արդյունքը երաշխավորելու, քանի որ ինչպես տեսնում եք՝ ավելի ցածր օղակներում տեղի են ունենում իրադարձություններ եւ կոնկրետ գործողություններ, որոնք փաստացի խոչընդոտում են այդ արդյունքին, եւ դրան նվիրված եւս ձեր նշած մարդու՝ վարչապետի ելույթներում անդրադարձներ կան՝ այդ պետական համակարգի դիմադրության, առանձին սեգմենտների սաբոտաժի եւ այլնի մասին։ Եւ դա մենք ակնհայտորեն դիտարկեցինք նաեւ այս գործով, որովհետեւ սա շատ լակմուսային ֆունկցիա ունեցող գործ էր նաեւ, դա մենք տեսանք ինչպես Գլխավոր դատախազության մակարդակում, այնպես էլ՝ դատական իշխանության մակարդակում, սա է փաստը, եւ սա է այն առանցքը, որի մասին մենք խոսում էինք դատաիրավական ռեֆորմների շրջանակներում, եւ սա է նաեւ այն առանցքը, որի հիման վրա մենք բացատրում էինք, որ չի կարելի չարագործությամբ, այսպես ասած, զբաղվող, մարդկանց հիմնական իրավունքները խեղած մարդկանց տրամադրել հնարավորություն, որովհետեւ նրանք չեն կարող այլ կերպ, քան սովոր են եւ իրենց էությունն է, այսինքն, սին է այն հույսը, որ դու կարող ես կոտրված ձեռքով կատարել մի հիասքանչ ստեղծագործություն, ուղղակի հնարավոր չէ, եւ այստեղ է, որ առաջանում է ձեւի եւ բովանդակության բախումը եւ երբեք չի կարելի թույլատրել, որ ձեւը գերակայի բովանդակության նկատմամբ։ Եւ այս բոլոր ռեֆորմները, այս առողջացման բոլոր գործողություններն ու միջոցները տարբեր ժամանակներում չձեռնարկեվեցին այն պատճառաբանություններով եւ այն, այսպես ասած, պատճառով, որ ձեւը գերադասվեց բովանդակությանը։ Իրերը կոնկրետ իրենց անուններով չանվանվեցին, այդ դատավորները, այդ դատախազները չանվանվեցին, եւ այլն, եւ այս մաքրման գործընթացը տեղի չունեցավ, բնականաբար, այդ սիստեմն ինքն իր մեջ մուտացիաների է սկսվում ենթարկվել, եւ այո, արատն ավելի է խորանում»։
Հայաստանն այսօր ունի նոր Գլխավոր դատախազ եւ Արդարադատության նախարար, «հավատա՞նք, որ այս գործը քաղաքական դաշտում այլեւս ձեռքից ձեռք չի գնալու»։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Գլխավոր դատախազությունում այս գործի վերաբերյալ մենք ունեցել ենք շփումներ, եւ մտքերի փոխանակումներ, եւ մեր դիրքորոշումն ընդհանրապես այն է եղել, որ այսօրինակ գործերը, (իհարկե, խոսքը միայն Մարտի մեկի գործի մասին չէ, բայց ես այդ մասով եմ խոսել) չափազանց առանցքային նշանակություն ունեն պետության եւ սահմանադրականության տեսանկյունից, եւ այստեղ հարցը գործի ֆորմալ լուծումը չէ նաեւ եւ միայն, դրա համար այստեղ պետք է պատական քրեական քաղաքականությունն ունենա որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ վաղեմության ժամկետների հետ կապված հարցը պետք է այս գործերով մեր նախորդ 20-25 տարիների անարդարության հաղթահարման կամքի դրսեւորման պարագայում վերանայվի, չեն կարող այնպիսի հանցագործությունների եւ իրադարձությունների կապակցությամբ, որոնք ցնցել են մեր ամբողջ պետությունը, հասարակությանը, ժողովրդին, եւ խեղել են մեր բնականանոն զարգացումը, պետությունն ունենալ դիրքորոշում, որ դրանք 5, կամ 7, կամ 10 տարի անց, ըստ էության, կորցրել են իրենց ակտուալությունը եւ հետւաբար, այդ ժամկետում կարելի է համարել, որ վաղեմությունն անցել է քրեական հետապնդման։ Հետեւաբար, պետք է վերանայել այդ ժամկետները, եւ այդ վերանայումը հետադարձության հետ կապված որեւէ խնդիր չի առաջացնում, ես նաեւ բերել եմ օրինակ ՄԻԵԴ վճիռներից, որոնցով եւս արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքի հետ կապված որեւէ խախտում չի առաջացնում, եթե պետությունը նույնիսկ քրեական վարույթի ընթացքի փուլում փոփոխում է վաղեմության ժամկետները՝ դրանք ավելի մեծացնելով։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս քայլը այս պահի դրությամբ դեռ արված չէ, եւ մենք ունենում ենք բազմաթիվ լրջագույն գործեր, որոնք ինքնին միայն որպես այդ գործ չեն կարեւոր, դրանք հսկայական ազդեցության շառավիղներով գործեր են, բայց այդ գործերով մենք ունենում ենք վաղեմության ժամկետներով կարճումներ։ Ինչի՞ է սա բերում, արդյո՞ք սա բերում է անցյալի կապակցությամբ ճիշտ գնահատման եւ արդարության բարձրացման, վերհանման կամ հաստատման, իհարկե՝ ոչ։ Ընկալումն ու ազդեցությունը բնավ այդպիսին չէ։ Սա պետական քաղաքականության բաղադրիչ է։ Ես կարող եմ բազմաթիվ այլ օրինակներ բերել, ուղղակի չի բավարարի հարցազրույցի ժամանակը»։
Լրագրողը հարցրել է՝ «Մարտի մեկի գործը այս պահին սառեցվա՞ծ է, թե՞՝ դոփում է տեղում»։
«Ֆորմալ առումով՝ Մարտի մեկի գործն այս պահին նախաքննության փուլում է։ Փաստացի մենք ունենք Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների մասով ՍԴ որոշում, որով այդ մասը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է։ Մենք՝ որպես տուժող, իհարկե, դեռ չենք ստացել մեղադրանքներն ու որոշումները՝ գործը կարճելու, բայց ունեցանք Ալիկ Սարգսյանի, Հովհաննես Աֆյանի եւ եւս մեկի վերաբերյալ վաղեմության ժամեկտի հիմքով գործի կարճման որոշումներ։ Մնացած մասով մենք այս պահին ունենք ֆորմալ իրավիճակ՝ նախաքննության ընթացք։ Եւ հիմնական հույսը կրկին կենտրոնացած է ՄԻԵԴ-ի վրա, որով դեռ 2009-ին ներկայացված գանգատներով, ինչպես նաեւ ՍԴ որոշումից հետո՝ 2022 թվականին ներկայացված գանգատով գործը քննվել է, ավարտվել է եւ դատարանը գտնվում է վճռի կայացման փուլում։ Սա է փաստացի իրավիճակը»,- ի պատասխան նշել է Եգորյանը։
