Դատարանի որոշումը ապացույց է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մասին․ Լուսինե Հակոբյան

Արդարդատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններվ տեղաշարժը, ինչպես նաեւ մերժել է Ադրբեջանի դիմումը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում Հայաստանի կողմից ականներ տեղադրելու մեղադրանքներին։

Հանրային հեռուստաընկերության տաղավարում մեկնաբանելով միջազգային դատարանի այս որոշումները՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը հայտարարել է․

«Իրականում սա շատ կարեւոր որոշում է Հայաստանի ե՛ւ պաշտոնական, ե՛ւ հանրային դիվանագիտական շրջանակների համար, շատ կարեւոր ապացույց է այս որոշումն այն մասին, որ Ադրբեջանն, ըստ էության, էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, ինչպես մեր՝ հայկական կողմի իրավաբանների թիմն էր պնդել, որ ադրբեջանական կողմը, ըստ էության, Լաչինի միջանցքը արգելափակելով՝ անտանելի կենսապայմաններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հայության համար եւ այդ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայերը զրկված են սննդից, դեղորայքից, առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներից, բժշկական պարագաներից եւ այլն, եւ հայկական կողմը վկայակոչել էր «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ ռասսայական խտրականության ընդհանուր արգելքը՝ 1-ին հոդվածով երաշխավորված, ինչպես նաեւ 5-րդ հոդվածով երաշխավորված մի շարք իրավունքներ՝ ազատ տեղաշարժի իրավունքը, սեփական երկիրը ազատորեն լքելու եւ վերադառնալու, ինչպես նաեւ ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունքը, եւ մի շարք այլ իրավունքներ, եւ, ըստ էության, այս որոշումն ընդունելով՝ դատարանն ընդունել է այս փաստարկները, ինչը շատ կարեւոր ապացույց է հայկական կողմի ձեռքին՝ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մասով, եւ ինչը, բնականաբար, պետք է օգտագործել միջազգային տարբեր հարթակներում»։

Հարցին, թե «Ադրբեջանական հարթակները գրում են, որ Հայաստանը չի հաղթել, որ սա ընդամենը ժամանակավոր միջոց է», Հակոբյանը պատասխանել է․

«Դրա համար պետք է ընթերցել իմացողները դատարանի կայքը բացեն, գտնեն այդ որոշումները եւ կարդան, այնտեղ ինչ-որ երկիմաստության տեղ չկա։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի դեմ կայացված որոշմանը, որը եւս շատ կարեւոր է, եւ հայկական թիմի կրկնակի փայլուն աշխատանքի արդյունք։ Ըստ էության, դատարանն արձանագրել է, որ հայկական կողմը որեւէ գործողություն, կամ միջոց չի կարող ձեռնարկել՝ ապահովելու ադրբեջանական կողմի ականազերծման աշխատանքները, որ նաեւ հայկական կողմը չի կարող դադարեցնել ականապատումը, կամ հրաժարվել ականապատումից, եւ փաստացի հիմնավոր չի համարել, որ այդ, այսպես կոչված, ենթադրյալ ականապատման գործողությունները որեւէ կերպ էթնիկ զտման նպատակով են իրականացվում։ Սա, ըստ էության, այս ականապատման թեմայով Ադրբեջանի հայելային մեղադրանքների թեման փակում է։ Իմ կարծիքով այս թեման վերջացած է, որովհետեւ մեր իրավաբանական թիմը հիմնավորել է, որ այդ ականապատումը, եթե անգամ իրականացվում է, իրականացվում է շփման գծի երկայնքով ՝ ինքնապաշտպանական նպատակներով եւ, ըստ էության, դատարանի որոշումը մերժում է ադրբեջանական հայցն ու այդ խոսակցությունը փակում։

Մեր կողմը, եւ հատկապես պրոֆեսոր Շոն Մերֆին, (բայց, բնականաբար, հայկական կողմն էր այդ բոլոր տեղեկատվությունն ու փաստարկները նրան տրամադրել), հրաշալի աշխատանք էր կատարել, շատ մանրակրկիտ, այսպես ասած՝ իրավաբանի ձանձրալի փաստահավաք աշխատանք էր կատարված, որի միջոցով ապացուցվում էր, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն է պլանավորել՝ ինչ-ինչ բարձունքների նվաճման նպատակով եւ այլն, հանրային հաղորդակցության խողովակներով սկսել է խոսակցություն վարել հայկական կողմի ականապատման գործողությունների մասին եւ դրանով, ըստ էության, արդարացրել է իր ռազմական ագրեսիան։ Եւ, ըստ էության, մեր ներկայացրած այդ փաստարկներն ընդունվել են դատարանի կողմից։ Այժմ Ադրբեջանն արդեն պետք է լուրջ մտածի՝ այդ հայելային մեղադրանքների վերաբերյալ, պետք է մտածի՝ ինքը պե՞տք է շարունակի այդ քաղաքականությունն իրականացնել, թե՞՝ ոչ։

Երբ հայկական կողմը 2022-ի դեկտեմբրի 27-ին դիմել էր Արդարադատության միջազգային դատարան, էլի այս հայելային մեղադրանքներով Ադրբեջանը դիմել էր նույն դատարան՝ այս տարվա հունվարի 4-ին եւ այդ, այսպես ասած, իրավական աշխուժակությունը իրենց ոչ մի լավ բանի չբերեց, ուստի արդեն մի քիչ պետք է երկար մտածեն, թե իրենց այս մտացածին մեղադրանքներով նման հեղինականավոր դատարաններին դիմելը եւ իրավական գործընթացները չարաշահելը որքանո՞վ է իրենց համար նպաստավոր, նաեւ քաղաքական եւ դիվանագիտական առումով»։

Իսկ արդյո՞ք Ադրբեջանի կկատարանի դատարանի որոշումը, եւ ի՞նչ է պետք անել, եթե Ադրբեջանն այդ որոշումը չկատարի։

Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը նշել է․

«Կարծում եմ, որ իրենք ուղղակի չեն կարող չկատարել, այսինքն, ֆորմալ առումով կարող են չկատարել, բայց դուք դիտարկեք հետեւայլը․ իրենք դիմում են այդ դատարան, այն համարում են հեղինակավոր դատարան, եւ հայցում են այդ դատարանի որոշումը, դատարանը կայացնում է որոշում, որն Ադրբեջանի համար նպաստավոր չէ, եւ իրենք հրաժարվում են դա կատարելուց»։

Իսկ եթե ոչ թե ուղիղ են հրաժարվում կատարել, այլ հայտարարում են, որ ճանապարհը չէր էլ փակվե՞լ։

«Իրենք գնացել են դատարան, ասել են՝ ճանապարհը բաց է, բայց այդ փաստարկը չի ընդունվել, հիմա իրենք այդ տրամաբանական հնարավորությունը իրենց համար փակում են, եթե, այդուհանդերձ, որոշում են դատարանի որոշումը չկատարել։ Այդ դեպքում արդեն մեր միջազգային գործընկերները պետք է ուժեղացնեն իրենց ճնշման միջոցները՝ սանկցիաներով եւ այլն, մենք էլ՝ ե՛ւ պաշտոնական դիվանագիտությունը, ե՛ւ հանրային դիվանագիտությունը, պետք է շարունակաբար շեշտենք այդ փաստը, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումը եւ միջազգային հանրությունից հայցենք ավելի կոշտ միջոցներ Ադրբեջանի դեմ, ընդհուպ մինչեւ սանկցիաներ, եւ այլն։ Եթե միջազգային իրավունքի խախտման համար միջազգային հանրությունը պատրաստ է Ռուսաստանի դեմ սանկցիաների փաթեթներ կիրառել, ապա այստեղ Ադրբեջանը շատ քիչ բանով է տարբերվելու Ռուսաստանից՝ չկատարելով միջազգային իրավունքը, եւ նույն կերպ տարբեր սանկցիաներ հայկական կողմը իրավունք ունի հայցելու Ադրբեջանի դեմ»,- նշել է Հակոբյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ մեր մեկ այլ հայց, որը վերաբերվում է գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներին, բավարարվել է մասնակի, քանի որ մենք չենք կարողացել ապացուցել, որ այդ խափանումները հենց ադրբեջանական կողմից են իրականացվել, Հակոբյանը նշել է․

«Իրենց փաստարկը եղել է այն, որ այսպիսի եղանակին գազի խափանումներ տեղի են ունենում նաեւ Հայաստանում, Ադրբեջանի այլ հատվածներում, որ հենց Լեռնային Ղարաբաղի հայերին գազից զրկելու միտում չի եղել։ Կարծում եմ, որ գազի խափանման այլ դեպքեր էլ պետք է լինեն եւ մենք պետք է փորձենք ավելի ստեղծարար լինել եւ փորձել ավելի շատ ապացույցներ ներկայացնել այդ մասով։ Մեզ համար էլ են այս որոշումները դասեր, դրանք  փորձեր են եւ, բնականաբար, թերություններ էլ կլինեն եւ պետք է փորձենք ավելի լավ աշխատել հաջորդիվ»։