Ծայրագույն ցինիզմ է կոնկրետ քրեական գործով նման խոսակցությունը վարելը․ Տիգրան Եգորյան

ԱԺ-ն «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին զրկել է անձեռնմխելիությունից։ Գործը վերաբերվում է Հաց Բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանին։

«Factor.am»-ի տաղավարում անդրադառնալով անձեռնմխելիությունից զրկելու Գլխավոր դատախազի միջնորդությանը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, Արթուր Սարգսյանի շահերը ներկայացրած փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է․

«Ըստ էության, ոչ մի նոր բացահայտման հետ գործ չունենք: Կոնկրետ այն հիմքը, որը պարզաբանեց Գլխավոր դատախազը ԱԺ նիստում, առկա էր այն պահից, երբ ստացվեց այդ (երկրորդ փորձագիտական) եզրակացությունը։ Եզրակացության մեջ մի պարբերությամբ նշված է, որ առանց Արթուր Սարգսյանին հետազոտելու եւ ֆունկցիոնալ չափումներ իրականացնելու՝ հնարավոր չէ որոշել ծանրության աստիճանը, մի քանի պարբերություն անց որոշում են, որ Բեխտերեւ հիվանդությունը այն փուլում, որում գտնվում է, չի ախտահարել ներքին օրգանները, հետեւաբար, չի համապատասխանում կառավարության որոշմանը։ Այս հակասությունն է։ Այսինքն, ակնհայտ է՝ իրենք ասում են, որ մինչեւ չարվի անձի զննություն եւ հետազոտություն, հնարավոր չէ , հետո ասում են՝ ամեն դեպքում չի համապատասխանում»։

Հարցին, թե այդ երկրոդ եզրակացությունը ի՞նչ դեր է ունեցել Սարգսյանի մահվան հարցում, Եգորյանը պատասխանել է․

«Կարծում եմ, որ վճռորոշ դեր է ունեցել ․ փոքր հիշեցում անեմ՝  երբ Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2016-ի օգոստոսի 3-ին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ, /բոլոր երեք կալանքները եւ երկարաձգումները նա է քննել/ մինչեւ 2016-ի դեկտեմբերի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է, որ անհրաժեշտ եւ բավարար քայլեր չեն կատարվել՝ պարզելու Արթուր Սարգսյանի առողջական վիճակի իրական դրությունը եւ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական օգնություն եւ միջամտություն, տեւական ժամանակ տրամադրվել է միայն ուժեղ զավազրկողներ, որի արդյունքում էլ արդեն դեկտեմբերին զարգացել է աղեստամոքսային համակագարկի հիվանդությունը։ Դրանից հետո, երբ վիճակն արդեն շատ էր սրվել, մեր բազմաթիվ գանգատներից հետո, այդ թվում նաեւ ՄԻԵԴ ուղարկված հրատապ միջոցի դիմումի շրջանակներում, երբ կառավարությունը դեկտեմբերի 21-ին ստանում է ՄԻԵԴ ուղարկած հարցադրումները՝ մինչեւ հունվարի 4-ը ժամկետով սահմանափակված, կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպում է (այն ժամանակվա Արդարադատության նախարարի եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ջանքերով) շուտափույթ ազատում։ Ինչի՞ հիման վրա․ ամսի 30-ին երեկոյան ժամը 9-ից հավաքվում է կոնսիլիում, մի փոքր թղթիկի վրա նշվում է, որ Սարգսյանի մոտ առկա է Բեխտերեւի հիվանդություն, թեեւ նշվում է, որ առանձնակի բուժման կարիք չունի նեղ մասնագիտական հաստատությունում, եւ վերջ, ո՛չ նշում են, որ այն համապատասխանում է որեւէ որոշման, ո՛չ համատեղելիության հարցը։ Այդ թղթի հիման վրա այդ մի ժամվա ընթացքում դատախազը որոշում է կայացնում Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին, եւ արդեն գիշերվա 1-1 անց կեսի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ պետի անձնական մեքենայով Սարգսյանին ազատ են արձակում եւ տանում տուն։ Այս ամենը արվել է ՄԻԵԴ հնարավոր որոշումից խուսափելու համար։ Ֆիքսված էր բժշկական հետազոտություն կատարելու անհրաժեշտությունը։ Դրանից հետո այս խնդիրը կարծես չմարսելով՝ 2017-ի հունվարի 31-ին քննիչը ստանում է այդ դատաբժշկական փորձաքննությունը, որի համաձայն Սարգսյանի մոտ առկա հիվանդությունը հնարավոր չի դարձնում նրա ազատազրկումը, նույն օրը կրկնակի դատաբժշկական փորձաքննության մասին որոշում է կայացվում, օրենքի խախտմամբ՝ առանց նշելու, թե ինչի է կասկածելի այդ փորձաքննության եզրակացությունը»։

Նկատառմանը, որ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը երեք տարի առաջ արված գրառմամբ սլաքները Արթուր Դավթյանի կողմն էր ուղղել՝ նշելով, որ «կրկնակի փորձաքննությունը նշանակվել էր ենթադրաբար ոչ առանց հսկող դատախազի իմացության», Եգորյանն արձագանքել է, որ ենթադրության հարց չկա, դա այդպես էր, չէր կարող հսկող դատախազն այդ մասին տեղեկացված չլիներ։

Իսկ ի՞նչ հիմքով էր անցկացվել երկրորդ փորձաքննությունը։ Ի պատասխան այս հարցի՝ Եգորյանը նշել է․

«Ուղղակի մեկ բառով նշել էր, որ նախորդը կասկածելի է, ընդ որում, օրենքը պահանջում է հստակ նշել, թե որոնք են կասկած հարուցող հետեւությունները, բայց դա չի արվել, ուղղակի նշել է, որ կասկածելի է, նշանակվել է կրկնակի փորձաքննություն, տրվել են հարցեր, որոնք արդեն իսկ տրված են եղել, բայց հիմնավորման մեջ նշել է, որ լրացուցիչ հարցեր է անհրաժեշտ պարզաբանել, բայց լրացուցիչ հարցեր չեն տրվել։ Այսինքն, այս դատավարական խախտումների արդյունքում պատվիրվում է այդ երկրորդ փորձաքննությունը, որին արդեն մասնակցել է Արմեն Չարչյանը եւ այստեղ այլ խնդիր է ի հայտ գալիս․ այս փորձաքննությունն ընդամնեը մեկ շաբաթվա ընթացքում է տրվում, որում արդեն ներքին հակասություններ էին առկա, որոնք արդեն նշեցի։ Նախ՝ նշանակված լինելով Սարգսյանի հետազոտման անհրաժեշտության միջոցով նրա առողջական վիճակը պարզելու փորձաքննություն, հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը եւ փորձագետները որոշել են ինքնուրույն, առանց նման լիազորություն ունենանլու, որոշել են փաստաթղթեի վրա հիմնված եզրակացություն կատարել։ Բայց մենք արդեն ցուցմունքներից իմանում ենք, որ դա նաեւ փորձագետները չէ, որ որոշել են, եղել է մեկը՝ հայտնի Արգամ Հովսեփյան անուն ազգանունով, որն այժմ Փորձագիտական Բյուրոյի տնօրենն է, ով բերել այդ եզրակացությունը, եւ մասնակցել է այդ փորձաքննությանը, թեեւ մասնակից չի եղել, բերել փորձագետներին է տվել եւ ասել է՝ պետք է շտապ ստորագրել այն։

Փորձագետ կա, որ իր ցուցմունքում հայտնում է, որ ինքը համաձայն չէր, բայց չի համարձակվել այդ մասին բարձրաձայնել եւ մտածել է, որ եթե այդպես շտապ արվում է, ուրեմն, այդպես է պետք։ Հասկանո՞ւմ եք, թե պարզունակության եւ ստորության ինչ մակարդակում են գտնվել այս մարդիկ, որ գնացել են այս քայլին։ Եւ արդեն հետագա փորձաքննություններով պարզվել է, որ բոլոր այն փաստաթղթերը, որոնք եղել են այդ փորձագետների տրամադրության տակ, բավարար են եղել ե՛ւ հիվանդությունը ֆիքսելու համար, ե՛ւ դրա ծանրության աստիճանը, ե՛ւ այն, որ այն համատեղելի չի դարձնում ազատազրկման հետ։ Բայց չեն արել»։

Իսկ ո՞րն է եղել նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դերակատրությունն այս ամենում։

«Կարծում եմ՝ անմիջական է եղել, հատկապես հաշվի առնելով մի քանի ֆակտորներ․ նախ՝ այդ ամբողջ պրոցեսի հանդեպ ինքն է անձամբ հսկողություն իրականացրել, ինչպես մեզ հայտնի է դառնում արդեն 2017-ին Նիկոլ Փաշիյանի եւ Էդմոն Մարուքյանի հարցազրույցներից, ասուլիսից, եւ 2017-ի հուլիսի 7-ի ԱԺ նիստի ընթացքում կայացած հարցուպատասխանից, երբ Դավթյանն ի պատասխան պատգամավորների հարցերի՝ հայտնում է, որ Սարգսյանը կալանավորվել է, որովհետեւ ստացվել է եզրակացություն, որով կալանքը հնարավոր էր համարվում։ Սրանով իսկ խոստովանելով, որ այս եզրակացությունը հենց կալանքի համար էր անհրաժեշտ, սրան էին սպասում»,- նշել է Եգորյանը։

Հարցին, թե ո՞ւմ մոտ է հղացել այդ միտքը նման բան անելու, Եգորյանն արձագանքել է․

«Կոնկրետ, թե՝ ում, հնարավոր չէ ասել, բայց կարելի է մի քանի հետաքրքիր դատողություն անել, օրինակ՝ ի՞նչ շահագրգռություն է ունեցել Արգամ Հովսեփյանը, որ ստեղծել է այդ եզրակացությունը, գնացել-հավաքել է փորձագետներին եւ ասել է, որ պետք է շտապ ստորագրվի այն։ Այս վերջերես ԶԼՄ-ներում հրապարակումներ տեսա, որ նա փաստորեն Արթուր Դավթյանի սանիկն է․ սրանք քննության պարզման ենթակա հարցեր են։ Հետաքրքիր է նաեւ այն, որ 2017-ի փետրվարի 13-ին արդեն պատգամավորներ Փաշինյանն ու Մարուքյանը ներկայացրել էին իրենց անձնական երաշխավորությունները Գլխավոր դատախազին եւ պարբերաբար կապի մեջ էին, նրան այդ հարցով անհանգստացնում էին, փետրվարի 27-ին արդեն 28 պատգամավոր է երաշխավորություն ներկայացնում, սակայն միայն մարտի 6-ին է Դավթյանը որոշում, որ կարելի է խափանման միջոցը փոխել, ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է, մարտի 6-ին, ինչպես 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, պետության գործողությունները դարձել են տեսանելի, երբ ՄԻԵԴ-ն հաղորդակցել եւ ծանուցում է ուղարկել կառավարությանը եւ իրական ռիսկ է առաջացել բացասական որոշում ստանալու։

Ուստի, կարծում եմ, որ Սարգսյանի հանդեպ կալանքը, մեծ հաշվով, որպես պատիժ կիրառելու, այդ կալանքը առանց օրենքով նախատեսված անհրաժեշտության կիրառելու եւ այդ կալանքը օրենքով սահմանված իրավունքի եւ ընթացակարգի խախտմամբ կիրառելու, միջնորդությունները, փորձագիտական եզրակացությունը անհիմն կասկածի տակ դնելու, երկու իրար հակասող եզրակացություններ ունենալու պարագայում անձի համար բացասական հետեւանք առաջացնողը որպես հիմք ընդունելու հարցերում եւ համար պատասխանատվության շղթան հստակ է, դա կոնկրետ քննիչն է, խմբի ղեկավարը, հետագայում արդեն Գլխավոր դատախազի կողմից այն անգործությունը, որը գրեթե մեկ ամիս տեւել է, եւ Արթուր Սարգսյանն այդ ամբողջ ընթացքում հացադուլի մեջ ենթարկվել է անմարդկային տաապանքների»։

Իսկ արդյո՞ք կալանքը ինչ-որ կերպ փոխկապակցվում է Արթուր Սարգսյանի մահվան հետ։

Պատասխանելով այս հարցին՝ Եգորյանը նշել է․

«Երբ Արթուր Սարգսյանը առաջին անգամ կալանավորվեց, մինչեւ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելը՝ դեկտեմբերի 21-ը, 9Կ դատաբժշկական եզրակացությամբ արձանագրված է, որ այդ ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական անձնակազմը չի ձեռնարկել համապատսխան քայլեր եւ անհրաժեշտ միջոցներ՝ պարզելու Սարգսյանի իրական առողջական վիճակը եւ նրա ծանրության աստիճանը։ Արձանագրված է, որ այդ ամբողջ ընթացքում նրան միայն ուժեղ ցավազրկողներ տրամադրելու հետեւանքով դեկտեմբերին նրա մոտ զարգացել է աղեստամոքսային հիվանդություն, ինչի պատճառով դեկտեմբերի 11-ին հոսպիտալացվել է մի քանի ժամով։ Այնուհետեւ Սարգսյանը մինչեւ դեկտեմբերի 22-ը չի ստացել որեւէ բուժօգնություն, եւ դեղամիջոց՝ ո՛չ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ո՛չ դատապարտյալների հիվանդանոցում, հետո ազատ է արձակվել։ Այսինքն, կա մի քանի ամսվա հյուծում։ Հետո ազատ է արձակվել եւ սկսել է ինչ-որ բուժումներ ստանալ։ 2017-ի փետրվարի 9-ին նորից է կալանավորվել, բուժումն ընդհատվել է եւ ծանր վիճակը սկսել է նորից շարունակվել, հետո հայտարարել է հացադուլ, այդ ընթացքում արդեն ոչ մի բուժում չի տրամադրվել, նա եւս հրաժարվել էր բուժումից, հետեւաբար, իր վիճակն արդեն պրոգրեսիվ կերպով վատանում էր։ Ընդհուպ մինչեւ որ փետրվարի 20-ից Սարգսյանն արդեն էլ չէր կարողանում քայլեր, անկողնուց վեր կենալ, հոգալ տարրական կենցաղային որեւէ խնդիր։ Բայց նույնիսկ այդ ժամանակ Գլխավոր դատախազը չի համարել, որ առողջական վիճակի բերումով ռիսկերը նվազել են, (եթե կարծում էր, որ ռիսկեր կային), եւ միայն մարտի 6-ին նրան ազատ են արձակել, արդեն այնպիսի հյուծված վիճակում, որ մենք ստիպված շտապօգնություն ենք կանչել, որ մի կերպ իրեն տեղափոխենք հիվանդանոց, քանի որ շարժվել չէր կաողանում։ Սրանից հետո արդեն նրա մոտ այդ աղու օղակում է տեղի ունենում․ այդ օղակաձեւ ճողվածքը հայտնաբերվել է դեռ 2016-ի օգոստոսի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ նշանակվել էր պլանային վիրահատություն, բայց այդ ամբողջ ընթացքում այդ վիրահատությունը չի կատարվել, Սարգսյանն այդ ամբողջ ընթացքում կալանքի տակ հյուծվել է, եւ հետո նրա մոտ առաջացել է այդ ճողվածքի միջոցով աղու օղակում, որից հետո արդեն հնարավոր չի եղել շտապ վիրահատության արդյունքում փրկել նրան։ Եւ եզրակացությամբ նշվում է, որ նրա ընդհանուր օրգանիզմի դիմադրողականությունն ու այդ բազմաթիվ հիվանդությունների եւ տարատեսակ դրսեւորումների զարգացումները այդ հյուծման հետեւանքով են առաջացել։ Այո, մենք չունենք այնպիսի գրություն, որտեղ կնշվի, որ այ սրա պատճառով մահացավ Սարգսյանը, բայց մենք ունենք բազմաթիվ որոշումներ, որոնք անհիմն հայեցողությամբ, օրենքի խախտմամբ կայացվել են եւ որոնց արդյունքում ի վերջո այս մարդը հանգել է մի իրավիճակի, որից չի կարողացել դուրս գալ»։

Իսկ եղե՞լ է այդ ամենն անելու քաղաքական մոտիվ։

«Արթուր Սարգսյանն ինքն է ինձ, եւ ոչ միայն ինձ, այդ մասին որոշ բաներ պատմել, երբ որ ազատության մեջ էր։ Նրա հետ շատ մարդիկ էին հանդիպում եւ բնականաբար, հենց քաղաքական ենթատեքստով, հանդիպում էին ինչպես ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, եւ նա ինձ պատմել էր, որ, իհարկե, նրանք չհամարձակվեցին ուղիղ առաջարկել մտնել ՀՀԿ, բայց այդ խոսակցության ակնարկն այն էր, /ուղղակի չեմ կարող ասել, թե ով էր խոսողը, քանի որ չունեմ դա հրապարակելու համաձայնությունը/ որ «մենք չենք համարձակվում քեզ առաջարկել մտնել ՀՀԿ, բայց առնվազն խնդրում ենք՝ մի շարունակիր քո գործունեությունը ընդդիմադիր գործիչների հետ»։ Սա 2017-ի հունվար ամսվա ընթացքում տեղի ունեցած խոսակցություններից մի դրվագ էր, նմանատիպ շատ այլ խոսակցություններ էլ են եղել, որոնք անմիջական կոնկրետ քաղաքական հետաքրքրության մասին են խոսում Արթուր Սարգսյանի ֆիգուրով եւ այդ պրոցեսներում հնարավոր ուժի գեներացիայով, որը նա կարող էր ապահովել։ Հիշենք, որ 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ էին եւ այդ խոսակցության ընթացքում նրան նաեւ խնդրել էին չփորձել հանկարծ մասնակցել այդ ընտրություններին՝ որեւէ մեկի օգտին հանդես գալով։ Բնականաբար, սրան մերժում էր ստացվել, Արթուր Սարգսյանը որոշակի պատկերացումմներ ուներ իր հնարավոր դերակատարման մասին, բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, հունվարի վերջին արդեն ձեռնարկվեցին բոլոր գործողությունները, որ նրան կալանավորեն, փետրվարի 9-ին կարողացան կալանավորել՝ մեկուսացնելու նպատակով, եւ նրան մինչեւ մարտի վերջ ամեն գնով ազատ չարձակելն էլ՝ մինչեւ որ նա արդեն հնարավորություն չունենա ո՛չ գործելու, ո՛չ խոսելու, այ մինչեւ այդ պահը հյուծելը եւս կարեւոր հետեւություն անելու տեղիք է տալիս»,- ասել է Եգորյանը։

Արդյո՞ք Արթուր Սարգսյանն այդքան վտանգավո՞ր էր իշխանությունների համար 2017 թվականին։

«Եկենք փորձենք ինքնուրույն այս մասը գնահատել․ Արթուր Սարգսյանի հեղինակությունն այդ ժամանակահատվածում, ըստ էության, անցավ, թե՛ Ծռերի, թե մնացածի հեղինակությանը, եւ այն, որ նրա հետ այդ համագործակցության խոսակցություններով, խնդրանքներով փորձում էին մոտենալ տարբեր կուսակցություններ, ինձ թվում է, որ շատ էական է։ Եւ այդ համատարած հուսահատության մթնոլորտում Արթուր Սարգսյանի այդ հերոսի կերպարը կարծում եմ՝ շատ մեծ ազդեցություն գործելու ռեսուրս էր, նա կարող էր կարեւոր ֆակտոր դառնալ, այսինքն, դարձել էր, կարող էր դա կապիտալիզացվեր»,- հարցին պատասխանել է Եգորյանը։

Վերջինս անդրադարձել է նաեւ Սարգսյանի հարցով ՄԻԵԴ ուղարկված գանգատին, հայտնի է, որ սկսվել է հաղորդակցության փուլը եւ ՄԻԵԴ-ն արդեն հարցադրումներ է ուղարկել մասնավորապես, մահվան կապակցությամբ հարուցված գործի ընթացքի վերաբերյալ։ Արդյո՞ք այդ գործով կլինեն բացահայտումներ, թե վաղեմության պատճառաբանությամբ այն տեղից չի շարժվի, կամ այդպես էլ մեղավորները չեն հայտնաբերվ։

Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․

«Այս նախաքննության մեջ գաղտնիք կազմող որեւէ տեղեկատվություն չկա, բայց մեղադրյալ էլ չկա, եւ այն, ինչ այսօր ունենք, ինչ քննարկվեց ԱԺ-ում, դա բացահայտում չէ, այս հիմքը, որ դրված է Գլխավոր դատախազի միջնորդության տակ, որը պարզաբանվեց ԱԺ-ում, այդ եզրակացությունը ստանալու պահից առկա էր։ Բոլոր մնացած ուղղություններով քրեական գործը չի զարգանում, եւ կարեւոր հարց է՝ ինչո՞ւ։ Մինչ այդ, Արթուր Դավթյանի գլխավոր դատախազության շրջանում առնվազն Չարչյանենց այս գործը ձգվեց այնքան, որ վաղեմության 5 տարի ժամկետն անցնի, դա անցավ, վերջին երկու տարին ձգվել է այն պատճառով, որ քննչական կոմիտեն որոշել է ես մեկ փորձաքննություն պատվիրել ՌԴ-ում եւ փաստորեն՝ երկու տարի գործը չի քննվել, ՀՀ արդեն բոլոր փորձագիտական եզրակացությունները ձեռքի տակ ունենալով, քննիչը որոշում է, որ մի հատ էլ ՌԴ-ից ճշտենք։ Սրանք ոչ անհրաժեշտ, ոչ հիմնավորված, եւ օրենքը խախտող հայեցողությամբ ընդունված որոշումներ են, որոնց համար եւս պետք է լինի պատասխանատվություն եւ քննություն։ Բայց մինչ դա քննիչի որոշումները Արթուր Սարգսյանի վերաբերյալ, վերահսկող դատախազի որոշումները կամ անգործությունը, գլխավոր դատախազի գործողությունները ամբողջ փետրվար եւ մարտ ամիսներին, դրանք քրեաիրավական գնահատականի պետք է արժանանան, այստեղ բոլոր որոշումները կան, ուղղակի կամքի հարց է։ Իսկ վաղեմության ժամկետների հարցը շատ կարեւոր է, քանի որ ուշադրություն դարձրեք, որ ԱԺ-ում բացի վարչապետից ոչ մեկն այդ հարցը չբարձրացրեց, միայն վարչապետն է մտահոգվում այդ հարցով։ Վաղեմության ժամկետն ի՞նչ է, դա հո սուրբ սարից մեզ իջեցված պատվիրան չէ՞, այն պետության քրեական քաղաքականության մի բաղադրիչ է, որը պետք է որոշվի՝ ինչպես պետք է իրացվի»։

Այսինքն, մեղավորները կարող են պատժից խուսափե՞լ։

«Իհարկե, տեսեք՝ փորձագետները, այս անհեթեթագույն ցուցմունքների ֆոնին, երբ որ նրանցից մեկն ասում է, որ համաձայն չէր, հասկանում էր, որ սխալ է, բայց քանի որ այդպես արագ արվում էր, Արգամ Հովսեփյանն էլ ասել էր պետք է ստորագրել, չհամարձակվեց եւ ստորագրեց, ահա նույնիսկ այս ֆոնին սա նույնիսկ մեղքը չի ընդունում, ինչո՞ւ, քանի որ սպառնալիք չկա, այսպես թե այնպես պատասխանատվության չի ենթարկվելու։ Հիմա կարող է փաստաբանական հնարքներով կարողանան այնպես անել, որ հնարավոր լինի դրանից էլ խուսափել, այսինքն, այսպես թե այնպես՝ պատասխանատվության չի ենթարկվելու, իսկ եթե լիներ ռիսկ, նա արդեն կհամագործակցեր նախաքննության հետ, կպատմեր, թե ինչպես կարող էր այդպես լիներ, ինչպես կարող ես դու չստանալ որեւէ փաստաթուղթ փորձաքննության վերաբերյալ, ձեռքիդ տակ չունենաս որեւէ եզրակացություն, չիմանաս, որ դու անգամ զեկուցող ես եղել նշանակված այդ փորձաքննության շրձանակներում, համաձայն չլինես, ստորագրես, բայց քեզ մեղավոր չհամարես»,- ասել է Եգորյանը, հավելելով, որ Արմեն Չարչյանը, փաստացի չի ընդունում իր մեղքը, ըստ էության, պաշտպանությունը կառուցված է նրա վրա, որ իրենք այդպես են համարում, բայց այդպես համարելու հնարավորություն չկա, «կան փաստաթղթեր, որոնք չես կարող այլ կերպ մեկնաբանել եւ կան փաստաթղթեր, որոնք ստորագրել ես, որոնք վավերացրել են արդեն քո որոշումը, ընդ որում, որում ներքին հակասություն կա, սակնհայտ է՝ չէ՞, որ այստեղ իրավական գնահատականի խնդիր կա, չկա որեւէ աճպարարության հնարավորություն»։

«Հայաստան» դաշինքը այս միջնորդությունը եւ գործը քաղաքական հետապնդում է որակում։ Մեկնաբանելով սա՝ փաստաբանը նշել է․

«Ուղղակի ծայրագույն ցինիզմ է այս կոնկրետ գործով նման խոսակցությունը վարելը, իսկ նրանց համար, ովքեր տեղյակ են եւ հակապես այս փորձաքննությունը տվողների համար սա ուղղակի ստորության ծայրահեղ աստիճանի դրսեւորում է, ավելին՝ ու էլի ոչ մեկի մոտ ԱԺ-ում հարց չառաջացավ, ի՞նչ քայլեր են կատարվում, որպեսզի գոնե այս պահին բացահայտված մի քանիսը այս ստորության հատակում գտնվող նրանք, որոնք պատրաստ են ցանկացած պատվերի, եւ միակ խնդիրը դրա գնի ճշտումն է, ի՞նչ է պետք անել, որ այլեւս որեւէ մեկի ճակատագիրը չխեղեն։ Այս փորձագետ կոչվող, բժշկության ոլորտում իրենց մասնագետներ համարող մարդիկ, ի՞նչ է պետք անել, սա ՀՀ եւ ժողովրդի շահերից բխող հարց է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մասնագետներին, որոնք ի տարբերություն այս ստորության մարմնավորումների, իրենց երդմանը համապատասխան գործեցին եւ համարձակություն ունեցան տալու այն եզրակացությունները, որոնցով մերկացրեցին նախկինում տրված այդ կեղծ եզրակացությունն ու փորձագետների արարքները, սա մեծ համարձակություն էր․ այդ փորձաքննություններից մեկը տրվել էր 2018-ին, մյուսը՝ 2019-ին եւ այդ փորձաքննությունների հեղինակներին պետք է շնորհակալություն հայտնել համարձակության համար»։