Վաղեմության ժամկետը Սինայի սարից իջեցված պատվիրան չէ․ Տիգրան Եգորյան

ԱԺ ԻՔ խմբակցությունը կողմ է քվեարկել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու Գլխավոր դատազախազության միջնորդությանը․ նրա դրվագն առնչվում է «Հաց Բերող» անունով հայտնի Արթուր Սարսգյանի գործին։

«1in.am»-ի տաղավարում մեկնաբանելով այդ միջնորդությունը՝ «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է․

«Այս միջնորդությունը մեկ, շատ կոնկրետ, փոքր դրվագի վերաբերող քրեական գործ է․ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին (երեկոյան ժամը 9-ից հետո) հրավիրվեց կոնսիլիում, մի քանի ժամվա ընթացքում որոշվեց, որ այդքան էլ լավ չէ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը եւ այդ նույն մի քանի ժամվա ընթացքում՝ գիշերվա կեսին դատախազը որոշում կայացրեց, որ քանի որ առողջական վիճակն այնքան էլ լավ չէ՝ նվազել են այդ բոլոր ռիսկերը, ուստի Սարգսյանին պետք է կալանքից ազատել։ Նա չհեռանալու մասին ստորագրություն կիրառեց եւ գիշերը ժամը 1 անց կեսի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի մեքենայով Արթուր Սարգսյանին տարան տուն։ Սրանից հետո իրականացվում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը հաստատում է, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա հիվանդության պարագայում առաջանում է կալանքի հետ անհամատեղելիություն։ Այս եզրակացությունը քննիչը ստանում է 2017 թվականի հունվարի 31-ին, նույն օրը որոշում է, որ այդ եզրակացությունը կասկածելի է եւ նշանակում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, ընդ որում, երբ որ որոշում է, որոշման մեջ գրված չէ, թե՝ ինչու։ Իսկ օրենքը պարտավորեցնում է նշել, թե ինչն է կասկած հարուցում։ Ըստ էության, ուղղակի լրացուցիչ հարցերի անվան տակ տալիս է նույն հարցերը, որոնք արդեն տրվել էին նախորդիվ։ Այս անգամ եզրակացությունը տրվում է ընդամենը մեկ շաբաթում եւ բոլորովին այլ։ Երեկվա միջնորդության հիմքն այն է, որ այդ 17․02․02 եզրակացությամբ, որին մասնակցել է նաեւ Արմեն Չարչյանը, այդ մարդիկ ասում են՝ առանց Արթուր Սարգսյանին հետազոտելու, ֆունկցիոնալության խանգարման չափումներ կատարելու եւ այլն, հնարավոր չէ արձանագրել նրա հիվանդության ծանրության աստիճանը։ Այս մեկ պարբերությամբ են ասում, բայց վերջում ասում են՝ այս փուլում, քանի որ այս հիվանդությամբ պայմանավորված ներքին օրգանների ախտահարում չկա, ուրեմն, այն չի համապատասխանում կառավարության որոշմանը։

Այսինքն, այս մարդիկ հավաքվել են, ասել են, որ հնարավոր չէ, բայց ընդամենը մի քանի տող անց ասել են՝ դե, ուրեմն չկա։ Հաջորդ օրվա առավոտյան Հաց Բերողն անմիջապես կալանավորվում է եւ հաշվի չի առնվում ոչինչ։ Այս փոքրիկ դրվագի մասին է այս միջնորդությունը»։

Հարցին, որ «այս փաստերը հայտնի էին մինչեւ օրերս ներկայացված այս միջնորդությունը, բայց գործ չէր հարուցվում, ինչո՞ւ», Եգորյանը պատասխանել է, որ «կոնկրետ այս դրվագը հայտնի էր անմիջապես այն բանից հետո, երբ այդ եզրակացությունը հրապարկվեց։ Մեկ էջի վրա են այդ երկու՝ իրար հակասող կարծիքները»։

Այդ դեպքում, ինչո՞ւ 2018-ից հետո գործ չհարուցվեց։

«Եթե հիշում եք՝ Արթուր Սարգսյանի մահվանից հետո այս գործով մեր բոլոր միջնորդությունները, քննությունը, քննության ծավալը այնպիսի ընդգրկուն դարձնել, որը կվերաբերի նաեւ այսօրինակ որոշումներ կայացնողնեին, դրա հիման վրա՝ քննիչների, դատախազների եւ դատարանների որոշումները կքննարկվեն եւ այլն, դրանք բոլորը մերժվեցին եւ մաքսիմալ փորձ էր արվում այս գործով ապահովել դրա չքննությունը, ձգձգումը։ Եւ ի՞նչ էր արվում՝ շարունակաբար փորձաքննություններ էին նշանակվում, եւ այդ փորձաքննությունները, ի շնորհիվ դրանցից որոշներին մասնակցած ազնիվ եւ իրենց երդմանը հավատարիմ բժիշկ փորձագետների, արդեն 2019-ի նոյեմբերին բոլոր հնարավոր եւ անհնար հարցերը փակված էին առ այն, որ այն եզրակացությունը, որին մասնակցել է Չարչյանը, չէր կարող տրվել, քանի որ նշանակվել էր մարդու հետազոտության հիման վրա փորձաքննություն, բայց չէին արել դա․ դրա փոխարեն տվել էին փաստաթղթային փորձաքննություն։ Սա արդեն իսկ խախտում է․ փորձագետները նախ մի բան էին հայտարարել այդ եզրակացությամբ, հետո լրիվ ուրիշ բան էին հայտարարել, առանց հիմքի կասկածի տակ էին դրել նախորդ փորձաքննությունը, այդ փորձաքննության նյութերում առկա ռենտգեն հետազոտության տվյալները, ՄՌՏ հետազոտության տվյալները, բոլոր փաստաթղթերը, որոնք առկա են եղել այդ փորձագետների տրամադրության տակ, լիովին բավարար էին արձանագրելու ե՛ւ այդ ֆունկցիոնալ խանգարումների աստիճանը, ե՛ւ հիվանդության զարգացման աստիճանը, եւ այլն։ Այսինքն, այս բոլոր հարցերը հետագայում նշանակված փորձաքննություններով փակվել են, տրվել են դրանց պատասխանները՝ 2019-ի նոյեմբերին, բայց մինչեւ հիմա, փաստորեն, այս գործը չի արվել։ Ավելին, դրանից հետո անհասկանալիորեն ՀՀ քննչական կոմիտեն որոշել է դիմել ՌԴ, որ մի հատ էլ իրենք փորձաքննություն իրականացնեն։ Եւ երկու տարի էլ դրա վրա է ծախսվել»,- պատասխանելով հարցին ասել է Եգորյանը։

Հաշվի առնելով, որ այդ ժամանակ Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն էր, արդյո՞ք այստեղ շահերի բախում կա։

Ի պատասխան այս հարցի Տիգրան Եգորյանը նշել է․

«Շատ կոնկրետ շահերի բախում կա․ այս միջնորդության հետքերով եթե նայեք այդ փորձագետների ցուցմունքներից քաղվածքները, ապա ուղղակի անհավանական է, որ այս մակարդակի պարզունակ, այսպիսի հիմար եղանակով բացատրվեն նման լուրջ հարցերը․ ասենք՝ փորձագետն ասում է՝ համաձայն չէի, բայց քանի որ բոլորը ստորագրեցին, ես էլ ստորագրեցի։

Մի քանի կարեւոր բան էլ կա․ այս ցուցմունքներով հայտնի է դառնում, որ այդ փորձաքննությանը ներկա էր Արգամ Հովսեփյանը՝ նախկինում դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը, հիմա՝ այդ Բյուրոյի տնօրենը։ Նա, եթե չեմ սխալվում, տարբեր ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունների համաձայն, Արթուր Դավթյանի սանիկն է։ Եւ ահա այս փորձագետներից ոմանց ցուցմունքների համաձայն, անհասկանալիորեն, ինքն էր բերել այդ եզրակացությունը, իրենցից ոչ ոք այդ եզրակացությունը ոչ տեսել է, ոչ էլ այդ նյութերն է տեսել․ անհասկանալիորեն, այդ Արգամ Հովսեփյանը բերել է այդ փորձագիտական եզրակացությունը եւ ասել, որ այն պետք է շուտ ստորագրվի։ Այստեղ երկար, խրթին վերլուծությունների կարիք չկա․ ավելին, այստեղ մենք պետք է հիշենք 2017-ի հուլիսի 7-ի Գլխավոր դատախազի զեկույցի շրջանակներում կայացած հարցուպատասխանը, երբ հիմնականում հարցադրումներ էին անում պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը, եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այդ հարցերին ի պատասխան պատմում էր մեզ, որ Արթուր Սարգսյանը կալանավորվեց այն պատճառով, որ ստացվեց դատաբժշկական եզրակացություն, որ կարելի է արդեն կալանավորել։ Իրեն հարցնում են, որ մինչ այդ էլ ստացվել էր եզրակացություն, որ չէր կարելի կալանավորել, ասում է՝ հա, այդպես լինում է, ոչ մի խնդիր չկա այդտեղ, քանի որ վերջինն այն մասին էր, որ կարելի էր կալանավորել։ Պատգամավորներից մեկը հարցնում է՝ լավ, բայց եթե այդ երկու իրար հակասող եզրակացություններն են ստացվում, ո՞րն է ավելի նախընտրելի եւ ո՞րն է նախապատվությամբ օժտված, Դավթյանը պատասխանում է՝ կապ չունի, իրենք հավասարազոր են։ Հիմա հարց․ բա այս հարցերն ո՞վ պետք է քննի եւ ե՞րբ»։

Բայց չէ՞-որ նույն Արթուր Դավթյանի Գլխավոր դատախազության օրոք այլ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել Արմեն Չարչյանին։

«Շատ կարեւոր հարցեր կան, ընդհանրապես Արթուր Դավթյանի վերջին 4 տարիների գործունեության հետ կապած շատ են եղել, իհարկե, միգուցե դրանց շատ մեծ հրապարակայնություն չի հաղորդվել, բայց այդ մակերեսային եզրահանգումները մենք պետք է կարողանանք ենթարկել խորքային վերլուծության։ Որովհետեւ դա ոչինչ չի նշանակում։ Եթե կհիշեք՝ Ռոբերտ Քոչարյանի գործով մի դատավոր կար, որի հետ կապված խնդիր էր առաջացել, որ որոշումը, որով Քոչարյանին կալանքից ազատել էին, ինքը չէր կազմել, եւ հետո այդ գործը թեեւ հարուցվեց, բայց դատախազության գործողությունների արդյունքում այդ ապացույցը փչացվեց եւ այդ մասով գործը կարճվեց։

Մի թեթեւ, օրինակ՝ ծայրահեղ իրավիճակ է հասել, ասենք՝ Արթուր Դավթյանի համար եւ պետք է ինչ-որ քայլ ցույց տա, ի՞նչ խնդիր կա, ասենք՝ որ հա, մի քիչ էլ նեղություն կտրվի նրանց, ում ավելի մեծ խոստումներ են տրվել, բայց եւ վերջնական երաշխիքներ։ Հիմա՝ իսկ ի՞նչ եղավ, ի վեջո, Արմեն Չարչյանին։ Ոչինչ, չէ՞․ հետեւաբար, ինչ որ առերեւույթ կարծես՝ դրական շարժը չպետք է մեզ խճճի եւ մոլորեցնի»,- պատասխանելով այդ հարցին ասել է Եգորյանը։

Վաղեմության ժամկետի, գործը ձգձգելու եւ Արմեն Չարչյանի պատասխանվտության մասին հարցերին պատասխանելով՝ Եգորյանը նշել է․

«Զարմանալի էր, որ Աժ-ում այս հարցը միայն վարչապետը բարձրացրեց, բայց դա պատգամավորների պարտականությունն է այս հարցերի մասին մտածել։ Եւ իսկապես, ի՞նչ է ստացվում՝ բազմաթիվ գործերով մեկ էլ պարզվում է, որ կարծես առաջընթաց կա, բայց վաղեմության ժամկետները բոլորը անցել են, բայց դէ արդեն առաջընթաց է, այսինքն, մեզ ի՞նչ են առաջարկում ըստ էության, սա իհարկե կասեի՝ ձեռառնելու նման մի բան է, քանի որ այդ վաղեմության ժամկետը Սինայի սարից իջեցված պատվիրան չէ, դա պետության քրեական քաղաքականության շրջանակներում որոշվող հարց է, եւ որեւէ մեկի մտքով չի անցնում այս հարցը քննարկել։ Լավ, ասենք՝ ունենք նոր Գլխավոր դատախազ, նախորդ Գլխավոր դատախազի քաղաքականության անձնական, կամ գուցե խմբային քաղաքականության շրջանակներում դա գուցե հարմար էր, բայց հիմա այս հարցը պետք է լուծվի, ոչ թե քննարկվի, այլ՝ լուծվի, քանի որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման մեր կարողությունից է կախված մեր ապագա զարգացման տեմպը եւ արդյունավետությունը, եւ երբ դու չես լուծում այսպիսի կարեւոր մի հարց, դու չես կարողանում փակել այդ խնդիրները, եթե ինչ-որ մեկը ասենք՝ այլ հարց կբարձրացնի, ապա ասեմ՝ դա բնավ չի նշանակում, որ, այսպես ասած՝ ինչ-որ պատժիչ քաղաքականություն մեկնարկի, կամ ինկվիզիցիայի մասին է խոսքը, չէ՛, սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր լկտիաբար հույս ունենալով տարբեր աճպարարությունների միջոցով պատասխանատվությունից խուսափել, կիմանան, որ այդ պատասխանատվությունից չեն կարող խուսափել ոչ մի թերի կարգավորման հետեւում, եւ կունենան ընտրություն՝ ապաշխարելու եւ համագործակցելո՞ւ, թե՞՝ համարձակորեն պատասխանատվության բեռը ստանձնելու»։

Եթե իշխանությունը քաղաքական կամք չի դրսեւորում այս հարցերում, ապա չի՞ նշանակում, որ դա ձեռնտու է իշխանությանը․ բացահայտել մարդու արարքները, բայց պատասխանտվության չենթարկել՝ այլ քաղաքական հաշվարկներով։

Ըստ Տիգրան Եգորյանի, եթե ունենայինք նորմալ բանավեճ, սա շատ հանգիստ եւ նորմալ, քաղաքակիրթ արգումենտացիա կարող էր լինել ընդդիմության կողմից եւ սրան պատասխանելը, ըստ էության, անհնարին կլիներ այն պայմաններում, որոնք հիմա ունենք, որ որեւէ քայլ այս ուղղությամբ իշխանությունը դեռ չի արել։ Բայց մենք, Եգորյանի խոսքով, այս քննադատություն էլ անգամ չունենք, եւ «ասենք՝ վարչապետն է գալիս այդ հարցը բարձրացնում Աժ-ում»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում է Արթուր Սարգսյանի գործով ՄԻԵԴ ուղարկված գանգատը, Եգորյանը նշել է․

«Կոմունիկացիայի փուլում ենք, ըստ էության՝ գրեթե ավարտում ենք կոմունիկացիան եւ շուտով արդեն դատարանը, եթե որեւէ այլ հարց չծագի, կհեռանա վճիռ կայացնելու։ Բայց այստեղ եւս մենք որոշակի պրոբլեմներ ունենք, մասնավորապես՝ կառավարության դիրքորոշումների հետ, որոնք էլի շատ անհասկանալի են, ասենք օրինակ՝ դատարանը մի քանի հարց է տվել Սարգսյանի կալանավորման ընթացքում իրեն տրամադրված բժշկական օգնության որակի եւ առհասարակ բավարարության մասով, իր նկատմամբ չտրամադրված բուժօգնության կապակցությամբ անմարդկային վերաբերմունքի տեստավորորման կապակցությամբ, իր առողջական վիճակի կալանքի հետ համատեղելիության հարցերի կապակցությամբ եւ ընդհանրապես՝ կալանքի իրավաչափության վերաբերյալ։

Ընդ որում, այստեղ կարեւոր է, այս վերջին հարցի մասով համատեքստն առ այն, որ 2016 թվականին ՄԻԵԴ-ն բավականին լուրջ զարգացում է իրականացրել «Բուզադլին ընդդեմ Մոլդովայի» եւ «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործերով, որոնցով ֆիքսվել է, որ հետայսու, ալեւս երբեք դատարանների կալանքի որոշումները չեն կարող հիմնավորված համարվել միայն հիմնավոր կասկածի առկայության պարագայում, քանի որ դա այն պայմանն է, առանց որի չի էլ կարող կալանքը քննարկվել։ Այսուհետ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է հիմնավորել այն ռիսկը, որի համար անհրաժեշտ է անձի կալանավորումը։ Հիմա այս գործերով մեր ներպետական, ազգային դատարանները չեն կարողացել այս ստանդարտը զարգացնել այդքան արագ եւ այս գործերով չեն կայացրել այդ որոշումները, ընդ որում՝ հենց այս խմբի գործերից երկու գործով կառավարությունը նախկինում ընդունել էր այդ սխալը, բայց հետաքրիքր է այն, որ Արթուր Սարգսյանի դեպքում չի ընդունում։ Եւ մեկ այլ հարց, որ հենց նույն դատաբժշկական փորձաքննություններով հաստատվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բավարար ջանք չի գործադրվել Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ստույգ ախտորոշելու եւ պարզելու համար եւ նաեւ հաստատվել է, որ հենց այդ նույն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի ամիս շարունակ հզոր ցավազրկող միջոցների տրամադրման արդյունքում է դեկտեմբերի այդ սրումն առաջացել աղեստամոքսային տրակտի եւ այլն, եւ այս մասով երբ կա դատաբժշկական փորձաքննություն՝ կառավարությունը չի ընդունում այս փաստը։

Ժամանակն է այդ ամոթալի էջը փակելու․ ամոթալի այն առումով, որ մեր ազգային մակարդակում կոնկրետ հանրային իշխանություն իրականացնող սուբյեկտները ի զորու չեն արդարության գոնե նվազագույն, կոնվենցիոն մակարդակի շեմն ապահովելու եւ մենք արդարություն ենք փնտրում ՄԻԵԴ-ում։ Ես հույս ունեմ, որ այսօր նաեւ նոր Գլխավոր դատախազի ջանքերի շնորհիվ մենք կունենանք հնարավորություն փակելու այդ խայտառակ էջը»։