Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան եւ Լաչինի միջանցքի փակումը։
«1in.am»-ի տաղավարում անդրադառնալով այս հայտարարությանն ու դրա նախապատմությանը՝ ՀԸԳՀ ՔՀՊ համանախագահող, «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշել է․
«Բնականաբար, հայկական կողմը չէր կարող անմասն մնալ այս իրադարձությունների հանգուցալուծմանը ուղղված ջանքերից եւ նախաձեռնություն էր հղվել Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումին՝ ֆորումի շրջանակներում ընդունել ղեկավար կոմիտեի հայտարարություն, որը հաջողությամբ չավարտվեց այն պատճառով, որ ադրբեջանական քաղհասարակությունն ամեն կերպ խոչընդոտում է նման հայտարարության ընդունմանը․ քանի որ այստեղ Արեւելյան գործընկերության 6 պետություններ են ներկայացված՝ այդ թվում Ադրբեջանը, հարկ է գտնել այնպիսի բանաձեւեր, ձեւակերպումներ, որոնք ընդունելի կլինեն նաեւ ադրբեջանական քաղհասարակության համար։ Այս հայտարարությունը առիթ տվեց եւս մեկ անգամ համոզվելու, որ անգամ մարդասիրական թեմաներով ադրբեջանական քաղհասարակությունը՝ առնվազն իրենց պլատֆորմի համակարգողը, պատրաստ չէ գործել որպես քաղհասարակություն։ Այսինքն, հստակ ակնհայտ է դառնում, որ այնտեղ իջեցված է քաղաքական պատվեր եւ քաղհասարակության անունից ադրբեջանական կողմից հանդես եկող գործակալները խափանում են այսպիսի գործընթացները, ինչի արդյունքում տեղի չունեցավ ֆորումի ղեկավար կողմից հայտարարության ընդունում։ Սակայն հայաստանյան պլատֆորմն ընդունեց հայտարարություն, որում առաջին հերթին, բնականաբար, դատապարտեց Լաչինի միջանցքի փակումը, որը ստեղծել է հումանիտար աղետ՝ ընտանիքներ են բաժանված, հիվանդներ են մնում առանց անհրաժեշտ բուժօգնության, գազամատակարարումն էր Ադրբեջանը խափանել, ապա միջազգային գործընկերների ջանքերով վերականգնել, (այդ ամեն ինչը նկարագրված է հայտարարության մեջ)։ Սակայն, ակնհայտ է, որ սա հերթական փոքրիկ սադրանքը չէ, այլ՝ ավելի լավ պլանավորված, կազմակերպված գործողություն, եւ արդեն մամուլում էլ հրապարակումներ կան այն մասին, (ես էլ եմ անդրադարձել), որ դրանք բնապահպան ակտիվիստներ չեն, այլ հատուկ ուժերի ներկայացուցիչներ։ Հայտարարությունը նաեւ կոչ էր անում ՀՀ իշխանությանը ակտիվացնել իր ջանքերը՝ աշխատելով բարեկամ միջազգային գործընկերների հետ, եւ հարցը տանել ՄԱԿ-ի ԱԽ, նաեւ հասնել նրան, որ ռուս խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: Նաեւ կոչ էր արվում քաղհասարակությանը եւ ԵՄ անդամ տարբեր պետություններին՝ դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները եւ գործուն ջանքեր եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։ Եւ վերջում կոչ էր արվում նաեւ ակտիվացնել ջանքերը մեր տարբեր բարեկամ գործընկերների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Հնդկաստանի, մեծ ռազմատեխնիկական օժանդակության հասնելու համար»։
Անդրադառնալով միջանցքի փակման հարցով ՀՀ դիմումի հիման վրա կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստին, եւ այնտեղ հնչած դատապարտող ելույթներին՝ Հակոբյանը նշել է․
«Ցավում եմ, որ այդ ամենը չի արվել ժամանակին եւ մենք՝ մեր իշխանությունը, նաեւ այլ դերակատարներ, չենք կարողացել մեր պատմությունը հասցնել միջազգային կառույցներին․ մենք միշտ այսպես հպարտ լռության մեջ ենք եղել, կամ՝ արձագանքողի, իսկ Ադրբեջանը միշտ պրոակտիվ տարել է այդ քարոզչությունը եւ աշխատանքը։ Մենք պատերազմից հետո նոր որոշ առումով ակտիվացրել ենք մեր ջանքերը եւ, բնականաբար, դա իր արդյունքը տաիս է, եւ ԱԽ նիստն էլ ահագին բացահայտող էր այդ առումով։ Նաեւ շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների հայտարարությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, այլ բարեկամ պետությունների, գնալով ավելի կոշտ ու հասցեական են դառնում, եւ դա, բնականաբար, էլի երկարատեւ պրոցեսի մի մաս է։ ՌԴ արձագանքը թույլ է տալիս եզրահանգել, որ ճիշտ են մեր կռահումներն այն մասին, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված են այս գործողությունները, եւ սա ուղղակի ՌԴ-ի եւ Ադրբեջանի հանդուրժողականությունը չէ քաղաքացիական ակտիվիզմի պահանջներին ընդառաջ, այլ համագործակցային մոտեցումներ են այստեղ, եւ շատ լավ է, որ աշխարհին եւս սա տեսանելի է։ Հաշվի առնելով քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքը ՌԴ հանդեպ, եւ այն, որ ռուսական եւ ադրբեջանական խոսույթները մեծամասամբ համահունչ են իրար, դա եւս, կարծում եմ՝ հետեւությունների տեղ կտա։
Մենք պետք է շարունակենք ջանքերն այս ուղղությամբ՝ իրազեկելու, բարձրաձայնելու, մեր բողոքը տեղ հասցնելու բոլոր խողովակներով եւ բոլոր ատյաններով, եւ, ի վերջո, նպատակ պետք է դնել հասնելու Ադրբեջանից Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Ադրբեջանի կողմից այս հերթական սադրանքները մենք պետք է դիտարկենք որպես հնարավորություն, Արցախը պահենք հայկական, դասեր քաղենք այս իրավիճակից, հասկանանք, որ սա վերջինը չի լինելու, այդ միջանցքը վաղ թե ուշ բացվելու է, ես վստահ եմ, որ դա այդպես կլինի, բայց դա չի նշանակում, որ ապագայում նման սադրանքներ չեն կրկնվելու, մենք պետք է այդ ամենին պատրաստ լինենք։ Եւ ամեն առումով հաշվարկենք՝ հաջորդ անգամ նման իրավիճակում մենք ի՞նչ ենք անում, ինչքա՞ն ենք մատակարարում Արցախին, որ Արցախը պատրաստ լինի դիմակայելու այդ ճնշումներին, ինչպե՞ս ենք աշխատում մեր միջազգային գործընկերների հետ, որի հետ ինչպե՞ս ենք աշխատում, որ մակարդակում ինչպե՞ս ենք աշխատում եւ այլն»։
ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՀՀ ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն իրականացնել՝ տեղում գնահատելու մարդասիրական իրավիճակը․ արդյո՞ք նման ուսումնասիրության նախադեպեր եղել են, եւ դրանք ընդհանրապես ի՞նչ են տալիս։
Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը նշել է․
«Որքանով ինձ է հայտնի՝ 2005 թվականից ի վեր 3 առաքելություն է եղել։ Առաջինը՝ 2005-ին է եղել, որի պահանջը ներկայացրել է Ադրբեջանը՝ հայտարարելով, թե Հայաստանը վերաբնակեցման քաղաքականություն է իրականացնում 7 շրջաններում։ ԵԱՀԿ-ի մեծ փաստահավաք առաքելություն էր եկել, եւ մի քանի օրերի ընթացքում շրջել հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող այդ 7 շրջաններում եւ գնահատել իրավիճակը, ապա զեկույց էր ներկայացվել․ ճիշտ է՝ զեկույցը հրապարակային չի եղել, բայց հայտնի է, որ այնտեղ, ըստ էության, ժխտվել են ադրբեջանական այն պնդումները, որ հայկական կողմն այնտեղ հատուկ վերաբնակեցման քաղաքականություն է իրականացնում։ 2006-ին է եղել ԵԱՀԿ եւս մեկ փաստահավաք առաքելություն, էլի ադրբեջանական կողմի բողոքով առ այն, թե հայկական կողմը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրկիզումներ է իրականացնում․ այդ զեկույցն էլ էր բացասական Ադրբեջանի համար, քանի որ արձանագրել էր, որ նման բան չկա։ Եւս մեկ առաքելություն էլ եղել է 2009-2010 թվականներին, եթե չեմ սխալվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո․ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի եւ ԵԱՀԿ-ի համատեղ փաստահավաք առաքելությունն է եղել, փախստականներին վերաբերող հարցերով։ Այսինքն, այո, նախադեպեր եղել են, եւ շատ լավ է, որ հայկական կողմն է հիմա այդ նախաձեռնությունը վերցրել իր ձեռքը եւ նման փաստահավաք նախաձեռնություն պահանջել»։
Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք արցախցիները այդ դուռը կբացե՞ն ՄԱԿ-ի առաջ, Հակոբյանը նշել է․
«Լավ կանեն՝ բացեն, քանի որ եթե մնանք այդ մի բարեկամի հույսի ներքո, ապա վստահ չեմ, որ շատ մոտ ապագայում Արցախում հայ կմնա։ Այդ պատճառով, իհարկե, բազմազանեցնել գործընկերների շրջանակը եւ կախվածություն չունենալ միայն ռուսական կողմից, կլինի խելամիտ։ Ռուսական կողմը եւս թող մասնակցի, բայց թող լինեն այլ միջազգային խաղաղապահներ բացի Ռուսաստանից, եւ դա լինի համնատեղ ջանք»։
Իսկ այն հանգամանքը՞, որ Արցախի իշխանությունները պահանջում են միջազգային մանդատ տալ ռուս խաղաղապահներին։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Իհարկե, դա շատ դժվար կլինի, քանի որ պետք է հաշվի առնել այն իրողությունները, որոնցում մենք գտնվում ենք, եւ առաջին Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, եւ գրեթե մեկ տարի տեւող պատերազմը, հասկանալ, որ անիրատեսական է միջազգային մանդատով Ռուսաստանին օժտելը։ Միգուցե ոչ այնքան իրատեսական է միջազգային խաղաղապահների կազմում ՌԴ-ին ներգրավելը, բայց դրա հավանականությունը ավելի մեծ է, ուստի, պահանջներ ներկայացնելիս պետք է այդ իրողությունները հաշվի առնել եւ չներկայացնել պահանջներ, որոնք իրատեսական չեն»։
Ինչպես հայտնի է, Հայաստան գործուղված ԵՄ դիտորդների գործունեության ժամկետը լրացել է, եւ հիմա խոսվում է այն մասին, որ ԵՄ-ն կարող է ՀՀ գործուղել մոնիթորինգի անցումային խումբ՝ ավելի երկարաժամկետ ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Մեկնաբանելով այս հարցը՝ Հակոբյանը նշել է․
«Կարեւոր է արձանագրել, որ ԵՄ դիտորդները ժամանակավոր մանդատ են ունեցել, ինչն ի սկզբանե բոլորին հայտնի էր։ Բայց հուսադրող է այն, որ պլանավորման նոր թիմի մասին է խոսվում եւ երկարաժամկետ դիտորդության հնարավորություն կա․ կարծում եմ, որ ԵՄ-ն հետեւողականորեն կիրականացնի դա։ Ինչ վերաբերվում է էներգետիկ գործարքին, ապա մեզ համար դա, իհարկե, շատ բացասական է։ Ի դեպ, դա ոչ միայն մեզ համար է բացասական․ մենք դեկտեմբերի 5-7-ը Արեւելյան գործընկերության շրջանակներում տարեկան համաժողովին էինք եւ հենց ադրբեջանական քաղհասարակության այն ներկայացուցիչները, որոնք Բաքվում հետապնդվում են, Բաքվի սեւ ցուցակում են եւ ընդհանրապես մուտք չունեն Ադրբեջան ու բնակվում են տարբեր եվրոպական երկիրներում, առաջին հերթին իրենք էին այդ հարցը բարձրացնում ԵՄ գործընկերների առջեւ՝ ասելով, որ դուք անտեսում ենք մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում եւ Ադրբեջանի բռնապետ նախագահի հետ կնքում եք էներգետիկ գործարքներ, եւ միեւնույն ժամանակ անգամ Եվրահանձնաժողովի նախագահը չի բարեհաճում հանդիպել քաղհասարակության հետ եւ այլն։ Իրենք, այսինքն, առաջինն էին դա դատապարտում, ինչը համահունչ էր մեզ։ ԵՄ-ն պետք է հասկանա՝ արդյո՞ք կարեւոր են սկզբունքները, հիմնարար, բոլորի համար ընդհանուր արժեքները, որոնք ջատագովվում են, թե՞՝ ինչ-ինչ շահերը, քանի որ եթե արժանահավատության, վստահության հարց է բարձրացնում ԵՄ-ն, ապա ինքը եւս պետք է ջանք գործադրի եւ հասկանա, որ այստեղ ստանդարտները պետք է նույնը լինեն, եւ չպետք է օրինակ՝ Իրանի մասին ասել, որ այնտեղ մեզ մտահոգում են կանանց իրավունքների հարցերը, բայց անտեսել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հայ զինվորականների, այդ թվում՝ կին զինվորականների հանդեպ, որոնք 21-րդ դարում անասելի մասշտաբների են հասել, եւ առհասարակ, անտեսել Ադրբեջանում մարդու իրավունքների տիրող վիճակը։ Նաեւ ասեմ, որ մեզ՝ Հայաստանի եւ Արցախի համար շատ կարեւոր, ցանկալի եւ սպասված ֆենոմեն է Ադրբեջանի ժողովրդավարացումը, քանի որ ժողովրդավարության արեւմտյան տեսությունից հայտնի է, որ ժողովրդավարական պետությունները չեն պատերազմում մեկը մյուսի դեմ, այլ փորձում են հարցերը լուծել բանակցություններով, եւ եթե իրապես հաջողվեր Ադրբեջանի ժողովրդավարացումը, ապա հասկանալի է, որ մեր խնդիրները ավելի շուտ կլուծվեին, բայց քանի որ դրա հավանականությունը գրեթե զրոյական է, ապա մենք եւ միջազգային հանրությունը պետք է հասկանանք, որը հայերը Ադրբեջանի կազմում ուղղակի չեն կարողանալու գոյատեւել, Արցախն Ադրբեջանի կազմում չի կարողանալու գոյատեւել։ Հենց ադրբեջանական փաստաբանները, քաղհասարակության իրական անդամները այդ թեզերը շրջանառում են, ասելով, որ օրինակ՝ եթե մեր իրավապաշտպանների հանդեպ է ադրբեջանական պետությունը այսպիսի բռնություններ, խոշտանգումներ իրականացնում, ապա հայերը ճիշտ են իրենց այն թեզերում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։
Այսինքն լավագույն ժամանա՞կն է «անջատում հանուն փրկության» դոկտրինի առաջ մղման համար։
«Մենք դա անդընդատ պետք է առաջ մղենք, եւ դրա համար նաեւ զուգահեռաբար այս բոլոր սադրանքների հետ կապված իրավիճակները պետք է օգտագործենք, որպեսզի հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը՝ Ադրբեջանից անկախ միավորի դերում։ Թե ինչպիսին կլինի այդ միավորը, դա քննարկման առարկա է, բայց պետք է Արցախը ճանաչեն Ադրբեջանից անկախ, քանի որ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կազմում հայերն անվտանգ չեն կարողանալու ապրել»,- ի պատասխան նշել է Հակոբյանը։

