Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 14-ին Երեւանում կազմակերպել են Ֆիլիպ Լիչի «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։
Շնորհանդեսին ելույթ ունեցան նաեւ գրքի հայերեն տարբերակի խմբագիրները․ բացման խոսքով՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻԿ նախագահ Լուսինե Հակոբյանը եւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Լուսինե Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց այն բոլոր անձանց եւ կազմակերպություններին, որոնք իրականություն են դարձրել գրքի հայերեն թարգմանությունը եւ տպագրությունը։
«Ես այստեղ ներկա գտնվող մի շարք գործընկերներին շնորհակալական խոսքով սկսեմ։ Առաջին հերթին շնորհակալություն Ֆիլիպ Լիչին․ նա այսօրվա հերոսն է։ 2005 թվականին առաջին անգամ հրատարակվեց իր այս գիրքը, եւ գիտենք, որ տարիներ շարունակ պրոֆեսոր Լիչը անխոնջ եւ ջանադրաբար խմբագրել, արդիականացրել, թարմացրել է այն եւ անընդհատ վերահրատարակել։ Այն, ինչ այսօր թարգմանվել է հայերեն, այս գրքի 4-րդ հրատարակությունն է։ Ես հիշում եմ՝ 2005 թվականին Ֆիլիպ Լիչի գրքից ընդամենը երկու հատ կար Հայաստանում եւ մենք հաստափոր քսերոքսներ էինք անում, որպեսզի օգտվենք այդ գրքից, եւ այն մեր ոչ թե պահարանի, այլ սեղանի գիրքն էր եւ մնացել է այդպիսին․ այս գիրքը մեզ՝ փաստաբաններիս համար շատ կարեւոր ուղեցույց է եղել։ Հիշում եմ, որ 2011 թվականին GIZ-ը այստեղ ծրագիր էր իրականացնում՝ «Փոփոխություն բերող իրավաբանների ձմեռային ակադեմիա», եւ հենց այդ ծրագրի շրջանակներում նաեւ նվեր գումարներ էին նախատեսել եւ ակադեմիայի մասնակիցներիս հարցնում էին՝ ի՞նչ կուզեք, եւ ես ուզել էի Ֆիլիպ Լիչի 2011 թվականի գրքի երրորդ հրատարակությունը։ Եւ այնքան անհամբեր էի, որ թեեւ այդ գիրքը ինձ համար գնեցին, բայց ես չհամբերեցի, որ այն տեղ հասնի, եւ ինչ-որ այլ ճանապարհով այն ավելի շուտ ձեռք բերեցի, հետո մյուս գիրքն էլ հասավ և ես այն նվիրեցի այլ գործընկերոջ։
Եւ 2018 թվականին մենք շատ ուրախ էինք, որ ֆիլիպ Լիչը եկավ եւ «Իրավունքի Եվրոպա»-ի հետ մենք համատեղ քննարկում կազմակերպեցինք իրավաբանների համար եւ այդ ժամանակ մեզ՝ «Իրավունքի Եվրոպա»-ին նվիրեց այս գրքի 4-րդ հրատարակությունը, որը նաեւ ուսանողական տարբերակ է։ Այս գիրքը շատ օգտակար է լինելու ոչ միայն պրակտիկ իրավաբանների, այլեւ՝ ուսանողների համար։
Եւ ես ուրախ եմ, որ հենց «Իրավունքի Եվրոպան» եղավ այս ծրագրի նախաձեռնողը։
Ես պետք է անպայմանորեն հիշատակեմ Եվա Թովմասյանին, որը ժամանակին «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամում էր եւ առաջին հերթին մենք իր հետ այս ծրագիրը քննարկեցինք, եւ ինքը ոգեւորվեց, որ մենք ուսանողական համայնքի համար նման բան կարող ենք անել։
Անպայմանորեն շնորհակալություն Արմեն Մարտիրոսյանին եւ «Անտարես» հրատարակչությանը, որը դիմեց «Օքսֆորդ» հրատարակչություն, ստացանք հրատարակության թույլտվությունը։
Անպայմանորեն շնորհակալություն Եվրոպայի խորհրդին՝ հանձինս սիրելի տիկին Լիլիթ Դանեղյանի, Թամարա Բարբակաձեի եւ Մարտինա Շմիդտի։
Պետք է նշեմ նաեւ Արմեն Գրիգորյանին «Նաուման» հիմնադրամից, որի հետ մենք շարունակեցինք աշխատանքները, նաեւ նախկին տնօրեն Պիտեր Անդրեաս Բոխմանին։
Եւ անպայմանորեն ԻԵՄ մեր ջանասեր թիմին՝ Լալա Հովսեփյանին, Քրիստինա Պետրոսյանին, Իրինա Պապյանին, որոնք անվերջորեն չարչարվեցին այս գրքի ծանոթագրությունները խելքի բերելու վրա։
Ասեմ նաեւ, որ ինձ համար մի քիչ էլ ցավալի է, քանի որ ես այլեւս երբեք այս գիրքը չեմ կարողանալու կարդալ որպես իրավաբանական գրականության լավ գործ, քանի որ անվերջորեն ինչ-որ ուղղումներ եմ փորձելու անել․ նաեւ խնդրելու եմ ձեզ, որ գիրքն ընթերցելիս եթե մասնագիտական աչքով տեսնեք թերություններ, տերմինաբանական անճշտություններ, վրիպակներ, մեզ օգնեք՝ ասեք, քանի որ կարծում եմ, որ 300 օրինակով պահանջարկը չի սպառվելու եւ մենք էլի փորձելու ենք վերահրատարակել այն»,- իր խոսքում նշել է Լուսինե Հակոբյանը։
Գրքի մյուս խմբագիրը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր խոսքը սկսեց հիշեցնելով, թե ինչպես էր ժամանակին հեղինակը առանձնացել ծովափնյա իր տնակում՝ կենտրոցնացնելով իր ամբողջ էներգիան՝ այդ ահռելի քանակի ինֆորմացիան համակարգված ձեւով գրքում ներառելու համար։
«Երբ տիկին Հակոբյանն ինձ առաջին անգամ ասեց այս գրքի թարգմանությունը խմբագրելու հնարավորության մասին, չնայած իմ բազմազբաղությանը, այստեղ մի տեսակ ասես մասնագիտական էգոիզմ առաջացավ եւ ես միանգամից համաձայնեցի, քանի որ շատ անարդար բան կլիներ, որ ես որեւէ ներդրում չունենայի այս գործում։
Առաջին հերթին շատ անարդար կլիներ, քանի որ պրոֆեսոր Լիչը նաեւ հայկական գործերով հսկայածավալ ներդրում ունի, նաեւ հայկական իրավական համակարգի այս կամ այն ինստիտուտի ձեւավորման, կամ զարգացման հարցում․ նայեք «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի կողմից ներկայացված, պաշտպանված գործերը Եվրոպական դատարանում եւ, թե այն ինչ ազդեցություն է ունեցել հետագայում։ Պրոֆեսոր Լիչն այդ ժամանակ այդ կազմակերպության տնօրենն էր, եւ ես դա ասում եմ որպես ականատես, բայց եթե անգամ ականատես չլինեի, ՄԻԵԴ գործեր ներկայացնող իրավաբանի հայացքով կարող ես նաեւ այդ վճիռներում տողատակերով կարդալ, թե որքան մեծ ներդրում ունի նա՝ հասնելու այս, կամ այն բանաձեւմանը, կամ մոտեցմանը։
Մի քանի խոսք էլ գրքի մասին
Իմ կարծիքով, այս գիրքը երկու շատ կարեւոր հատկանիշով տարբերվում է այս տեսակի գրքերի քաշային կատեգորիայում՝ որպես առանձնահատուկ մի աշխատություն։
1՝ հսկայական ինֆորմացիա է պարունակում իրավակիրառ փաստաբանների, իրավաբանների, քաղաքացիական հասարակության անդամների համար՝ ՄԻԵԴ վարույթի, ապացույցների եւ ընթացակարգերի վերաբերյալ։
Բնականաբար, կան շատ արժեքավոր աշխատություններ, որոնք եւս շատ հետաքրքիր ձեւով նկարագրում են այս իրողությունները, բայց հաշվի առնելով պրոֆեսոր Լիչի մանրամասն ուսումնասիրությունները՝ այստեղ ինֆորմացիա կգտնեք այնպիսի վարույթների, կամ վարույթների այնպիսի ասպեկտների վերաբերյալ, որոնց մասին ինֆորմացիան իրականում հրապարակային չէ․ սահմանափակ չէ, բայց հրապարակային չէ։
Բազմաթիվ օրինակներ կան, բայց մեկն ասեմ, օրինակ՝ թե դատավորների բացարկի, կամ ինքնաբացարկի ընթացակարգը, կամ պրակտիկան ինչպիսին է։ Դուք դժվար կարողանաք որեւէ հրապարակային աղբյուրից այդ ամենը գտնել, այսինքն, մանրամասնություններն այն աստիճանի են, որ ռենտգենի նման ցույց են տալիս, թե ինչ ասել է ՄԻԵԴ, ինչ ասել է ՄԻԵԴ-ում վարույթ, եւ ինչ ասել են՝ ՄԻԵԴ-ում ապացույցներ։
Պրոֆեսոր Լիչը նաեւ հաշվի առնելով փաստահավաք առաքելությունների հարցում իր կատարած հսկայական հետազոտությունները՝ այդտեղ բավականին հետաքրքիր նկարագրություն ունի նաեւ ՄԻԵԴ-ում ապացույցների մասին։
2՝ այս աշխատության կարեւոր հատկությունը իր հանրագիտարանային սկզբունքով մշտական թարմացումներն են։ Այսինքն, ՄԻԵԴ պրակտիկային համընթաց նաեւ գիրքն է վերահրատարակվում։
Շատ անարդար կլիներ, որ պրոֆեսոր Լիչի աշխատությունը հայերեն թարգմանված չլիներ, եւ պատճառներից մեկը նրա ներդրումն է ընդհանրապես Հայաստանին վերաբերող հարցերում․ 2018-ի դեմոկրատական փոփոխությունները նաեւ իրողություն են ՄԻԵԴ-ում իրավունքների խախտումների թեկուզ դանդաղաշարժ, բայց կայուն արձանագրումների, դա կարեւոր է, եւ այս ամենում պրոֆեսոր Լիչն իր մեծ ներդրումն ունի։
Վերջին ամենակարեւոր հանգամանքը․ ցանկացած նման թարգմանություն, ցանկացած նման աշխատության հայերեն լեզվի փոխադրում ոչ միայն լեզուն է զարգացնում, այլեւ մեր իրավամտածողությունը։ Եւ ես թեկուզ ծանոթ էի, թե ինչքանով են կարեւոր իրավաբանի համար թարգմանությունները, այս կամ այն իրողությունը այլ ասպետկով տեսնելը, բայց հատկապես պրոֆեսոր Լիչի գրքի թարգմանության ընթացքում չնայած այդ բարդությանը, (քանի որ ֆանտաստիկ կարողություն է պետք ունենալ երկու նախադասությունում 60 էջանոց վճռի բովանդակությունը ներառելու համար), եւ թե ինչպես դա կարելի է արտացոլել հայերեն, իրականում մտածելով, որ ես փորձում եմ զարգացնել իրավաբանական հայերենը, դրան զուգահեռ ինքս ինձ էի ավելի զարգացնում։ Ուրախ եմ, որ այս գրքի վրա աշխատելով նվազագույն մասնակցություն եմ ունեցել, բնականաբար, սա ինձ հուշում է, որ այսպիսի բաներ պիտի ավելի հաճախ լինեն ե՛ւ մեր համայնքում, ե՛ւ իրավակիրառ համայնքում։
Եւ վերջում, որպես դատավոր, ես երազում եմ այնպիսի Հայաստանի մասին, որտեղ մենք չունենանք այլեւս ՄԻԵԴ-ը որպես հայկական իրավական համակարգի զարգացման, կայացման առաջնային ինստիտուտ, այլ որ մենք ինքներս լինենք այդ դերակատարը, այդ ծանրությունը համարձակորեն վերցնենք եւ առաջ տանենք»,- ասել է Վահե Գրիգորյանը։


