Պարզ է, որ «բնապահպան այդ ակտիվիստները» գործակալներ են․ Լուսինե Հակոբյան

Արդեն քանի օր է՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպան ակտիվիստներ ներկայանալով՝ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ուղին՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանում հանկարծակի ի հայտ եկած ակտիվիստների վերաբերյալ հարցին՝ «1in.am»-ի տաղավարում «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻԿ նախագահ, ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ-ի  անդամ, փաստաբան Լուսինե Հակոբյանը պատասխանել է․

«Այս ամենի մասին խոսելու համար պետք է մի քիչ անդրադարձ կատարել ընդհանրապես Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանն ու քաղաքացիական ակտիվիզմի ներկա իրավիճակին։ Ասեմ, որ իրականում այդ վիճակը ցավալի է, եւ դա բոլորին է հայտնի: Ես, օրինակ, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանից ընտրված պատվիրակ եմ, եւ ինչպես գիտեք, այդ ձեւաչափում մասնակցում են Արեւելյան գործընկերության 6 պետությունների քաղհասարակությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի։ Եւ այդ ֆորումում տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել, որ Ադրբեջանից իրական քաղհասարակության ներկայացուցիչներին մատների վրա կարող ես հաշվել։ Եւ հիմնականում այդ իրական քաղհասարակությունը, քաղաքացիական ակտիվիստները  այս փուլում այն մարդիկ են, որոնք այեւս Ադրբեջանում չեն բնակվում։ Օրինակ՝ իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Վերջերս Թբիլիսիում մի ֆորումի ընթացքում ես հանդիպեցի «Ազատություն» ռադիոկայանի Պրագայի ադրբեջանցի թղթակից Քենան Ալիեւին, նա եւս սեւ ցուցակում է, մուտք չունի Ադրբեջան։ Այդ անունները շատ են, այդ իրական մարդիկ, որոնք օբյեկտիվորեն եւ առանց հոգնելու տարիներ շարունակ պայքարել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների եւ այլ խախտումների դեմ, արդեն Ադրբեջանում չեն գտնվում։ Եզակի մի քանիսն են այնտեղ մնացել։ Ովքեր էլ մնացել են՝ հետապնդվում են։ Մի երկու դեպքի մասին նշեմ․ Ռասուլ Ջաֆարովի դեպքը, որի վերաբերյալ ՄԻԵԴ-ն վճիռ է կայացրել, եւս մեկը այս վերջերս է մեծ հետապնդումների ենթարկվում՝ բլոգեր Բախտիար Հաջիեւը։ Եւ ասեմ, որ այդ մի քանիսը, որոնք դեռեւս մնացել են Ադրբեջանում, մեր Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի շրջանակներում ակտիվ էլ չեն, ընդհանրապես չեն խոսում, վախեր կան, որ այդ մարդկանց վերադարձի պայմաններում կշարունակեն հետապնդել։ Պրագայում դեկտեմբերի 5-7-ը Ֆորումի տարեկան համաժողովն էր, եւ այդ մի երկուսը, որ ներկա էին, ընդհանրապես ձայն չեն հանել, հիմնականում խոսել եւ Ալիեւի ռեժիմից բողոքել են այն մարդիկ, որոնք Ադրբեջանում չեն բնակվում, բայց այդ Ֆորումի անդամ են։ Ավելին, օրինակ՝ Բախտիար Հաջիեւին, որը անգամ չէր խոսել Ֆորումի ժամանակ, Ադրբեջան վերադառնալուն պես ձերբակալել են, եւ նա հիմա իր 50-օրյա կալանքն է անցկացնում ճաղերի հետեւում։ Իսկ եթե մեղադրանքի մանրամասներին ծանոթանաք, դրանք ուղղակի անհեթեթ են, քանի որ, ըստ էության, մեղադրանքն այն մասին է, որ ինչ-որ մի ադրբեջանցի լրագրողուհու հետ կատվի ձագերի թեմայով վիճաբանություն է եղել, եւ խուլիգանության հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել։ Ինչ վերաբերվում է այս բնապահպաններին, ասեմ, որ Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումն ունի տարբեր աշխատանքային խմբեր․ դրանցից երրորդը բնապահպանական եւ էներգետիկ թեմաներով աշխատանքային խումբն է, 2009 թվականից այդ խումբը տարբեր ձեւաչափերով կա եւ ես այս մարդկանց երբեւէ չեմ տեսել, դա կհաստատեն նաեւ այդ բնապահպանական խմբի հայաստանյան ներկայացուցիչները, որոնք այդ մարդկանց երբեք այդ ֆորումի որեւէ քննարկումներում չեն տեսել։ Եւ նաեւ դատելով նրանից, որ քաղհասարակությունը Հայաստանում ահագին հետաքննչական գործողություններ էր իրականացրել եւ այդ մարդկանց ֆեյսբուքյան էջերն էր վերհանել, պարզվել էր, որ նրանցից մեկն օրինակ՝ Ռամիլ Սաֆարովին է գովազդում իր էջում, մյուսը Ալիեւի ընտանիքին, Ալիեւին է անձամբ շնորհավորում ամեն տարի ծննդյան կապակցությամբ, մյուսը իր էջի ետնանկարում Ալիեւի ընտանիքին է ջատագովում, այսինքն, սրանք հասկանալիորեն գործակալներ են։ Պետք է ասել, որ ադրբեջանական «քաղհասարակության» ներկայիս անդամներն էլ, այդ մատների վրա հաշված հետապնդվողներից բացի, ըստ էության, Ալիւեի գործակալներն են, եւ տարբեր ֆորումներում հենց Ալիեւյան թեզերն էլ շրջանառում են։

Այսինքն, եթե անգամ մեր այդ քաղհասարակության ֆորումի Ադրբեջանից ներկայացվածների մեծ մասն է գործակալ, (եւ դա այնպես չէ, որ ես հայ եմ, դրա համար դա ասում եմ, դա բոլորին, նույն Եվրամիությանն էլ հայտնի է), ապա պարզ է, որ սրանք գործակալ են ու գործակալ են։ Ադրբեջանում այլ բնապահպանական խնդիր չկա՞ր, որ հենց պետք է գային Լաչինի միջանցքի խնդիրը բարձրացնեին․ Ադրբեջանը նավթային, գազային երկիր է, բայց դուք երբեւէ լսե՞լ եք, որ իրենց մոտ բնապահպանական ինչ-որ ակցիաներ իրականացվեն»։

Իսկ արդյո՞ք ադրբեջանական քաղհասարակության ծանր վիճակը խնդիրներ չի՞ ստեղծում նաեւ հայաստանյան քաղհասարակության համար, հաշվի առնելով, որ «նման ֆորումները սկսում են քաղհասարակությունից՝ իրար հետ շփվելու, տեղեկություններով փոխանակվելու համար»։ Այս դեպքում ինչպե՞ս են հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները հարաբերվում ադրբեջանական այդ «քաղհասարակության» հետ։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Իրականում, բավական դժվար․ օրինակ՝ 2020-ին, երբ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել, իրենք մեր քաղհասարակությունից շուտ արդեն պատրաստել էին տեքստ այն մասին, որ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա եւ երեւի այդ հարձակումից շուտ այդ տեքստն արդեն տարածել էին։ Այս պարագայում, երբ հասկանալի է, որ դու գործ ունես գործակալի հետ, դու, բնականաբար, իրեն ինչ-որ բան համոզելու խնդիր չես դնում, քանի որ ինքը այդտեղ իր կարծիքը չէ, որ ներկայացնում է, այստեղ մեր խնդիրն է լինում ավելի շատ համոզել մյուսներին, քանի որ այդ ֆորումում բելառուսներն են, ուկրաինացիներն են, մոլդովացիներն են, վրացիները, իրենք էլ ամեն մեկն իր խնդիրն ունի, եւ այստեղ արդեն մեր խնդիրը մեր՝ հայաստանյան հարցերի վրա ուշադրություն հրավիրելն է, այդտեղ ճիշտ պատկերը ներկայացնելը։

Հատկապես, որ ադրբեջանական «քաղհասարակության» այն դեմքերի վարքն էլ, որոնք մենք համարել ենք քաղհասարակություն, փոխվել է․ օրինակ՝ լրագրող Հադիջա Իսմայլովան․ նրան անհեթեթ մեղադրանք էին ներկայացրել՝ իր մասնավոր կյանքին առնչվող, հասկանալի էր, որ ադրբեջանական պատրիարխալ հասարակությունում նպատակ էր դրված նրան առհասարակ հեղինակազրկել, մի տեւական ժամանակ նրան հետապնդում էին, այդ խնդրի մասին հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներն էլ բարձրաձայնեցին, դատապարտեցին, եւ այլն։ Բայց հետո մենք ի՞նչ տեսանք․ երբ 2020-ին Ադրբեջանը հարձակվել էր, այդ նույն Իսմայլովան գնդակոծություններից ու հրթիռակոծություններից ինչ-որ հրճվանքի գրառումներ էր կատարում սոցցանցերի իր էջերում, եւ այդտեղ արդեն չես կարող չկասկածել, որ, ըստ էության, երբ իրեն հետապնդել են, նույն այդ հետապնդող իշխանությունների հետ այս մարդը որոշակի գործարքների մեջ է մտել եւ այդ պատճառով էլ նման վարք է սկսել դրսեւորել։

Այնտեղ նման այլ մարդիկ էլ կան, օրինակ՝ պատերազմից հետո ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչները մի հայտարարություն տարածեցին՝ լիովին ալիեւյան PR թեզերով, թե բա եկեք եղբայրություն անենք, բարիդրացիություն անենք, բայց դուք՝ այս, մենք՝ այս, դուք ականազերծման քարտեզները տվեք եւ այլն, այսինքն, իրենց իշխանական բոլոր թեզերը այդ հայտարարության մեջ կար, եւ նաեւ այն մարդիկ, որոնք հետապնդվել էին, օրինակ՝ նույն Ջաֆարովը, ստորագրել էին այդ հայտարարությունը։ Փաստացի, ռեժիմի հետագա վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ նաեւ այդ իրենց համագործակցային մոտեցումներով էր պայմանավորված

Նաեւ ֆորումում մեկը կա, որ երիտասարդական հարցերով է զբաղվում, 4-րդ խմբի համակարգողն էր պատերազմի ժամանակ՝ Զաուր Ակբար անունով, նա էլ պատերազմի  ժամանակ սոցցանցերում հաղորդագրություններ էր գրում, որ մենք պետք է գնանք, Թուրքիայից ավելի շատ ռազմական օժանդակություն ուզենք, ավելի շատ զենք ուզենք, ուժեղանանք, հարձակվենք։ Եւ սա լիովին հակասության մեջ էր քաղհասարակություն ասվածի հետ, քանի որ քաղհասարակությունը վստահության կառուցման մասին է, բարիդրացիության մասին է, եւ դա էր պատճառը, որ նաեւ մեր իրազեկման շնորհիվ, այդ անձը չվերընտրվեց 4-րդ խմբի համակարգող, այլ մենք ընտրեցինք մեր բելառուս գործընկերոջը։

Մի կարեւոր հանգամանք էլ․ խոսքեր ասելով չէ միայն, փաստն այն է, որ այն հայերը՝ քաղաքացիական անձինք, որոնք 2020-ի պատերազմի ժամանակ այդ թեզերին հավատացել են, թե՝ այ ժամանակ է եղել, որ հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրել են, միգուցե նորից կարող ենք ապրել, եւ դուրս չեն եկել իրենց տներից, նրանք կամ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, կամ գերեվարվել են՝ մի մասը վերադարձվել է, մի մասը՝ Ադրբեջանի տարածքում է ոչնչանցվել։ Այսինքն, այն մարդիկ, որոնք մնացել են իրենց տներում՝ նրանք էլ չկան, իրենք այդտեղ չեն մնացել, այդտեղ այլեւս չեն ապրում, այսինքն այդ թեզը հնչեցնելը մի բան է, գործողությունն այլ բան է։

Մի թեզ էլ կա, որը վերջին համաժողովի ժամանակ իրենց քաղհասարակության պլատֆորմի համակարգողը հնչեցրեց, թե 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը հնարավորություն է ստացել ժողովրդավարական ուղով գնալու։ Ուղղակի ցնցող էր, որ այս մարդը ինքն իրեն որպես քաղհասարակության անդամ հեղինակազրկելու կարծես ավելի լավ միջոց չգտավ եւ դա ասեց։ Այդտեղ, իհարկե, մեծ հարց է առաջանում, թե օրինակ՝ Ալիեւի ռեժիմի պահպանման պարագայում ինչպե՞ս է Ադրբեջանը ժողովրդավարանալու եւ դա ասում է մեկը, որը քաղհասարակության ներկայացուցիչ է»։

Իսկ արդյո՞ք մեր քաղհասարակությանը հաջողվում է մեր՝ հայաստանյան նարատիվները տարածել։

Հակոբյանի խոսքով, իհարկե, այդ ֆորումներում պետք է հակազդել եւ այլն, բայց նաեւ պետք է նկատի ունենալ, որ այս մի ֆորումը Ուկրաինայում սկսված պատերամից հետո առաջին անգամ էր տեղի ունենում, եւ ավելի մեծ ուշադրությունը Ուկրաինային է հատկացվել։

«Բայց, իհարկե, մենք էլ ենք բարձրաձայնել հարցեր նույն Եվրամիության մեր գործընկերներին՝ արդյո՞ք իրենք ունեն լծակներ եւ գործիքակազմ, որպեսզի այնպիսի պայմաններով խաղաղություն միջնորդեն, որ Հայաստանը ստիպված չլինի Ալիեւի ճնշումների տակ մեծ զիջումների գնալ, այնպիսի զիջումների, որոնք մեզ համար անընդունելի են։ Նաեւ այդ ռազմական հանցագործությունների թեման է բարձրացվել եւ այլն, բայց այստեղ մենք բացի այդ ֆորումներում այդ հարցերը բարձրացնելուց, ավելի շատ կուլիսային ակտիվ աշխատանքի անհրաժեշտություն ունենք, քանի որ մի բան է, որ դու գնաս եւ ասենք՝ 1,5 ժամանոց ինչ-որ պանելային քննարկման ժամանակ այդպիսի մի հարց հազիվ ձեւակերպես եւ ինչ-որ պատասխան կամ ստանաս, կամ՝ չստանաս, կամ բարձրացնես ռազմագերիների հարցը եւ մեկ էլ հակազդեցությունը լինի ալիեւյան ինչ-որ մի թեզ, թե բա՝ դուք էլ ականապատում եք, մեզ ականների քարտեզներ չեք տալիս, ու որ այսպիսի ստանդարտ գզվռտոցի տպավորություն չթողնես, ավելի ճիշտ է, որ այդ մարդկանց, ով որ քեզ պետք է՝ ճշմարտության պատկերը ներկայացնելու համար իրենց հետ առանձին հանդպում ուզես, առանձին մանրամասն փաստերը ներկայացնես, բացատրես, նաեւ իրենց թեզերը բերես, ասես՝ այ ականների թեմայով որ ադրբեջանցիները խոսոմ են, մեր տեղեկությամբ՝ մեր իշխանությունները տվել են այդ քարտեզները, կամ ի՞նչ եք առջարկում, երբ որ մեր տարածքի վրա են հարձակվում, չականապատե՞նք։ Այսինքն, այդպիսի հարցեր կան, որոնք դու ավելի շատ կուլիսային աշխատանքով պետք է առաջ մղես։

Բլորին է պարզ,  նաեւ ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ ԱՄՆ-ին, որ ճանապարհը փակելը որեւէ բնապահպականկան նպատակների հետ աղերս չունի, դրա համար էլ Ադրբեջանին կոչ էին անում վերականգնել մարդկանց ազատ տեղաշարժը, սննդի եւ մնացած կարիքների մատակարարումը»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ տեղի ունեցողը միանշանակ միջազգային իրավունքի խախտումներով է ուղեկցվում։

Իսկ ի՞նչ իրավական գործընթացներ կարող են լինել։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Դա ամենաբարդ մասն է, միջազգային դատարաններում մեր ներկայացուցիչն էր գրառում կատարել, որ իրենք քննարկում են, թե ինչ գործիքակազմեր կան։ Այն, ինչը որ կա, անպայմանորեն պետք է անել, նախ՝ ՄԻԵԴ-ի -ճանապարհը կա, այնտեղ միջանկյալ միջոցի կիրառում կարելի է հայցել, բայց այլ հարց կա, որ սիսիտեմը վատ է աշխատում, քանի որ շատ պետություններ կան, որոնց դատարանը շատ բան է պարտավորեցրել, բայց նրանք չեն էլ կատարել այդ պարտադրանքը, օրինակ՝ նույն Ադրբեջանը, Թուրքիան։ Բայց, իհարկե, կարեւոր է այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, սպառել եւ այդ դիրքորոշումները հավաքել միջազգային դատարաններից, մարմիններից։ Դա շատ հզոր զենք է նաեւ դիվանագիտական աշխատանքի համար, քանի որ մի բան է, որ դու գնաս եւ ասես՝ ես ինչ-որ զեկույց եմ կազմել, որտեղ այսպիսի բաներ եմ փաստագրել, այլ բան է, երբ դու տանում եւ ասում ես, որ օրինակ՝ կա ՄԻԵԴ վճիռը՝ «Սարիբեկյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, այս վճռում ֆիքսվել է, որ այս մարդուն գերության մեջ սպանել են, եւ դա այս դետալներով է պարզվում, եւ դրանք անհերքելի ապացույցներ են։ Հայաստանյան կողմին միշտ կարելի է ասել, որ դուք միակողմանի բաներ եք գրում եւ այլն, դրա համար այդ միջազգային ատյանների բոլոր գործիքակազմերը պետք է օգտագործել»։