«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

Կայացել է «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 14-ին Երեւանում կազմակերպել են «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը ։

Շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցան Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության I իրավական բարեփոխումների եւ մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Շնորհանդեսին հիմնական զեկույցով հանդես եկավ գրքի հեղինակը՝ Մեծ Բրիտանիայի Միդլսեքս համալսարանի Իրավունքի դպրոցի մարդու իրավունքների ոլորտի պրոֆեսոր Ֆիլիպ Լիչը: ««Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն հրատարակության արդիականությունը Հայաստանի համատեքստում» զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

Ներկա էին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը, Վռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Նաիրա Հովսեփյանը, այլ դատավորներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գիրքը համապարփակ կերպով ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավունքը եւ դատավարական ընթացակարգը:

Այն քայլ առ քայլ նկարագրում է, թե ինչպես պետք է գործեր ներկայացնել Եվրոպական դատարան` անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են նախնական դիմումի ներկայացումը, գործերի առաջնահերթությունների որոշումը, հաշտության համաձայնությունները, միակողմանի հայտարարությունները, պիլոտային վճիռները եւ գործերի հանձնումը Մեծ պալատի քննությանը:

Գրքի չորրորդ հրատարակությունը ներառում է Եվրոպական կոնվենցիայի նյութական իրավունքի վերաբերյալ թարմացված, մանրակրկիտ, հոդված առ հոդված բացատրություններ։

Գրքի թարգմանությունը՝ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա Միավորում» կազմակերպությունը ․ գրքի հայերեն տարբերակի համախմբագիրներն են ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն իրականացրել է Անտարես հրատարակչությունը՝ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող եւ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության եւ արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ։