Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

ՀՀ ժողովուրդը նորից պետք է մի խումբ մարդկանց կողմից որոշված խաղի կանոնների շրջանակներում մնա՞․ Տիգրան Եգորյան

«Ես հիմա կփորձեմ շատ սեղմ ներկայացնել, բայց կրկնեմ՝ այսպիսի ձեւաչափով սահմանափակ քննարկումն արդյունավետ չի լինելու։

Առաջարկներ կան պատրոնաժի, այսպես ասած՝ ավանդույթային հենք ունեցող ինչ-որ «նպատակ լիազորություններ» նախագահին շնորհելու մասին․ սրանք իրականում ի՞նչ իրական արդյունք են ենթադրում, ի՞նչ իրական լիազորություն ու ֆունկցիա են ենթադրում, ինչպիսի՞ ազդեցություն են այս լիազորությունները ենթադրում այս ոլորտների վրա, ասենք՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, Աստղադիտարանի եւ այլնի։ Եւ այս առումով մենք, ըստ իս, մի մեծ խնդիր ունենք․ աշխարհում շատ տարբեր երկրներում շատ տարբեր բաներ կան այդ ավանդույթների տեսանկյունից, որոնք շատ օրինակելի են։ Կարելի է ծանոթանալ Raven Master-ի (Ագռավների տիրակալի) ինստիտուտին․ կա հատուկ Թագուհու անունից այդ ագռավների պահապանների ինստիտուտը, որը, այո, շատ գեղեցիկ է, ես անգամ ավելի երիտասարդ տարիքում երեւի մի ամբողջ օր հատկացրել եմ այդ Ագռավների տիրակալի ինստիտուտի մասին տարբեր բաներ նայելու, բայց ինչների՞ս է սա պետք։ Կամ ասենք՝ ի՞նչ պետք է նախագահն անի, եթե չունի այն իրական կշիռը, որը ուզենք-չուզենք, բխում է իր մանդատից, ի՞նչ լիազորություն էլ տանք մեկին, որը չունի այդ կշռով մանդատ, խիստ կասկածելի է, որ այդ լիազորությունները կարող են արդյունավետ իրագործվել»։

Այդ մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՍԲԽ անդամ, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Համատեղ նիստում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանի առաջարկը, որը վերաբերվում էր խորհրդարանական կառավարման համակարգում  նախագահի դերին։

Ինչ վերաբերվում է նախագահին տարբեր լիազորություններով օժտելու հարցին, ապա, ըստ Եգորյանի, մի խորքային շփոթ կա․ կարծես ենթագիտակցաբար փորձ է արվում նախագահին տալ ընդդիմության հակակշռող որոշակի դեր։

«Եւ մտածում ենք, որ այ լիազորություներ էլ, որ տանք, այ էս գրված անկախ, անկուսակցական նախագահին, էական հակակշիռների եւ փոխադարձ զսպումների մեխանիզմը կարող է ապահովվել, կամ ավելի լավ արդյունավետությամբ գործել։ Բայց այստեղ, մենք, ըստ իս՝ զարտուղում ենք, քանի որ մենք նախագահին նման ֆունկցիաներ չպետք է տանք, մենք չպետք է նախագահին դիտարկենք որպես այնպիսի քաղաքական ինստիտուտի փոխարինող, որը պետք է լինի ընդդիմությունը, ինչի՞ պետք է նախագահն օրինակ՝ կարողանա օրենքների վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով։ Ի՞նչ բովանդակություն պետք է կրեն այդ առաջարկությունները, ինքը պետք է իրականացնի քաղաքական վերանայո՞ւմ, իրավունքի քաղաքականության տեսանկյունից նպատակահարմարությո՞ւնը այդ օրենսդրության մշակման, թե՞՝ նեղ մասնագիտական, այսպես ասած, օրինաստեղծ տեխնիկայի վերաբերյալ, եւ արդյո՞ք հնարավոր է սահմանազատել մեկը մյուսից այնպիսի ստերիլությամբ, որ նախագահը չմիջամտի իր այս գործառույթներով եւ իր պատկերացրած լիազորությունների արդյունավետ իրագործմամբ՝ չմիջամտի եւ չխոչընդոտի օրենսդրի գործունեությանը եւ, ըստ էության, չխոչընդոտի կառավարելիությանը խորհրդարանական պետությունում։ Եւ այստեղ մենք նաեւ պետք է հասկանանք, թե ինչպիսի ռեսուրսներով պետք է այդպիսի օրենսդրական վերանայում անելու լիազորություն ունեցող նախագահին օժտենք, եւ արդյո՞ք այդ ծավալը նպատակահարմար է խորհրդարանական կառավարման համակարգում տալ նախագահին, որը մեծ հաշվով ընտրվում է ընդամենը պարզ մեծամասնությամբ, այսինքն, ի վերջո, եթե այն երկու տարբերակով չընտրվեց, պարզ մեծամասնությամբ ընտրվում է՝ քաղաքական մեծամասնության կողմից։ Արդյո՞ք այս ֆունկցիաները տալով՝ մենք իրականում մի լրացուցիչ պատրանքի մեջ չենք ընկնում, որ քանի որ մենք գրել ենք, որ նախագահը անկախ է, ապա իրականում էլ անկախ է, արդյո՞ք սա իրականում ԱԺ մեծամասնության կցորդի կողմից երկրորդային հաստատում չէ։

Եւ արդյո՞ք նախագահն ունի այն պոտենցիալը, (ինստիտուտին տրված երաշխիքների մասին է խոսքը) որ ինքը դառնա իսկապես ձեր կողմից ներկայացված վերպետական, բացառիկ բարոյական, բացառիկ վարդապետական, այսպես ասած, մղումներով ու բովանդակցությամբ։ Ո՞նց է դա ապահովվում։

Եւ այստեղ ցանկանում եմ մի փոխկապակցում կատարել քաղաքացիության հետ կապված հարցին․ դուք ասում եք՝ ընտրվելուց հետո, (ես ուզում եմ ճշտել՝ ընտրվել նկատի ունեք նաեւ լիազորությունները ստանձնե՞լ, քանի որ տարբեր ժամանակներում են լինում), ձեռնարկի քայլեր, եւ եթե դուք սա դիտարկում եք լիազորությունները ստանձնելուց հետո, արդյո՞ք մենք այդ բարձր ստանդարտներով մեր կողմից օժտված նախագահի համար չենք առաջացնում երդմնազանցության բարոյականության խնդիր, արդյո՞ք մենք չենք բերում այդ մարդուն կանգնեցնում եւ ասում՝ հիմա դու քո լիազորությունները երդմամբ ստանձնելով՝ ավտոմատ խախտիր այն բոլոր բարոյական արժենքերը, որոնց դու հետագայում պետք է ծառայես։

Արդյո՞ք ընդունելի կլինի երդում տալ ՀՀ ժողովրդի առջեւ եւ միայն նոր դրանից հետո ձեռնարկել քայլեր իր նախկին երդումից ազատվելու ուղղությամբ, քանի որ այլ քաղաքացիության շրջանակներում եւս նա գործել է այդ լոյալությամբ։

Այստեղ նաեւ ներման հետ կապված առանձին պետք է հարց բարձրացնել՝ արդյո՞ք ԱԺ-ում քաղաքական մեծամասնության կողմից ընտրվող նախագահը պետք է ունենա դատական իշխանության ակտերի այսպիսի վերանայման իրավունք, ի՞նչ նպատակ է սա հետապնդում․ եթե այն ավանդույթներով ձեւավորված տարբեր երկրներում օրինակները պետք է բերվի, ապա սրանց համադրելիությունը ՀՀ-ի հետ պետք է քննարկվի, բայց ինչի՞ պետք է նախագահը նման վերանայման հնարավորություն ունենա։

Մոդելի մասին․ եթե մենք կարեւորում ենք ժողովրդի ընտրության, ժողովրդի որոշման հարցը, եւ մենք հավատարիմ ենք Սահմանադրության 1-ին եւ 2-րդ անփոփոխելի հոդվածներով ֆիքսված արժեքներին, ապա արդյո՞ք մենք պետք է այստեղ որոշենք կառավարման համակարգի հարցը, արդյո՞ք ՀՀ ժողովուրդը նորից պետք է մի խումբ մարդկանց կողմից որոշված խաղի կանոնների շրջանակներում մնա, արդյո՞ք մենք նորից պետք է զրկենք ՀՀ ժողովրդին իր կառավարման համակարգը որոշելու հնարավորությունից։ Ես, որքան հիշում եմ, մեր նախորդ քննարկումներից՝ բոլորը կարծես համաձայն էին, որ անկախ կառավարման համակարգից, հնարավոր է ապահովել արդյունավետ եւ որակյալ հակակշիռների եւ փոխադարձ զսպումների մեխանիզմ եւ հիմնական արգումենտը կառավարման խորհրդարանական համակարգը չփոխելու այն էր, որ կառավարման համակարգի հաճախ փոփոխելիությունը խնդիր է առաջացնում։ Բայց այստեղ շատ ավելի կարեւոր հարց է՝ արդյո՞ք մենք չպետք է այս հարցը պատվիրակենք ժողովրդին, որ ժողովուրդը ընտրի այն հիմնական, մեծ սահմանադրական կառուցակարգերը, որոնց արդեն մասնագիտական տեսանկյունից պետք է այս մարմինները փորձեն միս ու արյուն հաղորդել, եւ բովանդակություն լցնել։

Եւ այստեղ այդ հանրաքվեի, եթե կուզեք՝ երկու փուլերի հարց է բարձրանում․ առաջարկում եմ՝ հանրաքվեի դնելու հարցը քննարկել»,- հայտարարել է Եգորյանը։

Exit mobile version