«Նոյեմբերի 9-ը բոլորիս համար շատ ծանր օր է, այն, ըստ իս՝ բեկումնային օր է, բոլորս էլ շատ ծանր ապրումներ ենք ունեցել, եւ հենց այդ պահից հետո ամեն մեկը յուրովի խորհում է դրա պատճառների, մեր ներկայիս վիճակի մասին, եւ թե մեզ ինչ ապագա է սպասվում, ինչ սխալներ են թույլ տվել ե՛ւ նախկինները, ե՛ւ ներկաները, ե՛ւ յուրաքանչյուրս մեր մասով, եւ նաեւ, թե յուրաքանչյուրս ինչ պետք է անի, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, շտկենք մեր ողնաշարը եւ առաջ գնանք։ Պատճառների մասին շատ են խոսել, շատ են վերլուծել՝ եւ այդ կոռուպցիան, եւ մարդիկ, որոնք տարիներ շարունակ մեզ համոզում էին, որ հանգիստ եղեք, մենք բանակցում ենք, բանակն ենք հզորացնում, «Իսկանդեր» ենք գնում, սա ենք գնում, նա ենք գնում, ինչ, որ պետք է, անում ենք, դուք էլ այս ժողովրդավարության նահանջի հետ կապված զրկանքները լուռ ու մունջ կրեք, շատ մի բողոքեք, քանի որ ամեն ինչ արվում է Արցախի համար, արդյունքում տեսանք, թե իրականում ինչ էր արվում Արցախի համար, ինչ է արվել հենց մեր պետության, բանակի հզորացման համար։ Բայց նաեւ մենք էլ միգուցե շատ էինք վստահում չասեմ՝ նախկին իշխանությանը, (քանի որ նախկին իշխանությանը երբեք էլ չէինք վստահում), այլ այսպես կոչված փորձագիտական համայնքին, որն ավելի շատ քնած էր, ավելի հանգիստ էր, որ միգուցե ՌԴ-ն թույլ չի տա այս պատերազմը, միգուցե էս չի լինի, էն չի լինի եւ այս անհանգստությունը իրականում շատ քչերի մեջ էր»,- այս մասին «Factor.am»-ի տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։
Նա հավելել է․
«Քաղաքական իմաստով էլ եթե անդրադառնանք, ապա պետք է արձանագրել, որ հենց առաջին նախագահից սկսած էլ, կարծում եմ՝ պատշաճ ջանք չի գործադրվել․ այդ քաղաքացիական պատերազմի միֆը, որի մասին խոսվում է, պարզվեց՝ միֆ էր, եւ անգամ մեր երկու տարի առաջվա ծանրագույն պարտությունից հետո մեզ մոտ քաղաքացիական պատերազմ տեղի չունեցավ, այն ժամանակ էլ տեղի չէր ունենա։ Եթե առաջին նախագահը դա էր ճիշտ համարում, ապա չեմ կարծում, որ հանրությանը համոզելու եւ իրազեկելու համար պատշաճ ջանք գործադրեց, ի՞նչ արեց, ըստ էության, մեկ հարցազրույց էր տվել, մեկ հատ էլ հոդված էր գրել։ Կարելի՞ է ասել, որ դա, այդ ժամանակվա հաղթանակած, էյֆորիկ վիճակում գտնվող ազգի համար այդ լուրջ մարտահրավերները բացատրելու պատշաճ ջանք էր, ըստ իս՝ ոչ, այդտեղ մի քիչ ավելի երկար աշխատանք էր պետք տանել, եթե իրոք նպատակը այս զարգացումները թույլ չտալն էր։ Հետեւաբար, ամեն մեկը այսպես հանգիստ, մեջքի վրա հետ նստելու փոխարեն, լավ կանի իր սխալները ընդունի։ Դե, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի մասին չեմ էլ ուզում խոսել, արդեն շատ է ասվել։ Փաշինյանի սխալներն էլ կային, այնպես չէ, որ ես այստեղ եկել եմ ասելու, որ այս իշխանությունն ամեն ինչ ճիշտ է արել։ Այստեղ էլ զգոնության, աչալրջության խնդիրներ կային, որ պետք է դրսեւորվեր, եւ չդրսեւորվեցին, նաեւ ժամանակին ներքին ժողովրդավարական հետընթացների հետ են փոխկապակցված՝ տարիուկես ՍԴ բարեփոխում էր իրականացվում, մինչդեռ մենք շատ լուրջ մարտահրավերների առաջ էինք կանգնած։ Այսօր նոր ակնարկների եւ մի քիչ էլ, այսպես, բաց տեքստերի մակարդակով խոսվում է այլ պետությունների ինչ-որ գործակալական ցանցերի ներկայության, դրանցից մեր պետական համակարգը մաքրելու մասին, բայց այն, որ այդ գործակալական ցանցերը կային, դա նորություն չէր, չէ՞»։
Հարցին, թե Ուկրինայում էլ կային այդ ցանցերը, բայց 8 տարիների ընթացքում նրանք հաղթահարեցին այդ խնդիրը, ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ օրինակը չվերցրեցին՝ պետական համակարգն այդ ցանցերից մաքրելու հարցում, Հակոբյանը պատասխանել է․
«Դրա համար իսկապես լուրջ, խորքային աշխատանք էր պետք տանել, եւ տարբերություն էլ կա մեր եւ Ուկրաինայի միջեւ, իրենք այդ ցանցերը թոթափելու, այլ կուրս վերցնելու փորձը 2014 թվականից են սկսել, եւ այնպես չէ, որ իրենց ամբողջությամբ դա հաջողվել է անել, այնտեղ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր ընթանում։ Մեր պարագայոմ էլ նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ օրվա կադրերում օրինակ՝ հրապարակում տեսա փաստաբանների, որոնց ես մեր գործընկերն էի համարում, բայց իրենք հայտնի չէ, թե ինչ օրակարգով էին այնտեղ հայտնվել եւ հետո էլ տեսանք՝ ում էին ներկայացնում եւ այլն։ Եւ ոչ միայն ներկայացնում էին, որովհետեւ բնական է, որ եթե ինչ-որ անձի մեղադրանք է ներկայացվում, նա փաստաբան ունենալու իրավունք ունի, եւ հետեւաբար, այդ անձինք էլ իրավունք ունեն իրեն ներկայացնելու, բայց նրանց այսպես սերտաճել էին իրենց վստահորդներին, իրենց վստահորդների գովքն էին անում, այնտեղ տեսանք՝ այդ նույն վստահորդների հետ կապված ԲԴԽ-ի որոշ պաշտոնյաներ ինչպիսի հայտարարություններ էին անում, եւ մի քիչ ավելի խորքային մոտեցում եւ ավելի մեծ կարողություններ էր պահանջվում՝ այդ ամենը բացահայտելու համար։ Բայց ցավալիորեն, այս փուլում էլ տեսնում ենք, որ պատշաճ ջանքեր չեն գործադրվում․ այո, այդ ըմբռնումը կա, այդ կուրսի փոփոխությունն էլ որոշակիորեն նկատվում է, իսկապես, այս բազմավեկտոր քաղաքականությունը պետությունը փորձում է իրականացնել, հասկանալի է, որ դա հեշտ, մի օրվա գործ չի։ Այստեղ, իհարկե, հասարակական տարբեր խմբերի կարծիքները, օժանդակությունը օգնում է նաեւ իշխանությանը՝ այդ կուրսը ավելի համարձակորեն տանելու եւ այլն, ինչը լավ է, բայց իսկապես մարտահրավերնեն էլ շատ են եւ մի քիչ ավելի լուրջ մոտեցում է պետք եւ ավելի շատ կարողություններ»։
Իսկ արդյոք համարժեք էր այս իշխանությունների քաղաքականությունը, երբ ձեռքի տակ ունեին դեռ 2017 թվականին կազմված ԱԽ զեկույցը, ըստ որի՝ Հայաստանն Ադրբեջանին 10 անգամ զիջում էր կրիտիկական ենթակառուցվածքներով, 21 անգամ ռազմական, էնեգետիկ տրանսպորտային ենթակառուցվածքներով։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այստեղ, իհարկե, նաեւ ինչ-որ օբյեկտիվ պատճառներ էլ կային՝ կար Կովիդը, կար 2018-ի հեղափոխությունից հետո մինչեւ ԱԺ ընտրություններում հաղթելու ժամանակը, երբ ԱԺ-ի նման կարեւորագույն կառույցը խորհրդարանական պետությունում դեռեւս նախկին իշխանության ձեռքում էր, եւ ամեն ինչ չէր, որ հնարավոր էր անել, բայց իհարկե, բաց թողնված հնարավորություններ էլ կային։ Բայց այստեղ պետք է մի քիչ ավելի շատ ինֆորմացիայի տիրապետել, որպեսզի ավելի մանրամասն խոսես այդ մասին»։
Անդրադառնալով պետության անվտանգությունն ու ժողովրդավարությունը իրար հակադրող խմբերին, զուգահեռաբար 300 անձի հանդեպ ապօրինի ծագման գույքի հետ կապված հարուցված վարույթների, եւ երկրի անվտանգության խնդրին դրա փոխկապակցվածության հարցին՝ Հակոբյանը նշել է․
«Բնականաբար, սա առողջացման պրոցես է, եւ դա լավ պրոցես է, այստեղ էլի մի մտավախություն կա, որ գոնե կարողությունները ներեն այս պրոցեսը մինչեւ ցանկալի հանգրվան հասցնելու։ Նախկին փորձը, ցավոք, շատ հուսադրող չէ, բայց ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում։ Բնականաբար, այդ ամենը ուղիղ կապ ունեցել է մեր իրավիճակի հետ, որ այդ անձինք, այդ թվում ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եւ շատ այլ անձինք փոխարենը մտածելու մեր պետության հզորացման մասին, իրենց սեփական բարեկեցության մասին էին մտածում։ Ինչ վերաբերվում է ժողովրդավարության բացասական ազդեցությանը պետության անվտանգության վրա, ապա դա, իհարկե, բռնապետական պետությունների իշխանությունների եւ բռնապետների սիրելի թեզն է, որը շրջանառում են նաեւ, այսպես կոչված, չեզոք ներկայացող փորձագետների միջոցով։ Մեր Արեւելյան գործընկերությունում մի այդպիսի քննարկում տեղի ունեցավ մի երկու տարի առաջ, երբ ադրբեջանցի, թվում էր, թե անկախ փորձագետը, որը նույնիսկ բռնաճնշումների է ենթարկվել Ադրբեջանում, եւ հանգրվանել եվրոպական պետությունում, պտտում էր այդ թեզը, թե ժողովրդավարությունը, միգուցե, այդքան էլ նպաստավոր բան չէ պետության անվտանգության համար, եւ հասկանալի էր, թե այդ թեզի ակնունքները որտեղից էին գալիս։ Բայց այդպիսի թեզերին, հատկապես 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի հավատում, կամ առնվազն մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, որ մեր պետության քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն այլեւս չի ուզում տեսնել նահանջ ժողովրդավարությունից, եւ թեկուզ հասկանալով այս իշխանության բոլոր սխալներն ու թերությունները եւ այլն, չընտրեց հակաժողովրդավարական ուժերին․ 2020 թվականի նոյեմբերի 9-ից այսկողմ էլ տեսանք, թե այդ ուժերն ինչպիսի աջակցություն ստացան փողոցում եւ առայսօր էլ ինչպիսի աջակցություն են ստանում ժողովրդի կողմից։ Եւ հենց այդ պատճառով էլ նրանք չեն հաշտվում ժողովրդի ընտրության հետ եւ ամեն կերպ նպատակ են դարձրել իշխանությունը զավթելը։ Այնինչ, մարդիկ ցանկանում են՝ իրենք ընտրեն, թեկուզ եւ սխալ, այդ ընտրությանը իրենք տեր կկանգնեն, հաջորդ ընտրություններում կուղղեն, բայց ըստ իս՝ մեր ժողովուրդն, իսկապես, այս տարիների փորձությունների ձեքին մեծ դոզայով խոհեմություն եւ իմաստություն է ձեռք բերել, եւ ապացուցել է, որ մենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքին ենք պատկանում եւ մեզ համար ժողովրդավարական արժեքները , իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները ժողովրդավարության հիմնասյունը հանդիսացող ազատ ընտրական իրավունքը իսկապես մեզ համար արժեք է»։
Անդրադառնալով վերջերս կայացած ՔՊ վարչության ընտրություններին եւ դրանց փոփոխված արդյունքների հետ կապված հարցին՝ Հակոբյանը նշել է․
«Ես կարծում եմ, որ հանրությունն, իսկապես, տեր է իր քվեին, եւ այդ զարգացումների զարկերակին իր ձեռքը պահում է։ Մենք տեսանք, որ այդ մասին նաեւ բավականին բարձրաձայնեցին, խոսեցին՝ ե՛ւ տարբեր իրավապաշտպաններ, ե՛ւ տարբեր այլ շրջանակներ։ Նաեւ չէի ցանկանա գլխանց գնահատել, որ այ խախտումներ են տեղի ունեցել, քանի որ նաեւ գիտեմ, որ հայերն այսպիսի բնավորություն ունեն, որ եթե այնտեղ իսկապես շատ լուրջ ընտրակեղծիքների հարց լիներ, թիմն այսպես միասնական չէր շարունակի իր ուղին, անպայման կլինեին անջատվողներ, իրենց դժգոհությունը ֆեյսբուքում արտահայտողներ։ Դա հուշում է, որ թերեւս մի քիչ այլ զարգացումներ են այնտեղ տեղի ուենցել, նաեւ մի քիչ մակերեսից ներքեւ է պետք տեսնել, օրինակ՝ այնտեղ կան դեմքեր, որոնք լուրջ պաշտոններ ունեն, բայց երբ նայում ես այդ ընտրությունների արդյունքներին, տեսնում ես, որ ամենեւին էլ առաջնային տեղեր չեն գրավել կուսակցության ներսում, եւ երբ տեսնում ես, թե ընտրությունների վերաբերյալ դժգոհությունները առաջին հերթին ո՛ր ԶԼՄ-ներում են շրջանառվում, օրինակ՝ «Հրապարակ» թերթը, եւ թե ում են թիրախավորում, թե ինչ կապեր կան այդտեղ, ապա մի քիչ ավելի շատ ես ուզում մակերեսից ներքեւ վերլուծություններ կատարել։ Նաեւ ընտրությունների դիտորդության մեր փորձը թույլ չի տալիս պրոցեսների մեջ չմտած, առաջնային աղբյուրներից փաստաթղթեր եւ այլն չստացած՝ մակերեսային եզրահանգումներ անել։ Մի քիչ շատ մտածելու բան կա»։
Իսկ ինչպե՞ս վարվել այն վտանգի հետ, որ ներքին որոշ հոսանքներ Հայաստանը այս կամ այն պետությանը միացնելու, անկախությունից զրկելու կոչեր են անում։
Ըստ Հակոբյանի, այդ հոսանքները նոր չեն։
«Թող պատմաբանները տան այդ վերլուծությունները, որոշները նաեւ տալիս են այսօր, բայց ըստ իս՝ այդ հոսանքներն են նաեւ մեր պատմության մեջ պատճառ հանդիսացել նրա, որ մենք եկել հասել ենք այս օրվան, որ պատմության ընթացքում կորցրել ենք ե՛ւ տարածքներ, ե՛ւ ինքնիշխանություն, եւ այլն։ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է կարմի գիծ լինի։ Իհարկե, տարբեր վերպետական միություններ կան, օրինակ՝ ԵՄ օրինակն է շատ քաջալերող, երբ պետությունները հանուն բարձր նպատակների միավորվել են, բայց այստեղ ոչ մեկն իր ինքնիշխանությունը եւ դրա կենսական ասպեկտները չի զիջել ինչ-որ մի այլ կառույցի, եւ դա պետք է մեզ համար կարմիր գիծ լինի, եւ ցանկացած մեկը, որը այդպիսի կոչերով, այդպիսի մտադրություններով կմտնի ասպարեզ, այս դեպքում էլ հույսը պետք է դնեմ մեր ժողովրդի խոհեմության վրա, որ իրենք եւս հասկանում են եւ ժողովրդավարության եւ ինքնիշխանության արժեքը, եւ լուրջ չեն ընդունի այդ անձանց ու դրանց կոչերին չեն տրվի։ Ինչ վերաբերվում է օրենսդրական կարգավորմանը, այստեղ մի քիչ պետք է զգույշ լինել, քանի որ խոսքի ազատության իրավունքի սահմանները հատելու հարց կարող է առաջանալ, ուստի պետք է հասկանալ՝ այդ օրենքը ինչպիսի ձեւակերպումներ կստանա։ Բայց ավելի շատ կասեի, որ հանրային իրավագիտակցության, իրազեկման բարձրացման կոմպոնենտը ավելի շատ պետք է լինի, մեր իշխանությունները եւ ավելի ժողովրդավար ու առողջ ուժերը մի քիչ ավելի շատ պետք է աշխատենք մարդկանց հետ, ավելի շատ բացատրենք, թեեւ հակազդեցությունն էլ կլինի, այն մյուս կողմը ավելի շատ մեդիաներ ունի, ավելի շատ գործիքակազմ ունի եւ այլն, բայց մենք էլ պետք է կատարելագործենք մեր գործիքակազմերը»,- ասել է Հակոբյանը։
Իսկ որքա՞ն իրատեսական է ռուսական կայսերականությանը զոհաբերվելու վտանգը, ՌԴ-ն այսօր Ուկրաինայի ինքնիշխանության դեմ պատերազմ է վարում, եւ եթե ՀՀ-ն ինքնիշխանության հարց բարձրացնի, մի օր էլ թիրախում կարող է ինքը հայտնվել։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այստեղ նաեւ այն հարցն է, որ ագրեսորները պետք է հաջողության չհասնեն, հստակ է, որ այստեղ ՌԴ-ն ագրեսոր է Ուկրաինայի հանդեպ, Ադրբեջանը մեր նկատմամբ է ագրեսոր, եւ մեր շահերից է բխում, որ որեւէ ագրեսոր որեւէ պետության հանդեպ ուժի կիրառմամբ որեւէ հաջողության չհասնի, որպեսզի տիրի այն իրավակարգը, այն աշխարհակարգը, որ նման միջոցներով պետություններն ու դրանց ղեկավարները չպետք է հարցեր լուծեն եւ պետք է հույսները դնեն դիավանգիտական գործիքակազմի, բարիդրացիության եւ այլնի վրա, փաստացի մեր շահերից է բխում ագրեսորներին չստարելը։ Հասկանալի է, որ մենք այս պահին Ռուսաստանից շատ կտրուկ շրջադարձների հնարավորություն չունենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ քայլերն էլ ակնհայտ են, բայց նաեւ մենք պետք է հասկանանք, թե մենք մեզ ինչ ակումբում ենք տեսնելու, հասկանանք, որ մենք մեզ չենք կարող տեսնել մի ակումբում, որին ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է, ինչը մեզ ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Այստեղ նաեւ սեպտեմբերի 13-ի հարձակումները որոշակի լույս սփռեցին, թե ինչպիսի փոխօգնություն են իրար ցուցաբերում Ռուսաստանը եւ Ադրբեջանը, եւ որ որոշակի առումներով ինչ-ինչ հարցերում նրանց շահերը համընկնում են, եւ դա եւս մեզ ահագին մտորումների տեղ տվեց։ Այս ամենը մեզ, իհարկե, շատ ծանր գնով է տրվում, բայց ես այս պահին կարծես՝ այլ ելք չեմ տեսնում»։
