Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահների հայտարարությունը

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահների հայտարարությունը

 

21.09.2022 թ.

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ ուղղակիորեն թիրախավորելով արևելյան և հարավ-արևելյան սահմանամերձ Գորիս, Կապան, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք քաղաքները և սահմանամերձ մի շարք գյուղեր՝ հարձակման ենթարկելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախներն անխտիր: Այս հարձակման արդյունքում հայկական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի (այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ)։ Գերևարվել է 20 հայ զինծառայող։  Տեղահանվածների թիվը հասել է գրեթե 3000-ի։

Սա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հերթական կոպիտ խախտումն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր։

Այս գործողությունները բացահայտ հակադրվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությանը։

ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմն (ՔՀՊ) իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Եվրամիությանը (ԵՄ)՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ից սկսած հրադադարի հաստատմանն ուղղված անխոնջ ջանքերի համար: Միևնույն ժամանակ, Քաղհասարակության պլատֆորմը մտահոգություն է հայտնում մի շարք տեղեկությունների առնչությամբ, որ Ադրբեջանը ևս մեկ լայնածավալ հարձակում է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Նախիջանի ուղղությամբ1։

Քաղհասարակության պլատֆորմն ընդունում և գնահատում է ԵՄ-ի շարունակական ջանքերը՝ երկու կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ: Պլատֆորմը ողջունում է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահի հայտարարությունը2, ինչպես նաև իր հատուկ երախտագիտությունն է հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների այլ դեսպաններին սահմանամերձ Ջերմուկ քաղաք կատարած վերջին այցի համար՝ ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության և տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Միևնույն ժամանակ, քաղհասարակության պլատֆորմը կոչ է անում ԵՄ-ին.

  • — դատապարտել Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ և պնդել, որ հրադադարիը լիարժեքորեն պահպանվի.
  • — պահանջել իրականացնել մարդու իրավունքների չարաշահումների և ոտնահարումների և պատերազմական հանցագործությունների բոլոր մեղադրանքների քննություն.
  • — հստակ ուղերձ հղել, որ ուժի կիրառումը վտանգում է հարաբերությունների կայուն կարգավորումը տարածաշրջանում և անընդունելի է.
  • — պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, ներառյալ նրանց, որոնք գերևարվել են 2020 թվականի պատերազմի սկզբից ի վեր.
  • — կազմակերպել ԵՄ բարձր մակարդակի այց Հայաստան և Ադրբեջան՝ իրավիճակը քննարկելու և միջազգային կառույցներում և ֆորումներում գործողությունները համակարգելու նպատակով։

 

Քաղհասարակության պլատֆորմը

  • — կոչ է անում Հայաստանի կառավարությանը աշխատել ԵՄ-ի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ և ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հասնելու համար:

 

Լուսինե Հակոբյան

Իոնուտ Սիբիան

 

________

  1. ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի հարցի վերաբերյալ. 15.09.2022, https://www.youtube.com/watch?v=bM2Iq665lnU
  2. https://www.europarl.europa.eu/cmsdata/253919/20220913_Azerbaijani%20mil…

 

 

Տեղեկանք․

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածին համապատասխան։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։