Ս.թ. սեպտեմբերի 5-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը հանդիպեցին Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, ականավոր իրավապաշտպան և քաղաքական ակտիվիստ Ալբի Զաքսի հետ:
Հանդիպման ավարտին Զաքսը կազմակերպությանը նվիրեց իր կողմից խմբագրված և մակագրված ««Սիրելի ընկեր Նախագահ». Օլիվեր Տամբոն և Հարավային Աֆրիկայի Սահմանադրության հիմունքները» գիրքը և Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրության նախաբանի մակագրված օրինակը:
Ալբի Զաքսն սկսել է իր հասարակական-քաղաքական գործունեությունը տասնյոթ տարեկանում, երբ որպես Քեյփթաունի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող՝ մասնակցել է քաղաքացիական անհնազանդության քարոզարշավին:
Զաքսն սկսել է իր իրավաբանական գործունեությունը 21 տարեկանում Քեյփթաունի փաստաբանների ասոցիացիայում՝ պաշտպանելով Հարավային Աֆրիկայում տիրող ապարտեիդից տուժած անձանց շահերը: Ազատության շարժմանը մասնակցելու համար ավելի քան հինգ ամիս ձերբակալվելուց և մենախցում մնալուց հետո Ալբի Զաքսն աքսորվել է Լոնդոն, որտեղ ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան Սասեքսի համալսարանից: Անգլիայում 11 տարի դասավանդել է իրավունք, իսկ դրան հաջորդող 11 տարիներն անցկացրել է Մոզամբիկում, որտեղ աշխատել է որպես իրավագիտության դասախոս և հետազոտող։ 1988 թվականին Մոզամբիկում Ալբի Զաքսը մեքենայի պայթյունի հետևանքով կորցրել է իր ձախ ձեռքը և մասամբ նաև տեսողությունը։ Մահափորձից հետո Զաքսը իրեն նվիրել է Հարավային Աֆրիկայի նոր ժողովրդավարական սահմանադրության մշակմանը: Հարավային Աֆրիկա վերադառնալուց հետո նա դարձել է Նելսոն Մանդելայի գլխավորած Աֆրիկյան ազգային կոնգրեսի սահմանադրական կոմիտեի և ազգային վարչակազմի անդամ:
Ռումբի պայթյունից ստացված վնասվածքներից ապաքինվելուց հետո նա իր ժամանակը նվիրել է Հարավային Աֆրիկայի նոր ժողովրդավարական Սահմանադրության մշակմանը: 1990-ին վերադարձել է հայրենիք և որպես Սահմանադրական կոմիտեի և ՀԱԿ Ազգային գործադիր մարմնի անդամ, ակտիվ մասնակցություն ունեցել Սահմանադրության ընդունման շուրջ ընթացող բանակցություններին, որոնք հանգեցրել են Հարավային Աֆրիկայի սահմանադրական ժողովրդավարության կայացմանը: 1994 թվականի առաջին ժողովրդավարական ընտրություններից հետո նախագահ Նելսոն Մանդելան նրան նշանակել է նորաստեղծ Սահմանադրական դատարանի դատավոր։
Նա ճանապարհորդել է բազմաթիվ երկրներ՝ կիսելով Հարավային Աֆրիկայի փորձը պառակտված հասարակությունների ապաքինման հարցում: Զբաղվել է նաև արվեստով և ճարտարապետությամբ, ակտիվ դեր խաղացել Յոհանեսբուրգի Օլդ Ֆորտ բանտի տարածքում Սահմանադրական դատարանի շենքի և արվեստի հավաքածուի ձևավորման գործում։


