«Միանգամից քննադատական, կամ ինքնաքննադատական կետերից սկսեմ, այո, կա պրոբլեմ, մենք՝ սահմանադրականն բարեփոխումների Խորհուրդը եւ Հանձնաժողովը դեռ կարծես չենք կարողանում այն անհրաժեշտ եւ բավարար մակարդակի մասնակցայնությունն ու ներառականությունն ապահովել, իսկապես լայն հարթակներում քննարկումները կազմակերպելու համար։ Մենք այս ուղղությամբ
պետք է մեծ ջանքեր ձեռնարկենք, եւ սա բոլորին ուղղված խնդրանք է, քանի որ, ինչպես ես եմ տեսնում, միայն Խորհուրդն ու Հանձնաժողովը եւ դրանց կարողությունները ապահովող ինստիտուտը չի կարող մեծ հաշվով ապահովել այդ
ծավալը, այդ պատճառով ցանկացած նմանատիպ միջոցառում, որը հնարավոր է դառնում այլ գործընկերների օգնությամբ, ինչպես օրինակ այսօր, խրախուսելի է եւ մենք խնդրում ենք, որպեսզի ձեր հերթին եւս ստեղծեք հարթակներ, որտեղ մենք կկարողանանք հնարավորինս խոր եւ բոլոր հարցերի վերաբերյալ
քննարկումներ ունենալ։
Նաեւ ընդունում եմ բոլոր քննադատությունները կայքում կարծիքներ թողնելու գործիքի կապակցությամբ, դա եւս միամտություն կլինի համարել, որ մարդիկ պետք է եւ կարող են արդյունավետորեն մասնակցել այդ գործիքով, դա պիտանի գործիք չէ, իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կկարողանան դրանով մասնակցել,
բայց մնացածի համար պետք է խոր քննարկումներ կազմակերպել, քննարկումները կարեւոր են բոլոր դեպքերում, անգամ այն մարդկանց համար, ովքեր պետք է այդ քննարկման արդյունքում իրենց ճշմարտացիությունն իրենց առջեւ վերահաստատեն»։
Այդ մասին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի սահմանադրական բարեփոխումներին նվիրված համատեղ քննարկման ժամանակ
ունեցած իր ելույթում հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության ավագ
իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն է Սահմանադրության հիմնական առաքելությունը, Եգորյանը նշել է․
«Մեծ հաշվով երկու բան․ նախ՝ սահմանի թե դու ով ես, որտեղից ես գալիս, ուր ես գնում, ինչքանով որ հնարավոր է, այս պահին հայ ժողովուրդն այդ խնդիրը լուծել է Անկախության հռչակագրով, Սահմանադրության նախաբանով, Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածներով, որոնք պաշտպանված են
անփոփոխելիությամբ, երկրորդ խնդիրն է սահմանել այդ ճարտարապետությունը, թե ինչպես պետք է հարաբերվեն իրար հետ եւ աշխատեն ասենք՝ մարդիկ, պետական ինստիտուտները, ինչպիսի պրոցեսներ պետք է խթանվեն եւ ինչպիսի պրոցեսների
միջոցով մենք պետք է այդ նպատակներին հասնենք։ Այստեղ պետք է տեքստից մի քիչ ավելի խորը գնալ։
Ինչ վերաբերվում է արտատպումներին, 1995 թվականի Սահմանադրությունը չի արտագրվել, 1995-ի Սահմանադրությունը առնվազն երկու հոգի, որոնցից մեկը իրավաբան, մյուսը՝ ոչ իրավաբան, երեք տարի, օրուգիշեր աշխարհի բոլոր
զարգացած երկրներից բոլոր հնարավոր փորձագետների հետ
խորհրդակցությունների միջոցով՝ փորձում էին դուրս բերել այն լուծումների ամբողջությունը, որոնք առավելագույնս կլուծեին մեր այդ ժամանակահատվածի խդնիրները, եւ ոչ մի տեղից ոչ մի բան չ արտագրվել, այո, որոշ բաներ կարելի է առավել նմանեցնել, բայց լուծումները փորձ է արվել ստանալ սիմբիոզի միջոցով, ինչպես բրիտանական, այսպես ասած, Սահմանադրությունից
դուրս մշակութային լուծումների միջոցով, այնպես էլ ամրիկյան եւ
եվրոպական՝ առավելագույն ակցենտը դնելով ֆրանսիական Սահմանադրության վրա, բայց ամերիկյան եւ եվրոպական սահմանադրական լուծումների սիմբիոզ է փորձ արվել ստանալ։ Եւ նաեւ կային լուծումներ, որոնք արվել են հենց այդ
ժամանակահատվածի հետ կապված, հստակ կարող եմ այդ մասին ասել, օրինակ՝ նախագահի առնվազն 10 տարի ՀՀ-ում բնակվելու ցենզը գրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, քանի որ եթե գրվեր այնպես, ինչպես իմ հայրն էր ցանկանում՝ այսինքն, որ ՀՀ-ում ծնված եւ մեծացած լինի նախագահը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարողանա նախագահ ընտրվել Սահմանադրության
ընդունումից ընդամենը մի տարի հետո։
Քաղաքական համակարգի հետ կապված, այն ժամանակ, քաղաքական ֆրակցիոնիզմը, քաղաքական բլոկների գաղափարն էր փորձում Էդուարդ Եգորյանը առաջ տանել, քանի որ դիտարկվում էր, որ ՀՀՇ-ի նման հսկան ոչնչացնելու է քաղաքականությունը Հայաստանում, դրա համար փորձ էր արվել այն գործիքակազմը ներառել Սահմանադրության մեջ, (որոնք չգործեցին) որ
հնարավոր լինի ստեղծել քաղաքական բլոկներ, եւ այդ ֆրակցիոնիզմը
զարգացնելու միջոցով հաղթահարել կուսակցական դեստրուկցիան, կոպիտ ասած կուսակցական տոտալիտարիզմը, երբ որ բոլորը կամ ՀՀՇ են, կամ՝ ոչ, բոլորը ասենք՝ ՀՀԿ են, կամ՝ ոչ, կամ բոլորը «Իմ քայլ» են, կամ՝ ոչ։ Սա հենց քաղաքական մտածողության, որոշումների կայացման կարողության բացակայություն է։ Հենց սրա համար են պետք քննարկումները, որպեսզի մենք
կարողանանք որոշումները առավել որակյալ կայացնենք։ Սրա համար 1995-ի Սահմանադրության մեջ ներդրվել է պատգամավորի խղճի միջոցով քվեարկությունը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել կուսակցական ազդեցությունը պատգամավորի վրա։ Շատերը չեն էլ հասկացել, թե դա ինչի համար է արվել։ Բայց դա չի աշխատել։
Ես օրինակ բերեմ, անընդհատ քննադատվում է այդ կառավարման համակարգերը, 1995-ի սահմանադրական լուծումները չաշխատեցին, քանի որ դրանք հաղթահարելու համար տեղի ունեցավ այն առնետավազք կոչվածը, դա միջամտություն էր, որպեսզի չգործեն սահմանադրական լուծումները եւ որպեսզի
իշխանություն հաստատվի Սահմանադրությամբ սահմանված որեւէ մարմնի նկատմամբ, տվյալ դեպքում ԱԺ-ի նկատմամբ, այդ առնետավազքը պատճառ էր նրա, որ սահմանադրական լուծումն աշխատեց, այսինքն արգելակ հանդիսացավ, որը պետք եղավ հաղթահարել արտասահմանադրական ոչ օրինական միջամտությամբ։ Սա չի նշանակում, որ Սահմանադրությունը չաշխատեց, սա նշանակում է, որ աշխատեց, ուղղակի պետք էր կամքի ուժի միջոցով պարտադրել, որ գործի։
Ինչպես որ ասես՝ Քրեական օրենսգիրքը չի աշխատում, քանի որ մենք տեսանք, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին կրակել-սպանել է․ դա նշանակում է, որ այն մարմինները, որոնք պետք է հետեւեն այդ մեկի պատասխանատվության անխուսափելիությանը, իրենք չեն աշխատում։
Սահմանադրությունն աշխատել է 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 թվականներին, դրա համար էլ 2005 թվականին նախաձեռնվեցին փոփոխություններ։ Այդ փոփոխության հիմնական նպատակը նախագահի իշխանության ամրապնդումն էր,
ի հեճուկս այն պնդումների, թե մենք դարձանք կիսանախագահական, այդպիսի բաներ չկային, 1995 թվականի Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված հակակշիռների մեխանիմզը քանդվեց 2005 թվականին, երբ առաջնային մանդատով ընտրված ԱԺ-ն ստորադասվեց կառավարության վստահության քվեին, այսինքն,
կառավարությանը վստահություն չհայտնելո դեպքում ցրվում էր ԱԺ-ն։ Սրանով Ռոբերտ Քոչարյանը ուժեղացրեց իր՝ նախագահի իշխանությունը, որպեսզի կարողանա հաղթահարել ԱԺ-ն, որը վտանգ էր ներկայացնում իրենից․ հիշում եք՝ 1999 թվականի այդ ընտրություններից հետո, թեեւ վերացված էին հիմնական
գործող անձինք, սակայն նրանց թիմերը դեռ մեծ ուժ էին ներկայացնում ԱԺ-ում, այս ուժի հնարավոր հետագա զարգացման հաղթահարման նպատակով նախագահի ինստիտուտը ուժեղացվեց։ Իհարկե, դրվեց այդտեղ այսպես ասած շեղող հնարքը՝ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայից արտատպվեցին
Մարդու իրավունքների վերաբերյալ գլուխները, եւ ասվեց, թե սրա համար է արվում, բայց հիմնական խնդիրը 74-րդ հոդվածի բալանսը խախտելն էր։
Հիմա, մենք էլի մի խնդրի առաջ ենք կանգնած՝ պայմանավորված քաղաքական մտածողության հետ, որպեսզի հասկանանք Սահմանադրությունում օրինակ՝ պատգամավորի՝ իր խղճով քվեարկության հարցը ինչպե՞ս պետք է լուծվի,
սահմանադրական կառուցակարգը եւ օրինակ՝ ֆրակցիաների, պառլամենտականն ուժերի հակակշիռների մեխանիզմը ինչպե՞ս պետք է լուծվի, պետք է հասկանանք՝
հիմա մենք խթանում ենք անհատի որոշման կայացման զարգացո՞ւմը, թե՞՝ մենք խթանում ենք խմբի կողմից որոշման կայացումը։
Ենթադրենք, դու ԱԺ պատգամավորին ասում ես՝ թքած քո ֆրակցիայի եւ կուսակցության վրա, դու ես գնում եւ քվեարկում, այսինքն, դու միշտ կարող ես պոկվել։ Հիմա, օրինակ՝ այսօրվա մեր գլխով անցածը հաշվի առնելով՝ ենթադրենք ինչ-որ մի ուժ ինչ-որ արժեքով կարող է գնել այդ պատգամավորների
ինչ-որ զանգված, եւ եթե գնեց, այս պատգամավորները անկախ կլինեն իրենց կուսակցությունից, ու ինչպե՞ս են քվեարկելու, ըստ Սահմանադրության՝ իրենց խղճով, բայց էդ խղճի աղբյուրը ո՞րն է լինելու։ Այստեղ մենք պետք է լուրջ մտածենք, սա կատակ չէ, ռեֆերատների մակարդակի թեմաներ չեն, որ այսեղից
-այնտեղից գրենք, ասենք՝ աշխարհում այսպիսի բաներ են ասում՝ նախագահական, կիսանախագահական խորհրդարանական։ Մենք պետք է հասկանանք, թե իրականում ինչ պրոբլեմներ ունենք, սա էլ է անվտանգային խնդիր եւ այս խնդիրը ինչպե՞ս ենք լուծում, ինչպիսի՞ համակարգ ներդնելով Սահմանադրության մեջ, որպեսզի
մենք կարողանանք զարգացնել քաղաքական եւ կուսակցական համակարգերը։ Քանի որ, ինչպես տեսնում ենք, սա մեր ամենամեծ խնդիրն է, մենք հավաքվում ենք 5 հոգով եւ չենք կարողանում որոշում կայացնել, եւ տապալում ենք բոլոր հարցերը, այդ թվում՝ նաեւ պատերազմները»:

