«Ընդհանրապես, քննարկումները շատ են Սահմանադրության վերաբերյալ, հնարավոր է լսել ամենածայրահեղ քննարկումները՝ թե առհասարակ ինչի՞ է պետք Սահմանադրություն ունենալ, եթե կան պետություններ, որոնք չունեն Սահմանադրություն, ի՞նչ խնդիր է մեր կյանքում լուծել Սահմանադրությունը, նմանատիպ մտքերից սկսած՝ վերջացրած ընդհուպ մինչեւ, որ Սահմանադրությունն ավելորդ է, նախ պետք է ձեւավորել մշակույթ։
Այս բոլոր քննարկումներն, իհարկե, կարեւոր են, բայց ես ուզում եմ,
որպեսզի մենք բոլորս հիշենք եւ միշտ մտապահենք, որ Սահմանադրությունն ունի բավական բարդ կառուցվածք, եւ բացի բոլոր այն հարցերից, որոնց վերաբերյալ մենք կարող ենք ամենասուր տարաձայնություններն ունենալ, Սահմանադրության հիմնական եւ գերագույն նպատակն ու շարժառիթը, որով այն
ընդունվել է, արտացոլված է դրա նախաբանում, եւ դրա պաշտպանության գործիքները Սահմանադրության 1-ին եւ 2-րդ անփոփոխելի հոդվածներն են, որոնք Սահմանադրությունը ստեղծելու հայ ժողովրդի նպատակները պաշտպանում
են նույնիսկ հայ ժողովրդից»։
Այդ մասին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի սահմանադրական բարեփոխումներին նվիրված համատեղ քննարկման ժամանակ
ունեցած իր ելույթում հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության ավագ
իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա հավելել է․ «Ես ցանկանում եմ այս շնորհավորանքը լրացնել, հենց Սահմանադրության նախաբանով, հիշեցնելով, որ Սահմանադրությունը ստեղծվել է առհասարակ հայ
ժողովրդի կողմից «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր
ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունը»։
Այս մեխանիզմը, այս բանաձեւը եւ այս նպատակները մեծ հաշվով անքակտելի են դարձնում մեր կապն ու իրավահաջորդությունը առհասարակ հայ ժողովրդի պատմության ընթացքում ստեղծած որեւէ կազմակերպաիրավական միավորի հետ․ դա կլինի այսպես ասած՝ թագավորություն, թե արդեն ժամանակակից աշխարհում
Առաջին կամ Երկրորդ հանրապետությունները։ Այս նպատակների եւ սկզբունքների ամփոփումն ու կրումը մեր սերունդների կողմից անքակտելի է դարձնում այդ կապը։ Եւ միայն համապատասխան հանգամանքների եւ կարողությունների համադրման արդյունքում մենք կարող ենք դրանցից յուրաքանչյուրի առումով
հետամուտ եւ պահանջատեր լինել։ Ուղղակի պետք է խոհեմություն դրսեւորել, որպեսզի այդ ճանապարհին չվտանգվի ինչպես մեր նախնիների սուրբ պատգամները, այնպես էլ՝ մեր սերունդների ազատության հնարավորությունը»։

