«Շատ կարեւոր է ֆիքսել, որ Հայաստանի հանրապետությունում դատական համակարգը կուսակցականացված էր, քաղաքականացման մասին չէ խոսքը, այլ հենց կուսակցականացման, եւ միակենտրոն կառավարման բնորոշում ուներ։ Եւ դատավորները, հատկապես այդ ցանցը կառավարող, դատավորի անփոփոխելիությունը մեկնաբանում էին որպես իրենց անձեռնմխելություն եւ այդ գործունեությունը անխոցելի եւ անխոնջ կատարելու կարողություն: Եւ երբ դատական այս համակարգին սկսեց պատշաճ արձագանք տալ Բարձրագույն դատական խորհուրդը եւ այդ անձեռնմխելիների նկատմամբ սկսվեցին օրենքի հիման վրա վարույթներ, (մի կողմ թողնենք, որ դրանց մեծ մասը չէր հաջողվում, որովհետեւ այդ դատական համակարգի կաստայի անդամների մի մասն էլ ԲԴԽ-ում ամեն գնով պաշտպանում էին դատավորներին եւ չէին քվեարկում դատավորների դեմ), սա կարեւոր էր, որ այդ անձեռնմխելիները հասկանան, որ այդ ժամանակները ավարտված են»։
Այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Հանրային քննարկման» թեման դատաիրավական բարեփոխումներն էին, եւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի վերջերս հրապարակված զրույցի ձայնագրությունը։
Տիգրան Եգորյանը նշել է․
«Ես մի քանի հարց կուզեի առանձնացնել՝ քննարկման հարցի բաղդատման միջոցով։ Նախ բովանդակությունն, անպայման, իհարկե, պետք է տարանջատել այն էմոցիոնալ պահից, որը միգուցե խոսակցության ասենք՝ առանձին էպիզոդներ հաղորդում են մարդկանց։ Եւ նաեւ շատ կարեւոր է, որ այդպես էթիկական, ինչ-որ բարձր սկզբունքների մասին ձեռնպահ մնան այդ քննադատություններից առնվազն նրանք, ովքեր չունեն այդպիսի բարձր սկզբունքներին համապատասխանություն։ Նկատի ունեմ, որ օրինակ, եթե մարդ ասում է, թե «վայ, ինչ անընդունելի է, որ հայհոյանք հնչեց», ապա այդ մարդը առնվազն պետք է անձամբ հայհոյած չլինի ինչ-որ սեղանի շուրջ, կամ հանդիպման շրջանակներում, որովհետեւ մենք չենք քննարկում որեւէ մեկի՝ որպես դատավոր գործունեության ընթացքում դրսեւորած վարքագիծը, մենք քննարկում ենք թեկուզ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, բայց ոչ իրենց կարգավիճակից բխող հարաբերությունները։ Եւ այստեղ ինչ-որ ոչ ցենզուրային բառապաշարի հետ կապված հարցը պետք է ավելի շատ էմոցիոնալ տիրույթում դիտարկվի։ Ձեր մյուս հարցը, թե ի՞նչն է այս իրավիճակի պատճառը, բնականաբար, շատ կարեւոր է, եւ առավել կարեւոր է, քան մնացածը։ Երբ դու չես կարողանում հանցագործներին, մարդկանց, ովքեր զբաղեցնելով որոշակի պաշտոններ եւ լիազորություններ՝ հիմնականում սպասարկել են անձնական, խմբային, կամ տոտալիտար իշխանության շահեր, երբ որ դու օրենքով, իրավունքով չես կարողանում հաղթահարել, կամ չես հաղթահարում 2018-ից հետո, առաջանում է հրդեհի շիջման անհրաժեշտություն, եւ այդպիսի սուր խնդիրներ եւ իրավիճակներ են առաջանում, երբ այն մարդիկ, որոնք ուզում են պայքարել՝ հայտնվում են այսպիսի ծուղակներում, եւ արդյունքում դու կորցնում ես ե՛ւ խնդիրները արդյունավետ լուծելու ռեսուրսը, ե՛ւ կորցնում ես այն մարդկանց ռեսուրսը, որոնք պատրաստ են պայքարելու այդ արատավոր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչների դեմ։
Երկու բառով անդրադառնամ այսպես կոչված բարեփոխումների հարցին․ ակնհայտ է, որ բարեփոխումների գործընթացը մեղմ ասած հաջող չի ընթացել մինչ օրս։ Այսօր եւս մեծ տեմպեր չեն դիտարկվում, ցավոք սրտի, առավելեւս՝ դատական համակարգը դատական իսկապես անկախ եւ անկողմնակալ իշխանության ճյուղի վերածելու հարցում։ Մենք չենք կարողացել կիրառել այնպիսի գործիքակազմեր, որոնք որ կսահմանափակեին առնվազն ազդեցությունն այն դատավորների, որոնք որ տարրիներ շարունակ կոռուպցիոն շղթաների եւ ցանցերի մեջ են թաղված եղել եւ շատ կոնկրետ հանձնարարություններով եւ պատվերներով են գործեր լուծել, չենք կարողացել նաեւ արդյունավետ եւ խորքային ստուգում եւ ֆիլտրացիա ապահովել այդ ֆինանսական եւ բարեվարքության չափանիշով դատավորների, որովհետեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության մասով ունենք սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս այդ մարմնին արդյունավետ խորանալ դատավորի ողջ կենսագրության մեջ, եւ նրա գույքային ունեցվածքի ողջ բովանդակության մեջ։ Հետեւաբար մենք մարսում ենք եւ թույլատրում, հանդուրժում ենք ինչ-որ կետից այնկողմ, այսպես ասած, դատավորի հանցանքները, կամ իր պաշտոնին չհամապատասխանած եկամուտները։ Ի՞նչ ասեմ, ողջունելի է, որ վերջապես արդարադատության նախարարությունը կարողացավ բերել եւ առաջին ընթերցմամբ առնվազն անցկանել Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա գոնե դատավորների, այսպես ասած՝ իրենց պաշտոններին համապատասխանության հարցերի քննությունը։ Հույս ունեմ, որ այս օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո Արդարադատության նախարարությունը չի ձախողի այդ գործիքի ճշգրիտ կիրառումը, որովհետեւ այստեղ եւս շատ լուրջ խնդիրներ կան, մեկնաբանությունները լսելուց այդ անհանգստություններն առաջացան»։
Փաստաբանն անդրադարձել է նաեւ քաղաքական հայեցողության եւ որոշակի ստանդարտների հարցերին։
«Միայն սահմանելով որոշակի ստանդարտներ՝ հնարավոր չէ հարյուր տոկոս ստերիլիզացիայի ենթարկել ինչ-որ մի պաշտոն, կամ ֆունկցիա։ Շատ կարեւոր է հենց այդ մրցակցային եւ բարձր ստանդարտների նկատմամբ մշակութային ճիշտ մոտեցումները եւ դրա ձեւավորումը։ Հիմա այն, որ ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան ձեւավորված Ազգային ժողովը ընտրություն է իրականացնում, սա արդեն իսկ բավարար մեծ մրցակցային եւ ստերիլիզացնող խողովակ է։ Սա բավական հեղինակավոր եւ բավական ազդեցիկ խողովակ է առնվազն զտելու այն մարդկանց, ովքեր չեն կարողանա համապատասխանել զբաղեցրած պաշտոնին։ Հիմա, օրինակ՝ երբ այս քննարկման մասնակից տիկին Սիրանույշ Սահակյանը (Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը) խոսում է հայեցողությունից, այստեղ հայեցողությունը օրինակ՝ էապես նվազեցված է, երբ Ազգային ժողովի միջոցով է կատարվում այդպիսի բարձր պաշտոնների ընտրությունը, ի տարբերություն օրինակ՝ շատ այլ դեպքերի, որոնցում տիկին Սահակյանը շատ է հայտնվել, հիմնականում իր բոլոր պաշտոնները զբաղեցնելով հենց քաղաքական հայեցողության արդյունքում եւ երբեք որեւէ մրցութային ընթացակարագի չի մասնակցել։ Այ այս ստանդարտից դժվար թե կարելի է քննադատել մի այլ ստանդարտ, որը շատ ավելի բարձր զտման խողովակով է անցել։
Տիկին Սիրանույշ Սահակյանը խոսում է բարձր ստանդարտների մասին, եւ վկայակոչում է Եվրոպական դատարանի ակտերը, այն պարագայում, երբ իր վկայակոչած ստանդարտին չի համապատասխանում հենց ինքը, եւ հենց իր վերաբերյալ եւս կա Եվրոպական դատարանի պալատի որոշում․ շատ կոնկրետ գործով։ «Վարդանյանն ու Նանուշյանը» գործով դիմողները մի քանի հիմքով տիկին Սիրանույշ Սահակյանին, որը այն ժամանակ Արման Մկրտումյանի քաղաքական հայեցողությամբ նշանակվել էր Էթիկայի հանձնաժողովի նախագահ, նաեւ ընդգրկվել էր Եվրոպական դատարանի ad hoc դատավորների ցուցակում, եւ մասնակցում էր «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործին։ Իսկ դա հայտնի գործ է, եզակի գործ, որտեղ Եվրոպական դատարանը հատուկ մատնանշել է դատավոր Մկրտումյանին, որպես այդ գործով խախտում թույլ տված՝ նշելով նրան Judge M: Եւ այդ գործով տիկին Սահակյանը պատրաստվում էր հանդես գալ պալատի կազմում, որպես ad hoc դատավոր եւ այս ստանդարտների վկայակոչմամբ իրեն ներկայացված բացարկը իր գիտակցական եւ այդ բարձր արժեքների կիրառման արդյունքում չկարողացավ դիտարկել եւ ստիպված Պալատի որոշմամբ նրան հեռացրեցին այդ գործից, որպեսզի իր մասնակցությամբ չխախտի այդ ստանդարտները։ Բացի դրանից, խախտվել էր եւս մեկ ստանդարտ, արգելք․ այդ ժամանակ տիկին Սահակյանը զբաղեցնելով պաշտոն՝ իրավունք չուներ կատարելու այլ վճարովի աշխատանք եւ Եվրոպական դատարանում ad hoc դատավորի կարգով գործի քննությանը մասնակցելուց նա վարձատրվելու էր։ Եւ տիկին Սահակյանը չունեցավ խոհեմություն ընդունելու այս մի քանի խախտումներով ներկայացված բացարկը եւ դատարանը ստիպված հեռացրեց նրան իր որոշմամբ։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում, չպետք է քննադատեն»,- նշել է Եգորյանը։
