Դատական իշխանությունը` որպես ժողովրդավարության երաշխավոր

Սույն թվականի հունիսի 8-9-ին կայացավ «Դատական իշխանությունը` որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողով, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում:

Խորհրդաժողովի միջոցով Սահմանադրական դատարանը և Եվրոպայի խորհուրդը նպատակ ունեին նպաստելու դատական իշխանության և իշխանության մյուս ճյուղերի միջև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացների վերաբերյալ առավել համապարփակ երկխոսությանը՝ սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության դերակատարների և միջազգային գործընկերների հետ:

Հիմնական զեկույցով հանդես եկավ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով»  եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորին:

Բացման նիստին ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտը:

Խորհրդաժողովին մասնակցեցին Հայաստանի պետական իշխանության ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի երկրորդ պանելային քննարկումը՝ «Հանրային վստահության ապահովումը  հաշվետվողա­կանության և հաղորդակցության միջոցով» թեմայով,  վարեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը: Նիստի բանախոսներն էին  Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Հաննե Յունկերը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի պաշտոնաթող նախագահ Գերհարդ Ռայսները:

Բանախոսների ելույթներին հաջորդեց շահագրգիռ քննարկում բանախոսների և խորհրդաժողովին մասնակցող դատական կառույցների ներկայացույցիչների միջև: