Քարերով, մուրճով՝ ԵՄ գրասենյակի դիմաց, Անդրեա Վիկտորինը դուրս գար՝ ի՞նչ աներ․ Լուսինե Հակոբյան

«Այս այցը կանոնավոր այց համարել չի կարելի, սա բացառիկ այց է, եւ մենք ուրախ ենք, որ Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահն իր առաջին այցերից մեկը կատարել է Հայաստան։ Նա այստեղ էր գտնվում ԵԽ եւ ՍԴ համատեղ ծրագրին մասնակցելու, այս երկու կառույցները ԵՄ ծրագրի շրջանակներում կազմակերպել են բարձր մակարդակի խորհրդաժողով, որի խորագիրն է «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապան»։ Սա իրոք շատ խորհրդանշական եւ կարեւոր խորագիր է, եւ շատ կարեւոր է, որ դատական իշխանությունը իսկապես հասկանա, գիտակցի իր դերը ժողովրդավարության պահպանության ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ապահովման եւ այլ ոլորտներում։ Ըստ էության, ե՛ւ ՍԴ նախագահից, ե՛ւ ՎՀ նախագահից այնտեղ մենք շատ կարեւոր ուղերձներ լսեցինք։ Անձամբ ես էլ նիստերից մեկն եմ վարել, որը նվիրված է եղել դատական իշխանության պատասխանատվության թեմային, որը շատ կարեւոր է։ Երբ խոսում ենք դատական իշխանության մասին՝ հատկապես դատական իշխանության ներսում դերակատարները անվերջորեն խոսում են դատական իշխանության անկախությունից, եւ դա, եւ անկողմնակալությունը, իհարկե, շատ կարեւոր են, բայց շատ կարեւոր է նաեւ, որ դատական իշխանության ներսում գործող դերակատարները իրապես հասկանան իրենց պատասխանատվությունը։ Կարեւոր է նաեւ, որ դատական իշխանության անկախությունը չընկալվի որպես արտոնություն, այլ ընկալվի որպես անհրաժեշտություն արդարադատություն իրականացնելու համար»։

Այդ մասին «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության այն մեղադրանքներին, որ իրենք հրավիրված չեն եղել այդ քննարկմանը (թեեւ իշխանության պատգամավորները եւս հրավիրված չեն եղել)՝ Հակոբյանը նշել է․

«Ես չեմ կարող ասել՝ հրավիրված են եղել, թե՞՝ ոչ, բայց ձեւաչափն այնպիսինն էր, որ ես անտեղ տեսել եմ դատական իշխանության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Մի նիստով էլ քննարկել ենք, թե ինչպիսի փոխգործակցություն կարող է լինել այդ երեք կողմերի միջեւ, եւ միգուցե իսկապես այս փուլում այսպիսի քննարկմանը անհրաժեշտություն չի եղել քաղաքական ուժերի մասնակցության։ Չեմ կարող ասել, բայց դրանք ավելի շատ մասնագիտական քննարկումներ էին, եւ քաղահասարակությունից էլ ոչ բոլորն էին հրավիրված, այլ առավելապես մասնագիտակցված կազմակերպությունները, որոնք զբաղվում են դատական իշխանության խնդիրներով։

Ես կարող եմ ավելի մանրամասն խոսել իմ վարած նիստի վերաբերյալ․ այնտեղ նաեւ ներկա էր ԵԽ բավական փորձառու փորձագետներից Գերհարդ Ռայզները, նաեւ մասնակցում էր ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարը՝ տիկին Հաննե Յունկերը, եւ շատ արդյունավետ քննարկում ծավալվեց ԳՐԵԿՈ-ի գնահատման փուլերի եւ դրանցով մեր պետությանն արված առաջարկությունների, եւ նաեւ քանի որ Ռայզներն էլ ներկայացնում էր Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, ու նաեւ եղել է այդ խորհրդի նախկին նախագահը, ինքն ավելի շատ խոսեց այդ խորհրդի ընդունած տարբեր չափանիշներից, եւ ըստ էության, դատական իշխանության անկախ եւ արդյունավետ գործունեությունը կարգավորող եվրոպական չափորոշիչներից, ինչը շատ կարեւոր էր։ Այնուհետեւ մեր դատական իշխանության ներկայացուցիչերի եւ քաղհասարակության հետ բավական արգասաբեր քննարկում ծավալվեց այդ չափանիշների շուրջ՝ ե՛ւ ՎՀ կարծիքների, ե՛ւ ԳՐԵԿՈ-ի առաջարկությունների մասին, եւ այլն։ Կարծում եմ, որ նման քննարկումներն ինքին, եթե անգամ ինչ-որ եզրակացությունների չեն հանգեցնում կարճաժամկետ առումով, դրանք շատ կարեւոր հարթակ են փոխադարձ դիրքորոշումները ճշտելու, ինչ-որ ընդհանուր հայտարարներ կանխորոշելու համար;

Առաջին նիստով նաեւ ելույթ ունեցավ ՄԻԵԴ-ում Հայատանից ընտրված դատավոր Արմեն Հարությունյանը։ Նա այսպիսի մի միտք արտահայտեց, որ դատարանների դերը ժողովրդավարության պահպանության գործում այդքան էլ մեծ չէ, որ այստեղ ավելի շատ քաղաքական իշխանության կամքն է կարեւոր, եւ այլն։ Այս մտքի հետ ես համաձայն չեմ, քանի որ դատական իշխանությունն է, որ ունի ե՛ւ այդ անկախության երաշխիքները, ե՛ւ տարբեր այլ երաշխիքներ՝ իսկապես անկախ գործելու եւ ինքը ավելի մեծ պատասխանատվություն ունի ժողովրդավարության պահպանման գործում։ Իհարկե, քաղաքական իշխանությունը եւս ունի այդ պարտականությունը, պատասխանատվությունը եւ, իսկապես, պետք է կամ դրսեւորի, բայց ոչ նվազ կարեւոր է դատական իշխանության դերը։ Եւ եթե մենք հակառակ տեսակետին հարենք, ապա այստեղ պետք է ուրեմն համաձայնենք Ֆելիքս Թոխյանի հետ, որը ընտրական գործերի մասին հայտարարում էր, որ ժողովրդավարությունը պետք է փողոցներում հաստատվի եւ եթե այդտեղ իր հաղթանակը կարողանում է տոնել, ապա նոր դատարանը իր որոշումներով կհաստատի։ Բայց դա ամենեւին էլ այդպես չէ»։

Հակոբյանը նշել է, որ սա շատ տարբեր հանդիպում էր, քանի որ չի եղել մի հանդիպում որ միաժամանակ ՎՀ նախագահը ներկա լինի, ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարը ներկա լինի, ՄԻԵԴ-ում մեր դատավորը ներկա լինի, եւ նրանք՝ տեղի փորձագիտական շրջանակների հետ միասին կարեւոր հարցեր քննարկեն։ Հակոբյանը նաեւ որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ կարեւորել է այս հանդիպումն ու հետագա գործակցությունը այդ կառույցների հետ՝ նաեւ սահմանադրական բարեփոխումների ոլորտում։

Ի պատասխան հարցի, որ ընդդիմությունն ասում է, որ «դատական համակարգը իշխանությունը զավթածների ձեռքում է գտնվում», Հակոբյանը նշել է․

«Խոսելը մի բան է, իրականությունը մեկ այլ բան։ Օրինակ՝ երկու օր առաջ էլ ընդդիմադիր պատգամավորները գնացել էին ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ցույց էին անում, եւ այնտեղ Աննա Գրիգորյան անունով պատգամավոր կա, ինքը գոռում էր, ԵՄ դեսպանին ասում էր՝ այստեղ հավաքված մարդկանց հետ միասին ես ձեզ կոչ եմ անում ընտրել ճիշտ կողմը։ Այսինքն՝ իրենց ասելով իրենց հետ է ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բայց հարգելի տիկին, հո ասելով չէ՞, մենք «բախտ ենք ունեցել» ապրելու այս պետությունում եւ տեսել ենք, թե ժողովրդավարության ինչ մակարդակ է եղել ձեր պաշտպանած ուժերի առաջնորդների օրոք։ Հուսալ, որ այստեղ անտեղյակ մարդիկ են, լուսնից իջաց մարդիկ են, պետք չէ։ Նույն ԵՄ դեսպանը մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն էր, այսինքն այս մարդիկ իրազեկ են, հույսը, ուրեմն, ի՞նչն է, որ մենք չգիտե՞նք՝ ինչ է կատարվում մեր պետությունում եւ որ այսպես քարոզչության, ապաքարոզչության միջոցով մենք պետք է այլ բաների հավատա՞նք։ Այնպես չէ, որ մենք գոհ ենք դատական իշխանություններից, բայց դատական իշխանությունը ավելի շատ այս պահին կրում է հենց այս ուժերի ազդեցությունը»։

Անդրադառնալով նաեւ դեսպան Վիկտորինի հանդեպ թիրախավորված քարոզչությանը՝ Հակոբյանը նշել է․

«Սա ինձ վրա շատ ազդող թեմա է, քանի որ ես նկատել եմ, որ դեռ այն ժամանակ, երբ Պյոտոր Սվիտալսկին էլ ՀՀ-ում ԵՄ դեսպանը, էլի էդ խմբերի տարբեր աջակիցներ թիրախավորում էին նրան, եւ շատ վատ, վիրավորական եզրերով։ Բայց Վիկտորինը մի քիչ տարբեր է, ինքը կին է, եւ իմ սուբյեկտիվ կարծիքով, ինքն իրենց մի քիչ ավելի է պաշտպանում, քան պետք է։ Իրենք այս վերջերս դժգոհում են, որ օրեր առաջ, երեկոյան ժամին երբ գնացել էին կառավարական ամառանոցների մոտ հավաք են անցկացրել, Վիկտորինը դուրս չի եկել։ Նախ՝ աշխատանքային ժամն ավարտվում է ժամը 6-ին, երկրորդ, այնտեղ գնացել էիք քարերով, ինչ-որ մուրճերով կադրեր կան, դուրս գար, որ ի՞նչ աներ այդ կինը, որ մի հարված էլ իրեն հասցնեի՞ք ու ամբողջ պետությունով խայտառակ լինեի՞նք, կամ դուրս գար, լսեր ձեր վիրավորանքնե՞րը։ Քաղաքակիրթ խոսակցություն կարողացեք վարել։ Ես ուզում եմ մեր օրինակը պատմեմ, այնպես չէ, որ մենք չենք քննադատել դեսպանների․ ժամանակին ԱՄՆ դեսպան կան՝ Հեֆերն, եւ մի դեպք եղավ, երբ իրենք դատավորների մի խմբի տարել էին ԱՄՆ վերապատրաստման, եւ մեր կարծիքով այնտեղ կային դատավորներ, որոնց վերապատրաստումը չէր փրկի, մեր համոզմամբ դրանք պատվերներ կատարող դատավորներ էին, եւ այլն։ Եւ ես քննադատական գրառում էի կատարել ֆեյսբուքում, բայց այդ գրառմամբ ես այդ մարդուն չէի վիրավորել էի, զուտ իմ փաստարկներն էի շարադրել, թե ինչու այդ մարդկանց ԱՄՆ վերապատրաստման տանելն իմաստ չունի։ Դրանից մի երկու օր անց ես զանգ ստացա, դեսպան Հեֆերնն էր ինձ զանգում եւ ասեց՝ դուք ճիշտ էիք, այստեղ սխալ էր տեղի ունեցել։ Այսինքն, ուզում եմ ասել, որ քննադատության ձեւ կա, չի կարելի անձնական վիրավորանքների անցնել։ Նույն Նաիրա Զորաբյանը․ կին եք ի վերջո, ինչպե՞ս կարելի է, հետո դաստիարակությունից եք խոսում, եվրոպական արժեքներից եք խոսում, ԵԽԽՎ-ում պատվիրակության ներկայացուցիչ եք եղել, ո՞նց կարելի է այդ բառապաշարով թիրախավորել մեկ այլ կնոջ, ձեզնից տարիքով ավելի մեծ, չեմ հասկանում՝ ե՞ս պետք է այս եթերից դաստիարակչական աշխատանք կատարեմ։ Բան եք ուզում ասել՝ դիմեք այդ կնոջը, ձեւաչափեր կան, նստեք  խոսեք, ինքը միշտ բաց է եղել, էս վերջերս էլ իրենց ֆեյսբուքյան էջում տեսա, որ Թագուհի Թովմասյանն էր այցելել ԵՄ պատվիրակություն, այսինքն այդ պատվիրակության դռները ձեզ համար փակ չեն։ Ձեր կարծիքով նա շանտաժով պետք է ազդվի՞, նա փորձառու դիվանագետ է, Հայաստանն ամենաբարդ երկիրը չէ, նա Բելառուսի նման երկրում է աշխատել։ Այսինքն, այդ շանտաժներով դուք ոչ մի բանի չեք հասնելու, մի քիչ էլ խելք ունեցեք։ Եթե ուզում եք՝ այդ կառույցները ձեզ պաշտպանեն, բայց իրենց կառույցների ղեկավարների հանդեպ ատելության խոսք եք հղում, իրենք ձեզ որպես ի՞նչ պետք է պաշտպանեն։ Դրանով ավելի են համոզվելու, որ դուք լրիվ հակաժողովրդավարական տարր եք։ Ու դեռ այսքանով հանդերձ տիկին Վիրկտորինն իրենց պաշտպանում է, պետք է ասել՝ բրավո»։

Փաստաբանն անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարի հետ օրերս կատարված դեպքին, երբ մի քանի ընդդիմադիր կին պատգամավոր ներխուժել էին նրա աշխատասենյակ։

«Միանշանակ՝ այսպիսի վարքագիծն անթույլատրելի է, եւ այստեղ էլ այս տիկնայք, ըստ երեւույթին, օգտվում են այն իրավիճակից որ իրենք կանայք են եւ իրենց հանդեպ ավելի մեղմ վարքագիծ կդրսեւորվի, բայց ռուսերեն լավ խոսք կա՝ базарные бабы:

Բայց ես այլ բանի մասին կուզեի խոսել, այսօր լուրերով տեսա, որ Անահիտ Ավանեսյանի եղբայրը զոհվել է պատերազմում՝ Շուշի Լիսագոր մարտերի ժամանակ։ Կարծում եմ, որ Անահիտ Ավանեսյանը մեկն է, որ պատերազմի հետեւանքով մեր ունեցած առողջապահական եւ այլ խնդիրներին շատ ավելի լուրջ է վերաբերվում եւ հաստատ արժանի չէ այն պարսավանքին եւ ամոթանքներին, որ այս տիկնայք իրեն ուղղում էին»,- նշել է Հակոբյանը։