Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Հանդուրժել անհանդուրժելին չի կարելի․ Լուսինե Հակոբյան

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տարբեր շերտերի ներկայացուցիչներ են, ե՛ւ իշխանության ներկայացուցիչներ, ե՛ւ արտախորհրդարանական ուժերի, ըստ որոշման նաեւ խորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ եւս պետք է այնտեղ տեղ զբաղեցնեին, բայց հայտնի է, որ նրանք հրաժարվել են մասնակցել այս խորհրդի աշխատանքներին, այնտեղ նաեւ կան ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Դրանից զատ, ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ կազմված 5 հանձնաժողովականներից, որոնք ընտրվել են մրցութային կարգով՝ ՍԲ խորհրդի կողմից։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մասնագիտական անկախ հանձնաժողով է, որի խնդիրն է լսել տարբեր կողմերի, անել հետազոտություններ, հանդես գալ առաջարկություններով, իրականացնել հանրային իրազեկում, կազմակերպել հանրային քննարկումներ, ամփոփել հավաքված առաջարկները եւ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների խորհրդին, որի հիման վրա Խորհուրդը կհաստատի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապա նաեւ Սահմանադրական բարեփոխումների տեքստը»։

Այդ մասին «1in.am»-ի տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով Խորհրդի եւ Հանձնաժողովի վերջին համատեղ նիստին՝ Հակոբյանը նշել է, որ այն թվով երրորդ համատեղ նիստն էր, պարզապես, ի տարբերություն նախորդ երկուսի, այս մեկը հրապարակային էր։

«Նախորդները ավելի շատ աշխատակարգային նիստեր են եղել, իսկ այդ մեկը ավելի շատ բովանդակային լինելու միտում ուներ։ Մենք արդեն բավական աշխատանք ենք կատարել, նաեւ քննարկել ենք որոշ հարցեր մեր որոշ միջազգային գործընկերների հետ, կազմել ենք աշխատանքային պլանի նախագիծ։ Նաեւ այսօր Խորհուրդը եւ Հանձնաժողովը քննարկում էին սահմանադրական փոփոխությունների նախնական ուղղությունները, եւ պրոցեսի ավարտին հանձնաժողովը, որպես իր հետագա անելիք, պետք է ամփոփի իր աշխատանքային պլանը, նաեւ այն, ինչը որ շրջանառվել է թղթային տարբերակով, եւ այն, ինչ, այսօր հնչել է․ այդ ամենը պետք է ամփոփի եւ ներկայացնի խորհրդին՝ կայանալիք հաջորդ նիստին»,- նշել է Հակոբյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրենք քննարկում են նաեւ կառավարման մոդելի հարցը, հատկապես, որ հնչում են տեսակետներ, որ Հայաստանի համար կառավարման լավագույն մոդելը կիսանախագահականն է, Հակոբյանը նշել է․

«Այդ ամենը իսկապես խորքային քննարկումների առարկա պետք է դառնա եւ մենք այսօր արդեն ուղղությունները սահմանելով՝ ըստ էության, մեկնարկում ենք այդ բոլոր խնդիրների քննարկումը։ Մեր տարբեր քննարկումներն էլ ցույց տվեցին, որ առաջնայինը կառավարման մոդելի քննարկումը պետք է լինի եւ, ըստ էության, դրանից էլ պետք է սկսել։ «Ո՞րն է մեզ ավելի համապատասխան մոդելը» հարցին պատասխանելու համար, մենք պետք է մի քիչ ավելի հեռվից գանք, պետք է հասկանանք մի իրողություն, որ 1995-ին մենք ընդունել ենք Սահմանադրություն, եւ քննարկման հարց է, թե այդ ժամանակ եղած տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում ինչքանո՞վ են մարդիկ իրազեկված մասնակցել այն ժամանակ կառավարման մոդելի ընտրությանը։ Հետո մենք ունեցել ենք այլ՝ մի քիչ ավելի խնդրահարույց պատմություն սահմանադրական փոփոխությունների մասով․ մենք ունեցել ենք անընդհատ փոփոխություններ, որոնք չեն բխել հանրային պահանջից, այլ վերեւից պարտադրված փոփոխություններ են եղել։ 2003-ին մի փոփոխության փորձ եղավ, որը  տապալվեց, 2005-ին պարտադրվեց մի Սահմանադրություն, իսկ 2015-ին արդեն սահմանադրական փոփոխություններով փոխվեց պետության կառավարման մոդելը։ Այդ ժամանակ քանի որ մենք բոլորս մասնակից էինք այդ պրոցեսներին, շատ լավ հիշում ենք, որ, ըստ էության, դա պարտադրվեց Սերժ Սարգսյանի եւ մի քանի անձանց պատճառով, որոնց եւս տարբեր առանցքային պաշտոններում տեղավորելու խնդիր կար։ Հենց այդ պատճառով գրվեց այդ Սահմանադրությունը՝ այդ անձանց եւ առաջին հերթին Սերժ Սարգսյանի հագով, եւ ապա տեսանք, թե ինչ եղավ հետո․ եղավ հեղափոխություն եւ այլն։ Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ Սահմանադրությունը տարիներ շարունակ ունի լեգիտիմության խնդիր, մարդիկ չունեն սեփականատիրության զգացում Սահմանադրության հանդեպ, եւ երբ ասում ենք, որ Սահմանադրությունն ունի լեգիտիմության խնդիր, նաեւ խնդիր է այն, որ ժողովուրդը երբեք իր ազատ կամքով չի ընտրել, այդ թվում նաեւ` կառավարման մոդելը։

Ուստի, երբ ասում ենք, որ պետք է ունենանք լայնորեն մասնակցային գորրծընթաց, պետք է այնպես անել, եւ դա նաեւ իմ անձնական ցանկությունն է, որ ժողովուրդն ունենա սեփականատիրության զգացում Սահմանադրության հանդեպ, եւ իսկապես ընդունի այն, նաեւ պետք է հնարավորություն ընդձեռենք ժողովորդին արտահայտվելու, թե կառավարման ինչ մոդելի կողմնակից է ինքը»։

Իսկ ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր դա անել։

Հակոբյանի խոսքով, Արդարադատության նախարարության կողմից մի քայլ արդեն արվել է, բացվել է հարթակ, որտեղ ժողովուրդը հնարավորություն է ունեցել մասնակցելու հանրային հարցմանը եւ արտահայտելու իր ցանկությունները, մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Փաստաբանի խոսքով, այդ հարցման այս պահին առկա արդյունքներով՝ մարդկանց զգալի մեծամասնության մոտ խիստ ակտուալ է հենց կառավարման մոդելի հարցը։

«Եւ դա խիստ հասկանալի է, քանի որ մարդիկ չունեն այն զգացումը, որ իրենք մասնակցել էին սահմանադրության փոփոխությանը, ընդունմանը՝ այդ թվում նաեւ կառավարման մոդելի ընտրությանը։

Այդ արդյունքները ասում են, որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նախագահական կամ կիսանախագահական մոդելի կողմնակից է, բայց իրականում այնպես չէ, որ սրանով պետք է սահմանափակվել։ Մենք՝  նաեւ հանձնաժողովականներս, պետք է ունենանք լայն հետազոտություններ կատարելու հնարավորություններ, ներկայացնել տարբեր մոդելների առավելություններն ու թերությունները, որպեսզի մեր քաղաքական, իրավական համատեքստն ու միջազգային փորձը հաշվի առնելով, բայց որ ամենակարեւորն է՝ մեր իրողությունները եւ մեր տարբեր ճգնաժամային իրավիճակների վերլուծությունը հաշվի առնելով՝ կարողանանք ամփոփել, որպեսզի դրա հիման վրա էլ կատարենք հիմնավոր ընտրություն եւ առաջարկ հանրությանը, որտեղ էլ հանրությունը կմասնակցի այդ առաջարկի ձեւավորմանը»,- նշել է Հակոբյանը։

Իսկ արդյո՞ք մեր քաղաքական դաշտի եւ կուսակցություններ ձեւավորման մեթոդների  պայմաններում հնարավոր է, որ հանրությունը կողմ լինի խորհրդարանական մոդելին։

«Հանձնաժողովականի կարգավիճակից ելնելով՝ զսպվածություն պիտի դրսեւորեմ եւ կոնկրետ անուններ չեմ տա, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր պատմության մեջ եղել են մարդ կուսակցություններ, որոնց մի մասն այս պահին ասպարեզից վերացել է։ Խնդիրը քաղաքական ավանդույթն է, իսկ այդ ավանդույթը իրապես ժամանակ եւ գուցե ժողովրդավարություն է պահանջում, որպեսզի այն կայանա։ Եւ ժողովրդավարության պակասը, որ երկար տարիներ ունեցել ենք ե՛ւ մակրո, ե՛ւ միկրո մակարրդակներում, բնականաար, խոչընդոտ էր, որպեսզի կուսակցական համակարգը մեզ մոտ ձեւավորվեր։ Եւ, իսկապես, միգուցե այս Մայր օրենքը այն կարեւոր փաստաթուղթն է, որն իրոք կապահովի մասնակցային մշակման, ընդունման գործընթաց, եւ դրա հիման վրա կկայանան նաեւ մեր կուսակցական, քաղաքական համակարգերը եւ մնացած խնդիրներն ավելի հեշտ լուծումներ կստանան»,- ի պատասխան նշել է Հակոբյանը։

Վերջինս անդրադարձել է նաեւ տարածված այն տեղեկությանը, որ հանձնաժողովի նախագահին պարտադրել են հրաժարական տալ։ Մեկնաբանելով այս լուրերը՝ Հակոբյանը նշել է․

«Իրականում պարտադրանք չի եղել, եղել է առաջարկ խորհրդի երկու անդամների՝ Դանիել Իոաննիսյանի եւ Արթուր Սաքունցի կողմից, ընդհանրապես վերացնել հանձնաժողովի նախագահի ինստիտուտը, որը մենք՝ հանձնաժողովականներով համարել ենք ոչ նպատակահարմար եւ հանդես ենք եկել կոմպրոմիսային առաջարկով՝ սահմանել համակարգողի պաշտոն, որը կզբաղեցնեն հանձնաժողովի բոլոր անդամները ռոտացիոն հիմունքներով։ Այդ առաջարկը արժանացել է Հանձնաժողովի եւ Խորհդի անդամների համաձայնությանը եւ ընդուվել է»։

Ժամանակին հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում էին, որ Նիկոլ Փաշինյանը շատ հարմար տեղավորվել է Սերժ Սարգսյանի համար կարված «սուպերվարչապետական կոստյումի մեջ», իսկ ի՞նչ ենք նրանք ասում հիմա կառավարման մոդելի վերաբերյալ։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Այսօր մենք լսում էինք Դանիել Իոանիսյանին, նա հիմնավորում էր, որ ՀՀ-ում ավելի նպատակահարմար է խորհրդարանական մոդելը, բայց ես չեմ կարող ասել՝ արյո՞ք դա հկ-ների հավաքական կարծիքն է։ Մենք լայն քննարկումներր կանենք, կտեսնենք, թե մեր տարբեր գործընկերները ինչ են մտածում այդ մասին։ Նաեւ Նիկոլ Փաշինյանի մասով անդրադառնամ, կարծում եմ՝ ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ մյուսները, իրենց տարբեր հայտարարություններով չպետք է իրենց կաշկանդված համարեն։ Կա մասնագիտական հանձնաժողով, կա Խորհուրդ, եւ Փաշինյանն՝ ինքը պետք է շահագրգիռ լինի հրավիրել եւ լսել ե՛ւ խորհրդին, ե՛ւ հանձնաժողովին։ Վստահ եմ, որ այն կարծիքը, որ դիցուկ Փաշինյանի մոտ կա ձեւավորված կառավաման մոդելի վերաբերյալ, ձեւավորվել է իր կուսակից ընկերների, ներկուսակցական իրավաբանների տեսակետների եւ խորհրդրատվության հիման վրա։ Բայց այստեղ գուցե կարիք կա մի քիչ ավելի լայնորեն լսել Խորհրդի բոլոր անդամներին, մտքեր փոխանակել հանձնաժողովի բոլոր անդամների հետ, որպեզի ինքն ու իր կուսակիցները փոխադարձաբար չկաշկանդեն իրար որեւէ մոդելի ընտրությամբ, այլ կարողնան ավելի բաց լինել»։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, եւ մասնավորապես, ընդդիմության բողոքի ակցիաներին, այդ ընթացքում տեղի ունեցած բռնություններին՝ Հակոբյանը նշել է․

«Իհարկե, քաղաքական ընդդիմությունը ունի նաեւ փողոցային պայքարի իրավունք, խաղաղ հավաքների իրավունք եւ այլն, բայց մի կարեւոր հանգամանք կա․ ժողովրդավարությունը գալիս է փաթեթով, չես կարող օգտվել դրա մի բաղադրիչից օրինակ՝ իրացնել խաղաղ հավաքի քո իրավունքը, բայց հանդուրժես, որ այդ հավաքի մասնակիցները բռնություն գործադրեն այն անձանց հանդեպ, որոնք համաձայն չեն այդ հավաքների հետ։ Մարդու իրավունքն է արտահայտել իր բողոքը զանազան արտահայտչամիջոցներով, այդ թվում՝ փողոց փակելով, բայց երբ մի խումբ այլ մարդիկ էլ ցանկանում են այդ փողոցը բացել, դա եւս իրենց խաղաղ հավաքի իրավունքի արտահայտման ձեւ է, ինչը եւս պաշտպանված է։ Եւ այստեղ ոստիկանության դերը բավական բարձր է, եւ ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ այստեղ ոստիկանական ուժեղ հսկողություն չպետք է լինի։ Դատելով այն միջադեպերից, որ մենք արձանագրում ենք, պետք է լինի ոստիկանական շատ ուժեղ հսկողություն այդ հավաքների ընթացքում, որպեզի զանազան խուլիգանական դրսեւորումները, բռնարարքները բացառվեն։ Օրինակ՝ ես լսել եմ, որ Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ ընդդիմության առաջնորդներից մեկն ասում է՝ ես իմ համակիրներին կոչ եմ անում կոնկրետ Ջանիկբեկյանի դեպքի մասով չտրվել սադրանքների, բայց եղբայր, ի՞նչն էր այնտեղ սադրանք, այն, որ այդ մարդը հանգիստ քայլում էր առանց ձեզ նկատելո՞ւ։ Մենք խոսում ենք Սոս Ջանիբեկյանի, Արմեն Մարտիրոսյանի դեպքերի մասին, բայց այս անձինք լինելով նշանավոր՝ որոշակի առումով ավելի պաշտպանված են, քանի որ այդ միջադեպերը արժանանում են հանրային պարսավանքի, բա այն անպաշտպան քաղաքացինե՞րը, որոնց բռնության են ենթարկում, եւ մենք չենք էլ իմանում նրանց անունները, բա այդ մասին ո՞վ պետք է մտածի։ Ես տեսա, որ մի կնոջ հետ կատարված դեպքի առիթով գործ էր հարուցվել, դա ողջունելի է, նման դեպքերին պետք է արագ արձագանքել։

Եւ մի կարեւոր դիտարկում եւս․ Էդուարդ Աղաջանյանն էր գրառում արել, որ ինքը փողոցով քայլել է, եւ իրեն ինչ-որ մեկը հայհոյել է, բայց բանը չպետք է հասնի իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնության դրսեւորումներին, որպեսզի իրենք մտածեն քաղաքացիներին պաշտպանելու մասին»։

Իսկ ի՞նչ իրավական մեխանիզմներով է հնարավոր բացառել կամ կանխել այդպիսի դեպքերը։

«Ե՛ւ Քրեական օրենսգիրքը եւ օրենսդրությունը տարբեր կտորներով տալիս են լուծումներ, ընդամենը պետք է դրսեւորել կամք եւ այդ լուծումները կիրառել իրականում եւ ոչ թե ժողովրդավարության գերդոզավորում փորձել ցուցադրել եւ ասել, թե մենք հանդուրժողականություն ենք դրսեւորում։ Հանդուրժել անհանդուրժելին չի կարելի․ եթե քո քաղաքացուն օրը ցերեկով «խաղաղ» ցույցի մասնակիցները բռնության են ենթարկում, ապա պետք է հասկանալ, որ դա ունի սահմաններ եւ պետք է միջոցներ ձեռնարկել։

Միայն առանձին միջադեպերը չեն․ ունենք մի կոնտեքստ, երբ մարդկանց մի խումբ խնդիր ունի ընտրողաբար օգտվելու ժողովրդավարության որոշակի գործիքներից՝ անտեսելով մնացածը։ Բայց այդ նույն խմբին եթե լսես, ապա ոչ բոլոր քաղաքացիները պետք է ունենան ընտրական իրավունք։ Ես ուրախ եմ, իհարկե, որ իրենք ցանկանում են օգտվել խաղաղ հավաքների իրավունքից, բայց իրենք պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը փաթեթով է գալիս, այն չի գալիս որպես ինչ-ինչ տեղերում արտոնություն»,- նշել է Հակոբյանը։

Ընդդիմադիրները հայտարարում են, թե ոստիկաններն են իրենց հանդեպ բռնություններ եւ անհամաչափ ուժ կիրառում։

«Այդպիսի միջադեպերը դատապարտելի են, դրանք պետք է քննվեն, եւ անհամաչափ արձագանքը եւս պետք է դատապարտվի։ Բայց իրականում մենք պատճառահետեւանքային կապերը չպետք է խզենք եւ հասկանանք՝ մինչեւ Արմեն Մարտիրոսյանի հանդեպ բռնություն կիրառելը նման երեւույթ չկար այդ հավաքների շրջանակներում»,- նշել է փաստաբանը։

Exit mobile version