«Ուղղակի խոսքեր չկան․ այդ անձինք իբրեւ թե օգտվում են խաղաղ հավաքների իրավունքից, բայց այնտեղ մի կարեւոր բաղադրիչ կա, որ դրանք պետք է լինեն խաղաղ։ Հիմա մենք ունենք, այսպես կոչված, բողոքի ակցիաներ, որոնք որեւէ կերպ խաղաղ չես կարող կոչել: Իսկ կոնկրետ այս միջադեպը ցույց է տալիս, որ դրանք ուղեկցվել են բռնությամբ, այսինքն, ցուցարարներից մի քանիսը եղել են հրահանգավորողներ եւ բռնություն կիրառողներ, որոնք ըստ էության, հարձակվել եւ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել մարդու նկատմամբ, որն իր քաղաքական հայացքներն է արտահայտել տարբեր խնդիրների հետ կապված՝ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, ԼՂ հակամարտության կոնտեքստում»։
Այդ մասին «Factor.am»-ի եթերում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների կողմից իրականացված հարձակումն ու բռնությունը։
Հակոբյանի խոսքով, այդ մարդիկ ոչ միայն հաշվեհարդար են տեսել, ոչ միայն մեղքերը քավելու փորձեր կամ արտահայտություններ չեն արել, այլեւ դեռ մի բան էլ հետո ավելի սրում են իրավիճակը։
«Վերջերս նաեւ Աղասի Ենոքյանն էր այսպիսի մի գրառում կատարել ֆեյսբուքում, թե «դեռ քանիսներն էլ չեն ծեծվել»։ Այսինքն, այս մարդիկ ակնհայտորեն կոչ են անում այդ բռնությունը շարունակել եւ իրենց նման ազգայնական թեզերով չառաջնորդվող մարդկանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։ Եւ, այո, դրանք տեղի են ունենում ոստիկանության անգործության պայմաններում․ ոստիկանությունն ունի պարտականություն ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող յուրաքանչյուր ոքին, ինչպես նաեւ չիրականացնող յուրաքանչյուր ոքին պաշտպանելու։ Չեմ կարող ասել, թե նրանց անգործությունը վախի հետեւանք էր, բայց ավելի լավ է չունենալ ոստիկանություն, քան՝ այդպիսին։ Այդ դեպքում գուցե ավելի ճի՞շտ է մարդկանց զենք տրամադրել, որպեզի մարդիկ իրենց հարցերը լուծեն, որովհետեւ՝ ի՞նչ իմանաս, ժողովրդավարական հասարակությունում ապրող ցանկացած անդամ վաղը կարող է մտածել, որ նույն բռնությունները իր նկատմամբ կարող են կիրառվել, եւ միգուցե մարդը պետք է ինքն իրեն պաշտպանի, եթե պետության ոստիկանությունը ունակ չէ պաշտպանել քաղաքացիներին»,- ասել է Հակոբյանը։
Փաստաբանը նշել է, որ արդեն հաղորդում է ներկայացվել Արմեն Մարտիրոսյանի կողմից եւ քննչական գործողություններ են իրականացվում այս օրերի ընթացքում․ «մեր գրասենյակի իրավաբանները պաշտպանում են նրա շահերը եւ ոչ միայն ոստիկանների անգործությանը մենք պետք է հետամուտ լինենք, այլեւ՝ մնացած բոլոր անձանց, ովքեր շարունակում են այդ միջադեպի կապակցությամբ բռնության կոչեր անել եւ ատելության խոսք, բռնություն գերենացնել»։
Իսկ ինչո՞վ է վտանգավոր այս արարքը, արդյո՞ք սա նշանակում է, որ մարդիկ պետք է զգուշավոր քայլեն փողոցում, զգուշանալով, որ ինչ-որ մեկը կմոտենա եւ հաշվեհարդար կտեսնի։
«Չի՛ լինելու նման բան, մենք մեր պետությունում զգուշավոր չենք քայլելու, զգուշավոր քայլելու են այն բոլոր անձինք, ովքեր կրում են այդ մշակույթը եւ այդ մշակույթը բացառվելու է այս պետությունից։ Մենք իրականացրել ենք ժողովրդավարական ընտրություններ, բայց դա ժողովրդավարության մի բաղադրիչն է միայն, մենք ժողովրդավարության հաստատման գործում շատ գործ ունենք անելու եւ այս բռնությունը վերացնելը, նման արարքները անհետեւանք եւ անպատիժ չթողնելը ժողովրդավարական հասարակության կայացման մի բաղադրիչն են, եւ մենք անպայմանորեն պետք է հետամուտ լինենք դրան։ Ասեմ նաեւ, որ Արմեն Մարտիրոսյանը ԻԵ կազմակերպության խորհրդի անդամ է, իսկ մենք մեր ընկերներին, անդամներին երբեք անպաշտպան եւ առանց օգնության չենք թողնում, եւ նրանց իրավունքների ու շահերի համար մինչեւ վերջ հետամուտ կլինենք բոլոր ատյաններում։ Եթե այս պետությունն ի վիճակի չէ իր քաղաքացուն պաշտպանելու, ապա միգուցե պետք է դիմել ՄԻԵԴ, եւ ես իրոք հուսով եմ, որ անցել են այդ ժամանակներն ու պետությունը իրավական պաշտպանության արդյունավետ միջոց կտրամադրի իր քաղաքացուն»,- ի պատասխան ասել է Հակոբյանը։
Իսկ ինչո՞ւ է քաղաքական ուժը, կամ քացաքական ուժի ներկայացուցիչները բռնությունը կիրառում որպես պայքարի գործիք։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այս ընդդիմությունը ինքը հիմա չի դա վերցնում անում, բռնությունն այս ընդդիմության մշակույթի մի անբաժանելի մասն է եղել, երբ իրենք եղել են իշխանության, հետեւաբար դա չէ ինձ համար զարմանալի, քանի որ դա եղել է միշտ իրենց գործելաոճի կարեւոր բաղադրիչը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպե՞ս է պատահում, որ լիբերալ գաղափարախոսություն կրող ուժերը, օրինակ՝ ինչպիսինն է Հայ ազգային Կոնգրեսը, որի լրատվաիջոցներից մեկում՝ ՉԻ-ում, ես երեկ կարդում եմ կարծես թե բռնությունը դատապարտող, բայց ամենավերջում մի այսպիսի հարցադրում անող հոդված՝ «իսկ միգուցե բռնությունը իրո՞ք արդարացված է որպես դիմադրության միջոց»։ Անդրադարձ էր կատարվում այդ հոդվածում, որ Մարտիրոսյանը պետպատվերի շրջանակներում պոստերներ եւ չգիտեմ ինչեր է տպել, հիմա չեմ ուզում թվարկել, թե ՀԱԿ-ի տարբեր քարոզարշաներում «Անտարես» հրատարակչությունն ինչպիսի օգնություն է ցուցաբերել, ինչեր է տպագրել, մարդկային ապերախտության մասին չեմ ուզում խոսել այս պահին․ ես ուզում եմ հարց տալ՝ թե ինչո՞ւ է իրեն լիբերալ հռչակող քաղաքայան ուժը դիրքավորում Քոչարյանի եւ Վանեցյանի՝ հասկանանք Սերժ Սարգսյանի, քաղաքական ուժերի հետ նույն հարթակում»։
Իսկ ի՞նչն է ծնում այսպիսի բռնարարքներ, արդյո՞ք անպատժելիությունը, կամ՝ համընդհանուր միմյանց չհանդուրժելու պրակտիկա՞ն․ ըստ Հակոբյանի դրանք ընդհանրական գնահատականներ եւ խոսակցություններ են։
Այդ պարագայում, ի՞նչ չի անում իշխանությունը, որը պետք է աներ այդպիսի դեպքերը բացառելու համար։
Հակոբյանի խոսքով, իշխանությունները շատ-շատ բաներ կան, որ չեն անում։
«Նրանք արել են միայն ազատ արդար ընտրություններ եւ դա լավ է, բայց չեն արել դատաիրավական համակարգի, քննչական համակարգի, ոստիկանական համակարգի խորքային բարեփոխումներ եւ այդ բոլոր հանգամանքները փոխկապակցված են։ Դիցուկ՝ քննչականը նորմալ քննեց այս գործը եւ այն գնաց դատարան, համարյա՝ 99 տոկոս է հավանականությունը, որ դատարանը այս ուժերին պաշտպանող որոշում կկայացնի եւ դա մենք տեսել ենք բազում օրինակներով։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում, քանի որ ոչ մի խորքային բարեփոխում տեղի չի ունեցել, քաղաքական կամքը տեսնում եմ որ կա, բայց ես չեմ տեսնում բարեփոխումներն իրականացնելու այդ ունակությունը։ Ես տեսնում եմ ինչ-որ զգուշավորություն՝ սրանց չնեղացնենք, նրանց չնեղացնենք, մեր միջազգային գործընկերները սա են ասում, Վենետիկի հանձնաժողովը սա է ասում։ Այդ ամենին նորմալ բացատրական աշխատանք չի էլ տարվում եւ անընդհատ այդ համակարգային խնդիրները ոչ միայն մնում են, այլեւ դրանց ձնագունդն ավելի է մեծանում եւ հետեւանքները սրանք են․ եղել են նախկինում բռնության դեպքեր, նույն Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառվեց այն չարաբաստիկ գիշերը, դրանցից ո՞րն է բացահայտվել, որոնցո՞վ են մարդիկ պատասխանտվության ենթարկվել։ Ահա այդ ամենը ստեղծում է շատ բացասական նախադեպեր»,- նշել է Հակոբյանը։
Փաստաբանի խոսքով՝ համակարգը ծայրից ծայր փտած է եղել, ուստի պետք էր ոչ միայն քաղաքական կամք, այլեւ՝ ունակություն դրսեւորել կարճ ժամանակամիջոցում իրականացնելու բարեփոխումներ։
«Հիմա կասեն՝ բարեփոխումները ժամանակատար պրոցես են, մի օրում տեղի չեն ունենում, բայց կներեք՝ արդեն չորս տարի է անցել։ Հասկանում ենք՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ էլ են եղել՝ պատերազմ, քովիդ եւ այլն, բայց այն, ինչ կարելի էր անել, անգամ դա չի արվում։ Օրինակ՝ նույն դատավորների թեման երկար քննարկվում էր, թե՝ վեթինգ պե՞տք էր անել, թե՝ ո՞չ։ Նախ վեթինգ սկզբից էր պետք անել, երբ որ հեղափոխական իշխանությունը եկավ իշխանության պետք էր անմիջապես անել, բայց մենք տեսանք, որ մի տարի կորցրեցինք եւ անգամ պլան չունեինք, թե դատաիրավական բարեփոխումն ինչպես պետք է արվի եւ 2019 թվականի օգոստոսին նոր մենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն ընդունեցինք։
Դրանից հետո, լավ, սկսվեց քովիդը, նախարար փոխվեց, եւ այլն, բայց երկու բան կա, որ պետք է արվեր, 1՝ մտածել, թե ինչպես ազատվել այդ կոռումպացված դատավորներից, դատախազական, քննչական, այլ մարմիններում աշխատողներից, 2՝ ինչպե՞ս պետք է կարճաժամկետ վերապատրաստումների համակարգ ստեղծել, որպեսզի այդ կադրերը փոխարինողներ հայտնվեն։ Գոնե այդ երկու համակարգերի հիմքերը պետք է դրվեին չէ՞ այս 4 տարիների ընթացքում, գոնե պետք է պլան լիներ, թե այն առաջինն ինչպես է արվում եւ երկրորդն ինչպես է արվում»։
Անդրադառնալով Արդարադատության նոր նախարար Կարեն Անդրեասյանի գործունեությանը՝ Հակոբյանը նշել է․
«Կարեն Անդրեասյանը որոշակի դրական քայլեր ի սկզբանե արեց․ Ռուստամ Բադասյանը կաբինետային աշխատաճով աշխատող նախարար էր, անգամ քաղհասարակությանն էլ մի անգամ անվանեց իրավունքի աղանդավորներ, որոնք ուզում են հինգ րոպեում ամեն ինչ անել, եւ դրանից հետո չեմ հիշում որեւէ կոնտակտ Արդարադատության նախարարության հետ։ Կարեն Անդրեասյանը հաճելիորեն նոր պրակտիկա բերեց՝ քաղհասարակության հետ երկխոսելու եւ ներգրավվելու հարցում՝ տարբեր աշխատանքային խմբեր ստեղծելով՝ հակակոռուպցիոն, մարդու իրավունքների, ԱՆ-ին կից հասարակական խորհուրդը վերակենդանացնելով, նաեւ սահմանադրական բարեփոխումների խորհրդում եւ հանձնաժողովոմ այնպես անելով, որ քաղհասարակության ներկայացուցիչներ հայտնվեն։ Դա իրոք լավ ու շատ ողջունելի պրակտիկա էր, բայց, էլի, մենք պետք է այնպես անենք, որ չմնանք քննարկումների փուլում, քանի որ քաղհասարակությունն էլ միշտ չէ, որ ունի այդ պրոֆեսիոնալ կարողությունները։ Տարբեր հանդիպումներ են լինում, ես ինքս մասնակցել եմ Վենետիկի հանձնաժողովի հանդիպումներին, նրանց մի մասը մի բան էր ասում, մի մասն՝ այլ բան էր ասում։ Նաեւ վճռականության բացակայություն կա այդ քաղհասարակության շրջանակներում, հիմա էլ, այսպես ասած, մտավախություն է առաջացել, որ եթե իրենք աջակցնեն այս իշխանությունների բարեփոխումների օրակարգին, ապա իրենց կհամարեն պրոիշխանական ՀԿ-ներ, եւ հիմա էլ այդ հողի հիման վրա են ինչ-որ առարկություններ ներկայացնում։ Եւ դա եւս ազդում է էլի, որովհետեւ իշխանությունն էլ ասում է՝ այ, քաղհասարակությունը սրան դեմ է հանդես գալիս, միջազգային գործընկերներն են դեմ։ Հասկանալի է, որ վճռականությունը գործադիրի ոլորտում բերում է որոշակի վարկանիշային կորստի, բայց այդ կորստից չպետք է վախենալ, քանի որ այսօր այդ վարկանիշի ինչ-որ աստիճանը կիջնի, վաղը՝ հետահայաց մարդիկ կգնահատեն, կհասկանան, թե ինչ է արվել եւ ինչ չի արվել։ Հետեւաբար, եթե այս ոլորտ ես մտնում, իրոք պետք է մի քիչ ավելի վճռական քայլերի դիմել։
Պատմությունն իր գնահատականը տալիս է ռեֆորմատորներին, պետք է ինչ-որ բաներ թողնել պատմությանը։ Օրինակ՝ Կարեն Անդրեասյանը որպես ՄԻՊ կարծում եմ՝ սկզբնական փուլերում շատ պոպուլյար չէր․ որոշակի կապեր կային, հասարակական ընկալումները ոչ միանշանակ էին, բայց հետահայց մարդիկ կարողացան գնահատել, որ այդուհանդերձ որպես ՄԻՊ՝ որոշ կարեւոր բաներ նա արեց, մասնավորապես, այդ արտահերթ զեկույցը դատաիրավական համակարգի մասին, եւ նաեւ այլ բաներ։ Հիմա նույն իրավիճակն է լինելու, եւ իսկապես լավ կլիներ, որ վճռականություն կարողանա դրսեւորել, կարողանա կոմպետենտ խմբերի հետ աշխատել, ավելի շատ աշխատանք տանել միջազգային գործընկերների հետ՝ համոզելու մեր համատեքստից բխող անհրաժեշտությունները։
Մի պատկերավոր օրինակ․ երբ արդարադատության նախկին նախարար Բադասյանը Սահմանադրական դատարանի 2020 բարեփոխումների մասին կարծիք էր հայցել Վենետիկի հանձնաժողովից, նույն Վենետիկի հանձնաժողովը շատ կոշտ գրել էր, որ պետք է անցումային ժամանակահատված տրամադրել դատավորներին, այլ ոչ թե միանգամից նրանց լիազոորությունները դադարեցնել։ Բայց հիմա եկեք նույն ՎՀ-ին հարց տանք, ասենք՝ եթե հետպատերազմական համատեքստի իրադարձությունները հաշվի առնենք, երբ ԱԺ նախագահի վրա ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ, երբ այս պետությունում չկար մի կառույց, որը ժողովրդի ընտրած վարչապետի հրաժարականը չէր պահանջում, հիմա այս կոնտեքստում եթե մենք կատարեինք ՎՀ այդ առաջարկությունը եւ սահմանեինք անցումային փուլ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ 2021 թվականի ժողովրդավարական ընտրությունները ինչ գնահատականի էին արժանանանալու ՍԴ նախկին կազմի կողմից։ Ես ուղղակի վստահ եմ, որ այդ ընտրությունները անվավեր էին ճանաչվելու, եւ մենք հիմա ունենալու էինք այս բռնարարների իշխանությունը»,- ասել է Հակոբյանը։
Անդրադառնալով վարչապետին ուղեկցող ոստիկանական մեքենայի կողմից մահվան ելքով օրերս տեղի ունեցած վրաերթին՝ փաստաբանը նշել է․
«Իսկապես շատ ծանր դեպք է տեղի ունեցել, եւ ուզում եմ իսկապես իմ ցավակցությունը հայտնել ընտանիքին։ Նաեւ դժվար է իրականում գնահատել, թե ինչ է, որովհետեւ այդ տեսանյութը, որ կա՝ մի քանի եզրակացությունների հնարավորություն է տալիս։ Բայց, բնականաբար, ամբողջական պատկերը մենք չենք կարող տալ, առաջին հերթին այդտեղ էլի ոստիկան կար կանգնած եւ իր գործառույթներն էին երթեւեկությունն այդտեղ կարգավորել, նաեւ հետիոտնի վարքագիծը կառավարել, որը նա չի արել եւ այստեղ շատ լուրջ մեղքի բաժին, ըստ իս, այդ ոստիկանը ունի։ Նաեւ տեսանյութից որքանով կարող եմ դատել՝ հասկանում եմ, որ հետուառաջ շարժում է տեղի ունեցել այդ աղջկա կողմից, ըստ երեւույթին՝ գնահատել է, որ Տոյոտան դիմացով է գնալու, փորձել է հետ գնալ եւ հարվածի ուժգնությունը արդեն հնարավոր չի եղել կանխել եւ այդ վթարն է տեղի ունեցել։ Կարծում եմ, որ մեքենան, որը հարվածել էր, անպայման պետք է հաղորդեր, որ նման դեպք է եղել եւ շարասյունից դուրս գար եւ օգնությունը կազմակերպեր։ Չգիտեմ՝ դա այդպես եղե՞լ է, թե՝ ո՞չ։ Ինչ վերաբերվում է վարչապետին, ապա ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք հնարավոր էր այդ պայմաններում տեսնել դա, շատ հնարավոր էր, որ հետեւից եկող մեքենայի մեջ գտնվող վարչապետը չտեսներ էլ, որ նման բան է եղել, եթե տեսել էր, ապա իրոք պետք է ինքն էլ քայլեր ձեռնարկեր եւ կարեւորեր քաղաքացու կյանքը։ Բայց այդ ամենը մենք այսպես գնահատել չենք կարող, իսկապես քրեական գործ պետք է լինի եւ քննվի»։
