Դրական նախաձեռնություն է ՄԻԵԴ կայացրած վճիռներով դատավորների պատասխանատվության նախատեսումը․ Լուսինե Հակոբյան

«Եթե այդպիսի պնդում անենք, որ դա իսկապես կապված է այդ գործի հետ, ապա ընդդիմադիրների «ճնշման» ավելի ակնդետ դեպքեր են եղել․ օրինակ՝ անցած տարի Վերաքննիչ դատարանում մի դատավոր Վանեցյանին էր ազատ արձակել, կամ տարբեր այլ ընդիմադիր գործիչներ ազատ արձակվեցին այս ընթացքում, այն դեպքում, երբ հստակ խնդիրներ կային այդ ազատ արձակման հետ կապված։ Հիմա չեմ ցանկանում առանձին գործերին անդրադառնալ, բայց «Սիսական» ջոկատի հրամանատարից ավելի լուրջ դեմքերի են տարբեր դատավորներ ազատ արձակել եւ եթե նպատակը դա էր, ապա Բորիս Բախշիյանից առաջ մի շարք այլ դատավորներ պետք է քրեորեն հետապնդվեին։ Հետեւաբար, այս թեզն ինձ համար շատ վիճահարույց է եւ քննադատության չի դիմանում»։

Այդ մասին «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հիմնավորվա՞ծ են արդյոք ընդդիմադիրների այն պնդումները, թե իշխանությունները դատավոր Բորիս Բախշիյանի հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում, եւ որ նրան իրականում կալանավորել են «Սիսական» ջոկատի հրամանատարի գործով կայացրած որոշման պատճառով։

Փաստաբանի խոսքով, ավելի ճիշտ կլինի խոսել այն մասին, թե սեղանին ինչ փաստեր կան․

«Ես ամեն տեղ անում եմ այս վերապահումը, հիմա էլ կանեմ՝ ես չեմ ասում, որ դատախազությունը հարյուր տոկոսով ամեն ինչի մասին ճիշտ է ասում, բայց ըստ դատախազության հաղորդագրության, եղել է գործ, որի շրջանակներում մի քանի մեղադրյալներ են եղել եւ նրանց պաշտպանները, եւ մի երկու մեղադրյալի եւ նրանց պաշտպանների բացակայության պայմաններում բացակայող մի մեղադրյալի նկատմամբ դատավորը կիրառել է կալանքը որպես խափանման միջոց։ Ապա այդ մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ կազմակերպված խմբի կողմից նրա նկատմամբ ճնշում է գործադրվել, հաջորդ դատական նիստին, առանց որեւէ հանգամանքի փոփոխության, նույն դատավորը դարձյալ քննել է նույն ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը, փոխել է այն, ու նրան ազատ է արձակել, ինչից հետո ամբաստանյալը փոխել է իր ցուցմունքը, ինչը հակասել է նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքին, ընդ որում, դա անելուց առաջ դատավորը նաեւ փոխել է ապացույցների հետազոտման հերթականությունը, եւ ունեցել ենք այս արդյունքը։

Հիմա՝ իրավունք ունի՞ պետությունը՝ ի դեմս նախաքննության, ի դեմս դատախազության, հարցեր առաջադրել այս դատավորին։ Ըստ իս, միանշանակ՝ ունի։ Եւ այդ իրավունքն այնքան ակնհայտ է, եւ նաեւ կարծում եմ, որ փաստերն այնքան ակնհայտ են եղել, որ անգամ ԲԴԽ-ն միաձայն է կայացրել քրեական գործ հարուցելն ու դատավորի խափանման միջոցի հարցը քննելը թույլատրելու դատախազության միջնորդությանը։

Եւ սա այն ԲԴԽ-ն է, որի հանդեպ եւս մենք վերապահումներ ունենք, այն առումով, որ այնտեղ կազմը միանշանակ չէ․ այնտեղ կան դատավոր անդամներ, որոնք հայտնի են իրենց ոչ միանշանակ վարքով։ Ավելին, այնտեղ կա դատավոր անդամ, որը հայտարարել էր, թե ինքը առհասարակ երբեւէ որեւէ դատավորի պատասխանատվության ենթարկելու կողմ չի քվեարկելու։ Եւ փաստորեն, անգամ այդ դատավորն է կողմ քվեարկել։ Ուստի, կարծում եմ, որ փաստերը բավական լուրջ են եղել։ Եւ այդ փաստերի լույսի ներքո կարծում եմ, որ այս պրոցեսը խիստ ռացիեոնալ եւ արդարացի պրոցես է»։

Դատական օրենսգրքի նոր փոփոխությունները եւս քննադատության են ենթարկվել, քննադատներն ասում են, թե այդ փոփոխությունների նպատակը այն է, որ ԲԴԽ-ն կարողանա ավելի քիչ ձայներով դատավորներին պատասխանատվության ենթարկել։

Հակոբյանի խոսքով, այդ փոփոխությունների իրական նպատակն է լուծել այն իրավիճակը, երբ ԲԴԽ-ն չի կարողանում որոշումներ կայացել եւ փաստացի կաթվածահար է լինում այն պատճառով, որ նրա զանազան անդամներ՝ ունենալով կոնկրետ նպատակներ, այդ թվում՝ դատավորական կլանի շահերի պաշտպանությունը, ամեն գնով հրաժարվում են առանձին գործերով իրականացնել արդարադատություն։

«Եւ այս հանգամանքներում շատ կարեւոր է, որ ԲԴԽ-ի գործունեությունը կաթվածահար չլինի, որ ԲԴԽ-ն կարողանա որոշումներ ընդունել, այնպես չլինի, որ դատավորները, կամ այլ անդամներ որոշեն որեւէ դատավորի պաշտպանության նպատակով նիստին չներկայանալ, եւ այդ դատավորը արդյունքում խուսափի արժանի կարգապահական պատասխանատվությունից։ Կարծում եմ՝ այստեղ իրավունքի խախտման մասին չենք կարող խոսել, որովհետեւ որեւէ մեկը չի արգելում այդ նույն կազմին ամբղջությամբ ներկայանալ նիստերին եւ մասնակցել, այսինքն, իրենց որեւէ իրավունք այստեղ չի խախտվում։ Սրանով միջոցներ են ձեռնարկվում իրենց միտումնավոր անգործությունը թույլ չտալու ուղղությամբ»,- նշել է Հակոբյանը։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարելասել է, որ համակարգում կան 40 կոռումպացված դատավորներ․ եթե նրանք կոռումպացված են, եւ այդ մասին գիտեն իշխանությունները, արդարադատության նախարարը, ապա ինչո՞ւ են նրանք դեռ շարունակում պաշտոնավարել։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Մինչեւ այս արդարդատության նախարարը, մենք բավական ժամանակ կորցրեցինք, եւ պետք է ասել, որ հիմա էլի զրոյից ենք սկսում, սայլը տեղից շարժվում է դանդաղ, որովհետեւ մի շարք գործոններ կան, որոնք խոչընդոտում են որպեսզի սայլի շարժումն արագանա։ Կարող եմ ասել, որ վերջին տեղում չեն նաեւ մեր մի շարք միջազգային գործընկերները, որոնք վեթինգ տերմինից, այդ գործընթացից երկյուղածություն ունեն եւ այդ խորհրդատվությունն էլ տալիս են, որ՝ այ պետք չէ, դա ծայրահեղ միջոց է եւ այլն, դա եւս չի նպաստում, որ սայլը տեղից շարժվի։ Բացի դրանից, այդ ամենն այնքան էլ հեշտ չէ, քանի որ այդ խորքային պետություն կոչվածը բոլոր ասպարեզներում դիմադրում է՝ կլինի դա տարբեր դատավորների տեսքով, կլինի՝ համակարգում ներդրված տարբեր լեգիստական մտածողությամբ իրավաբանների տեսքով, եւ այլն։ Դա է պատճառը նաեւ, որ դանդաղում ենք։ Բայց օրինակ՝ շատ դրական նախաձեռնություն է վերջերս շրջանառվում, մասնավորապես ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով դատավորների պատասխանատվության նախատեսում, ինչը կարող է նպաստել իրավիճակի բարելավմանը»։

Մանրամասնելով վերջին նախաձեռնությունը՝ Հակոբյանը նշել է․

«Եվրախորհրդի կողմից տարիներով բարձրաձայնվող պահանջն է, եւ մեր պետության  պարտականությունն է՝ կատարել ՄԻԵԴ վճիռները։ Երբ ասում են ՄԻԵԴ-ի վճիռների կատարում, դա չի ենթադրում միայն մարդու իրավունքների կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտումներից տուժածների դրամական փոխհատուցում։ Դա տարբեր միջոցառումների ամբողջություն է ենթադրում, որը կոչվում է «Ընդհանուր միջոցառումներ»։ Ճիշտ է, ՄԻԵԴ-ը առանձին դատավորների հանդեպ որեւէ պատասխանատվության ուղենիշներ, խորհուրդներ, կամ ցուցումներ չի տալիս իր վճիռներով, բայց նաեւ ՀՀ վերաբերյալ եղել են վճիռներ, երբ օրինակ՝ կոնկրետ դատավոր է նշվել վճռում, եւ նրա կողմից կատարված գործողություններն են գնահատվել որպես կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության խախտում։ Ես խոսում են «Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին, որտեղ հստակ մատնանշված էր դատավոր Մ-ն, իսկ բոլորիս հայտնի է, որ այս դատավորը Մկրտումյանն էր։

Մենք այժմ ունենք մի իրավիճակ, երբ մեր պետությունում դատական իշխանությունը կազմավորվել է ոչ թե լիբերալ, ժողովրդավարության, այլ՝ ավտորիտարիզմի միջավայրում։    Բացառիկ դեմքեր կան, իհարկե, չեմ ասում, թե բոլոր դատավորները այդ համակարգի ծնունդն են եւ այդ արժեհամակարգի կրողը։ Բայց հիմնականում այդ պայմաններում նշանակված դատավորները զգալի խումբ են կազմում, որոնք մշտապես հանդես են եկել որպես նախկին նախագահների, գործադիր իշխանության կամակատարներ, որոնք ներգրավված են եղել մեր պետությունում տեղի ունեցած բավական կոպիտ, ցնցող մարդու իրավունքների ոտնահարման գործընթացներում։ Մասնավորապես, նկատի ունեմ 2003 թվականից սկիզբ առած Երեւանի կենտրոնի կառուցապատման նպատակով ունեզրկման տարբեր գործերը, որոնց արդյունքում մարդիկ գրոշների դիմաց, կամ էլ առանց որեւէ փոխհատուցման զրկվել են իրենց սեփականությունից։ Կամ 2008թ. իրադարձությունների հետ կապված գործերի խումբը, երբ կոնկրետ դատավորներ հստակ քաղաքական պատվերներ են կատարել, եւ ընդդիմադիր գործիչներին ճնշելու նպատակով՝ դակել են նրանց մեղադրական վճիռները, եւ հիմա արդեն ՄԻԵԴ-ում մենք ունենք իրար հետեւից կայացվող վճիռներ, որոնցով ճանաչվում են այդ մարդկանց իրավունքների կոպտագույն խախտումները։ Հետեւաբար, մենք չենք կարող թույլ տալ մի իրավիճակ, երբ այդ դատավորները մնան ու շարունակեն իրականացնել իրենց «արդարադատությունը»։ Եւ ներկայիս կառավարության առաջարկն այն է, որ այն դատավորները, որոնք այդ գործերով թույլ են տվել կոպտագույն խախտումներ, եւ դիտավորությամբ են թույլ տվել այդ խախտումները, պետք է անհամատեղելի ճանաչվեն իրենց զբաղեցրած պաշտոնին եւ այդ հիմքով դադարեցվեն նրանց լիազորությունները։

Ի դեպ, նույն Ավստրիայում, կամ Գերմանիայում այդպիսի դատավորներին ոչ միայն համակարգից կհեռացնեին, այլեւ՝ քրեորեն կհետապնդեին։ Հիմա, որպեսզի մեր միջազգային գործընկերները շատ մեծ աղմուկ չբարձրացնեն, իշխանություններն ասում են՝ մենք գնում ենք այն ճանապարհով, որ այդ դատավորները թող գոնե դուրս գան համակարգից, չշարունակեն վնաս պատճառել մարդկանց եւ ոտնահարել մարդկանց իրավունքները։

Կառավարությունը նախատեսում է նաեւ, որ այդ օրենքն ունենա հետադարձություն, եւ կիրառվի ՄԻԵԴ վճռի պահից 15 տարվա հետադարձությամբ, ինչը, բնականաբար, մի շարք դատավորների համար ցնցող է, եւ հասկանում եմ, որ շատ մեծ դիմադրության ալիք է նաեւ այստեղ բարձրանալու։ Բայց ես այս խտրականության իմաստը չեմ տեսնում, ի՞նչ է մենք ասենք՝ հիմա ընդունում ենք, 2022-ից սկսած ՄԻԵԴ վճիռներով ով ճանաչվեց, ինքը դուրս է գալիս, իսկ այն նախկինները մնա՞ն։ Ինչո՞ւ պետք է այդպես լինի, ո՞րն է այդ խտրականության հիմքը։ Առհասարակ, դատավորը, երբ որ զբաղեցրել է այդ պաշտոնը, ինքը իմացել է, թե իր լիազորությունները որոնք են, որն է օրենքը, եւ որ ինքը հստակորեն պետք է ենթարկվի միայն օրենքին։ Եթե ինքը տարբեր շահերի բերումով՝ ենթարկվել է ինչ-որ այլ ազդակների, ապա պետք է կանխատեսեր իր համար, որ դա լավ չէ։ Եթե նախորդ իշխանությունն իրեն որեւէ պատասխանատվության չի ենթարկել, ապա դա բոլորովին չի նշանակում, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, եւ պետք է շարունակի ներկայիս իշխանության օրոք պաշտոնավարել,

Այստեղ նաեւ տարբեր առարկություններ են բերվում, թե հայեցողություն կլինի, իշխանությունն ընտրողաբար որոշ դատավորների կենթարկի նման պատասխանատվության, իսկ որոշներին՝ չի ենթարկի։ Բայց քավ լիցի, դատավորներն էլ իրենց խողովակներն ունեն, նրանք ունեն Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, եթե կլինեն իշխանության նախընտրելի դատավորներ, որոնք ներգրավված կլինեն մարդու իրավունքների խախտումներում, թող դատավորներն էլ նրանց պատասխանատվության հարցը տանեն այդ հանձնաժողով։ Բայց չէ, իրենք չեն ուզում դա անել, իրենք ընդհանրապես ասում են՝ դատավորները մի սուրբ կաստա են, իրենց ընդհանրապես մի կպեք, իրենք պետք է օրենքից դուրս լինեն առհասարակ։ Այսինքն, այդ մարդկանց նպատակը օրենքի հանդեպ դատավորների գերակայություն հաստատելն է։ Բայց դա չի լինելու»։

Կառավարությունը որոշել է լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ապահովել թոշակի անցնող դատավորների, դատախազների, քննչական մարմիններում աշխատողների համար։ Լուսինե Հակոբյանը կարծում է, որ սա ավելի շատ ապագային միտված միջոցառում է, որը նպատակ ունի շահագրգռելու երիտասարդ մասնագետներին, որ նրանք չխուսափեն դատավոր աշխատելուց։

«Ըստ էության, դա վատ չէ, բայց ահա ներկայիս դատավորների դեպքում չեմ կարծում, թե դա ինչ-որ գործուն միջոց է։ Բայց, էլի, դրական եմ գնահատում, քանի որ մենք փոքր պետություն ենք, մեր իրավաբանական համայնքը սահամնափակ է, լավ մասնագետները քիչ են, եթե դրանով կխրախուսեն նրանց, որ նրանք դատավոր աշխատեն, ես միայն կողմ եմ»,- նշել է Հակոբյանը։