«Կարեւոր է հնչող բոլոր մեկնաբանությունները դնել մի կողմ, քանի որ դրանք տարաբնույթ են, յուրովի, շատ դեպքերում՝ կոնկրետ հարցերից կտրված, ելակետերն էլ մտացածին են։ Հիմնականում այդպիսի տրամախոսությունները երբ եթեր են նետվում, դրանց հիմնական նպատակը առաջին հայացքից ինչ-որ տպավորություններ ստեղծելն է։ Ուստի, պետք է քննարկել բուն հարցը, եւ երբ այն քննարկում ես կետ առ կետ, պարզվում է, որ այդ մեկնաբանությունների հեղինակների մեծ մասն անգամ պարզունակ փաստական հենք չունի»։
Այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանն ու դրան՝ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից հետեւած աղմուկին։
Եգորյանը հիշեցրել է, որ դատավորի հանդեպ քրեական հետապնդման եւ կալանավորման վերաբերյալ ԲԴԽ-ին ներկայացվել է միջնորդություն եւ համապատասխան հիմնավորող նյութեր, ԲԴԽ-ի կազմը՝ 9 անդամներից բաղկացած, միաձայն համաձայնություն է տվել ներկայացված միջնորդությունը բավարարելուն եւ ներկայացված նյութերի հիման վրա քննություն իրականացնելուն։
«ԲԴԽ այս կազմի կապակցությամբ շատ կարեւոր է հիշել, որ այդ կազմում ընդգրկված դատավոր անդամները շատ հաճախ են դատավորներին վերաբերող տարբեր գործերով կարգապահական վարույթները, ԲԴԽ որոշումները ձախողում, քանի որ դատավոր անդամները, հանդիսանալով դատավորների, այսպես ասած, «կաստայի» անդամներ նաեւ, ունեն որոշակի սկզբունքներ, շատ դեպքերում գուցե նաեւ պարտականություններ այդ «կաստայի» անդամության շրջանակներում եւ չեն քվեարկում դատավորների դեմ։
Այս դեպքը ցուցադրում է, որ այնքան անառարկելի է եղել միջնորդությունը, որ այդ դատավոր անդամները որոշել են քվեարկել հօգուտ այդ հետապնդման»,- նշել է Եգորյանը։
Ընդդիմադիր շրջանակները հայտարարություններ են անում, թե իրականում դատավոր Բախշիյանին կալանավորել են «Սիսական» ջոկատի հրամանատարի վերաբերյալ կայացրած որոշման կապակցությամբ, ուստի, հասարակ քաղաքացին ինչպե՞ս պետք է հասկանա, թե դատավորի կալանավորումը քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞՜ ոչ, եւ արդյո՞ք իրականում կապված չէ վերոնշյալ որոշման հետ։
«Դատավորի պաշտպանների արտահայտած արտահայտած մտքերի կապակցությամբ տեղեկացնեմ, որ քրեական հետապնդումը ոչ թե «Սիսական» ջոկատի հրամանատարի գործով է եւ դրա հիման վրա, այլ՝ մեկ այլ գործով, բոլորովին այլ գործով հարուցված հետապնդման շրջանակներում։ Ընդ որում, բոլորովին այլ ուղղությամբ, ոչ դատավորի նկատմամբ, որովհետեւ ինչպես ծանոթանում ենք հենց նույն դատավորի պաշտպանների հրապարակային խոսքից՝ հետագայում այդ այլ գործով դատավորի նկատմամբ եւս հետապնդում իրականացնելու միջնորդություն է իրականացվել։ Սա նշանակում է, որ մեկ այլ գորրծով քննությունն ընթացել-ընթացել է, ինչ-որ կետում պարզվել է, որ կարծես՝ այս գործի հետ ինչ-որ կապ ունի դատավորը։
Բայց այստեղ գալիս ենք այն կետին, որ իշխանությունն ունի հետեւողականության, վճռականության եւ, թող սխալ չընկալվի՝ իրավական սահմաններում ընդունելի ռադիկալության մեծ խնդիր, եւ երբ իշխանությունը չի կարողանում այս խնդիրը լուծել, հետեւողականորեն ու արագ հաղթահարել գոյություն ունեցած բոլոր արատները, եւ միայն առանձին դեպքերում է հնարավոր լինում կամք գեներացնել, ապա քաղաքացու մոտ միգուցե հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս սրիկային հասաք, մյուսին՝ չէ»,- նշել է Եգորյանը։
Քննադատություններ կան, որ այս հարցով ԲԴԽ միաձայն քվեարկությունը դեռ բավարար ապացույց չէ առ այն, որ քաղաքական հետապնդում չկա, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ ԲԴԽ-ն միաձայն ակնհայտ սխալ որոշումներ է կայացրել։
Ի պատասխան այս տեսակետների՝ Եգորյանը նշել է․
«ԲԴԽ քվեարկությունների արդյունքները բավարար չեն յուրաքանչյուր անդամի քվեարկության շարժառիթների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, մենք պետք է հասկանանք, որ երբ 9 մարդ հավաքվում եւ հարց է քննարկում, այդտեղ, բնականաբար, տեղի են ունենում փաստարկների, համոզմունքների, կամ փաստերի գնահատման, համոզման եւ այլ փոխադարձ պրոցեսներ։ Եւ երբ մի խումբը հետապնդում է իքս նպատակ, մեկ այլ խումբը՝ իգրեկ նպատակ, միգուցե ինչ-որ իրավիճակներ լինեն, որ կարող է առաջանալ միաձայնություն մի որոշման կապակցությամբ, որտեղ ամեն կողմն իր ուզածի գոնե մի մասը վերցրեց։ Դրանք բնական պրոցեսներ»,- ասել է Եգորյանը։
Անդրադառնալով մեկ այլ պնդման, թե այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները ցանկանում են ունենալ գրպանային դատարաններ՝ Եգորյանը նշել է․
«Համաձայն եմ այն կարծիքներին, որ իշխանությունը շատ ժամանակ ու հնարավորություններ բաց է թողել։ Միգուցե առանձին մարդիկ են մեղավոր, միգուցե մի քանիսն իրար հետ են մեղավոր այդ հարցում, առնվազն մի քանի մեղավորների անուններ կարող են նշել, օրինակ՝ Արդարադատության նախորդ նախարարը էական վնաս հասցրեց այս խնդիրների լուծմանը։ Ինչ վերաբերվում է ազդեցությանը, ապա իշխանության կողմից ազդեցություն դատավորների վրա կա, բայց սա բոլորովին այլ ճնշում է, քան նկատի ունեն քննադատները, սա տարբեր գործիքների միջոցով իրավաչափ ճնշումներ են, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Խնդիրն այն է, սակայն, որ այս գործիքները կայուն չեն աշխատում եւ չափազանց մեծ կամք է անհրաժեշտ լինում ձեւավորել, որ այդ գործիքը կատարի իր օրենսդրական, սահմանադրական գործառույթը, դրա համար էլ այդ գործիքը մեկ-մեկ է կրակում, արդյունքում քաղաքացին էլ ասում է՝ բա ինչո՞ւ ես մեկ-մեկ կրակում, մեկ լուծում ես այդ խնդիրը, մեկ՝ չէ։ Այո, իշխանության բացթողումը, կամքի պակասը հանգեցնում է մի պրոցեսի, երբ դու լեգիտիմ գործընթացը մեկ-մեկ ես կարողանում գործի դնել, եւ տպավորություն է ստեղծվում, թե՝ իսկ կարո՞ղ է ճնշում ես գործադրում։ Բայց խնդիրն այն է, որ չեն կարողանում արդյունավետ աշխատացնել»։
Եգորյանը հավելել է նաեւ, որ ճնշումների հետ կապված պնդումներ անելիս անհրաժեշտ է մի կարեւոր բաղադրիչ նշել, որպեսզի ընդհանուր, մոտարկված, ինտուիտիվ մեսիջներ չփորձեն հաղորդել հանրությանը, այն է՝ իսկ ո՞րն է իշխանության շահը ունենալ գրպանային դատարան։ Ըստ Եգորյանի, եթե նման պնդումների հեղինակները կարողանան բացատրել, թե կոնկրետ ի՞նչ անելու համար է դա իշխանությանը պետք, ապա հնարավոր կլինի դատողություններ անել, բայց ուղղակի ասել, թե՝ այո, իշխանությունը ցանկանում է ունենալ գրպանային դատարան, դա մոտավորապես նույնն է, թե ասել «երկրագունդը տափակ է»։
«Իսկ այն, որ այդ պահին մենք չունենք լիարժեք կարողություն ամբողջությամբ լուծելու այս խնդիրը, փաստ է։ Այդ կապակցությամբ ես լսել եմ նաեւ քաղհասարակության որոշ ներկայացուցիչների, որոնք ասում են, թե եթե այս մի բանն ամբողջությամբ չես կարողանում անես, ուրեմն պետք է հեռանաս։
Դա պրոգրեսի, էվոլյուցիայի մերժման դիրքորոշում է, ինչն անընդունելի է ռացիոնալ դատողության տեսանկյունից։ Դա նույն բանն է, որ եթե 5 տարեկան հասակում երեխան չի կարողանում լուծել ոչ գծային հավասարում, ախտորոշես, թե ուրեմն՝ երեխայի մոտ ինչ-որ ծանր հիվանդություն կա։ Այնինչ, նրան ուղղակի եւս հինգ տարի է պետք, կամ եւս տաս տարի՝ կախված խնդրից, որ ինքը զարգանա եւ կարողանա լուծել այդ խնդիրը։
Հիմա, 20 տարուց ավելի պետության դեգրադացվելուց հետո մեր ժողովուրդը կարողացել է ստեղծել իր ընտրությամբ իշխանություն, որը եւ որի բաղադրիչ տարբեր մարդիկ 20 տարի պետական կառավարման հետ կապ չեն ունեցել, նրանց հիմնական խնդիրը ընդդիմանալն է եղել, եւ կոռումպացված տոտալիտար կառավարում ստեղծած իշխանությանը հաղթահարելը։ Հիմա այս մարդիկ նույն վիճակում են, ինչ վիճակում որ է նոր ծնված երեխան, որը չի կարող անմիջապես վազել, դրա համար ժամանակ է պահանջվում։ Շատ դեպքերում քննադատությունները ճիշտ են, քանի որ հաճախ անհրաժեշտից ավելի ժամանակ է իրենց պահանջվել, ինչպես օրինակ տեսնում ենք արդարադատության ռեֆորմի հարցում․ 3-4 տարի չկա այդ ռեֆորմը։ Սա էլ առաջացնում է մեր արդարացի քննադատությունը»,- նշել է Եգորյանը։
Որոշ շրջանակներ նաեւ քննադատել են Դատական օրենսգրքի նոր փոփոխությունները։ Եգորյանի խոսքով, սակայն, Դատական օրենսգրքի փոփոխությունների միակ նպատակը ԲԴԽ-ն՝ որպես մարմին առավել արդյունավետ դարձնելն ու որոշումների կայացումը չարգելափակելն է։
«Քննադատություններ են հնչում, թե այսպես են անում, որ ԲԴԽ-ում հնարավոր լինի ավելի քիչ ձայներով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Սրա հետ մեկտեղ առաջին հարցը, որ պետք է տրվի՝ որեւէ մեկը արգելո՞ւմ է ԲԴԽ մյուս անդամներին մասնակցել այդ նիստերին։ Ո՛չ, օրենքը ընդամենը արգելում է իր չարամիտ դիտավորության շրջանակներում չմասնակցելով ու չուզենալով քվեարկել՝ ձախողել այդ նիստը։ Օրենքը ասում է՝ ուզո՞ւմ ես մասնակցել եւ քվեարկել, համեցի՛ր, բայց եթե չես ուզում քվեարկել եւ չես մասնակցում, որպեսզի նիստը եւ որոշումը տապալվի, դա չի ստացվի»,- հայտարարել է Եգորյանը։
