ՄԻԵԴ-ը հրապարակել է 2008 թվականի Մարտի 1-ին եւ դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը, որով ճանաչվել է Փաշինյանի՝ ազատ հավաքների, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքների խախտումներ։
«1in.am»-ի տաղավարում մեկնաբանելով այս որոշումը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշել է, որ այս վճիռը նաեւ լրացնում է այդ իրադարձությունների կապակցությամբ ՄԻԵԴ –ի կողմից ավելի վաղ կայացված մի շարք այլ վճիռներ, ինչպիսիք են՝ Մուշեղ Սաղաթելյանի, Մյասնիկ Մալխասյանի, «Դարեսկզբի» գործով վճիռները։
«Այսպես մոզաիկայի նման կարողանում ենք իրավունքների խախտումների ամբողջական պատկեր ունենալ՝ 2008-ի Մարտի մեկին նախորդած եւ հաջորդած, եւ հենց Մարտի մեկի իրադարձությունների կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը բավական հետաքրքիր է, այնտեղ հղումներ են արվում ԵԽԽՎ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գնահատականներին առ այն, որ այդ ժամանակ հիմնականում քրեական հետապնդումները թիրախավորել են ընդդիմության տարբեր առաջնորդների եւ, ըստ էության, նպատակ են հետապնդել ճնշելու ընդդիմադիր շարժումը, որը առաջացել էր 2008 թվականի կեղծված ընտրությունների կապակցությամբ, որ տարբեր ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Ջհանգիրյանը ենթարկվել էին տարբեր քրեական հետապնդումների, որոնց նպատակը եղել էր պարզապես ընդդիմադիր շարժման ճնշումը, ընդդիմության հավաքների ցրումը եւ այդ բողոքի ալիքի մարումը։ Այդ արձանագրումները արդեն իսկ տեղ են գտել նաեւ ՄԻԵԴ-ի վճռում, այն գնահատականները, որոնք առկա են Նիկոլ Փաշինյանի գործով, սահմանումն են այն բանի, որ Փաշինյանը այդ ժամանակահատվածում, ըստ էության, եղել է քաղբանտարկյալ։ Սա բավական լուրջ գնահատական է»,- նշել է Հակոբյանը։
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը վերջերս ընտրվել է Դատավորների միության նախագահ․ «Ազարյանը հայտնի է որպես ՀՀ-ին քաղբանտարկյալներ «նվիրած» դատավոր, որի կայացրած որոշ վճիռներ այսօր վիճարկվում են ՄԻԵԴ-ում, եւ եթե գործող 139 դատավոր նրան ընտրում է նախագահ, ապա արժե՞ խոսել արդարադատությունից»։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է, որ «2018-ին, երբ տեղի ունեցավ հեղափոխությունն, արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորվեց օրենսդիր իշխանությունը, ապա՝ գործադիր իշխանությունը, որոնք, ըստ էության, արտացոլում էին ժողովրդի կամքը, իսկ ահա դատական համակարգում որեւէ էական փոփոխություններ տեղի չունեցան։
«Գնահատական չտրվեց դատական իշխանության նախկին գործունեությանն ու ճանապարհային լուրջ քարտեզ չմշակվեց այն մասին, թե ինչպես պետք է դատական համակարգը փոխվի։ Մեկ տարի իշխանությունն անգործություն ցուցաբերեց, դրանից հետո նոր նախարարի օրոք որոշակի ռազմավարություններ մշակվեցին, բայց դրանք, այսպես ասած, կիսամիջոցների ռազմավարություններ էին, մինչդեռ, այստեղ այլ՝ հեղափոխական, մի քիչ ավելի վճռական միջոցներ էին անհրաժեշտ։
Այստեղ նաեւ իրենց բաժին մեղքն ունեն մեր միջազգային գործընկերները, միգուցե մենք իրենց լավ չբացատրեցինք, միգուցե իրենք այսպես իրենց կաղապարների մեջ են գործում, օրինակ՝ մտածում են, որ եթե Գերմանիայում դատավորներն անկախ են, ապա ելնում են այդ իրողությունից, որ եթե դատավոր ես, ուրեմն անկախ ես եւ այլ միջամտությունների կարիք չկա, եւ որպես հետեւանք՝ խոսում են դատական համակարգի բարեփոխումներից, բայց, միեւնույն ժամանակ, փորձում են ոտքերը դնել արգելակների վրա եւ ասել՝ այ էս մի բանը մի արեք, սրանց մի կպեք, այնպես մի արեք։ Եւ դա եւս ազդում է մեր իշխանությունների վրա, որոնք մտածում են, թե միգուցե կարժանանան միջազգային հանրության քննադատությանը։
Ահա այսպիսի տարբեր գործոններ դեր են խաղում նրանում, որ մենք չկարողանանք դատական համակարգի իրականում խորքային մաքրում իրականացնել, ուստի, զարմանալի չէ, որ Ալեքսանդր Ազարյանն է ընտրվել ԴՄ նախագահ։
Իսկ ի՞նչ է փոխվել, որ նա չընտրվի․ ես չեմ զարմանա, եթե վաղը նա Հակակոռուցիոն դատարանի դատավոր էլ ընտրվի, որովհետեւ այն օրենքը, որը մշակվել է, իր նմաններին շատ լավ հնարավորություն է տալիս նաեւ այնտեղ հայտնվել, հարկատուներիս հաշվին բարձր աշխատավարձ ստանալ եւ չիրականացնել արդարադատություն։
Այսինքն, մեծ հաշվով, այդ ոլորտում շատ բան չի փոխվել․ մենք բոլորս հիշում ենք, թե ՍԴ բարեփոխումներն ինչ տիտանական ջանքերի գնով տեղի ունեցան, քաղհասարակության ինչպիսի ներգրավմամբ, ինչպիսի քննադատությամբ, եւ այն, ինչ ունենք արդյունքում, էլի, ինչ-որ մի փայլուն արդյունք չէ։
Բացի դրանից, փաստաբանական ինստիտուտում էլ ոչինչ չարվեց։
Կարծում եմ, որ մենք կարողությունների պակաս ունենք բոլոր հատվածներում՝ պետական հատվածում, քաղհասարակության հատվածում եւ այլն, եւ այն քիչ ռեսուրսը, որ կա ֆինանսական օժանդակությունների տեսքով, դրանք պետք է իրոք կենտրոնացվեն կարողությունների տիրապետող հատվածի վրա, եւ փորձեն համատեղ ինչ-որ մի բան անել, եւ ամենակարեւորը՝ չվախենան համարձակ միջոցառումներից։
Տարբեր եվրոպական մեր գործընկեր պետություններում, որոնք այսօր դատական համակարգում ունեն բարենպաստ միջավայր, վստահ եմ՝ ինքնաբերաբար չի եղել այդ ամենը, հեշտ ու հանգիստ չի տրվել դա, իրենք պատմության որոշակի ժամանակահատվածում ստիպված են եղել վճռական միջոցառումներ իրականացնել, եւ այդ պատճառով է, որ այսօր ունեն այս արդյունքը, հետո արդեն էվոլուցիոն զարգացմամբ համակարգն ինքն իրեն կայացրել է։ Բայց մենք, այս պահի դրությամբ, այնպիսի իրավիճակում ենք, որ կիսամիջոցներով ոչնչի չենք կարողանա հասնել»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով, խնդիրը հատկապես վաղվուցվանից արդեն իսկ որպես դատավոր հանդես եկող անձինք են, որոնք տարբեր առիթներով ի ցույց են դրել անկախ դատական գործունեություն ծավալելու իրենց անկարողությունը։
«Տարբեր տիպի վճիռներ կան, որոնք այսօր ՄԻԵԴ-ը կայացնում է՝ ե՛ւ «Դարեսկզբի», ե՛ւ այլ գործերով, եւ չսահմանափակվենք միայն Մարտի մեկի գործերով, կան Հյուսիսային պողոտայի մի խումբ գործեր, խոսքի ազատությանն առնչվող գործեր։ Օրինակ՝ ամռանը ՄԻԵԴ-ը «Երեք օլիգարխներն ընդդեմ «Դարեսկզբի»» գործով վճիռ կայացրեց, որտեղ դատական ակտը կայացրել էր տխրահռչակ Կարինե Պետրոսյանը, որը, ես վստահ եմ՝ որոշակի ազդակներ էլ ուներ, որ այդ վճիռը այդպես է կայացվելու եւ ճիշտ ժամանակին ճողոպրեց դատական համակարգից, որպեսզի իրեն հետո կարգապահականի հեռանկար չսպառնա, որովհետեւ ՄԻԵԴ վճռով ճանաչված խախտումները հիմք են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Այսինքն, գործիքակազմը պետք է օգտագործել, չասեմ՝ վեթինգ, բայց որոշակի խորքային մաքրման գործընթաց պետք է իրականացնել, կարող ուժերի համախմբում պետք է լինի, տարբեր մարդիկ տարբեր բաներ են խոսում այս թեմայով, բայց այնպես չէ, որ իրենք բոլորը փորձագիտական կարողություններ ունեն ինչ-որ բան անելու»,- նշել է Հակոբյանը։
Երկար ժամանակ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին խոսակցություններից հետո, այդ գործընթացը կարծես՝ մեկնարկել է, բայց արդյո՞ք այն կարող է գործել առանց վեթինգի։
Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը մեկ այլ լուրջ թերություն է մատնանշել, մասնավորապես, օրենքում առկա սահմանափակումները, որոնք թույլ կտային այսօր դատական համակարգից, փաստաբանական համայնքից, քննչական, դատախազական մարմիններից, կամ ուղղակի անկախ իրավաբանական հանրությունից քիչ թե շատ անկախ կադրերին ներգրավվել հակակոռուպցիոն դատարանում։
«2020 թվականի առմանը Իրավաբանների հայկական ասոցացիայի հետ միջոցառում ենք կազմակերպել, որին հրավիրել էինք այդ ժամանակվա փոխնախարար Սրբուհի Գալյանին, որը համակարգում էր այդ օրենսդրությունը։ Հրավիրեցինք, քննարկեցինք, խոսեցինք այդ չափանիշների մասին․ օրինակ՝ այնտեղ որպես չափանիշ սահմանված էր կարգապահական տույժերի բացակայությունը վերջին 5 տարիների համար։ Ասեցինք, որ այդ չափանիշը մեր իրողությանը չի համապատասխանում․ ովքե՞ր են վերջին 5 տարիներին կարգապահական տույժերի ենթարկվել դատական, փաստաբանական, եւ վստահ եմ՝ քննչական, դատախազական, իրավապահ մարմիններում առհասարակ, նրանք, ովքեր քիչ թե շատ անկախ գործունեություն են ծավալել, ում փորձել են ամեն կերպ լռեցնել, հետապնդել, խեղճացնել, նեղել։ Այդ կարգապահակնները որպես գործիք են կիրառվել։ Ասեցինք այդ մարդկանց՝ օրենքից հանեք այդ չափանիշը, բայց այդ չափանիշը թողել եք, արդյունքում կարգապահական ունեցող քանի՞ դատավոր կա, որ դիմել չի կարող, մինչդեռ Ալեքսանդր Ազարյանի նմանները, որոնք, ինչպես տեսնում ենք, հեղինակություն ունեն դատական համակարգի ներսում, կգնան եւ հանգիստ կընտրվեն։ Ինչպե՞ս պետք է այդ կերպ ձեւավորվի անկախ դատական համակարգ»,- նշել է Հակոբյանը։
Այսինքն, Անցումային արդարադատությունն ու Վեթինգը տապալվա՞ծ է։ Հակոբյանն ասում է, որ այսօր Անցումային արդարադատության մասին ընդհանրապես չենք էլ խոսում, նաեւ միջազգային մեր գործընկերները դա դիտարկում էին որպես խիստ ռադիկալ, վախենալու մի բան, արդյունքում՝ այդ խոսակցությունը գնալով վերացավ, հիմա էլ նույնը վեթինգն է․ «վեթինգ բառը հանկարծ չասեք»։
Այս տարի ավարտվում է ՍԴ 2 դատավորների՝ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը, եւ պետք է ընտրվեն նոր երկու դատավորներ։ Հաշվի առնելով նախորդ փորձը՝ ի՞նչ սպասել այս նոր ընտրություններից։
«Եթե նախորդ փորձը հաշվի առնենք, ապա երեւի ոչ մի լավ բան էլ չպիտի սպասենք։ Չնայած, պետք է ասել, որ դա երեւի միակ քիչ թե շատ արված ռեֆորմն էր դատական համակարգում։ Վերջին համապետական ընտրությունները տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներով ճանաչվեցին ազատ եւ անկախ, բայց ես վստահ եմ, որ եթե ՍԴ այդ ռեֆորմը արված չլիներ, այնտեղի դատական կազմի մեծ մասը մածունի սպիտակը սեւ էր գնահատելու, ասելու էր, որ ընտրությունները անցել են կեղծիքներով եւ պետք է անվավեր ճանաչվեն։ Այսինքն, դա քիչ թե շատ միակ դրական բանն էր, որ արվեց։ Հիմա տարվա վերջին երկու դատավորի թափուր տեղ են ունենալու, ի՞նչ պետք է անեն, պետք է նորմալ մրցույթներ անցկացնեն։ 2018 թվականից սկսած, եւ դեռ դրանից առաջ էլ՝ այլ մրցույթների կապակցությամբ, մենք ցույց ենք տվել, թե որն է ճիշտ ճանապարհը՝ անցկացնել մրցույթ, մրցակցային եղանակով ընտրել թեկնածուներ, հնարավորություն տալ, որ հանրությունը դիտարկի այդ հարցազրույցները, եւ ոչ թե գրպանից ինչ-որ մի թեկնածու հանել եւ ներկայացնել։ Նոր նախագահը դա պետք է անի, կառավարությունը պետք է անի, նաեւ պետք է լայն խորհրդակցություններ անցկացնեն տարբեր սեգմենտների հետ, այդ թվում՝ քաղհասարակության, եւ այդպես փորձեն անկախ, պրոֆեսիոնալ թեկնածուներ առաջադրել։ Չեմ ուզում անձնավորել, բայց 2020 թվականին ընտրված որոշ թեկնածուների մակարդակը ռուսերեն ասած՝ «оставляет желать лучшего»:
Սեպտեմբերին նաեւ նոր Գլխավոր դատախազ պետք է ընտրվի, իսկ այսօր Դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ հակասություններ են նկատվում։
Լուսինե Հակոբյանի խոսքով, հակասություններ կարող են տարբեր մարմինների միջեւ լինել, հակասությունն ինքնին վատ բան չէ, պարզապես, ամեն գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով պետք է հասկանալ, թե այդ հակասության մեջ ո՞ր մարմինն է ճիշտ, որը՝ սխալ։
«Հաշվի առնելով ներկայիս դատախազի հետ իմ անձնական փորձառությունը, երբ հայնտի «Հարսանաքարի» գործով ինքը մեղադրող էր հանդես գալիս դատարանում, եւ վստահ եմ, որ հենց ինքը անձամբ Ռուբեն Հայրապետյանին պարապացրել եւ հարցաքննության ժամանակ բերել էր դատարան, իմ անձնական փորձառությունը իր հետ կապված դրական չի եղել, միգուցե ես սուբյեկտիվ եմ, բայց ես կհամարեմ, որ գլխավոր դատախազի մեջ է խնդիրը, բայց էլի, անում եմ այդ վերապահումը։
Կարծում եմ, որ նոր դատախազին մի քիչ ավելի ողջամիտ ձեւով պետք է ընտրեն, կլանային չափանիշներով չպետք է ընտրեն մեկին, որն այսօր ՔՊ-ի հետ լավ է, պետք է իսկապես պրոֆեսիոնալ մարդ լինի, պրոֆեսիոնալ մարդիկ ավելի են հակված լինելու անկախության, քան՝ խմբակային, թայֆայական շահերով առաջ մղվող ոչ պրոֆեսիոնալները»,- ասել է Հակոբյանը։
