Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Ադրբեջանն իր հասարակությանը սնում է «նոր հայկական տարածքներ տեղական ժողովրդավարության փոխարեն» սկզբունքով․ Լուսինե Հակոբյան

ԿԱՐԵՒՈՐ Է, ՈՐ ԵՄ-Ն ԱՆԸՆԴՀԱՏ ԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՀԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը կայացել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության Ֆորումի տարեկան համաժողովը։

«1in.am»-ի տաղավարում ֆորումի հայկական ազգային պլատֆորմի ղեկավար, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը պատմել է, թե ինչ հարցեր են քննարկվել այդ համաժողովի ընթացքում։

«Ֆորումը գոյություն ունի 2009 թվականից, երբ մեկնարկել է ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, այն ներառում է 6 գործընկեր պետություններ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Բելառոս, Ուկրաինա։ Բացի այդ երկրների քաղհասարակության ներկայացուցիչներից, ներկայացված են նաեւ Եվրամիության տարբեր պետությունների քաղհասարակության ներկայացուցիչներ, այն արեւելյան գործընկերության քաղհասարակության ներկայացուցիչների մի կառույց է։

Տարեկան համաժողովը ֆորումի տարեկան ավանդական միջոցառումն է, որն ամփոփում է տարվա քննարկումները, նվաճումները, նախանշում հաջորդ տարվա անելիքները։ Քանի որ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, ֆորումի համաժողովը նշանակվել էր այդ ժամկետներում, քանի որ նպատակ կար գագաթաժողովին ընդառաջ քննարկել քաղհասարակության հիմնական ուղերձները, ակնկալիքներն ու հավականությունները այդ գագաթաժողովից։

Քանի որ անձամբ ներգրավված էի տարեկան համաժողովի կազմակերպման աշխատանքային խմբում, մեզ հետաքրքրող բոլոր կարեւոր հարցերը ընդգրկված էին։ Առաջին իսկ քննարկումը նվիրված էր մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հիմնականում այդ քննարկումները զարգացան ԼՂ հակամարտության եւ նախորդ տարվա պատերազմի (որը կարելի է ասել դեռ չի էլ ավարտվել) համատեքստում։ Այդտեղ հիմնական բանախոսներն էին ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ներրկայացուցիչը, եվրոպական հարեւանության տնօրինության ներկայացուցիչը, նաեւ Շվեդիայի դեսպանը, Ադրբեջանի քաղհասարակության ազգային պլատֆորմի համակարգողը, եւ ես՝ որպես Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող։

Եւ, բնականաբար, առաջ քաշվեցին բոլոր այն կարեւոր խնդիրները, որոնք մեր քաղհասարակությունն առաջնահերթ է համարում։ Բացի այդ քննարկումից տեղի ունեցավ նաեւ մեկ այլ քննարկում․ այն, ի տարբերություն առաջինի, որը բաց էր եւ հեռարձակվում էր, ավելի փակ էր, ավելի աշխատանքային քննարկում էր՝ ԵՄ պաշտոնատար անձանց, մեր կառավարության ներկայացուցչի եւ քաղհասարակության միջեւ։

Եւս մեկ կարեւոր քննարկում նվիրված էր ժողովրդավարական բարեփոխումներին, եւ Հայաստանը այնտեղ ներկայացնում էր Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, որն ավելի ընդգրկուն խոսեց դատաիրավական բարեփոխումների մասին»,- պատմել է Հակոբյանը։

Անդրադառնալով համաժողովի շրջանակներում ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների վարքին՝ Լուսինե Հակոբյանը նշել է, որ ցավոք, ԱլԳ ՔՀՖ ձեւաչափում չի  զգացվում, որ իրապես ներկայացված է Ադրբեջանի քաղհասարակությունը: Ըստ նրա`ավելի շատ ներկայացված են, այսպես կոչված, «գոնգո» կազմակերպություններ, որոնք պետության գործակալների գործառույթ են իրականացնում, եւ շատ քննարկումներում դա ի հայտ է գալիս։

«Օրինակ՝ վերջին տարիներին, չնայած Ադրբեջանում տեղի ունեցող բազմապիսի ճնշումներին եւ հակաժողովրդավարական զարգացումներին, տեսնում ենք, որ այդ երկրի քաղհասարակության ներկայացուցիչները շատ հազվադեպ եւ ինչ-ինչ շահերից դրդված կարող են բարձրացնել այնտեղի տարբեր իրադարձությունների հետ կապված ֆորումի կողմից անդրադառնալու կարիքի հարցը։ Մասնավորապես, ինչ ես այնտեղ ներկայացված եմ, համարյա նման հարց չեմ տեսել, որ բարձրացնեին։ Բացի դրանից, նաեւ այս հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում մենք տեսնում ենք ադրբեջանական պետության քարոզչության ազդեցությամբ տարբեր ելույթներ, դրսեւորումներ։ Որպես օրինակ կարող եմ նշել գերիների հարցը, երբ մենք բավական երկար անդրադարձ կատարեցինք գերիների հարցին՝ նշելով, որ գերիների տարբեր խմբեր կան, որ մասնավորապես, մի խումբը գերեւարվել է այն բանից հետո, երբ ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը, որտեղ ֆիքսվել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զորքերը մնում են այն դիրքերում, որոնք իրենք զբաղեցրել էին հայտարարության մեջ նշված օրվա եւ ժամի դրությամբ, բայց Ադրբեջանը դրանից հետո առաջ է բերել իր զորքերը եւ գերեվարել է մի խումբ մեր զինծառայողների, իրենք շարունակաբար պնդում էին, թե նրանք Ադրբեջանի կարծիքով հանցագործներ եւ ահաբեկիչներ են, եւ որ ամենացավալին է՝ ադրբեջանական քաղհասարակությունը կիսում է այդ մոտեցումը։ Այստեղ, իհարկե, միանգամից ակնհայտ է դառնում, որ այդ կազմակերպությունները պետական քարոզչության տակ են, եւ անկախ դիրքորոշումներ չեն դրսեւորում»,- նշել է Հակոբյանը։

Ի պատասխան այն հարցի, թե ինչպիսի՞ն էր այդ ամենին եվրոպական գործընկերների արձագանքը, Հակոբյանն ընդգծել է, որ շատ կարեւոր է եվրոպական գործընկերներին  ճիշտ տեղ հասցնել այդ փաստերը։

«Բացի մեր բանավոր ելույթներից, մենք մի տարի է բավական համակողմանի հետազոտություն ենք անցկացրել նաեւ այդ հարցով՝ խորհրդակցելով գերիների շահերի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների հետ եւ բավական համակողմանի պատկերն ունենք, թե նրանք քանիսն են, նրանցից որոնք ինչպիսի հանգամանքներում են գերեվարվել, եւ շատ կարեւոր փաստ, որ օրինակ՝ նրանք մոտ 140-ից ավելի են, սակայն, 100-ի գերեվարման փաստը Ադրբեջանը հերքում է, եւ հայկական իրավապաշտպաններն են, որ անընդհատ այդ տեղեկատվությունը տարբեր ապացույցների տեսքով ներկայացնում են ՄԻԵԴ՝ պարտադրելով Ադրեբջանին բացահայտել այդ գերիների մասին փաստերը։

Ինչ վերաբերվում է 40 գերիներին, նրանց տարբեր շինծու մեղադրանքներով Ադրբեջանը դատապարտել է տարբեր հանցագորրծությունների համար։ Եւ այնտեղ ադրբեջանցիները այդ փաստն էին վկայակոչում, թե նրանք հանցագործներ են, ինչին ի պատասխան մենք ասում էինք, որ միջազգային իրավունքով՝ եթե իրենք հանցագործներ են, ապա դուք չպետք է իրենց վերադարձնեիք, որովհետեւ հանցագործները կարող են վերադարձվել իրենց երկրում պատիժը կրելու պայմանով, իսկ այդպիսի պայման Ադրբեջանը չի առաջադրել եւ այդ խմբից դատապարտվածներից մի քանիսին հետ է վերադարձրել․ այդ դեպքում հարց է առաջանում, եթե հանցագործ են, ապա ի՞նչ տրամաբանությամբ են նրանցից ոմանք հայրենադարձվում, իսկ ոմանք՝ ոչ։ Հետեւաբար այդ փաստարկը եւս սին է։ Դրանից հետո, իհարկե, փաստարկների մակարդակում ասելիք չունեին իրենք, բայց ընդհանուր իրենց մոտեցումը նույնն էր՝ որ նրանք հանցագործներ են»,- ասել է Հակոբյանը։

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության փաթեթեին՝ Հակոբյանը նշել է, որ դա կարեւոր ժեշստ է ԵՄ-ի կողմից, ինչը, նրա խոսքով, ճանաչումն է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացների, նաեւ քայլ է ուղղված Հայաստանին տնտեսապես ռեաբիլիատցնելուն։

Հակոբյանը հիշեցրել է, որ այդ փաթեթում մեծ ուշադրություն է դարձվում Սյունիքի մարզին, սահմանամերձ տարածքներին, ուստի, կարծում է, որ Հայաստանի անելիքը այս հարցում՝ բոլոր կարող ուժերին համախմբելն է, որպեսզի արդյունավետ ծրագրեր ներկայացվեն, որ այդ ֆինանսավորումը արդյունավետ ծախսվի՝ ծառայի մեր պետության եւ ժողովրդի շահերին։

«Հիմնականում ԵՄ օգնությունը պետությանը ոտքի կանգնելուն, ավելի շատ ինքնուրույնանալուն օգնություն է, եւ տարբեր երկրների փորձով մենք դա տեսնում ենք։ Կարծում եմ, որ ՀՀ դեպքում դա եւս այդպես է լինելու, կարծում եմ նաեւ, որ այդ միջոցները, որ նախատեսում են տրամադրել մեզ, հենց այնպես չեն տրվելու, դրանք տրվելու են արդյունավետ եւ որակյալ ծրագրերի դիմաց, ուստի կարեւոր է, որ այդ ծրագրերը այդպես կազմվեն եւ ներկայացվեն, որպեսզի մենք կարողանանք շահել այդ գումարից»,- նշել է Հակոբյանը։

Նա պատմել է նաեւ, որ համաժողովի ժամանակ ադրբեջանական ներկայացուցիչները խոսում էին այն մասին, որ իրենք եւս ունեն ԵՄ ֆինանսական աջակցության կարիքը, որը պետք է ուղղեն այդ «ազատագրված» տարածքների վերականգնման, առողջացման աշխուժացման վրա։

«Միեւնույն ժամանակ, մենք գիտենք, որ դրա հետ մեկտեղ Ադրբեջանն անդընհատ զինվում է, նոր սպառազինություններ է գնում եւ փաստորեն, դրա համար ունի ֆինանսական միջոցներ։ Հետեւաբար, այդ սպառազինությունները գնելու փոխարեն, բնականաբար, կարող է տարբեր տնտեսական կարիքների ուղղել իր ունեցած գումարները, բայց դա չի անում եւ իր բարձրախոսներին էլ՝ քաղհասարակության տարբեր կազմակերպությունների տեսքով, ուղղորդում է դեպի ԵՄ, որպեսզի լրացուցիչ ֆինանսական աջակցություն հայցեն»,- ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ բացի հենց բուն համաժողովից, լուսանցքներում եւս մեկ հանդիպում է տեղի ունեցել ԵՄ տնտեսական, սոցիալական կոմիտեի նախաձեռնությամբ, իսկ այն ԵՄ պետությունների քաղհասարակության  կառույցների հավաքական ամբողջությունն է, որտեղ ներկայացված են ոչ միայն հասարակական կազմակերպություններ, այլեւ արհմիություններ, գործատուների միություններ, եւ այնտեղ բավականին ավելի երկար եւ հանգամանալից անդրադարձ է կատարվել ե՛ւ գերիների թեմաներին, ե՛ւ փոխանցվել են համապատասխան փաստաթղթեր, հետազոտություններ, նաեւ բավական լուրջ իրազեկում է անցկացվել առ այն, որ վերջին տարիներին, հատկապես 2020 թվականի պատերազմից ի վեր, Ալիեւը որդեգրել է այսպիսի մի սկզբունք՝ «նորանոր հայկական տարածքներ՝ տեղական ժոզովրդավարության փոխարեն»։

«Եւ դա, կարծես, բավարարել է Ադրբեջանի հասարակությանը, այդ թվում, քաղհասարակության ներկայացուցիչներին, որոնց համար եթե Ալիեւ նախկինում ինչ-որ մի դատապարտելի պերսոնաժ էր, որը քաղհասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների հետապնդումներ էր իրականացնում, այժմ ինչ-որ մի փառապանծ կերպար է դարձել, որը կարողացել է իրենց համար հաղթանակներ ապահովել, եւ այսպես նորանոր հաղթանակների եւ տարածքների ֆոնին՝ իրենք կարծես թե մոռացել են իրենց ներքին ժողովրդավարացման հարցերը, եւ այդ համատեքստում ես այդ հարցը բարձրացրել եմ, որ ԵՄ-ն պետք է շատ մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացներին, քանի որ տպավորություն է, որ Ադրբեջանն իր հասարակությանը սնում է «նոր հայկական տարածքներ տեղական ժողովրդավարության փոխարեն» սկզբունքով, ինչը անթույլատրելի է։

Բացի այդ, հասարակական գիտություններից հայտնի է, որ ժողովրդավարական պետություններն, ընդհանրապես, ավելի քիչ են պատերազմում իրար դեմ, եւ այդ տեսակետից եւս կարեւոր է, որ ԵՄ-ն անդընհատ իր ուշադրության կենտրոնում պահի Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացները»,- ասել է Հակոբյանը։

Անդրադառնալով հայաստանյան ժողովրդավարության մակարդակին, եւ այն տեսակետներին, որ այն մեր երկրում հետընթաց է ապրել, եւ որ կան խոսքի ազատության սահմանափակումներ՝ Հակոբյանը նշել է, որ ընդհանուր գնահատակով այս հարցերի մասին չի կարելի խոսել։

«Կան հարցեր, որտեղ, իրոք, ժողովրդավարությունը հետընթաց է ապրել, բայց կան հարցեր, որտեղ մենք շատ առաջ ենք Արեւելյան գործընկերության տարբեր պետություններից, այդ թվում՝ Մոլդովայից, Վրաստանից, Ուկրանիայից: Ադրբեջանին անգամ համեմատության մեջ չեմ էլ նշում։ Այսինքն, հարցերից է կախված, թե որտեղ ենք առաջ, իսկ որտեղ դեռ շատ անելիքներ ունենք։ Ընդհանրապես, մենք շատ անելիքնր ունենք, մենք հաջողացրել ենք մի քանի ազատ, արդար ընտրություն կազմակերպել 2018-ից ի վեր, նաեւ ՏԻՄ ընտրություններն էին բավականին ազատ ու արդար գնահատվում, բայց ընտրությունները ժողովրդավարության մի մասն են միայն եւ այնտեղ շատ տարբեր խնդիրներ կան, այդ թվոմ՝ ազատ խոսքը, եւ այլն, որոնք մեծ ուշադրության կարիք ունեն եւ կարող խմբերի շարունակական ջանքի կարիք»,- ասել է Հակոբյանը։

Մեկնաբանելով՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումը՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ՝ Հակոբյանն ասել է, որ իր կարծիքով, այն լավ որոշում էր։

«Նաեւ չմոռանանք, որ սա միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում էր, եւ վերջնական որոշումը դեռ տարիներ անց կլինի։ Համենայնդեպս, այդ որոշման ուղենշային դրույթները հնարավորություն կտան մեր իրավաբանական թիմին ավելի լավ պատրաստվելու եւ այն հարցերը, որոնց վերաբերյալ աշխատելու տեղ ունեն, ավելի համակողմանի աշխատանք տանեն այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ լավ աշխատանք էր կատարվել եւ դա նաեւ հպարտանալու առիթ էր։ Վստահ եմ, որ միջազգային իրավունքում դա որպես շատ կարեւոր օրինակ, նաեւ ուսանողությանը կմատուցվի եւ իրավաբանական գիտության շրջանակներում կքննարկվի այդ գործը։ Շատ կարեւոր էր նաեւ, որ հնարավորինս շատ հարցեր էին իրենք բարձրացրել, եւ փորձել էին մաքսիմալիստորեն հնարավորինս շատ ստանալ, ինչը եւս ընդունված պրակտիկա է, որ այն, ինչ կասկածելի է, եւ հնարավոր է, որ որպես քննարկման ենթակա հարց դիտարկվի դատարանի կողմից, այդ բոլոր հարցերը բարձրացվեն։ Կարծում եմ, որ այդ մոտեցումն էր որդեգրված, որը շատ արդյունավետ էր»,- նշել է Հակոբյանը։

Exit mobile version