Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Արձանագրվեց, որ վեթինգ հնարավոր է իրականացնել առանց սահմանադրական փոփոխությունների․ Տ. Եգորյան

Օրերս Երեւանում կայացել է Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում՝ հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Քննարկմանը մասնակցած փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով այն «1in.am»-ի տաղավարում՝ նշել է․

«Երեք տարի վատնվեց այն անիմաստ խոսակցության վրա, թե ինչ է վեթինգը, ինչքանո՞վ է այն հնարավոր, կամ անհրաժեշտ իրականացնել, եւ, ի վերջո, իշխանությունը՝ ի դեմս նախորդ Արդարադատության նախարարի սկսեց պնդումներ կատարել, որ վեթինգը հնարավոր չէ առանց սահմանադրական փոփոխությունների։ Հետաքրքիր է, որ մեծ թվով խմբեր եւ անհատներ, այդ թվում քաղաքացիական հասարակությունից, սկսեցին համաձայնել այդ մտքի հետ՝ ընդհուպ մինչեւ վերջերս։ Հիմա, այս նշված հանդիպման արդյունքում վերջապես հնարավոր եղավ արձանագրել, (ավելի խորքային քննարկման եւ այդ մեկ հարթության վրա բոլորի արգումենտների բախման արդյունքում) որ վեթինգ հնարավոր է իրականացնել առանց սահմանադրական փոփոխությունների, այն անհրաժեշտ է իրականացնել, եւ որ այս երեք տարին ուղղակի անիմաստ վատնված ժամանակահատված է եղել»։

Արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ վեթինգն արդեն սկսել է ԲԴԽ աշխատանքի շնորհիվ, ինչի հետ շատ իրավապաշտպաններ համաձայն չեն։ Արդյո՞ք ԲԴԽ-ի աշխատանքը կարելի է վեթինգ անվանել։

Եգորյանի խոսքով, ԲԴԽ-ի ֆունկցիայի մեկնարկումը, իհարկե, շատ կարեւոր էր, ինչը  հնարավոր եղավ այդ մարմնում երկու անդամների համալրման արդյունքում․ դրանից հետո ԲԴԽ-ում՝ իր սահմանադրական լիազորությունների իրագործման արդյունավետության հարցում էական տեղաշարժ եղավ։

«Իհարկե, դա մի գործընթաց չէ, որը կարելի է անվանել վեթինգ, մեծ հաշվով, այն սխալ կլինի անվանել վեթինգի վաղադրիչ, բայց իր էությամբ եւ արդյունքով այն որոշակի հատվածներում համընկնում է այն արդյունքի հետ, որոնց հնարավոր կլիներ, կամ ապագայում կլինի հասնել վեթինգի գործիքակազմի կիրառման արդյունքում։ Այս տեսանկյունից դա վեթինգ չէ, դա այլ գործառույթ է, այլ թիրախ ունի, բայց որոշ դեպքերում, երբ բացահայտվում են պաշտոնի հետ անհամատեղելիության դեպքեր, որոնց արդյունքում  դատավորի լիազորությունները դադարեցվում են, ինչը կարող էինք անել, եթե ունենայինք վեթինգի շրջանակներում համապատասխան գործող պրոցես, ապա այս մասով մենք համընկնող ելք ենք ունենում»,- նշել է Եգորյանը։

Նրա խոսքով, նշյալ քննարկման արդյունքով բոլոր հետեւություններն այն մասին էին, որ առանց սահմանադրական փոփոխությունների եւ դրանց սպասելու անհրաժեշտ է ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրության ձեւավորմանը եւ վեթինգի իրականացմանը։ Հաջորդ քայլը, ըստ նրա, արդեն նախարարության դաշտում է․ այն պետք է նախաձեռնի նախագծի մշակումը, որը ցանկալի է՝ լինի մասնակցային եւ ներառական պրոցես, որպեսզի արդյունքն էլ լինի որակյալ։

ԲԴԽ անդամ, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ վեթինգի կամ զտման պրոցեսը պետք է վերաբերվի նաեւ փաստաբաններին, ինչին ի պատասխան ՓՊ նախագահը դա անվանել է ուղիղ միջամտություն փաստաբանների ինստիտուտի անկախությանը։

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Եգորյանը նշել է, որ փաստաբանների պալատի պրոբլեմբերի մասին շատ տարիներ է, ինչ քննարկումներ են ընթանում։ Նրա խոսքով, ցավոք, այնպես չէ, որ այդ քննարկումներում շատ մեծ թվով մարդիկ են ներգրավված, կամ մեծ թվով մարդիկ են պատրաստ, կամ ունեն բավարար կամք այդ հարցերը բարձրացնելու, բայց առնվազն մի քանի տարի այս հարցերը բավարար խորությամբ եւ սրությամբ դրվում են, այդ թվում նաեւ՝ ՓՊ նախագահի վերջին ընտրությունների ընթացքում։

«ՓՊ-ն ունի շատ խնդիրներ, այդ խնդիրների լուծման մի քանի տարբերակներ են առաջարկվել, եւ այդ լուծման բացակայությունը ի վերջո մեզ բերելու է մեկ միասնական պալատի փոխարինմանը իրար հետ մրցակցության մեջ մտնող միավորումներով։ Որովհետեւ եթե Պալատը չի բարեփոխվում, եթե չեն ապահովվում ներքին հակակշիռների եւ փոխադարձ զսպումների, մասնակցայնության եւ այլ բազմաթիվ ստանդարտներ, ապա պետք է փաստաբանների մի քանի միավորումների արտաքին մրցակցության միջոցով  ապահովվեն այդ բարձր ստանդարտները։

Հաշվի առնելով, որ ՓՊ-ի կողմից ձեւավորված ղեկավար մարմինները չեն կիսում այս կարծիքը, ամենայն հավանականությամբ, մենք շարժվում ենք մի քանի միավորումների ստեղծման եւ մեկ պալատի կոնցեպտը փոխելու ճանապարհով։ Դա կտա փաստաբանների առաջարկվող ծառայությունների առավել բարձր որակ եւ ծավալ, փաստաբանների ավելի բարձր որակ, Սահմանադրությամբ սահմանված որակյալ փաստաբանական ծառայություն ստանալու իրավունքի ավելի բարձր ստանդարտով ապահովում, փաստաբանների վերաբերյալ խնդիրների առավել բարձր արդարության ստանդարտով լուծման գործիքակազմեր, եւ փաստաբան դառնալու ավելի բարձր ստանդարտ՝ բարեվարքության եւ այլ պարամետրերով՝ միգուցե նաեւ ֆինանսական եւ կամ այլ՝ անկախության վրա ազդեցություն գործելու ունակ այլ խնդիրների կապակցությամբ վերահսկողության տեսանկյունից։ Եւ այս վեթինգ ասվածի տակ պետք է հասկանալ մի քանի բան․ փաստաբանների ֆինանսական թափանցիկության հարցը, անձնական կապերի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել նրանց ավելի բարձր խոցելիությանը, կամ ասենք՝ անկախության բացակայությանը, կամ՝ կտրուկ նվազմանը։ Եւ այստեղ պետք է նաեւ նկատել, որ ունենք բավականին հետաքրքիր՝ միջմասնագիտական միգրացիայի խնդիր, մասնավորապես, երբ նախկին քննիչների, դատախազների, դատավորների սեգմենտից մեծ ներհոսք է տեղի ունենում դեպի փաստաբանական մասնագիտություն, այստեղ եւս կարեւոր ֆիլտրացիոն մեխանիզմների կիրառման խնդիր կա, որոնք եթե օրինակ՝ այսօրվա ՓՊ-ն չի կիրառում, ապա միգուցե առանձին միությունների պարագայում դրանք իրար մեջ մրցակցելու միջոցով՝ կարող են կիրառվել։ Ինչ վերաբերվում է արձագանքին, ապա ես այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում նշյալ անձի կողմից արված հայտարարություններին»,- ասել է Եգորյանը։

Արդարադատության նախարարը նաեւ հայտարարել է, որ առաջիկայում կձեւավորվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ եւ մասնագիտական հանձնաժողով, որոնք պետք է տան գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպիսի կառավարման համակարգ պետք է լինի Հայաստանում՝ խորհրդարանակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞՝ նախագահական։

Այս կապակցությամբ Եգորյանը նշել է, որ այս պահին նախարարության կողմից ներկայացվել է մի նախագիծ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի այդ սահմանադրական փոփոխությունների մշակման աշխատանքային խումբը․  նախատեսվում է երկօղակ մի ֆորմատ, որը պետք է կազմի հայեցակարգը եւ ապա ձեռնամուխ լինի փոփոխությունների նախագիծը կազմելուն։

«Այստեղ քննարկման առարկա են ինչպես այդ ֆորմատի արդյունավետության հարցը, այնպես էլ՝ այն ընթացակարգը, որով պետք է աշխատեն առաջարկվող խմբերը, սա քննարկման դրված խնդիր է, այս կապակցությամբ տեղի է ունեցել առաջին հանդիպումը, այստեղ շատ քննարկելու հարցեր կան, քանի որ բոլորս ականատես եղանք, թե այդ կապակցությամբ ստեղծված առաջին հանձնաժողովն ինչպես տապալվեց, կարեւոր է հաշվի առնել դրա ձախողման իրական պատճառներն ու դրա ձեւավորման բացասական փորձը, խնդրահարույց հարցերը, որպեսզի նույնը չկրկնվի, եւ մենք նորից չունենանք կորսված ժամանակ, ռեսուրս եւ մի երկու տարի անց էլ՝ արդյունքի բացակայություն։ Ես անձամբ ձգտելու եմ մասնակցել, քանի որ ինձ համար դա կարեւոր հարց է եւ այդ հարցի նկատմամբ հենց այդ ֆորմատներից որեւէ մեկին մասնակցնելն է առավել արդյունավետ միջոցը ներազդելու»,- նշել է Եգորյանը։

Փաստաբանը նաեւ արհեստական է համարել այն պնդումները, թե նախագիծը կազմելիս անձանց ստերիլ տարանջատում պետք է լինի իրավական-մասնագիտականի։

«Առնվազն Սահմանադրության մակարդակում դժվար է ստերիլ տարանջատումը քաղաքական-մասնագիտական-իրավական հարցերի, սա շատ արհեստական բաժանում կլինի, այսօր էլ նկատվում է այդ փորձը, այդպիսի դիրքորոշումներ արտահայտվում են, որ մեզ, կոպիտ ասած, մի քանի արհեստավոր, մասնագետ-իրավաբան բանվոր է պետք, որպեսզի մենք քննարկենք, կոնցեպտը կազմենք, ու տանք իրենք արդեն արհեստավորի հմտությամբ մշակեն այն։ Բայց այդպես չէ, սա քաղաքական իրավական լրջագույն փաստաթուղթ է, եւ այդտեղ բաժանումը մասնագետի կամ ոչ մասնագետի աշխատանքի դժվար է, այդտեղ քաղաքական ազդեցության բաժանումը եւս դժվար է, որովհետեւ քաղաքական դաշտի բոլոր մասնակիցները որեւէ ազդեցություն ունենալու են, քանի որ եթե ենթադրենք, որ որեւէ շոշափելի ազդեցություն չկա էլ, միեւնույն է՝  Սահմանադրության շրջանակներում դու հաշվի ես առնում հնարավոր ամենը, ինչի կարող է բախվել քո պետությունը կամ ժողովուրդը, ուստի, այստեղ շատ դժվար է տարանջատել։ Ամենակարեւորը այլ հարց է, թե ինչպիսի մղումներով եւ կարողություններով մարդիկ կլինեն այդ խմբում, կամ խորհրդում։

Այս առումով հիշեցնեմ, որ երբ գրվում էր առաջին Սահմանադրությունը, այդ խմբում ով ասես՝ կար, նաեւ ի պաշտոնե մարդիկ կային, բայց այն գրել են երկու հոգի, որոնցից մեկը պրոֆեսիոնալ իրավաբան էր, մյուսը՝ ոչ։ Բայց շատ դեպքերում կոնկրետ կոնցեպտուալ ձեւակերպումները եւ իրավական մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին այդ կոնցեպտի գործողությունը, տալիս էր այն մեկը, ով իրավաբան չէր, այսինքն, այդ տարանջատումները արհեստական են, կարեւորը կազմն է։

Ուստի, ամեն ինչ առջեւում է, առաջին քննարկմամբ դեռ շատ դժվար է դատողություններ անել։

Ինչ վերաբերվում է կառավարման համակարգի հարցին, ապա այստեղ եւս շատ հարցեր կան, որոնք այս փուլում հնարավոր չէ քննարկել եւ հնարավոր չէ միանշանակորեն պնդել, որ հենց այս մարմինը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի կառավարման համակարգը։ Այդտեղ այնքան նրբություններ կան, որ քննարկումների արդյունքում նոր պետք է հասկացվի, թե ո՞րն է ճիշտ որոշումը․ գուցե օրինակ՝ ճիշտ որոշումն այն է, որ այդ հարցը դրվի հանրաքվեի, կամ՝ հանրաքվեին ինչ-որ աստիճանի համադրելի գործընթացով՝ հանրային հարցման գործընթացով փորձ արվի ստանալ այդ հարցի պատասխանը։ Բայց այստեղ, մեծ հաշվով, կարեւորը կառավարման համակարգի անվանումը չէ, կարեւորը այնպիսի մեխանիզմների նախատեսումն ու դրանց կենսունակության ապահովումն է, որոնք կապահովեն իշխանությունների ճիշտ տարանջատումն ու դրանց շատ ճիշտ, ֆունկցիոնալ գործունեությունը։

Օրինակ՝ շատ մարդկանց կարծիքով առաջին Սահմանադրությունը նախագահական էր, երկրորդը՝ կիսանախագահական, երրորդը՝ պառլամենտական, բայց իրականում այդպես չէ։

Առաջին սահմանադրությունը կիսանախագահական կոնցեպտ էր կրում, 2005-ի փոփոխությունների արդյունքում ավելի տեղափոխվեցինք դեպի նախագահական, որովհետեւ այդ փոփոխություններով նախատեսվեց, որ կառավարության անվստահության հարցի վերաբերյալ ԱԺ որոշման չկայացման արդյունքում լուծարվում է ոչ թե կառավարությունը, այլ՝ ԱԺ-ն։ Այսինքն, սա հզորացրեց նախագահի եւ կառավարության ինստիտուտը։ Այսինքն, 2005-ի փոփոխություններով Քոչարյանի իշխանությունը ուժեղացրեց նախագահի ինստիտուտը։

2015-ի փոփոխություններն էլ անվանում ենք պառլամենտական, բայց այնտեղ շատ մեծ պրոբլեմ կա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների արդյունավետ հակակշռման տեսանկյունից, քանի որ մենք մի կողմից չունենք բավարար մեխանիզմներ եւ բավարար զարգացած քաղաքական համակարգ, մյուս կողմից ունենք պարտականությունների գերծանրաբեռնում, գերկենտրոնացում մեկ ինստիտուտի վրա։

Այսինքն, անվանումը չէ, որ ամենաէականն է, կարեւորը այն մեխանիզմներն են, որոնք պետք է նախատեսվեն եւ համապատասխան կառուցակարգերով ապահովեն, որպեզի իրական կյանքի ընթացքում դրանք կարողանան կենսունակ լինել»,- ասել է Տիգրան Եգորյանը։

Exit mobile version