Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Ցավում եմ, որ ՄԻՊ-ի ուշադրությունը պետք է հրավիրեմ որոշ հանգամանքների վրա․ Լուսինե Հակոբյան

«Բավական լուրջ իրավիճակում ենք, բայց միաժամանակ, մենք պետք է իրապես կարեւորենք մեր Անկախության օրը, քանի որ այդ Անկախության համար հայ ժողովուրդը մաքառել է դարեր շարունակ եւ, ինչպես նշված է մեր Անկախության հռչակագրում, նաեւ մեր նախնիների պատգամն է եղել՝ ունենալ անկախ պետականություն, որի ուղղությամբ շատ ջանքեր են թափվել, շատ արյուն է թափվել․ ուստի, մենք չենք կարող չկարեւորել այդ տոնը, եւ որեւէ կերպ չնշելով՝ անտեսել այն։

Նաեւ հաշվի առնենք, որ 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը շարունակում է սադրանքները եւ հավակնությունները մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ հատկապես Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, երբ ադրբեջանական զորքը ուղղակի մտել է մեր ինքիշխան տարածք եւ հրաժարվում է լքել այդ տարածքը։ Այդ համատեքստում եւս մենք պետք է կարեւորենք մեր անկախության տոնը, եւ նշենք։ Այլ հարց է, որ ձեւակերպումները պետք է լինեն զուսպ, տոնը պետք է նշվի զուսպ, իսկ նման ձեւակերպումները ուղղակի անլրջացնում են այդ տոնի կարեւորությունը։ Արձագանքներից դատելով՝ բավական մեծ քննադատություն եւ դիմադրություն կա այն հարցի հանդեպ, որ այդ տոնը չպետք է լինի ծախսատար, քանի որ հետպատերազմյան Հայաստանը բազում տնտեսական խնդիրներ ունի՝ ներքին տեղահանվածներ, հազարավոր վիրավորներ, ընտանիքներ, որ որդի, ամուսին են կորցրել, եւ հիմա իրենց գոյության պահպանման խնդիրներն են լուծում․ մենք իրենց պետք է ավելի կարեւորենք եւ ուշադրություն դարձնենք, եւ ծախսերի առումով պետք է մեր Անկախության տոնը նշենք զսպվածության սահմաններում»։

Այսպես է ՀՀ անկախության տոնը «գունագեղ եւ մասշտաբային» նշելու վարչապետ Փաշինյանի հայտարարությանն ու դրան հետեւած հանրային դժգոհությանը «1in.am»-ի տաղավարում արձագանքել փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանն էլ հավելել է, որ վարչապետի հնչեցրած «գունագեղ, մասշտաբային» ձեւակերպումներն էին հենց խոցել զոհերի հարազատներին։

Ալեքսանյանը ներկայացրել է ծնողներից մեկի առաջարկը․ նա, իրավապաշտպանի խոսքով, թեեւ եւս դեմ է Անկախության տոնը «գունագեղ» նշելուն, այդուհանդերձ, առաջարկել է, որ եթե իշխանություններն իսկապես ցանկանում են Անկախության տոնի միջոցառումները նվիրել զոհերի հիշատակին, ապա «կարող են հրապարակի ցուցատախտակին այդ օրը բոլոր զոհերին հերթով ցույց տալ»։

«Կարծում եմ՝ դա շատ լավ առաջարկ է»,- ասել է Ալեքսանյանը։

Փաստաբանների պալատի օրերս կայացած նախագահի ընտրություններին անդրադառնալով՝ Լուսինե Հակոբյանը նշել է, որ բավական դժվար էր կանխատեսել, թե ինչ պատկեր էր լինելու ՓՊ ընտրությունների արդյունքում, քանի որ այս հարցում վերջին դերակատարումը չեն ունեցել խտրական կարգապահակնները, որոնք տարիներ շարունակ որպես մահակ կիրառվել են տարբեր այլախոհ փաստաբանների հանդեպ, եւ դա էր նաեւ, ըստ փաստաբանի, պատճառը, որ եթե կային փաստաբաններ, որոնք տարբեր այլախոհական մոտեցումներ ունին, չէին բարձրաձայնում այդ մասին, «քանի որ այդ վրեժխնդրությունն ու պատասխան հարվածները շատ արագ են հետեւում այդպիսի հայտարարություններին»։

«Պատկերը կանխատեսելի չէր, միաժամանակ, կարեւոր արձանագրումներ պետք է անել․ այդուհանդերձ, հուսադրող է, որ 144 փաստաբան կողմ էին պալատը ապակուսակցականացնելուն, ՓՊ առողջացման գործընթացի մեկնարկին եւ իրենց ձայնով կանաչ լույս էին վառում դրան։

Միաժամանակ, մտահոգիչ էր այն, որ 937 փաստաբան իրենց ձայնը փաստացի տվեցին Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությանը․ բացի այն, որ փաստաբանության հեղինակության համար բավական լուրջ հարված է այն, որ նա, կուսակցության առաջնորդ եւ ակտիվ քաղաքական պրոցեսներում ներգրավված լինելով՝ շարունակում էր գլխավորել ՓՊ-ն, խնդիր էր նաեւ այն, որ ՓՊ աշխատակազմի զգալի մասը եւս այդ կուսակցության անդամներ են։

Այսինքն, բավական լուրջ իրավիճակ է ստեղծվել, երբ այս նոր նախագահը ունենալու է ՓՊ աշխատակազմ, որը հայտնի չէ, թե տարբեր շահերի բախման իրավիճակում հայտնվելիս՝ ի՞ր հրահանգներն է կատարելու, թե՞՝ «Զարթոնք» կուսակցության առաջնորդի։ Իմ կանխատեսումն այն է, որ երկրորդի։

Առավել մտահոգիչ էր այն, որ ՓՊ անդամ գործող փաստաբանների կեսից ավելին բացարձակապես հետաքրքրված չէր այս պրոցեսով, ինչը մի կողմից տխրեցնող ու մտահոգիչ է, մյուս կողմից ՝ հասկանալի է դարձնում, որ այս սեգմենտում մենք անելիքներ շատ ունենք։ Գուցե Գեւորգ Գյոզալյանը եւ մեր թիմը, (ես ինձ այդ թիմի անդամ եմ համարում) չկարողացանք մեր խոսքն իրենց հասցնել, կամ ժամանակն էր սուղ, ռեսուրսներն էին քիչ, գուցե ընտրված մարտավարությունն էր սխալ։ Բայց, ըստ իս, սա վերջ չէ, սա իրավիճակի գնահատում է, եւ շատ անելիքների սկիզբ»,- ասել է Լուսինե Հակոբյանը։

Որպես քվեարկության ժամանակ ցածր մասնակցության եւ անտարբերության հնարավոր պատճառներից մեկը Հակոբյանը մատնանշել է այն, որ վերջին շրջանում պալատի ղեկավարությունը քաղաքական պրոցեսներին էին խառնվում, որ փաստաբանությանը մեծ հարված հասցրեցին ղեկավարության կազմակերպված տարբեր քաղաքական ակցիաները՝ այդ թվում վարչապետի հրաժարականի պահանջով։

«Այո, օրենքը չի կաշկանդում,  որ ՓՊ նախագահը կուսակցական լինի, կամ կուսակցություն ղեկավարի, բայց դա անհամատեղելի է փաստաբանության ղեկավար կազմի հետ․ դո՛ւ պետք է գնահատես՝ գուցե՞ այդ քայլերով քո ինստիտուտին հասցվում է մի այնպիսի հարված, որ ավելի լավ է գնաս քաղաքականություն, բայց չհամատեղես այդ պաշտոնները։ Միջոցառումներից մեկի ժամանակ ՓՊ արդեն նախկին նախագահի արդարացումն այն էր, թե ինքը, միեւնույն է՝ գիտեր, որ գնում էր, դրա համար մտավ քաղաքականություն։ Եղբայր, եթե գիտեիր, որ գնում էիր, անմիջապես հրաժարական ներկայացնեիր, դու դա չես արել, քանի որ ցանկացել ես լծակներդ պահպանել»,- ասել է Հակոբյանը։

Ժաննա Ալեքսանյանն էլ նշել է, որ ՓՊ նախագահի ընտրություններից առաջ ցանկացել է հրապարակային գրառմամբ դիմել Արա Զոհրաբյանին, (ինչը չի հասցրել անել),  կոչ անելով նրան «մնալ քաղաքականության մեջ», եւ լքել ՓՊ-ն, քանի որ, ըստ Ալեքսանյանի, թեւ ԱԺ վերջին ընտրություններում Զոհրաբյանի կուսակցությունը ձախողվեց, այդուհանդերձ, նա ավելի հաջողակ է քաղաքականության հարցերում, քան՝ ՓՊ նախագահի պաշտոնում, քանի որ վերջինիս նախագահութան օրոք, ըստ Ալեքսանյանի, գործել է «ամեն ինչ յուրայիններով» սկզբունքը։ Ալեքսանյանի խոսքով, ինքը Զոհրաբյանի յուրայիններ ասելով նաեւ ՓՊ նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանին նկատի ունի, «որը չի կարող որեւէ բան փոխել ՓՊ-ում, աչքի չի ընկել որպես մի փաստաբան, որին հանրությունը գնահատում է, դեռ հակառակը, իր անվան հետ կապված միջադեպեր կային»։

Անդրադառնալով ընտրություններից հետո ստեղծված վիճակին եւ հնարավոր լուծումներին՝ Լուսինե Հակոբյանը նշել է, որ այն դեռ կվերլուծեն։

«Ես այլըտնրանքային պալատի կողմնակից եմ, եւ իմ ներսում ավելի է խորացել այն համոզմունքը,  որ կա դրա անհրաժեշտությունը, բայց թե՝ ի՞նչ կերպ ու ինչ մեթոդներով, մենք դեռ կքննարկենք՝ փորձելով մեր քննարկումներին ներգրավվել առավել չեզոք հատվածին»,- ասել է փաստաբանը։

Նա անդրադարձել է նաեւ վերջերս հրապարակված ՄԻՊ-ի զեկույցին, որտեղ վերջինս բոլոր մանրամասներով պատմել էր, թե ինչպիսի կտտանքների են ենթարկվել հայ գերիները ադրբեջանակն բանտերում։

«Նախ ասեմ, որ բավական գնահատելի է այն աշխատանքը, որ գերիների իրավունքների պաշտպանության մասով կատարում է ՄԻՊ-ն ու իր իրավաբանների թիմը։ Առանձնացնեմ, որ նա բավական արագ ու արդյունավետ է արձագանքում սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող սադրանքներին։ Սակայն, առանց նսեմացնելու իր աշխատանքը՝ պետք է երկու հանգամանքների մասին խոսեմ այս զեկույցի հետ կապված։ Առաջինը՝ մարդու արժանապատվությունն է, որը, ըստ իս, այստեղ անտեսվել էր, եւ ես ուղղակի ցավում եմ, որ ՄԻՊ-ի ուշադրությունը պետք է հրավիրեմ այդ հանգամանքի վրա։ Ճիշտ է, այդ մարդկանց անունները չի հնչել, ինքնությունը չի բացահայտվել, բայց միջազգային իրավունքի կանոններով՝ այդ խմբի ցանկացած անդամ նույնականանալի է․  երբ դու խոսում ես գերիների մասին, նրանք մեծաթիվ չեն, հասարակությունը փոքր է, բոլորը գիտեն՝ նրանք ովքեր են, եւ առավելեւս գիտեն այդ մարդկանց գիտեն իրենց հարեւանները, բարեկամները, ծանոթները, եւ այդ մանրամասնությունները հրապարակելը նշանակելու է, որ այդ անձանցից յուրաքանչյուրի հարեւանը մտածելու է, որ այդ նվաստացուցիչ վերաբերմունքը հենց իր ճանաչած անձի նկատմամբ է տեղի ունեցել, ինչը լրացուցիչ սթրես է պատճառելու այդ մարդկանց՝ ապրել այդ հանրության շրջնում։

Բացի դրանից, ես չեմ կարծում, որ այդ մարդիկ թույլատվություն են տվել նման անձնական բնույթի մանրամասներ հրապարակել լայն հանրության շրջանում, կարծում եմ, որ այդ թույլատվությունը տրված է եղել իրենց գործերի շրջանակներում՝ իրենց շահերը պաշտպանելու համար, եւ ոչ թե լայն հանրային քննարկման համար։

Եւ երկրորդը, ես համամիտ եմ այն կարծիքների հետ, որ սա ազգային անվտանգության խնդիր է եւ մենք պետք է ավելի շրջահայաց ու զգույշ լինենք այդ հարցերում․ չմոռանանք, որ դեռ պատերազմի մեջ ենք, որ ամեն օր տեղի են ունենում տարբեր ոտնձգություններ Եւ ի վերջո, անձնական օրինակ բերեմ․ իմ երեխաների դայակի որդին հիմա սահմանին է, եւ ինքը ինձ պատմում էր, թե ինչ սթրեսի մեջ է, եւ հիմա պատկերացնում եմ, թե նրա սթրեսը ինչպես է բազմապատկվելու այդպիսի մանրամասներ լսելուց հետո։ Մենք իրոք պետք է նրբանկատություն դրսեւորենք, եւ հասկանանք, թե որտեղ է պետական շահը․ ոչ մեկը չի ժխտում, որ խոսքի արժեքը ֆունդամենտալ արժեք է, բայց այն բացարձակ արժեք չէ, կան մի շարք իրավաչափ նպատակներ՝ ազգային անվտանգությունը, անձանց համբավը, հեղինակությունըը, անձնական կյանքը եւ այլն, որոնց նկատառումներից ելնելով՝ պետք է ավելի զգույշ լինենք այս հարցերում խոսքի ազատության իրավունքը իրացնելիս: Եթե ՄԻՊ-ը այդ տեղեկությունները միջազգային հանրությանը հասցնելու խնդիրն էր լուծում, ապա կարող էր թիրախային լսարանի` ՀԿ-ներ, միջազգային գործընկերներ, պետական մարմիններ այն ներկայացնել»,- ասել է Հակոբյանը։

Exit mobile version