Պալատում զարգացման հնարավորություն կառաջանա Գեւորգ Գյոզալյանին ընտրելու պարագայում․ Տիգրան Եգորյան

«Անկախությունից հետո Հայաստանում փաստաբանների տարբեր միություններ էին գործում, որոնք հետագայում միավորվեցին որպես Փաստաբանների պալատ։ Այն ժամանակ այդ փոփոխությունը հիմնավորվում էր փաստաբանական ներուժի ավելի արդյունավետ ու միասնական զարգացմամբ ու կիրառմամբ։ Իրականում, սակայն, այդ միավորումը վերացրեց արտաքին հակակշիռների, մրցակցության (ինչ-որ տեղ արդյունավետ, ինչ-որ տեղ՝ ոչ) մեխանիզմները, որոնք  չփոխարինվեցին պալատի ներքին հակաշիռների, զսպումների եւ մրցակցության մեխանիզմներով, եւ պալատի՝ որպես մասնագիտական համայնքի զարգացումը դադարեց։ Միավորման հիմնավորման հետ կապված բոլոր պատրանքները հօդս ցնդեցին եւ արդյունքում սկսեց զարգանալ այն, ինչ պետք է զարգանար ցանկացած լատենտային միջավայրում․ խմբային շահերի վրա հենված անհատական շահերի սպասարկման պրոցես, կամ՝ զուգահեռ պրոցեսներ։ Ստեղծվեցին մի քանի կարող խմբեր, որոնք իրենց վերահսկողության, կամ՝ ազդեցության տակ վերցրեցին անհատ փաստաբանների, եւ մեծ հաշվով, պալատը, իր ամբողջ գոյության ընթացքում, եւ մինչեւ օրս էլ, իր մարմիններով հանդերձ՝ սկսեց ձգտել դեպի տոտալիտար կառավարման, որտեղ ավելի շատ ուղղահայաց հարաբերություններ են, քան՝ հորիզոնական։

Այդ վերահսկողությունը ապահովվում էր տարբեր վարչական գործիքակազմերով, սկսած կարգապահական վարույթներից, վերջացրած դասընթացներով եւ այդ դասընթացների հետ կապված հետեւանքներով․ դպրոցի դիմորդների, ուսումնառություն անցնող, փաստաբան դառնալու նպատակ ունեցող անձնանց նկատմամբ համապատասխան հարաբերությունների ձեւավորմամբ»։

Այդ մասին «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ներկայացնելով այն մթնոլորտը, որը տարիներ շարունակ տիրում է Փաստաբանների պալատում։

Եգորյանի խոսքով, պատճառը, որը թույլ չի տվել Պալատի ներսում ձեւավորել հակակշիռների մեխանիզմներ՝ շահերն էին, որոնք չէին թելադրում այդ ուղղությամբ զարգացումներ, «դրանք քոչարյանական ժամանակներն էին, երբ փաստաբանները ձերբակալվում էին օրինակ՝ մարդկանց ապօրինի ունեզրկման դեմ պայքարելու համար, այն ժամանակներում դրված չէր Փաստաբանների միության/Պալատի կարողության զարգացման հարցեր, հետեւաբար, անգամ եթե մեկ-երկու առանձին վերցրած անձ փորձել է այդ ուղղությամբ որեւէ միջոց ձեռնարկել, միեւնույն է՝ հնարավոր չէր այդ ամբողջ համակարգը շեղել»։

Փաստաբանի խոսքով, տոտալիտարիզմի ձգտող այդ կառավարումը շարունակվել է նաեւ 2018 թվականից հետո։

«Ավելին, այն իր մետամորֆոզի գագաթնակետին է հասել այժմ․ մասնագիտական հիմքի վրա միավորված այդ հիմնական կլաստերը, որը հիմնական իշխանությունն էր իրացնում այդ համակարգում, ըստ էության, քաղաքականացվեց, նրանց մի մասը անմիջականորեն ընդգրկվեց քաղաքական գործունեության մեջ, մյուս մասը՝ անուղղակիորեն, հանդես գալով իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարում որպես կողմ, հանդես գալով իշխանության դեմ, հանդես գալով ակտիվ քաղաքական, կուսակցական շարժառիթներով։ Եւ սա, փաստացի, վերջին գործընթացն է, որը բերելու է այդ օրգանիզմի՝ որպես մասնագիտական համայնքի մահվանը։ Ուստի, եթե այսօր քայլեր չձեռնարկվեն այս պրոցեսը կասեցնելու, եթե այս մասնագիտական համայնքին իր անկախութունը, որակը, մասնագիտական որակի բարձրացմանը միտված գործելու կարողությունը չվերադարձվի, ապա մեզ բավական վատ հեռանկար է սպասվում՝ ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում փաստաբանության դերակատարման առումով։ Սա բացասական պրոցես է լինելու, որն իր վրա զգալու է յուրաքանչյուր ոք, ում պետք է լինելու որակյալ իրավաբանական օգնություն։ Սա ազդեցություն է ունենալու հասարակական եւ պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա, այս դեֆորմացիան, այս դեգրադացիան պետք է կասեցվի։

Պալատը տարիներ շարունակ, ըստ էության չի իրականացրել առանցքային եւ գլխավոր գործառույթները, որոնց իրականացման նպատակով այն ստեղծվել է եւ գործելու կանոնադրական նպատակ ունի։ ՀՀ-ում փաստաբանության զարգացումը մեծ հաշվով իրականացվել եւ ապահովվել է առանձին անհատ փաստաբանների, կամ այդպիսի անհատների խմբերի ջանքերի շնորհիվ՝ էպիզոդիկ, ոչ շարունակական, ոչ հետեւողական, եւ եթե դրանք եւս չլինեին, կարելի կլիներ ասել, որ փաստաբանությունը կլինիկական մահ է ապրել Հայաստանում վերջին տարիներին։ Սակայն, մասնագիտական համայնքների ստեղծումն այն մասին չէ, որ այդ համայնքները պետք է ուղղակի ազատ անկման մեջ հայտնվեն, դա այն մասին է, որ այդ համայնքների ձեւավորած կարողությունը պետք է ուղղվի այդ համայնքում ընդգրկված յուրաքանչյուրի եւ այդ համայնքի շահերի առավել արդյունավետ սպասարկմանը եւ նպատակների առավել արդյունավետ իրականացմանը։

Օրինակ՝ փաստաբանությունը, որպես միավորում, որպես պալատ, ի՞նչ մասնակցություն է ունեցել ՀՀ-ում օրենսդրական դաշտի բարելավմանը, արդարադատության գործընթացին, ռեֆորմներին, (խոսքը մեկ առանձին գործի շրջանակներում փաստաբանի կատարած ջանքերի մասին չէ), ի՞նչ մասնակցություն է ունեցել ենթադրենք՝ նույն դատական համակարգի հակազդեցության հարցում, ինչպիսի՞ վերլուծական գործընթաց է իրականացրել, ինչպիսի՞ պրակտիկ գործընթաց  է իրականացրել։ Ոչ մի։ Եթե այդպիսի գործընթացներ իրականացվեին, բոլորը տեղյակ կլինեին, որ Փաստաբանների պալատն է ձեռնարկել այս կամ այն քայլը, ոչ թե՝ այս կամ այն ՀԿ-ն»,- նշել է Եգորյանը։

Սեպտեմբերի 12-ին Փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ։ Առաջադրվել են երեք թեկնածուներ՝ Գևորգ Գյոզալյանը, Թամարա Պողոսյանը և Սիմոն Բաբայանը։ Ըստ արձագանքների, հիմնական պայքարն ընթանալու է Գյոզալյանի եւ Սիմոնյանի միջեւ։

Տիգրան Եգորյանը, սակայն, ասում է՝ ինքն այս հարցին այլ դիտանկյունից է նայում․ «Անկեղծ ասած ես նույնիսկ պայքար չեմ էլ դիտարկում։ Ես ո՛չ Արա Զոհրաբյանին, ո՛չ Սիմոն Բաբայանին, ո՛չ նրանց խմբակից այլ անձանց չեմ դիտարկում որպես պայքարի կողմ, նրանք այս դաշտում չեն էլ կարող պայքարել։ Նրանց շարժառիթներն ու մոտիվացիան բոլորովին այլ է, մեծ հաշվով պայքարը յուրաքանչյուր փաստաբանի ներսում է։ Սա պայքար չէ Գեւորգ Գյոզալյանի եւ Սիմոն Բաբայանի միջեւ, իմ դիտարկմամբ, Բաբայանը մրցակից չէ բոլոր այն գաղափարների եւ նպատակների հարցում, որոնց մասին ես ակնարկային մակարդակով խոսեցի։ Ես չեմ էլ հավատա երբեք, որ այս մարդը ռեալ, լուջ փիլիսոփայություն, նպատակ եւ ձգտում ունի։ Այստեղ պայքարն, ինչպես նշեցի, փաստաբանների ներսում է ընթանալու, նրանք բավականին բարդ կացության մեջ են հայտնվել քիչ առաջ նկարագրածս պրոցեսների արդյունքում, եւ այսօր նրանք եւս բաժանվում են տարբեր սեգմենտների՝ պայմանավորված նրանց գործունեությամբ, դրա ոլորտի, նրանց փոխհարաբերությունների, պալատի ղեկավարումն իրականացնող սեգմենտների կամ նախորդ կլաստերների հետ հարաբերություններով։ Եւ կան բազմաթիվ խութեր, որոնք ամեն փաստաբան, այնուամենայնիվ, ունի եւ միշտ չէ, որ պատրաստ է հրապարակային կամ առերես, դիմահար պայքար մղել, եւ կամ ցանկանում է այդպիսի պայքար մղել, դա կյանքը էապես բարդացնում է։ Մեկ կարգապահական վարույթը լրջորեն եւ էապես բարդացնում է փաստաբանի կյանքը, որն առանց այդ էլ բարդ է բազմաթիվ այլ հանգամանքների բերումով։ Եւ այստեղ ճնշումների, ազդեցությունների, նաեւ վերբալ ազդեցությունների կիզակետում ամեն փաստաբան պետք է որոշի՝ իրեն հաճելի կամ ցանկալի՞ է, արդյո՞ք իր նպատակների իրագործմանը նպաստում է այն, ինչ մենք ունենք հիմա, ինչ զարգացել է նախորդ տարիների ընթացքում, թե՞՝ նա իր մեջ կգտնի կամք, փոփոխելու այսօրվա իրավիճակը։ Եթե՝ այո, ապա, կարծում եմ, որ այդ պայքարում կհաղթի նոր եւ իրական ծրագիր առաջ բերած թեկնածուն, եւ, բնականաբար, կպարտվի հինը, զարգացման չբերող, միայն ներքին եւ խմբային շահեր հետապնդող մղումը։

Եւ ամեն փաստաբան այդ շահերից կառանձնացնի իրեն, իր շահը կտեղաբաշխի համայքնի շահի ներսում, եւ կհետապնդի թափանցիկ եւ դինամիկ զարգացման ճանապարհը։ Այս ճանապարհը սկսելու միակ հնարավորությունն այսօր, ըստ իս, այս ընտրություններում հստակ կողմնորոշվելն ու կամք աարտահայտելն է։ Այսպիսի հնարավորություն կառաջանա միայն նոր թեկնածուին՝ Գեւորգ Գյոզալյանին ընտրելու պարագայում»։

Անդրադառնալով այն «մեղադրանքներին», թե Գյոզալյանը կապեր ունի գործող իշխանության հետ, հատկապես, որ նա դատարանում պաշտպանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերը՝ Եգորյանը նշել է․

«Դրանք որեւէ փաստական տվյալ չեն պարունակում, դրանք մեծ հաշվով մերկապարանոց մեղադրանքներ են։ Դրանք տեղեկություններ չեն, դրանք անգամ բամբասանքներ էլ չեն։ Ես դրանց, իհարկե, շատ անլուրջ եմ վերաբերվում։ Ի՞նչ կապերի մասին է խոսքը, ինչպիսի՞ փոխհարաբերությունների մասին է խոսքը, կամ այդ ենթադրյալ կապերը ինչի՞ վրա ինչպե՞ս պիտի ազդեին։ Այս ամենը ակնարկային, իմիտացիոն բաներ ձեւավորելու նպատակ ունեն, որոնք համ դատարկ են, համ ստոր են, համ ուշադրության արժանի չեն։ Ինձ համար էականը հետեւյալն է․ ի՞նչ է արել թեկնածուն իր կյանքում որպես մասնագետ, (որովհետեւ մենք հիմա քննարկում ենք մասնագիտական համայնքում կայանալիք ընտրությունները), ի՞նչ արժեք է ստեղծել, այսինքն, իր բուն աշխատանքից բացի հավելյալ արժեք․ մի բան է, երբ դու պաշտպանում ես քո վստահորդին, այլ բան, երբ դու քո ժամանակը կարողանում ես հատկացնել նաեւ հանրային նշանակություն ունեցող խնդիրներին։ Ի՞նչ ես դնում սեղանին, ի՞նչ ծրագիր ես առաջարկում մարդկանց, որոնք պատրաստ են քեզ վստահել։

Ի՞նչ է ասում Գեւորգ Գյոզալյանը. նրա ծրագիրն այն մասին է, ինչի մասին մենք նախորդ մի քանի տարիների ընթացքում տարբեր առիթներով եւ հարթություններում խոսել ենք․ դա պալատի ներքին զսպումերի եւ հակաշիռների մեխանիզմների ձեւավորումն է։ Սա նշանակում է, որ պալատում պաշտոնների բաշխումը չպետք է իրականցվի կենտրոնացման այն տրամաբանությամբ, որի արդյունքում մեկ անձը կարող է զբաղեցնել մի քանի պաշտոններ։ Օրինակ՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը զբաղեցնի նաեւ Պալատի խորհրդի անդամի պաշտոնը։ Պետք է տարանջատվի գործադիր մարմինը եւ այդ մարմիններում ընդգրկված անձինք չպետք է ներթափանցեն պալատի խորհուրդ։ Խորհուրդը պետք է տարանջատվի կարգապահական վարույթներ իրականցնող մարմնից։ Այն պետք է լինի այլ մարմին, եւ բնականաբար, կրկին անձանց կրկնություններ չպետք է լինեն։ Պետք է զարգացվի այս կարգապահական վարույթների եւ ներքին որոշումների, այսինքն, արդեն խորհրդի ֆունկցիոնալ կարողությունը եւ այդ ֆունկցիոնալ կանոնակարգը։ Պետք է ֆինանսական բարձր աստիճանի թափանցիկության գործիքակազմ ձեւավորվի։ Ամեն փաստաբան պետք է հասկանա, թե իր անդամավճարներն ինչին են ծառայում, եւ ընդհանուր իր կարողությունները պալատն ինչպես է տնօրինում։ Պետք է ստեղծվի հայաստանյան փաստաբանների եւ այլ երկրների փաստաբանների, ինչպես նաեւ վերպետական կառույցների միջեւ արդյունավետ համագործակցություն, որը պետք է զարգացնի մեր՝ փաստաբաններիս, ինչպես նաեւ համայնքի կարողությունները։ Մեր պալատը աշխարհում իզոլացված ինչ-որ մի կառույց է։ Սա այսօրվա աշխարհում անթույլատրելի է։

Պետք է բարեփոխվի փաստաբանների ընթացիկ վերապատրաստման համար առաջարկվող բովանդակությունը, եւ այն չի կարող ստացվել մի քանի անձից, փաստաբանին տարիներ շարունակ չի կարող վերապատրաստել ինչ-որ մեկը, որի  փաստաբանական կարողությունները ինքնին ոչ միայն կասկածելի են, այլեւ որեւէ տեղ արձանագրված էլ չեն, որ գոնե փորձես հասկանալ, թե սա ի՞նչ փաստաբան է։ Ի վերջո, մենք պետք է կարողանանք ընդլայնել մասնագիտական որակավորման բարձրացման ռեսուրսները։ Դրանք միայն այդ մի քանի փաստաբանը չեն եւ չեն էլ կարող լինել։ Աշխարհում այդպիսի աղբյուրները բազմաթիվ են՝ համաժողովներ եւ այլն, եւ այլն։ Պետք է փաստաբանների ստեղծած աշխատանքի արդյունքների վերլուծական կառույցներ ձեւավորել։ Դու չես կարող ցանկացած փաստաբանից պահանջել, որ ինքը իր ամենօրյա աշխատանքից բացի կատարի նաեւ մի հավելյալ ջանք, փորձի հասկանալ եւ համախմբել պրակտիկ կյանքում առաջացող բոլոր խնդիրները, մի հատ էլ դրանք ձեւակերպի եւ դրանց համար պայքարի։ Այդ ամեն ինչը պետք է փաստաբանից վերցնի եւ սկսի զարգացնել հենց Պալատը, հենց դրա համար են փաստաբանները նաև միավորում իրենց ջանքերը, ձեւավորում միջոցներ, որպեսզի Պալատն իր մարմիններով կարողանա առաջ մղել իրավապաշտպան գործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք, ի դեպ, նաեւ պետության համար կարեւոր նշանակություն ունեն։ Իսկ դրա համար պետք է ունենալ ոչ կուսակցական, ապաքաղաքական, ռեալ անկախ, ներքին անկախությամբ օժտված, փաստաբանների կողմից կառավարվող Պալատ։ Հակառակ դեպքում փաստաբանությունը, որպես համայնք, էլի չի ունենալու որեւէ զարգացում»։