Շատ վտանգավոր ավանտյուրա կլինի, եթե ՍԴ-ն բավարարի դիմումները․ Տիգրան Եգորյան

«ՍԴ-ի կազմի վերաբերյալ իմ դիրքորոշումը կարծում եմ հայտնի է շատերին, դրա մասին շատ եմ խոսել հրապարակավ, հետեւաբար այդ բովանդակության վերաբերյալ իմ դիրքորոշումը թույլ չի տալիս շատ, այսպես ասած, դրականորեն արտահայտվել։

Նաեւ հաշվի առնելով վերջերս Մարտի մեկի հետ կապված Քոչարյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը` այն պայմաններում, երբ չկար որեւէ հնարավորություն նման որոշում կայացնելու, նման հնարավորություն չէին տեսնում նաեւ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը, Վենետիկի հանձնաժողովը՝ իրենց խորհրդատվական կարծիքներով, բայց այս կազմը գտավ այդ հնարավորությունն ու կամքը այդ որոշումը կայացնելու։ Այնպես որ, այս մասով հստակեցնենք, որ բոլոր իմ կանխատեսումները որեւէ կերպ չեն վերաբերում այս կազմի որակների վերաբերյալ իմ նախկին կարծիքներին։ Կարեւոր է, թե ինչ դիմումներ են բերվել եւ ինչ բովանդակությամբ»։

Այդ մասին «Factor.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ 4 ուժերի դիմումները ՍԴ։

Նա համեմատել է այս դիմումների քննությունը նախորդ՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների վիճարկման քննության հետ։

Եգորյանի խոսքով, այն ժամանակ եւս ընդդիմադիր կուսակցությունների եւ դաշինքների վստահված անձնանց աշխատանքը չափազանց վատն էր, եւ ՍԴ էին բերվել դիտորդական առաքելությունների կողմից հավաքված փաստերը։

«Այնտեղ մի քանի հարյուր այլ անձի փոխարեն քվեարկության փաստեր էին ֆիքսվել, որոնց վերաբերյալ, իհարկե, տարբեր մեկնաբանություններ էր տալիս պատասխանող կողմը, բայց ես աշխատանքի ծավալն եմ ուզում համեմատել։  Ընդամենը մոտ 1600 դիտորդի կողմից բերվել էր մոտ 2000 դիմում-բողոք, այդ բոլորն արձանագրված էր տեղամասերի գրանցամատյաններում, աշխատանքի ծավալն ահռելի էր, ասենք՝ 1,5 ամսում վերապատրաստվել էր մոտ 4,5 հազար դիտորդ, որոնք փակել էին տեղամասերի 76 տոկոսը, այն ժամանակ հայտնաբերվել էին նաեւ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքեր, (թեեւ այսօր ԿԸՀ ներկայացուցիչն ասում է, թե այն ժամանակ էլ չէր հայտնաբերվել), Գլխավոր դատախազություն այն ժամանակ 300-ից ավելի հաղորդում էր ներկայացվել։ Այդ ամենի կապակցությամբ թե՛ իշխանության բլոկը, թե՛ այն մարմինները, որոնք պետք է ընտրական պրոցեսներով իրենց գործառույթներն իրականացնեին, կշտամբում էին ինչպես դիտորդական առաքելություններին, այնպես էլ՝ ընդդիմադիր կազմակերպություններին, եւ դեռ մի բան էլ դիտորդական առաքելություններին սպառնում էին քրեական հետապնդումներով։ Այսօր այդ ամենը փորձ է արվում բովանդակային քննության ենթարկել, բայց ի՞նչ է բերվել, բերվել է մի քանի պնդում․ որ հայտնաբերվել է 2 այլ անձի փոխարեն քվեարկություն, որոնցից մեկը պարզվեց՝  «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր, որը եթե այլ անձի փոխարեն քվեարկել է, ենթադրաբար պիտի այդ դաշինքի օգտին քվեարկեր, այն մյուս անձի փոխարեն քվեարկածը մի քաղաքացի է, որը ինչ-որ շփոթի հետեւանքով ստորագրել է այլ անձի անվան դիմաց, 2017-ին մենք հարյուրավոր այսպիսի դեպքեր ենք ունեցել: Բերվել է փաստարկ, որ վարչապետը չպետք է իրականացներ պաշտոնակատարի լիազորություններ, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, որ կանխատեսելի չէր, թե երբ կլինի ընտրությունները, հետեւաբար պատրաստվելու հավասար հնարավորություն չեն ունեցել, եւ փաստարկ, որ մուրճով սպառնացել են իրենց։ Ուրիշ բան կա՞․ եւ մեկ էլ, իհարկե, ցանկություններ, որ անկախ նրանից, թե ընդդիմությունը ինչքան կհավաքի, պետք է հավաքի ոչ պակաս, քան 2/5-ը, մի քիչ էլ ավելի, որ հանկարծ իշխանությունը չունենա 3/5-ը։ Ուրիշ ի՞նչ փաստ ու փաստարկներ է բերվել»,- հայտարարել է Եգորյանը։

Փաստաբանը հերթով անդրադարձել է ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող  այդ ուժերի պնդումներին․

«Հերթով դիտարկենք այդ պնդումները։ Ընտրությունների օրվա նշանակման հարցը։ Ապրիլի 25-ի հրաժարականից հետո մեկնարկել է վարչապետի ընտրության գործընթաց, որի արդյունքում Սահմանադրությամբ սահմանված կարգով վարչապետը 2 անգամ չի ընտրվել եւ Նախագահի մայիսի 10-ի հրամանագրով հունիսի 20-ին նշանակվել է արտահերթ ընտրություն։ Սահմանադրության համաձայն՝ այդ ընտրությունը նշանակելու համար նախագահը ունի ոչ շուտ քան 30, եւ ոչ ուշ քան 45 օր, այսինքն՝ 15-օրյա սահման։ Նա նշանակել է առավելագույն ժամանակահատվածը՝ նախընտրական գործընթացներին տրամադրելու տրամաբանությամբ․ կամ պետք է հունիսի 13-ին նշանակեր՝ կիրակի օրը, կամ՝ հունիսի 20-ին՝ մյուս կիրակի։ Այդ երկու օրը կարող էր նշանակել։ Ենթադրենք՝ այդ  պնդումը ճիշտ է, թե նախագահին ճնշել են, բայց նա ավելի ուշ է նշանակել՝ նախապատրաստվելու ավելի մեծ հնարավորություն տալով բոլոր հնարավոր մասնակիցներին, այսինքն, դրակա՞ն է այս հետեւանքը, թե՞՝ բացասական այդ վիճարկվող հավասարության համատեքստում, միանշանակ դրական է, քանի որ ավելի մեծ ժամանակ է տրամադրվել։ Այսինքն, Սահմանադրությամբ սահմանված առավելագույն ժամկետն է տրամադրվել, չէր կարող նախագահը երկարացնել այդ ժամկետը։ Հիմա սրանից դժգոհելն, ըստ իս, չի կարող հանգեցնել անվավերության։

Մյուս հարցը․ քարոզչության հավասար հնարավորությունները։ Այսօր, նաեւ ՍԴ-ում գործի քննության ընթացքում հրապարակումներ եւ հայտարարություններ եղան, ինչպես վերահսկող մարմնի կողմից, այնպես էլ՝ ԿԸՀ-ի կողմից, որ բոլոր նախորդ ժամանակահատվածների հետ համեմատ հրապարակային խոսքի ամենամեծ հնարավորություններն է ունեցել ընդդիմությունը, եւ առհասարակ բոլորը, եւ հանրային եթերի անվճար ժամանակից ավելի քիչ ծավալով օգտվել է իշխանությունը։ Հավասար հնարավորությունների առումով այս փաստարկն էլ կարծես որեւէ խնդիր չի առաջացնում։

Հաջորդ փաստարկը․ ընտրությունների, նախընտրական քարոզարշավի եւ նաեւ ոչ ֆորմալ նախընտրական քարոզարշավի, այսինքն, ռեսուրսների հասանելիության օրենքով չսահմանված այդ արտոնյալ ժամանակահատվածում քաղաքական խոսքի եւ մրցակության մակարդակը։ Այս առումով, իհարկե, շատ ցավալի է, որ այդ մակարդակը չափազանց ցածր է, կարելի է ասել՝ շատ պարզունակ է, եւ ոչ ցանկալի։ Բայց արդյո՞ք սա որեւէ կերպ խախտել է որեւէ կողմի հավասար մրցակության հնարավորությունը, կամ առաջացրել է այնպիսի հետեւանքներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Ըստ իս, առհասարակ, այս ցածր մակարդակը մեկնարկել է մի քանի պատճառով, որոնցից մեկ խորքային պատճառը քաղաքական մշակույթի եւ ավանդույթների զարգացման բացակայությունն է Հայաստանում՝ սկսած 97-98 թվականներից․ այդ ամբողջ 20 տարիների ընթացքում իշխանություն էին այսօր այդ երկու դաշինքներում միավորված անձանց խմբերը, եւ քաղաքական կուսակցությունների ու համակարգերի զարգացման խթանման առումով մեծագույն պատասխանատվությունը նրանցն է։ Եւ ի վերջո, նայենք, թե հիմնականում այդ ատելության, սպառնալիքների լեզվով խոսքը, կամ այդ մակարդակը ո՞ւմ կողմից է տրվել, ուղղակի վերհիշենք, թե ինչ սկսեց տեղի ունեցավ հանրապետությունում պատերազմական գործողությունների դադարից հետո, անմիջապես դրանից հետո կառավարության շենքի գրավմամբ եւ այլն, կամ հայհոյանքները, որոնք հասցեագրվում էին տարբեր պաշտոնյաների, պարզ է, որ այդ ամենը բերում-հասցվում է սրան։ Շատ պախարակելի է, շատ վատ է, պետք է, իհարկե, միգուցե նաեւ դրական գործիքակազմերով փոփոխության ենթարկել, բայց սա այն է, ինչ ունենք։ Բայց ի՞նչ ազդեցություն սա ունի ընտրությունների արդյունքների վրա։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը մեկին սպառնում է, ամենաքիչ հավանական հետեւությունը, որ կարելի է անել, այն է, որ այդ սպառնացողին վախեցած մարդիկ կգնան եւ կընտրեն։ Որովհետեւ եթե մարդ ինչ-որ մեկից վախենում է, ճանապարհ է ման գալիս նրանից ազատվելու, եթե իշխանությունը սպառնում, կամ հայհոյում է, եւ եթե մարդիկ տեսնում են այլ հնարավոր, ավելի լավ տարբերակ, բնականաբար այդ մարդիկ կկողմնորոշվեն այդ կողմի ուղղությամբ»։

Խոսելով այն մասին, թե ինչու պետք է բավարարվեն իրենց դիմումները՝ ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հայտարարել է, թե վստահ է, որ «ՍԴ դատավորները տեսնում են իրական մարտահրավերները, ծայրահեղ վտանգավոր իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, ՍԴ-ն ունակ է կանխել նոր աղետները, նոր զիջումները, նոր անհասկանալի գործողությունները, այս վեճերը զուտ ընտրական իրավունքի մաս չեն, այլ քաղաքական-պետական անվտանգության բաղադրիչ, ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը»։

Մեկնաբանելով Վարդեւանյանի այս հայտարարությունը՝ Եգորյանը նշել է, որ այստեղ փորձ է արվում կիրառել այն նույն բանաձեւը, որը կիրառվեց Գլխավոր շտաբի պարագայում, որը կիրառվեց դատական բլոկի պարագայում, երբ տարբեր մեթոդներով համախոհություն էր հայցվում, եւ հիմա էլ փաստորեն այդ նույն կոնցեպտի շրջանակներում ՍԴ դատավորներին առաջարկվում է, թե «որպեսզի հողեր չզիջեն, եկեք այս ընտրությունները չեղարկենք»։

«Կարծում եմ՝ այդ մտածողության կապակցությամբ, այն՝ իրեն սպառած լինելու կապակցությամբ, եւ ժողովրդավարական գործընթացներով որոշումների կայացմանը նախապատվություն տալու առումով՝ շատ հստակ եւ ռացիոնալ արտահայտվել է ժողովուրդը, ինչպես իր անգործությամբ, տարբեր այդպիսի մանիպուլյատիվ, սադրանքային պրոցեսներին չմասնակցելով․ հիշում եք՝ մարդիկ զարմացած էին, թե ինչո՞ւ իրենց հանրահավաքներին շատ մարդ չի գալիս, նաեւ այս ընտրություններով, որոնք թեեւ շատ տարբեր տեսանկյուններից կարելի է քննարկել, թե ո՞նց եղավ, կամ ինչո՞ւ պիտի մարդիկ նորից վստահեն այս ուժին, բայց, ամեն դեպքում, կարեւորն այն է, որ երբ, ըստ էության, այս երկու բեւեռի միջեւ է ընտրությունը, մարդիկ նախըտնրում են այլ ճանապարհ, քան անցել են նախորդ 20-25 տարիների ընթացքում։ Սա մի պրոցես է, որ երկար ընդհատումից հետո նոր է սկսվել մեզ մոտ, որովհետեւ հիշում եք երեւի՝ նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության փոփոխություն հնարավոր չէր ընտրությունների միջոցով, այժմ նոր է ժողովուրդը իր իշխանությունը իրացնում, եւ իրացնում արդյունավետ՝  առաջացնելով փոփոխություն։ Եւ, այո՛, առաջին քայլերն այսպիսին են լինելու, որովհետեւ 20 տարի այդ կարողությունը չէր կիրառվել»,- ասել է փաստաբանը։

Իսկ ի՞նչ տրամադրություններ են ՍԴ-ում, արդյո՞ք հնարավոր է, որ դատավորները բավարարեն դիմումները, ունե՞ն այդպիսի համախոհություն նրանք։

Եգորյանի խոսքով, «եթե ոչ շատ հետ վերադառանանք, վերջին համախոհությունը, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին դրսեւորվեց, ՍԴ այն որոշումն էր, որով որ փակվեց նրան առաջադրված մեղադրանքի հարցը։ Այսինքն, որոշակի իրավիճակներում այդ համախոհության հակման, կամ ձեւավորման աշխատանքները տալիս են արդյունք, թե ի՞նչ կլինի այս անգամ, չեմ կարող ասել»։

Իսկ քաղաքական ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե ՍԴ-ն նման որոշում կայացնի եւ բավարարի դիմումը։

Եգորյանի խոսքով, դիմումների բավարարման հավանականության մասին խոսելիս միշտ պետք է ընդգծել, որ խոսքը հնարավոր բավարարման մասին է այն պայմաններում, երբ չկա դրա նվազագույն առեւերույթ համոզիչ որեւէ փաստ։

«Սա շատ ավելի սուր է դարձնում արձագանքը նման հնարավորության պարագայում։ Եթե այս պայմաններում նման քայլ կատարվի, դա մեզ շատ կործանարար հետեւանքների կարող է հասցնել։ Սա շատ վտանգավոր ավանտյուրա կլինի։ Սա ազգային անվտանգության հարց է»,- ասել է փաստաբանը։

Մեկնաբանելով ՍԴ դիմած ուժերից ոմանց այն հայտարարությունները, թե Սյունիքի որոշ համայնքապետերի հանդեպ քրեական գործեր են հարուցվել, քանի որ նրանք օրենքով չարգելված քաղաքական գործունեություն են ծավալել եւ աջակցել ընդդիմադիրներին՝ Եգորյանը նշել է, որ դա իշխանությունների հայտարարած կադրային ջարդը չէ։

«Ստացվում է՝ քաղաքական իշխանությունը կադրային ջարդ է պլանավորել, իսկ դատախազությունը այլ պրոցեսնե՞ր է այդտեղ տեսնում։ Քաղաքականությամբ զբաղվելու արգելք այդ մարդիկ չունեն։ Չեմ ցանկանում հեգնանքով ասել, բայց դժվար եմ պատկերացնում, թե ինչ քաղաքական գործունեությամբ նրանք պետք է զբաղվեն։ Բայց նրանք ազատ են դա անելու, դա կարող են անել, ինչպես այս պահին կալանավայրից, եթե խափանման միջոցը վերացվի՝ դրսից, ի վերջո, կարելի է անել նաեւ ազատազրկման վայրից, եթե դատապարտվեն։ Այստեղ, իմ կարծիքով, մի կարեւոր հանգամանք կա, որը միշտ բաց ենք թողնում․ այն խմբերը, որոնք այսօր խոսում են ժողովրդավարությունից, դրանք այն խմբերն են եղել ՀՀ պատմության մեջ, որոնց կյանքը քաղաքական բովանդակություն չի ունեցել, նրանց կյանքը չի կառուցվել քաղաքական գաղափարների, գործընթացների շուրջ, նրանց կյանքում գաղափարախոսությունը չի եղել երբեք առաջնորդող, սրանք խմբեր են, որոնք տարբեր հնարավորությունների համադրման եւ հմուտ կիրառման արդյունքում ձեռք են բերել իշխանություն եւ ապա այդ իշխանությունը կիրառվել է առավելապես ի նպատս այդ խմբերի եւ դրանցում ընդգրկված առանձին անձանց։ Եւ քաղաքականությունը, ժողովրդավարությունը այս խմբերի համար ընդամենը եղել է այն անհրաժեշտ, եւ հյուծող փոքրիկ ծավալի ներկայացումը, որը պետք է եղել, այսպես ասած, արտաքին գովազդային տեսքն ապահովելու համար։ Եւ մեր պետության մեծագույն խնդիրները եղել է հենց  այն, որ գերակշռող է եղել ոչ թե իմ նկարագրած բովանդակության քաղաքական համակարգը, այլ որ այս խմբերի բովանդակությամբ մարդիկ են որոշել ՀՀ-ում իրավունքները, պարտականությունները եւ վաղվա օրը»,- նշել է Եգորյանը։

Նա մեկնաբանել է նաեւ ՍԴ-ում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը․

«Դավիթ Հարությունյանի ելույթն էի լսում ՍԴ-ում․ եթե հիշում եք՝ հեղափոխական իրադարձություններից անմիջապես հետո Հարությունյանը մամլո ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ իր կարծիքով՝ իրենց ամենամեծ սխալը եղել է այն, որ փորձել են մեկ կուսակցության ազդեցությունը, կամ գերիշխանությունը տարածել իշխանության բոլոր թեւերում։ Երեւի էյֆորիայի, կամ շոկի մեջ էր, բայց շատ ազնիվ եւ ճիշտ նկատառում էր․ մենք դրան նախորդող ողջ ժամանակահատվածում այդ մասին էինք խոսում, այդ թվում՝ ՍԴ բերվող վեճերի ժամանակ։ 2015 թվականին ընդունվեց այն Սահմանադրությունը, որն ըստ էության, այսօր գործելով, լուրջ հարված է հասցրել իշխանությունների տարանջատման, փոխադարձ զսպումների մեխանիզմին։ Եւ ստացվում է, որ ԱԺ- Կառավարություն հակակշիռների մեխանիզմը չափազանց մեծ թերություններ ունի։ Մյուս կողմից, սա հենց այն իրավական կոնցեպտն էր, որը փաստորեն դրան նախորդող ողջ ժամանակահատվածում այդ մեկ կուսակցության իշխանությունը հաստատելու հաջորդ՝ լեգիտիմացման քայլն էր։ Եւ այսօր, այդ նույն խմբերը դժգոհում են, որ ժողովրդի կողմից, ազատ ընտրությունների արդյունքում ձեւավորվել է իշխանություն, բայց գերակայում է մեկ կուսակցություն։ Սա, իհարկե, պրոբլեմ է, սա այն կարեւոր հարցերից մեկն է, որի կապակցությամբ մենք 2018 թվականից ասում ենք, որ այս իշխանությունը պետք է սահմանադրական փոփոխությունների խոր պրոցես մեկնարկի։ Բայց հաստատ, սա այն պրոբլեմը չէ, որի կապակցությամբ ընտրությունները պիտի անվավեր ճանաչվեն։ Մեկը մյուսի հետ կապ չունի»։