Հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի եւ ՍԴ-ն դեմ չի գնա ժողովրդի կամքին

«Դիտարկելով այս գործընթացը՝  շատ անգամ նիստերի դահլիճից, կարող եմ ասել, որ հիմնավոր փաստարկներ չլսեցինք։ Ես կանդրադառնամ հիմնական երկու ուժերին, որոնք ըստ ԿԸՀ-ի որոշման, անցել են ԱԺ եւ մանդատներ են ստանալու։ Փաստարկները բավական թույլ էին, եւ չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, կամ կատարի մանդատների վերանաշխում։ Ես ոչինչ չեմ բացառում, բայց հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի եւ ՍԴ-ն դեմ չի գնա ժողովրդի կամքին։ Հակառակ պարագայում կա Մոլդովայի դատարանի 2019 թվականի բավական տխուր փորձը, երբ տեսանք, թե նման փորձը նրանց համար ինչով ավարտվեց, եւ կարծում եմ, որ մեր ՍԴ-ն չի որոշի այդ ուղով գնալ։ Չեմ բացառում քաղաքական նկատառումները, որովհետեւ դատարանի այս կազմը այն կազմը չէ, որ ամբողջությամբ կարող է հավակնել անկախ եւ անկողմնակալ դատարանի կոչմանը, բայց այն, ինչ լսեցինք այս 6 օրերի ընթացքում, որեւէ կերպ մեզ հիմք չի տալիս ենթադրելու, որ նման որոշում կայացնելու համար կան իրավական եւ փաստական հիմքեր։ Հակառակը, ՍԴ-ն պետք է ճանաչի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով ընտրության արդյունքները եւ մենք վերջապես կարողանանք ձեւավորել խորհրդարան ու անցնենք աշխատանքի»։

Այդ մասին «Ազատության» եթերում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ ընտրությունների վիճարկման գործընթացը Սահմանադրական դատարանում։

Հակոբյանն անդրադարձել է վիճարկող ուժերի կողմից ներկայացված փաստերին․ օրինակ՝ նրանք ասում են, որ Փաշինյանը հրաժարականից հետո ապօրինաբար է մնացել վարչապետի պաշտոնում, ինչը էական ազդեցություն է ունեցել նախընտրական մթնոլորտի վրա։

«Սրա վերաբերյալ հետեւյալ փաստարկումներն էին հնչում, մեկ, որ եթե Փաշինյանը տվել է հրաժարական, դա նշանակում է պաշտոնից հրաժարում եւ նա այլեւս չի կարող պաշտոնավարել որպես պաշտոնակատար։ Սա Սահմանադրության բավական ֆորմալ մեկնաբանություն է։ Երկրորդ փաստարկն այն էր, որ նրան պետք է փոխարիներ փոխվարչապետներից մեկը, որոնցից մեկը ՔՊ-ից չէր, մյուսը՝ ՔՊ-ից էր։ Առաջին դեպքում ճիշտ էր այն հարցը, թե ինչո՞ւ պետք է փոխվարչապետը, որը ժողովրդից քվե չի ստացել, որեւէ կերպ պատասխանատու չէ ԱԺ-ի առջեւ, եւ առավելեւս ժողովրդի առջեւ, կարողանա այս պատասխանատու փուլում իրականացնել վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները, եւ երկրորդ, եթե կուսակցական պետք է լինի, ապա, ո՞րն է տարբերությունը՝ դա կլինի 1-ին համարը՞, թե՞՝ 5-րդ կամ 6-րդ համարը։ Ինչ վերաբերում է այն դեպքերին, որոնց մասին նրանք խոսում էին՝ քաղաքացիության կորուստ, կամ քրեական հետապնդում եւ այլն, ապա դրանք պաշտոնավարման անհնարինության դեպքերն են, որոնք եւս նախատեսված են Սահմանադրությամբ եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով, որի պարագայում կառավարությունը պետք է որոշում կայացնի որպես վարչապետի պաշտոնակատար լիազորությունների կատարման անհնարինության մասին։ Այսինքն, սրանք եւս այդ դեպքերը չեն»,- մեկնաբանել է փաստաբանը։

Իսկ վարչական ռեսուրսի կիրառման մասին վկայություն չէ՞ր այն, որ իշխանությունները նախընտրական շրջանում խոստումներ էին տալիս, կամ կադրային ջարդով էին սպառնում։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Ըստ էության, սա երկրորդ փաստարկն է՝ կապված, այսպես ասած, նախընտրական, կամ դեռեւս բուն քարոզչության ժամանակահատվածից առաջ կիրառված լեքսիկոնի հետ։ Այստեղ պետք է արձանագրել, որ այո, շատ վատ է, որ նման լեքսիկոն է կիրառվել, բայց եւ արձանագրենք, որ դա միակողմանի չի եղել, եւ մյուս կողմերը եւս այդ լեքսիկոնից ձեռնպահ չեն մնացել եւ բարձր քաղաքական կուլտուրա չեն դրսեւորել, ինչը, էլի, պետք է դիտարկել հայաստանյան համատեքստում, արձանագրելով, որ այո, 1998 թվականից ի վեր մեր քաղաքական բանավեճի մակարդակը ընկած է եղել։ Նաեւ դիտարկելով այն, թե հատկապես պատերազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությանը հաջորդող ժամանակահատվածում մենք ինչ իրողության, ինչ խոսույթի, ինչ բռնությունների եւ բռնությունների կոչերի, բեմականացումների եւ այլնի ականատեսը եղանք, պետք է արձանագրել, որ դա, այսպես ասած, օդից իջաց մի բան չէր, եւ այդ մշակույթն էր, որ իր սուր դրսեւորումները ստացավ հատկապես նախընտրական փուլում։ Բայց, էլի, այդ ուժերի ձեռքում է իրավիճակը շտկելը եւ հենց այսօր էլ իրենք կարող են նստել եւ պայմանավորվել, որ ապագայում ձեռնպահ կմնան նման լեքսիկոնի կիրառումից եւ կփորձեն ավելի բարձր մակարդակի քաղաքական բանավեճ ծավալել ԱԺ-ում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե կարո՞ղ էր դա ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա, բնականաբար, դա քաղաքական խոսք է, սուր քաղաքական խոսք է, եւ բնականաբար, դա ազդել է, բայց դա նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ է եղել։ Այո, քաղաքական խոսքը հնչում է, որպեսզի ազդեցություն գործի ընտրությունների արդյունքների վրա, հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ կունենար նախընտրական քարոզչությունն ընդհանրապես»։

Անդրադառնալով ընտրությունների նշանակման ժամկետների վերաբերյալ բողքներին՝ Հակոբյանը նշել է․

«Խոսում են նաեւ Նախագահի կողմից ընտրությունների օրվա նշանակման մասին․ ԱԺ-ի՝ իրավունքի ուժով լուծարումից հետո նախագահը ուներ դա անելու ոչ շուտ քան 30 օր, եւ ոչ  ուշ՝ քան 45 օր եւ նախագահը ընտրել է հնարավոր ամենաուշ ժամկետը։ Ավանդույթի ուժով Հայաստանում ընտրությունները անց են կացվում կիրակի օրերը, եւ հնարավոր ամենավերջին կիրակին էր ընտրված, որը, էլի, որեւէ կերպ չի կարող ազդել բացասաբար ազդել հավասար ընտրական իրավունքի վրա, այսինքն, եթե հնարավոր ամենաուշ ժամկետն է նշանակվել, ապա նրանք բոլորը ավելի լավ եւ երկար նախապատրաստվելու հնարավորություն են ունեցել։ Ուստի, սա եւս փաստարկ չէ»։

Իսկ արդյո՞ք իշխանությունը չպիտի մինչեւ ընտրությունները գործեր․ այսինքն, եթե կային վատ աշխատողներ, մինչ այդ հեռացներ նրանց, եթե պղնձամոլիբդենային գործարանում մարդկանց իրավունքներն էին խախտում, այն ժամանակ քրեական գործեր հարուցել, ոչ թե վարչապետը մարզից-մարզ այցելեր նախընտրական քարոզչության ժամանակ եւ զգուշացներ, թե՝ տեսեք՝ ընտրություններից հետո ինչ է լինելու։

Հակոբյանի խոսքով, վարչապետն ու իր ղեկավարած ուժը բավական բացթողումներ են ունեցել, ինչի մասին, ինքը բազմիցս խոսել է, այդ թվում հնչեցրել է դատաիրավական համակարգում առկա մեծ խնդիրների մասին, որոնց մոտ 3 տարի որեւէ անդրադարձ չեղավ, այնինչ, այդ անդրադարձը, այդ գնահատականը՝  եւ քրեաիրավական եւ այլ ձեւաչափերով, այն էր, ինչ մարդիկ ակնկալում էին, եւ տրամաբանական էր նաեւ, որ մարդիկ ակնկալում էին, որ այս անգամ այդ մանդատը ստանալով՝ իշխող ուժը վերջապես կկատարի այն խոստումները, որոնք հեղափոխության ժամանակ տվել էր հայ ժողովրդին։

Անդրադառնալով ուռճացված ցուցակների վերաբերյալ պնդումներին՝ Հակոբյանը նշել է․

«Սրանք այն հարցերն են, որոնց վերաբերյալ ակնկալում ենք, որ ՍԴ-ն խորքային անդրադարձ կկատարի։ Եւ ընտրողների ցուցակների առհասարակ, եւ բնակչության ռեգիստրի հետ կապված հարցերին, եւ ստորագրած ցուցակների վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացման հարցերին։ Ակնկալում ենք, որ ՍԴ որոշման մեջ ուղենիշային դրույթներ կտեսնենք, այդ թվում՝ թե ինչ պետք է անի իշխանությունը այս ուղղություններով, առնվազն ես դա ակնկալում եմ, որովհետեւ, ըստ իս՝ հարցը, թե ընտրությունները պե՞տք է անվավեր ճանաչվեն, թե՞՝ ոչ, փակված է, ես ավելի շատ ակնկալում եմ, որ այն հարցերը, որոնք մենք բարձրացրել են որպես դիտորդական կազմակերպություններ, ընտրական իրավունքի փորձագետներ, եւ ընդհանրապես, հասարակությունը, որոնց տարիներ շարունակ հուզել են նման հարցերը, տեղ կգտնեն ՍԴ որոշման մեջ։ Ինչ վերաբերում է քվեարկության մասնակցությանը, ես հենց ընտրությունների օրը Հանրային հեռուստաընկերության եթերում բարձրացրել էի՝ թե իրոք, որտե՞ղ են այդ 320 հազար ընտրողները, որոնք 2017 թ. իբրեւ թե քվեարկել են, բայց դրանից հետո երկու արտահերթ ընտրության ժամանակ չկային։ Բացատրություններ հնչեցին թե՛ ԿԸՀ-ի, թե՛ «Հայաստան» դաշինքի կողմից, առաջինն ասեց, որ պարզապես երեւի չեն եկել, ինչը ինձ համար բացարձակ տրամաբանական չէ․ 320 հազար ընտրող ուղղակի որոշել է առանց որեւէ պատճառի չգա՞լ ընտրության։ Մյուսն էլ ասում էր, որ միգուցե վախեցել են, այդ դեպքում եւս անտրամաբանական է․ եթե ինչ-որ մեկից սպառնալիք ես տեսնում, վախ ես զգոււմ, ապա արդյո՞ք տրամաբանական չէ գալ քվեարկության եւ դեմ քվեարկել, եւ ոչ թե ընդհանրապես չգալ»։

Հարցին, թե արդյո՞ք այս քննության ժամանակ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի եւ Արեւիկ Պետրոսյանի վարքը կապված է անցած տարի ՍԴ-ում իրականացված փոփոխությունների հետ, Հակոբյանը պատասխանել է, որ միանշանակ պայմանավորված է։

«Իրենք որոշակի կարգավիճակային փոփոխություն կրեցին այդ փոփոխությունների արդյունքում, կարծում եմ, որ նրանք դեմարշ են անում։ Բայց բացի ներկայիս իշխանության դեմ դեմարշից, ավելի շատ նման է նրան, որ իրենց սիմպատիաները, լոյալությունը «Հայաստան» եւ հատկապես «Պատիվ ունեմ» դաշինքի կողմն են, ինչը իրենք երբեք չեն էլ թաքցրել, եւ հենց այդ էր նաեւ նշածս բարեփոխումների անհրաժեշտության տարրերից մեկը, որ այդ անձանցից առնվազն մեկը այնտեղ կուսակցական գիծ էր իրականացնում, ինչը չէր կարող բացասաբար չազդել դատարանի գործունեության եւ հեղինակության վրա։ Եւ, էլի, սա պետք է դիտարկել դատարանի հեղինակությունը վարկաբեկելու, նսեմացնելու ձգտումների կոնտեքստում, հատկապես այդ երկուսի կողմից․ ձեր եթերում ԻՔ պատգամավորներից մեկը դա գնահատում էր որպես վիճաբանություն դատավորների միջեւ եւ տպավորություն էր, որ մենք տարբեր մոլորակներից տարբեր բաներ ենք նայել, իսկ իրականում դա վիճաբանություն չէր, այլ այդ երկուսի կողմից հարձակումներ էին տարբեր դատավորների նկատմամբ, եւ ակնհայտ փորձ վարկաբեկելու դատարանը»,- ասել է Հակոբյանը։

Արդյո՞ք դատավորներ Վահե Գրիգորյանն եւ Հրայր Թովմասյանը կաշկանդված են այս գործով, հաշվի առնելով, որ ժամանակին Գրիգորյանը ընդդիմության հայցն էր ներկայացրել ՍԴ-ում, իսկ Թովմասյանն էլ եղել է ՀՀԿ անդամ։

«Ես լսել եմ, որ այդ ուժերը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հետ կապված միջնորդություն էին ներկայացրել, եւ պետք է ասել, որ սա այն դասական դեպքն է, երբ երկակի ստանդարտները կիրառելի չեն․ եթե իրոք Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարց պետք է բարձրացվեր, ապա երիցս, քառիցս, հնգապատիկ անգամ պետք է բարձրացվեր այնտեղ մի շարք այլ դատավորների մասնակցության անհնարինության հարցը, եւ մասնավորապես՝ Թովմասյանի եւ Պետրոսյանի։ Ըստ իս, ճիշտ որոշում էր քննել այս կազմով, եւ ունենալ այս գործով բոլորի տեսակետը»,- ի պատասխան ասել է Հակոբյանը։

ՍԴ-ում նաեւ բռնապետության մասին ակնարկներ էին հնչեցնում ընդդիմադիրները։ Փաստաբանն այդ պնդումները առասպելաբանության ժանրից է համարում, ասում է՝ «բարեբախտաբար մենք հիշողության կորստով չենք տառապում, մի շարք իրադարձություններ, որ տեղի են ունեցել մեր պետությունում նախորդ իշխանությունների ժամանակ, մենք դրանց ականատեսն ենք եղել՝  ե՛ւ Հոկտեմբերի 27-ը, ե՛ւ Մարտի 1-ը, ե՛ւ տարբեր քաղաքական սպանություններ», ուստի, ըստ Հակոբյանի, եթե ինչ-որ մեկը կարող է խոսել նման միտումներից, ապա իրենք հաստատ այդ մասին չպետք է խոսեն, իրենք պետք է այս թեմայի մասին լռեն։

Հարցին, թե ի՞նչ ուղենիշներ է ակնկալում, որ ՍԴ-ն իր որոշման մեջ նշի, փաստաբանը պատասխանել է․

«Մի շարք ուղենիշներ եմ անկալում․ ինչպես արդեն նշեցի՝ ընտրողների ցուցակները, ընտրողների ռեգիստրի հետ կապված խնդիրները, ընտրողների ստորագրած ցուցակների հետ կապված վերահսկողական մեխանիզմները։ Մենք լսեցինք, որ Արամ Վարդեւանյանին հարց ուղղվեց, թե՝ բավական հեղափոխական այդ մեխանիզմներից, որոնք 2016 թվականին ներդրվեցին, ինչո՞ւ չեն օգտվել։ Իմ տպավորությամբ, իրենց մտքով չէր էլ անցել օգտվել․ եթե օգտված լինեին, նա պետք է ասեր, որ այդ մեխանիզմներից օգտվել հնարավոր չէ այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն այս պահին, որովհետեւ դրանք որոնելի չեն, հնարավոր չէ որոնման միջոցով այդ ցուցակներում տվյալներ գտնել այն արագությամբ, որն անհրաժեշտ է այս գործերի քննության ժամանակ։ Դրանք լուսանկարի տեսքով են, բայց պետք է լինեն էլեկտրոնային որոնելի ֆորմատով։ Երկրորդը ժամկետների հարցն է՝ բոլոր ընտրական վեճերի վերաբերյալ ժամկետների, արդյո՞ք դրանք ողջամիտ են, արդյո՞ք այդ ժամկետներում հնարավոր է արդյունավետ բողոքարկման գործընթաց իրականացնել։ Նաեւ անցողիկ շեմերի վերաբերյալ հարցը, միգուցե իրո՞ք այդ շեմերը պետք է ավելի նվազեն եւ նվազեն ավելի շատ, քան այս վերջին քննարկումների ժամանակ էին խոսում, քանի որ ինչպես տեսնում ենք՝ դա է մեր քաղաքական դաշտի, իրողությունների թելադրանքը»։

Ի պատասխան այն հարցի էլ, թե արդյո՞ք այս ընտրություններից հետո պետք է շարունակի պաշտոնավարել Արդարադատության նախարարը, Հակոբյանը ասել է, որ իշխանության իրավաբանական թիմը կոնսերվատիվ մոտեցում էր որդեգրել եւ դրսեւորել էր  քաղհասարակության ու այլ կողմերի հետ չհամագործակցելու մոտեցում, ինչի արդյունքում տապալվեցին դատաիրավական բարեփոխումները։

«Սա գաղտնիք չէ, եւ հենց այդ կուսակցության նախագահը՝ Նիկոլ Փաշինյանը, տարբեր հանդիպումների եւ հավաքների ժամանակ բարձրաձայն ներողություն էր խնդրում մարդկանցից։ Եւ տարօրինակ է, որ իրենից այդ ներողությունը լսում ենք, բայց մնացածից չենք լսում։ Ի դեպ, մեզ այդպես էլ չբացատրվեց, թե Սահմանադրության ո՞ր դրույթն էր խոչընդոտում դատաիրավական այդ բարեփոխումներին։ Ընդհանուր հղում էր կատարվում, թե Սահմանադրությունը խոչընդոտում է, բայց այդպես էլ ոչ մի քննարկում չկազմակերպվեց, որ հասկանանք, թե ո՞րն է կոնկրետ խոչընդոտը։ Պետք է լինեն այդ կադրային փոփոխությունները․ այն մարդիկ, որոնք վստահ են, այն տարբեր պաշտոնատար անձինք եւս, որոնք հայտարարել են, որ Սահմանադրությունը խոչընդոտ չէր, ահա այդ մարդիկ, որոնք այդ մտածողությունն ունեն, ունակ են, կարող են, իրենք պետք է այս թիմում հնարավորություն ստանան աշխատելու»,- ասել է Լուսինե Հակոբյանը։