«Առաջին անգամն եմ տեսնում, որ իսկապես մանրազնին քննության է ենթարկվում ընտրական վեճ, մենք տեսնում ենք դատարանի կողմից բավականին մեծ ակտիվություն, հարցադրումներ, տեսնում ենք պատշաճ ջանադրության դրսեւորում․ արդեն 5-րդ օրն է, երբ անգամ հանգստի ժամերին՝ մինչեւ գիշերվա ժամը 12-ը այս գործի քննությունն ընթանում է։ Դրանք բավական դրական ասպեկտներ են։ Միաժամանակ ես դիմող երկու ուժերի վրա կկենտրոնանամ, որովհետեւ դրանք են անցել ԱԺ, եւ ավելի հավակնություն են ցուցաբերում ընտրություններն իրապես վիճարկելու․ այսօրվա նիստին իմ մասնակցությունից բավական հետաքրքիր էր այն դիտարկումը, որ դահլիճը կիսադատարկ էր, այդ ուժերի կողմնակիցները, ներկայացուցիչները ազատ էին թողել դահլիճը, հարկ չէին էլ համարել գալ։ Իմ տպավորությամբ իրենց կուսակցությունների ներսում էլ, համակիրների շրջանում էլ պահանջարկը չկա այս գործի, կարելի է ասել՝ իրենք պահանջատեր չեն։ Ես հիշում եմ 2017 թվականի, 2012 թվականի ԱԺ ընտրությունների վիճարկման պրոցեսները, կամ երբ դատարանը քննում էր ընտրողների ստորագրած ցուցակներին վերաբերող վեճը, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Իսկ այս դեպքում անգամ այդ ներկայացուցիչներից մեկը կիրակի օրն իրեն արձակուրդ էր տվել եւ հարկ էլ չէր համարել ներկայանալ նիստերին»։
«1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների վիճարկման գործընթացը։
ԻԵՄ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշել է, որ դա նաեւ կարելի է պայմանավորել այդ ուժերի քաղաքական հայտի եւ բովանդակության բացակայությամբ։
«Օպորտունիստների խմբեր են, որոնք որ ինչ-որ կայուն քաղաքական հայացքներ, հավատամք, գաղափարներ չունեն, որ իրենց կյանքի ընթացքում զարգացնում են, աշխատում են, դրան հետեւում են, առհասարակ կառուցում են իրենց կյանքը դրանց շուրջ։ Ռոբերտ Քոչարյանի, կամ բազմաթիվ այլոց համար, կամ նրանց հետեւորդների համար սա «հին ու բարի» ավանդույթների վերականգնման շուրջ համախմբում էր, բայց չստացվեց այն, ինչ ուզում էին, ուստի, պարզ է, որ սա իրենց կյանքի հիմնական բովանդակությունը չէ, եւ հետեւաբար՝ գան ի՞նչ անեն»,- ասել է Եգորյանը։
Այս դեպքում ինչի՞ համար է նախաձեռնվել այս պրոցեսը։ Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Սա արդեն այլ հարց է։ Ըստ էության, էլի հնարավորություն է, որ սպառում են, բայց մյուս կողմից, շատ լավ է, որ այս հարցերը ՍԴ-ի առջեւ բարձրացվել են արդեն փոքր-ինչ այլ բովանդակությամբ, ի վերջո, սրանք հարցեր են, որոնք, անկախ նրանից, թե ովքեր կբարձրացնեն, կարեւոր են, կարեւոր է, որ դրանց տարեցտարի հնարավորություն լինի անդրադառնալու եւ զարգացնելու, իրավունքն այդպես է զարգանում, ավանդույթն այդպես է ձեւավորվում, կարեւոր է, որ մենք այսօր տեսնենք ՍԴ-ի այս կազմով դրա վերաբերյալ գնահատականները, բազմաթիվ խորքային հարցեր կան ընտրական իրավունքի կապակցությամբ, որոնք ՀՀ անկախության հռչակումից ի վեր հիմնականում այն առանցքային խնդիրն են եղել, որոնք միայն խորացրել են ճգնաժամը, ավելի ճիշտ, կայուն պահելով ճգնաժամային իրավիճակը՝ ժամանակ առ ժամանակ մեր պատմության ընթացքում պայթնել են արյունալի իրադարձություններով, քրեական հետապնդումներով, կատակլիզմներով, որոնք էապես վտանգել են մեր պետականությունն ու ազգային անվտանգությունը։ Ուստի, այս հարցերը պետք է քննարկվեն, պետք է բարձրացվեն։ Իհարկե, այսօրվա գործող ՍԴ-ն չի ունենա կարողություն ամբողջությամբ բոլոր հարցերը փակելու, հատկապես նաեւ հաշվի առնելով ինչպես դիմումների որակը, դրանց հիմքում ընկած կատարված աշխատանքն ու փաստական հանգամանքները, այնպես էլ բուն ՍԴ-ի բովանդակությունը, բայց ամեն դեպքում, սա եւս կարեւոր քայլ է, որը պետք է կատարվի»։
Անդրադառնալով ՍԴ երկու դատավորների՝ Հրայր Թովմասյանի եւ Արեւիկ Պետրոսյանի քննության ընթացքում ցուցաբերած վարքին ՝ Լուսինե Հակոբյանը նշել է․
«Առաջին օրվա քննարկման ժամանակ ակնհայտ էր, որ դատավորներից Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը փորձում էին ոչ կոմպետենտ ներկայացնել իրենց կոլեգաներից մի քանիսին, մասնավորապես, շեշտադրումը դատարանի նախագահի եւ զեկուցող դատավորի վրա էր, եւ դա արվում էր ՍԴ հեղինակությանը բավական վնասող կերպով։ Մինչդեռ, եթե դրդապատճառներն ու մղումները իրապես ազնիվ էին, չկար այդտեղ որեւէ բան, որը չէր կարելի աշխատակարգային նիստով քննարկել եւ այդ առաջարկություններն անել զեկուցող դատավորին, կամ թեկուզ պաշտոնապես գրություններ հղելով եւ այլն, բայց ակնհայտ էր, որ դրդապատճառն անազնիվ է, եւ իրականում նպատակը դատարանի հեղինակությանը վնասելն էր։ Նաեւ պետք է համեմատեմ մասնավորապես Արեւիկ Պետրոսյանի վերջին տասը տարվա գործունեության հետ, երբ մենք ընդհանրապես չէինք տեսնում նրան խոսելիս, ինչից կարելի է ենթադրել, որ միգուցե նա սովոր էր Գագիկ Հարությունյանի «իմ հայացքը ձեզ ոչինչ չի ասում» հայացքին, եւ քանի որ հիմա չկա մեկը, որն այդ հայացքով նրան նայի, ուստի իրավիճակ է փոխվել։ Ինչը եւս դրական է, եթե կոռեկտության սահմանները չանցնեն։ Նաեւ այսօր ինձ համար հպարտության առարկա էր այն, որ մեր նախկին գործընկերը, մեր ընկեր Վահե Գրիգորյանը լրիվ այլ որակ ցույց տվեց ՍԴ-ում՝ թե՛ իր հարցադրումներով, թե՛ այդ բանավեճը լրիվ այլ մակարդակի հանելով, եւ մենք, ըստ էության, նշնչակտուր հետեւում էինք, թե ինչ քննարկում էր տեղի ունենում, ինչը շատ դրական էր։ Ես չեմ հիշում նախկինում այդպիսի իրավիճակ, երբ մենք փաստերի մասին հարցերից անցնեինք կոնցեպտուալ հարցերի, սա այն է, ինչն այս հարցերը ինքն իրեն տվող հանրությունը տարիներ շարունակ ակնկալել էր, որ դրանք իրապես խորքային եւ բովանդակային կքննարկվեն ՍԴ-ում, եւ այսօր այդ քննարկման մի պատառիկը մենք կարողացանք տեսնել»։
Տիգրան Եգորյանը որպես մեկ այլ դրական պահ է մանտանշել իրավապահների գործունեությունը՝ դիմում-բողոքների հետ կապված։
«Թեկուզ դիտարկենք դատախազության, իրավապահ համակարգի օրինակը․ 2017 թվականին մեր դիտորդական առաքելությունը 2000-ից ավել դիմում-բողոքներ էր ներկայացրել, որոնք պարունակում էին նաեւ հանցագործության առերեւույթ հատկանիշներ։ Այսօր ՍԴ-ում հանդես եկող նույն դատախազ Բիշարյանը այն ժամանակ ՍԴ-ում դիտորդական առաքելությանը սպառնացող հայտարարություններ էր անում, թե իբր դիտորդներ կան, որ ձեր վրա բողոքներ են գրում, կամ առաքելության տարբեր ներկայացուցիչների ձերբակալություններով էին սպառնում, կամ մեսիջներ էին հղում, հետապնդումները հիմնականում ուղղված էին դիմում-բողոքներ բերողներին, այսօր դիմում բողոքներով փաստորեն փորձ է կատարվում, լավ-վատ, որակյալ, թե`ոչ, այլ հարց է, բայց առնվազն փորձ է արվում բովանդակային քննություն կատարել, եւ բերել բովանդակություն ներկայացնել, ոչ թե հարձակվել դիմում-բողոքներ բերողների վրա»,- ասել է Եգորյանը։
Ի պատասխան այն հարցի, թե ստացվում է, որ ՍԴ-ն այս կազմով է՞լ ի վիճակի է կատարել իր գործառույթները, Լուսինե Հակոբյանը նշել է․
«Այս պահին ընթացքը բավական դրական է․ թե վերջում ինչ կլինի, կանխատեսումներ անելը դժվար է, որովհետեւ մենք ունենք Ռոբերտ Քոչարյանի գործի նախադեպը, երբ միջազգային այն կառույցները, որոնց դիմել էր ՍԴ-ն, ըստ էության, մի բան էին խորհուրդ տվել, բայց տրամագծորեն հակառակ որոշում ընդունվեց։ Բայց առնվազն այն, ինչ ես դիտարկել եմ այս օրերին, ըստ էության, հետեւյալն է․ ընտրությունների օրվա հետ կապված խախտումների մասին փաստերը շատ չնչին են, եթե չասեմ՝ զրոյական են, դիմումները հիմնականում կառուցված են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արտահայտվելու ազատության՝ իրենց պատկերացումով հավասարության սկզբունքի խախտումների եւ վարչական ռեսուրսների չարաշահումների վրա։ Նաեւ չկա մեղադրանք, որ գործող իշխանությունը կաշառք է բաժանել, այսինքն, այս պարագայում իրավական եւ փաստական այն հիմքերը, որոնք ներկայացվել են, դրանցից կան հարցեր, որոնք դատարանի մեկնաբանման խնդիր են եւ ինձ եւս հետաքրքիր է դատարանի դիրքորոշումը, բայց միաժամանակ նշածս հիմքերը, կասեի, որ շատ ուժեղ չեն»։
Իսկ արդյո՞ք կարող են անակնկալներ լինել, եւ ՍԴ-ն բավարարի դիմումները։
Ըստ Տիգրան Եգորյանի, «մենք չունենք այն ՍԴ-ն, որին առհասարակ մեր ժողովուրդն արժանի է, որին արժանի է մեր պետությունը, որը խտացված իր 30-ամյա պատմության ընթացքում այսքան փորձություններով է անցել»։
«Չունենք այդ որակը նաեւ այն պատճառով, որ այսօր մետաղական մանդատ ստացած իշխանությունը նախորդ երեք տարիներին շատ ավելի ծանրակշիռ մանդատ ունենալով՝ չկարողացավ այս հարցում արդյունավետ գտնվել։ Հետեւաբար, մենք մեծ հաշվով չենք էլ կարող ակնկալել շատ ավելին, քան կլիներ այլ պարագայում։ Ես կարծում եմ, որ մենք ունենք այնպիսի ՍԴ, որում գործող մեծամասնությունը կոնկրետ անձնական կամ խմբային շահերի եւ որոշակի հանգամանքների համընկման պարագայում, ըստ էության, կանի այն, ինչ արեց Քոչարյանի գործով։ Մեծ հաշվով, դատարանի կայացման, այն նվազագույն հեղինակության պահպանման, կամ զարգացման բեռը մեկ-երկու դատավորի վրա է այս պահին։ Բայց այս գործը այն գործը չէ, ըստ իս, որը կարելի է համեմատել Մարտի մեկի գործի հետ։ Բազմաթիվ հանգամանքներ, անձնական, կամ խմբային, կամ ազդեցություններ ու շահեր այլ են այստեղ, կան որոշակի կարեւոր նրբություններ, որոնք եւս այլ են, դրանց մասին ես հիմա չեմ կարող խոսել, դա մի առանձին թեմա է։ Հետեւաբար, ես չեմ էլ պատկերացնում, որ այսօր ՍԴ դատավորներից որեւէ մեկը հնարավորություն դիտարկի, որ օրինակ՝ կարող է այս ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել։ Որովհետեւ դա բացատրելու, ես դեռ չեմ խոսում հիմնավորելու նվազագույն հնարավորություն չկա այսօր այնտեղ գտնվող դիմումների եւ դրա հիմքում եղած նյութերի վրա հենվելով։ Դա կլինի լրիվ փողոցային ակցիային հավասարվող մի բան։ Այս պայմաններում ես գրեթե անհնար եմ դիտարկում ամբողջ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը։ Ուղղակի որեւէ մեկը որեւէ բացատրություն չի կարողանա տալ այպիսի որոշման համար։ Իհարկե, խելագարության կանխավարկածը չի կարելի բացառել, բայց դա իսկապես կլինի խելագարության դրսեւորում»,- ասել է Եգորյանը։
Իսկ եթե այդուհանդերձ նման որոշում կայացվի, ի՞նչ կլինի, ի՞նչ ճանապարհներ կան։
Ի պատասխան այս հարցի Լուսինե Հակոբյանը նշել է․
«Կարծում եմ՝ Մոլդովայի ՍԴ-ի 2019 թվականի բավական տխուր փորձը մեր ՍԴ կազմը պետք է նկատի ունենա։ Քանի որ, ի վերջո, հնարավոր չէ գնալ ժողովրդի կամքին հակառակ, եւ դա չունենա հետեւանքներ։ Նաեւ դրա մասին է խոսում 2018 թվականի հեղափոխությունը, երբ տարիներ շարունակ ընտրություններ էին կեղծվում, երբ ժողովուրդը իր ազատ ընտրության իրավունքի իրացման միջոցով չէր կարողանում իշխանություն փոխել, տեսանք, թե այդ ամենը ինչպես 2018 թվականին հանգուցալուծվեց։ Ուստի, կարծում եմ, որ իսկապես խելագարության դրսեւորում կլինի այդ ամենը հաշվի չառնելն ու այլ ճանապարհով գնալը։ Եւ այս դեպքում կարծում եմ՝ արձագանքը շատ այլ կերպ կլինի, եւ էլի վկայակոչելով Մոլդովայի ՍԴ-ի փորձը, ավարտն էլ կարող է շատ տխուր լինել»։
Հակոբյանը նաեւ անդրադարձել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի այն հայտարարությանը, թե մեր ժողովրդի իրավագիտակությունը ցածր է։
«Շատ ցավալի էր լսել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին, որը խոսում էր ժողովրդի ցածր իրավագիտակցության մակարդակից, ցավալի է տեսնել, որ էլի արժանապատիվ պարտությունն ընդունելու մշակույթը բացակայում է։ Փոխանակ սեփական սխալների, բացթողումների վերաիմաստավորում, վերանայում կատարվի, եւ գոնե ներողություն խնդրեն ժողովրդից, մարդկանց դեռ մեղադրում են ցածր իրավագիտակցություն ունենալու մեջ։ Պետք է ասեմ, որ մեր ժողովրդի իրավագիտակցությունը շատ բարձր է, եւ 2018 թվականի իրադարձությունները, դրանից առաջ էլ տեղի ունեցած շատ իրադարձություններ այդ մասին են վկայել, եւ վերջին ընտրություններն էլ այդ մասին են վկայում»,- նշել է Հակոբյանը։
Տիգրան Եգորյանն էլ հավելել է․
«Ժողովրդի ցածր իրավագիտակցության մասին խոսում է մի փաստաբան, որը ՍԴ է եկել ընտրական վեճով, եւ չգիտի, որ օրենքը նախատեսում է, որ ընտրողների ստորագրված ցուցակներում անձնագրային տվյալները չպետք է լրացվեն»։
Իսկ արդյո՞ք դեռ պահպանվում է ժողովրդին վայել ՍԴ ունենալու հնարավորությունը։
Տիգրան Եգորյանը հիշեցրել է, որ 2022 եւ 2023 թվականներին մենք երկու դատավորների ընտրության հնարավորություն ենք ունենալու։
«Եթե այս երկու տեղերը մինչ այդ չազատվեն, որոնք թյուրիմացաբար դեռ թափուր չեն։ Այդ ընտրությունը փաստորեն էլի կատարելու է ՔՊ խմբակցությունը, (ԻՔ խմբակցության մի փոքր մոդիֆիկացված տարբերակը), եւ այո, վտանգավոր ու վախենալու է, հուսամ, որ այս մետաղյա մանդատն իսկապես հնարավորություն է տալիս վերաիմաստավորելու շատ բաներ, եւ ավելի խորը, արդյունավետ, լուրջ մոտեցումներ դրսեւորել գոնե նման կարեւոր հարցերի վերաբերյալ։ Մենք մեզանից հասանելիքն, իհարկե, կաշխատենք անել, եւ հույս ունեմ, որ մենք աստիճանաբար ՍԴ բովանդակությունը կհագեցնենք այնպիսի մտքով եւ ռեսուրսով, որը ամենածանր ժամանակներում կլինի հուսալի սյուն ՀՀ պետականության եւ ՀՀ-ում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,- ասել է Եգորյանը։
