«Նախ պետք է դրական գնահատել ՍԴ պատմության մեջ այս հազվադեպ դեպքը, որ այսօրվա ջանասիրության միջոցով է դրսեւորվում, գործի բովանդակային քննության առնվազն առերեւույթ այս ձգտումը, կողմերին մաքսիմալ չկաշկանդելու ձգտումը, եթե կուզեք, խոսքի ազատության այս պրոֆիցիտը։ Սա շատ դրական, կարեւոր նվաճում է։ Կարեւոր է նաեւ այն, որ այսքան դիմումներ բերվեցին, եւ մենք հնարավորություն ունենք տեսնելու նախկինում իշխանության տարբեր մակարդակներում գործած անձանց դիրքորոշումներն ու այսօրվա փաստարկները։ Դրական է նաեւ այն, որ մենք կարողանում ենք տեսնել դատարանի որոշակի ներքին խնդիրները։ Ես նկատեցի երկու դատավորների՝ մասնավորապես, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի կոնկրետ վարքագիծը, որը, իմ հասկանալով, դատարանի հեղինակության, ժողովրդավարական գործընթացների հանդեպ հեղինակության անկմանն ու կոնկրետ դատարանում դատավորներից ոմանց, եթե կուզեք, նվաստացմանն է միտված․ զեկուցող դատավորի նկատմամբ Արեւիկ Պետրոսյանի հարձակումները դրա մասին էին։ Սա չափազանց բացասական է, բայց եւ հետաքրքիր՝ դիտարկելու այն ներքին խմորումները, որոնք տեղի են ունենում դատարանում»։
Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ ընտրությունների վիճարկման գործընթացը Սահմանադրական դատարանում։
Եգորյանը նշել է, որ Թովմասյանի եւ Պետրոսյանի բոլոր արտահայտությունները, ձեւակերպումները՝ իր մոտ, որպես դիտորդի, այնպիսի տպավորություն են թողնում, որ նրանք ավելի շատ հանդես են գալիս որպես կողմ, քան՝ որպես դատավորներ։
«Օրինակ՝ հենց այսօրվա նիստում Հրայր Թովմասյանը հայտարարում է, թե իր համար որեւէ ապացուցողական նշանակություն չի կարող ունենալ դատախազության, ոստիկանության, կամ որպես պատասխանող կողմ մյուս հանդես եկողների ներկայացված փաստաթղթերն ու ապացույցները։ Այդ դիրքորոշումը ՍԴ դատավորը պետք է արտահայտի ներկայացված նյութերը որպես ապացույց թույլատրել-չթույլատրելու վերաբերյալ քննարկմանն ու դրա վերաբերյալ քվեարկության ժամանակ։ Ո՞ւմ է հասցեագրված այս հրապարակային ձեւակերպումն ու իր արդեն իսկ դիրքորոշումը՝ ընդդեմ որպես պատասխանող կողմ հանդես եկող մասնակիցների։ Կամ օրինակ՝ նախագահին հարցաքննության հրավիրելու, ես կասեի դատարանին չափազանց անվայել այդ վարքը։ Մարդը անգամ կասկածում է նախագահի պաշտոնական գրությամբ տրամադրվող պատասխանի վրա, նա ասում է՝ չէ, ես այդ մարդուն ուզում եմ կանչել, հարցաքննել, եւ կարծես՝ ինչ-որ հաշվեհարդար լուծելու անհրաժեշտություն ունի, ինչո՞ւ, անհասկանալի է։ Նրան հարցնում են, արդյո՞ք իրեն կբավարարի այդ հարցով պաշտոնական պատասխանը, Թովմասյանն, ըստ էության, ասում է՝ կարծում եմ, որ պաշտոնական պատասխանով կստեն, պետք է կանչել եւ հարցաքննել։ Սա անհարգալից չէ՞ նախագահի ինստիտուտի հանդեպ, եւ դա այն մարդու կողմից, որը մեզ ոչ վաղ անցյալում հորդորում էր պետական ինստիտուտների հանդեպ հարգանք դրսեւորել»,- ասել է փաստաբանը։
Իսկ այդ վարքի նպատակը, ըստ Եգորյանի, ժողովրդավարության, դատարանի հեղինակության արժեզրկումն է, եւ այդ նպատակն, ըստ նրա, այդ դատավորները, հետապնդում են ապակառուցողական, կազմաքանդման գործողությունների միջոցով։
«Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը երկուսով թիմակիցներ են այդ նույն գծի մեջ․ հիշենք՝ նույն լսումների ժամանակ Պետրոսյանի վարքագիծը, նրա՝ դատավորի կեցվածքին անհամապատասխան վարքագիծն ու հարձակումները մյուս դատավորների դեմ, նախագահող դատավորի, կամ զեկուցող դատավորի դեմ։ Ի վերջո, չկար որեւէ բան, որը ՍԴ դատավորն ի պաշտոնե դատարանի քննարկումների կամ աշխատակարգային նիստերի ժամանակ չէր կարող ասել, կամ չի ասել։ Ուստի, այս բոլորի նպատակն ակնհայտորեն այդ ամենն ի ցույց եւ ծաղրի դնելն է, այդ բոլոր հարցերը հատուկ է հրապարակային քննարկվում»,- հավելել է Եգորյանը։
Փաստաբանը նաեւ համեմատել է այս լսումներն ու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ՍԴ-ում վիճարկման քննությունը։ Նրա խոսքով, 2017 թվականին ՍԴ ներկայացված փաստական հենքն ու այս ընտրություններից հետո ներկայացված փաստական հենքը անհամեմատելի են։
«Այն ժամանակ միայն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 1,5 ամսվա ընթացքում 2 փուլով վերապատրաստել էր մոտ 6-7 հազար դիտորդների, որոնք ծածկել էին ընտրատեղամասերի 76 տոկոսը, նրանց կողմից ներկայացվել էր մոտ 2 հազար դիմում- բողոք, դրանք բոլորն արձանագրվել էին տեղամասերի գրանցամատյաններում, ապա դրանք խմբավորվել էին մոտավորապես 350 հայցադիմումների մեջ եւ ներկայացվել էին Վարչական դատարան, այդ ամենը ներակյացվել էր նաեւ ԿԸՀ, այս ամենից հետո այս գանգատը մեզանից փոխառել էր ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը եւ ներկայացրել ՍԴ։ ՍԴ-ն այդ փաստերի ճնշման տակ՝ ներկայացված փաստերից որեւէ մեկը, ըստ էության, չէր կարողացել հերքել, եւ քանի որ այն ժամանակ հիշում ենք, թե ինչ իրավիճակ էր եւ ինչպիսին էր իրերի դրությունը, ՍԴ-ն ընտրությունների արդյունքների ազդեցության վերաբերյալ որեւէ որոշում չէր կայացրել, սակայն արձանագրել էր, որ իշխանության կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրներն են ներկայացված բոլոր դիմումների եւ հաղորդումների բովանդակությունը մանրազնին քննության առնել․ քաղաքական կոռուպցիայի, ուղղորդումների բազմաթիվ փաստերի, այլ անձանց փոխարեն քվեարկությունների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների եւ այլնի մասին էր խոսքը։ Այս առումով համեմատության եզրեր գրեթե չկան։ Այսօրվա դիմումներով, եթե ընդհանուր հանրագումարի բերենք, ապա ի՞նչ են ասում մեզ․ հիմնական խնդիրը, որ բարձրացվում է՝ նախընտրական քարոզչության եւ դրան նախորդող ժամանակահատվածում ռեսուրսների հավասարության, հավասար հնարավորությունների հարցն է, քարոզարշավի կամ քարոզչական խոսքի մակարդակն է նշվում եւ դրա ազդեցությունն ընտրողի վրա․ վերջ»,- հայտարարել է Եգորյանը։
Նա նաեւ նշել է, որ ՍԴ դիմած բոլոր 4 ուժերը տարբեր ռազմավարություն են որդեգրել, եւ դրանցից «Պատիվ ունեմ» դաշինքի ռազմավարությունը, որը ներկայացնում է Դավիթ Հարությունյանը, տաբերվում է մյուս երեքի, եւ մասնավորապես, «Հայաստան» դաշինքի ռազմավարությունից։
«Ըստ իս, շատ կարեւոր է նայել Հարությունյանի տարած գիծը, ի տարբերություն մյուսների։ Այստեղ, ես կասեի, որ թերեւս պրոցեսներից առավել խորությամբ հասկացողը Դավիթ Հարությունյանն է, որը հենց այդ ամենի բերումով՝ չի մտնում այն դաշտ, որտեղ մյուսներն են փորձում մտնել, քանի որ նա լավ գիտի՝ ինչն ինչոց է։ Ի վերջո, հիշեցնեմ, որ ընտրական հարցերի վերաբերյալ բոլոր ռեֆորմները, այդ թվում նաեւ ընտրողների ցուցակների հրապարակման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ բանակցություններին ՀՀԿ-ի կողմից մեզ հետ բանակցում էր հենց Հարությունյանը։ Այսինքն, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ռազմավարությունները լիովին տարբեր են․ «Պատիվ ունեմ»-ը չի մտնում այն դետալների եւ հարաբերությունների մեջ, որոնց կապակցությամբ իրականում դժվար է կասկածներ հարուցել, կամ, այսպես ասած, դրանք որպես խնդրահարույց փաթեթավորել, այն, ինչ փորձում է անել «Հայաստան» դաշինքը՝ քվեարկության օրվա ընթացքում քվեարկողների կամքի ազատ արտահայտման վերահսկողության, այդ կամքի ազատ արտահայտման հնարավորության իրականացման , այլոց փոխարեն քվեարկության, տեխնիկական սարքավորումների անձնագրերի չընթերցելու հարցերի եւ այլնի վերաբերյալ։ Այս հարցերը հստակ պատկերացնում է նշածս անձը, հասկանում է, որ այդտեղ մութ սենյակում կատու չկա, բացի այդ, նաեւ փորձառության հետ կապված հարցը կա, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստորեն անգամ չգիտի, որ ընտրողների ստորագրած ցուցակներում չեն արտացոլվում անձնագրային տվյալները։ Այստեղ, իհարկե, կա այդ հսկայական ռեսուրսի անիմաստ վատնման խնդիրը, եւ այն, ինչ արվում է այսօր, իրականում ավելի շատ կարծես գովազդային նպատակ հետապնդի։ Իսկ եթե խոսենք «Պատիվ ունեմ»-ի եւ Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումից, ապա այստեղ կարեւոր խնդիրներ են բարձրացված, բայց այդ խնդիրների կապակցությամբ կարեւոր է քննարկել, թե ով է դրանք բարձրացնում, եւ թե ինչպիսի մշակույթ է նախորդել մինչեւ ժողովրդավարական գործընթացները կհաղթահարեին այս երկրում գրեթե ամբողջատիրական, կամ դրան ձգտող իշխանությանը։ Մեզ մոտ մեծ հաշվով լռություն էր, լռություն էր նաեւ ՍԴ-ում, այն անձանց, ովքեր այսօր խոսում են, այն ժամանակ չենք տեսել խոսելիս, կամ շարժվելիս, ես էլ, բոլորն էլ կարծում եմ, նոր են ծանոթանում Արեւիկ Պետրոսյանի ձայնին։ 2017 թվականին դիմում-բողոքներ ներկայացնողներին սպառնում էին քրեական հետապնդումներով, այդ թվում նաեւ մեր ՀԿ-ին, եւ այդ մասին այսօր նույն դատախազության ներկայացուցիչ հանդես եկող Բիշարյանը պատմում էր, որ դիտորդները դիմում-բողոքներ են ներկայացնում, եւ որ իրենց հարկադրել են դիմում-բողոքներ գրել, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ պետական մարմինները քիչ թե շատ, լավ թե վատ, բայց ձգտում են դիմում բողոքների բովանդակությունը քննարկել, այսինքն՝ փոփոխությունն ակնհայտ է։ Ի տարբերություն այն ժամանակվա պրոցեսների, երբ օրինակ՝ քաղաքական խոսքը սահմանափակվում էր նրանով, թե որքան նախընտրելի կլինի խփել, կամ ում գլխին ինչով բամփել, այսօր մենք տեսնում ենք երկուստեք պրոցես, որոշ դեպքերում ծայրահեղ, անմակարդակ դրսեւերումներով, անցանկալի, ժողովրդավարության բարձր մակարդակին ոչ հարիր, բայց սա, մեծ հաշվով, առաջին խոսքերն են ժողովրդավարության․ այսինքն նախ ազատվում է լեզուն, հետո նոր սկսում են մտածել դրա բովանդակության մասին»,- ասել է Եգորյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ԱԺ արտահերթ ընտրությունները վիճարկող ընդդիմությունը ծանրակշիռ փաստեր է ներկայացրել՝ Եգորյանը նշել է, որ ուղիղ հեռարձակմամբ մեզ հասանելի դատական քննության շրջանակներում այդպիսի փաստերի մենք ականատես չենք լինում։
Փաստաբանը մեկնաբանել է նաեւ ՍԴ-ում ընդդիմադիրների հնչեցրած այն պնդումները, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել։ Նա հիշեցրել է, որ դրանց վերաբերյալ կան քրեական գործեր, կան ձերբակալված եւ կալանավորված անձնինք, «դրանից ավելին, եւ դրա այնպիսի ազդեցության մասին վկայող փաստեր, որոնք կարող են ընտրությունների արդյունքները փոփոխել մենք այս պահին չունենք»։ Ընտրակաշառքների գործերով հիմնական ներգրավված անձնինք հենց ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն են, բայց այդ ուժերը ՍԴ-ում պահանջում են նաեւ այդ հիմքով բավարարել իրենց դիմումը․ փաստաբանը սա հստակ հաշվարկ է համարում․ «Հաշվարկն այն է, որ քիչ մարդ է խորանում, կամ հասկանում, եւ հիմնականում աղմուկը պետք է տպավորություն ստեղծի։ Բայց ինձ թվում է՝ մեր ժողովուրդը այս վերջին մի քանի տարում շատ շեշտակի ռացիոնալ որոշակի զարգացումներ է ապրել եւ այսօր այդ աղմուկները մեծ ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա, մարդիկ կարողանում են թացը չորից տարբերել»։
Եգորյանը մեկնաբանել է նաեւ ՍԴ դիմողների մեկ այլ պահանջը՝ կամ մանդատները վերաբաշխել, կամ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Արդյո՞ք օրենքով հնարավոր է պահանջներից որեւէ մեկը բավարարել առանձին՝ «կամ-կամ» սկզբունքով, թե՞՝ դրանք կարող են բավարարել միայն միասին։
«Կամ-կամ հնարավոր չէ, ամեն դեպքում երկրորդ փուլ կարող է լինել միայն այն դեպքում, երբ մանդատների բաշխումն այնպիսին է, որ կայուն մեծամասնություն չի ձեւավորվում։ Կամ-կամ չի կարող լինել, եթե չլինի դրան նախորդող մանդատների բաշխման վերաբերյալ ՍԴ այնպիսի որոշում, որով, ըստ օրենքի նկարագրության, կառաջանա երկրորդ փուլի իրավիճակ։ Այսինքն, նախ առաջինը պետք է լինի, բայց կարող է նաեւ մանդատների վերաբաշխման վերաբերյալ որոշում լինի, սակայն դրանք վերաբաշխեն այնկերպ, որ չառաջանա երկրորդ փուլի անհրաժեշտություն։ Սա էլ կարող է լինել, բայց ամեն դեպքում այս պահին մենք չունենք դատարան ներկայացված այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք մեզ գոնե առեւերեւույթ թույլ կտան ենթադրել, որ այո, ա՛յ այս աստիճանի, այս մեթոդով, հաշվարկով մոտավորապես այսքան քվեի ազդեցություն այսինչ երեւույթն ունեցել է։ Մենք այսօր չունենք այդպիսի դիմում»,- ասել է փաստաբանը։
Իսկ ի՞նչ են ուզում ՍԴ դիմած մյուս երկու ուժերը։
«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ ուժերը ավելի շատ փորձում են հասկանալ, թե ինչ կարող են ուզել։ Ինչպես հասկանում եմ՝ իրենց խոսքի մեջ էլ այդպիսի ակնարկներ կան, որ իրենք կարծես չունեն ձեւավորված հստակ պատկերացում։ «Զարթոնքը» օրինակ, (որտեղ բավականին թվով փաստաբաններ կան), այսօր դեռ նույնիսկ չգիտի, թե քանի վստահված անձ է ունեցել, դեռ ճշտում են այդ տվյալները։ Այսինքն, դժվար է պատկերացնել, թե նրանք ռեալ ինչ են ուզում, եթե վերանանք դիմումներում ֆորմալ ձեւակերպումներից։ Նրանց խոսքը լսելիս՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում , թե նրանք փորձում են հասկանալ, թե ինչ կարելի է շահել այս պրոցեսում, լավ չեն գիտակցել այն, թե այս դիմումի շրջանակներում ինչ պետք է ներկայացնել ՍԴ»։
Իսկ արդյո՞ք կան ռիսկեր, որ դատարանը կարող է բավարարել այդ դիմումները։ Ըստ Եգորյանի, դատական նիստերի ընթացքում դատավորների վարքը բավարար չէ, հասկանալու համար, թե ինչ որոշում կկայացնեն նրանք։
«Բայց ունենք փաստեր, առնվազն ամենավերջին թարմ փաստը մարտի 1-ի գործով, երբ դա հնարավոր չէր ըստ մեզ, դա հանարավոր չէր ըստ Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի, ըստ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի, բայց, փաստորեն, հնարավոր էր ՍԴ դատավորների մեծամասնության կամքով, կամ որոշմամբ, կամ այլոց որոշմամբ, որը իրագործվեց։ Հիմա այսօր հարցնել՝ հնարավո՞ր է, իսկ ինչո՞ւ՝ ոչ, այլ հարց է, որ մենք չէինք ունենա այս իրավիճակը, եթե ժողովրդի շատ ավելի լուրջ, կշիռ ունեցող մանդատը ստացած ուժը, ի տարբերություն այսօրվա մետաղական մանդատի, նախորդ երեք տարին արդյունավետ օգտագործեր իշխանության ողջ ռեսուրսը եւ մաքսիմալ ապահովեր սահմանադրականությունը»,- նշել է Եգորյանը։
