«Սա արդեն երկրորդ ընտրությունն է, երբ մասնակիցների թիվը մոտավորապես նույնն է, այսինքն, 50 տոկոսը չի անցնում, եւ սա ցույց է տալիս, որ դրանցից առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ այն բարձրաձայնումները, որ մենք անում էինք քվեարկողների թվի ուռճացումների մասին, տեղին էին»։
Այդ մասին ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից հետո Հանրային հեռուստաընկերության տաղավարում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։
Նա հիշեցրել է, որ անդրադառնալով քվեարկողների թվին՝ տարիներ շարունակ իրենք պնդում էին, որ ընտրություններում 300 հազար ավել ընտրողներ եւ քվեաթերթիկներ են լինում, եւ փաստորեն այդ մտահոգությունները տեղին էին ու ապացուցվում է, որ իրականում Հայաստանում ընտրությունների մասնակցության նորման սա է։
«Կարեւոր է նաեւ, որ իրավապահ համակարգն է արագ արձագանքել, ֆիքսում ենք, որ այս պահի դրությամբ 47 գործ կա, որոնց ընթացք է տրված, 94-ի ճակատագիրը դեռեւս հայտնի չէ, բայց եթե օրինակ՝ 2017 թվականի հետ համեմատենք, ապա այն ժամանակ որեւէ գործի ընթացք չի տրվել։ Այս առումով եւս առաջընթաց կա։ Չեմ ուզում գովերգեմ իրավապահ համակարգին, բայց այնքանը, որքանը արվել է, որոշակի կանխարգելիչ ազդեցություն ունեցել է»,- նշել է Հակոբյանը։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ փաստաբանը նշել է, որ այն բավականին մասնակցային է եղել։ «Պետք է կոմպլիմենտ անեմ Հանրային հեռուստաընկերությանը, որն իսկապես ձայն տվեց բոլոր քաղաքական ուժերին, եւ ես, որպես հեռուստադիտող, հնարավորություն ունեցա բոլորի ծրագրերին եւ խոսքին ծանոթանալու։ Այս առումով եւս բավական մեծ առաջընթաց էր եւ Հայաստանի քաղաքացիների համար էլ կողմնորոշման մեծ դաշտ էր բացվել»,- ասել է Հակոբյանը։
Նա նշել է, որ կարեւոր է նաեւ վերհանել, թե ինչ թերացումներ են եղել, ինչը այնպես չարվեց, որպեսզի դրանք շտկվեն, բայց մենք, ըստ Հակոբյանի, բռնել ենք ժողովրդավարացման ուղին, «եւ եթե առանց լուրջ հետընտրական ցնցումների եւ փորձությունների կարողանանք հաղթահարել նաեւ այդ փուլը, ապա մենք իրապես ճիշտ գծի եւ ժողովրդավարացման ուղու վրա ենք»։
Անդրադառնալով ընտրություններին մասնակցած ուժերին՝ Հակոբյանն ասել է․ «Շատ լավ էր, որ երկար տարիներ զսպումից հետո մարդիկ արտահայտվելու հնարավորություն ունեցան եւ իրենց ներսում կուտակվածը դուրս թափեցին։ Հիմա մենք այդ բուռն արտահայտվողներից ոմանց կտեսնենք ԱԺ-ում, եւ կտեսնենք, թե ինչպես կաշխատեն, որովհետեւ խոսքով չէ, գործով է․ իրենց խոսքն էլ կտեսնենք, գործն էլ կտեսնենք, կհամեմատենք, կհասկանանք»։
