«Ես նման քարոզարշավ չեմ հիշում։ Քարոզարշավը բավական բուռն էր, խտրականություն չեն դրվում միջոցների, բառամթերքի, եւ այդ ամբողջը ավելի շատ ձեւի, տարբեր կոմպրոմատների բացահայտման եւ այլնի միջոցներով է իրականացվում, մինչդեռ շատ քչերն են, որ անդրադառնում են բովանդակությանը, խոսում են իրենց ծրագրերից։ Ճիշտ է, խոսում են խնդիրներից, հետահայաց վերլուծություններ են կատարում, թե ինչը այնպես տեղի չունեցավ, բայց, միեւնույն ժամանակ, մեծ մասի մոտ մենք չենք լսում կոնկրետ առաջարկներ, թե այս խնդրահարույց իրավիճակից իրենք Հայաստանն ինչպե՞ս են դուրս բերելու, տարբեր ոլորտներում՝ ե՛ւ իրավական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական, եւ վերջապես, թե ինչպիսի՞ն է իրենց տեսլականը ղարաբաղյան հակամարտության հարցում։ Կան բացառություններ, իհարկե, օրինակ՝ ՀԱԿ-ը ունի այդ տեսլականը եւ այն ներկայացնում է, բայց մնացածի մոտ տեսնում ենք, որ հստակություն չկա»,- այդ մասին «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։
Նրա խոսքով, կոմպրոմատների եւ նման լեզվով խոսացողները սենսացիոն էֆեկտին են փորձում զարկ տալ, ինչը հանրության մոտ ավելի բուռն արձագանքների է արժանանում, քան բովանդակային խոսքը, բայց դա նաեւ այս տարիների բացթողումների արդյունքն է, երբ մենք տարիներ շարունակ ավելի շատ կենտրոնացած ենք եղել ձեւի, եւ ոչ՝ բովանդակության վրա։
«Եւ դա եղել է բոլոր ոլոորտներում։ Նաեւ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում ունեինք մշուշոտ իրավիճակ, երբ որ մեր հանրությանը չէր մատուցվում իրողությունը։ Ես չեմ ասում, թե պետք էր ամբողջությամբ այդ բանակցային պրոցեսի մանրամասները մատուցվեին, բայց այն, ինչ պետք է մատուցվեր եւ հանրությանը նախապատրաստեին կամ՝ պատերազմի, կամ՝ խաղաղության, դա չէր արվում, ըստ էության, մենք բովանդակության քննարկում չունեինք։ Շատ քիչ ոլորտներում ենք ունեցել բովանդակության քննարկում, եւ դա է պատճառը, որ այդ իներցիայով այս քարոզարշավում այդ միտումը ավելի խտացել է, եւ մենք ավելի շատ կոմպրոմատներ ենք փոխանակում, անթույլատրելի միջոցներ, սենսացիա, ուրախություն, ոգեւորություն առաջացնող բաներ ենք քննարկում, բայց ոչ բովանդակությունը»,- նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով, բացի այն, որ այդ ընտրությունները տարբերվում են նման բուռն քարոզարշավով, դրանք նաեւ տարբերվում են բավական մեծ անկանխատեսելիությամբ․ «եթե որոշակի առումով հնարավոր է կանխատեսնել, որ գործող իշխանությունը զգալի տոկոս կհավաքի պառլամենտում, ապա մնացածի վերաբերյալ կանխատեսումներ անելը բավական բարդ է, կարելի է որոշակի առումով կանխատեսել նաեւ, թե որ ուժերը այս պահին հնարավորություն ունեն հայտնվելու խորհրդարանում, բայց թե ի՞նչ հարաբերակցություն կլինի, նորից դժվար է կանխատեսել»։
Անդրադառնալով մի խումբ մտավորականների՝ Ռոբերտ Քոչարյանին հրապարակավ հայտնած աջակցությանը՝ Հակոբյանը նշել է, որ նախ պետք է հասկանալ, թե մտավորական տերմինը ինչքանով է կիրառելի։
«Ես չեմ ուզում նսեմացել նրանցից շատերի վաստակը մշակույթի, արվեստի, գիտության ոլոտում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ իրենք ճիշտ ուղի կարող են ցույց տալ հասարակությանը, որովհետեւ նրանցից շատերին ես ճանաչում եմ օրինակ՝ որպես լավ ջութակահար, կամ դաշնակահար, բայց այդ մարդիկ այս ներքաղաքական կյանքին մեծ մասամբ անտեղյակ են, եւ եւ բացի նրանից, որ գիտեն, թե վարչապետը այսօր նիկոլ Փաշինյանն է, կդժվարանան էլ տարբերակել վարչապե՞տ է, թե՞՝ վարչապետի պաշտոնակատար։ Գուցե ճանաչում են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, բայց դրանից ավելի շատ բան չգիտեն այսօրվա իրողությունների մասին, եւ ինչպես ասում են «с корабля на бал» կոչեր անելը այդքան էլ ճիշտ չէ։ Մտավորականությունից առաջինը խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ազգին մոլորեցնելու, եւ ճիշտ ուղղությամբ չառաջնորդելու մեջ մեղադրելով, եւ անմիջապես դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն իր մտավորականների ցուցակով հանդես եկավ։ Իմ կարծիքով, մենք արդեն պետք է հաղթահարած լինեինք այն փուլը, որ եթե այսինչ մարդը, չգիտեմ՝ որ գիտության մեջ ինչ-որ թեզ է գրել եւ կարողացել է պաշտպանել, ապաա ինքը կարող է նաեւ մարդկանց առաջնորդել։ Ես իմ փորձով կարող եմ ասել, որ այն գյուղերում, որտեղ ես լինում եմ, այդ գյուղերի շատ տատիկներ շատ ավելի լավ են հասկանում այսօրվա իրողությունները, ավելի լավ են հետեւում զարգացումներին, կարողանում են ավելի լավ վերլուծել, քան օրինակ՝ իմ կողմից շատ հարգված ջութակահար, պրոֆեսոր Գագիկ Սմբատյանը, որի անունը եւս կար այդ ցուցակում։ Ես օրինակ եմ բերում՝ ամենեւին չնսեմացնելով նրա դերը Հայաստանի մշակութային կյանքում»,- ասել է Հակոբյանը։
Ընտրակաշառք տալու փորձերի համար արդեն ձերբակալվածներ կան, ովքե՞ր են կրկին փորձում վերակենդացանել այդ ինստիտուտը, եւ դա ի՞նչ ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա։
Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը նշել է, որ այս իշխանություններին հաջողվել է լավ ընտրություններ կազմակերպել 2018 թվականին, որովհետեւ այն ժամանակ հանրային տրամադրությունները քիչ թե շատ ավելի որոշակի էին, եւ բավական դժվար կլիներ ընտրություններ կեղծել։
«Սա չի նշանակում, որ ես ակնկալում եմ, որ այս ընտրությունները այս իշխանությունները կկեղծեն, առաջնորդվենք փաստերով, իսկ փաստն այն է, որ չեն կեղծել դեռեւս, ուստի, պետք է թույլատրելի համարել նաեւ, որ չեն էլ կեղծելու։ Իսկ թե ովքեր են առաջնորդվում այդ մեթոդներով, ապա շատ պարզ է․ նրանք, ովքեր միշտ են առաջնորդվել եւ ապավինել այդ մեթոդներին։ Կարեւոր է նաեւ, որ քննչական մարմինները կարողանում են քիչ թե շատ պատշաճորեն արձագանքնել, բայց այստեղ նաեւ խնդիր կա դատարանների հետ կապված, թե այս գործերը հետագայում ինչ ընթացք կունենան, իսկ դա անհատապես դատավորներից է արդեն կախված, որովհետեւ տեսանք, որ նմանատիպ փաստական հանգամանքներով Միհրան Պողոսյանի եւ Տիգրան Արզաքանցյանի պարագաներում վարչական դատարանի տարբեր դատավորներ տարբեր մոտեցումներ կիրառեցին եւ դա եւս մեծապես խաթարում է իրավական որոշակիության սկզբունքը, որովհետեւ, ըստ էության, մենք ունենք նմանատիպ փաստական հանգամանքներով կիրառվող տարբեր դատական պրակտիկա։ Քննչական մարմինների պատշաճ արձագանքը նաեւ հնարավորություն կտա ժամանակ շահել, որովհետեւ մինչեւ գործը հասնի դատախազություն եւ դատարաններ, որոշակի կանխարգելիչ ազդեցություն կունենա ընտրակաշառքի եւ այլ ընտրական խախտումների վրա, եւ ակնկալում ու նաեւ կոչ եմ անում, որ նաեւ քվեարկության օրը այդ մարմինները պատշաճ եւ արագ արձագանքնեն ահազանգերին եւ դրանով փորձեն գոնե այդ օրը կանխարգելել նմանատիպ, կամ այլ տեսակի ընտրակեղծիքները։ Բայց, իհարկե, այդ գործերի հետագա ընթացքը կմնա խնդրահարույց այս դատաիրավական համակարգի պարագայում»,- նշել է իրավապաշտպանը։
Միջազգային դիտորդների ներկայացվածության հարցին անդրադառնալով՝ Հակոբյանը նշել է, որ միջազգային դիտորդական առաքելությունների եւ ԶԼՄ-ների դերը այս ընտրություններում գուցեեւ ավելին է լինելու, քան տեղականներինը՝ զանազան պատճառներով, այդ թվում՝ տեղականներից որոշների փոխկապակցվածությունների պատճառով։ Միաժամանակ, ըստ Հակոբյանի, միջազգային դիտորդների առաքելության առումով մի շարք խնդիրներ կան։
«Մեկը դիտորդական առաքելությունների կազմերի թվի հարցն է, որովհետեւ որքան ավելի մեծ թվով դիտորդների նրանք կարողանան հրավիրել Հայաստան, այնքան ավելի մեծ կլինի տեղամասերի ծածկույթը։ Ես այստեղ հատկապես կարեւորում եմ նախ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ապա մյուս միջազգային կազմակերպություններին, ԱՊՀ առաքելությանը չեմ մատնանշում, քանի որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում չունի օբյեկտիվ դիտորդական առաքելություն իրականացնելու համբավ։ Մյուսները ունեն խնդիր կապված իրենց մեթոդոլոգիայի հետ, որովհետեւ իրենք չեն կարողանում երբեւէ վերահսկել տեղամասերը ամբողջությամբ, քվեարկության սկզբից մինչեւ ավարտը, քանի որ մարդկային ռեսուրսի սահմանափակություն ունեն, եւ ընդամենը կարողանում են մի քանի րոպեով ներկա գտնվել մի քանի տեղամասերում, եւ, այսպես ասած, ընտրանքային դիտորդություն են իրականացնում, իսկ սա կարող է խնդրահարույց լինել։ Բացի դա, նախկինում միջազգայինների հետ իմ համագործակցության փորձից դատելով՝ շատ են դեպքերը, երբ ահազանգման կենտրոնը ահազանգեր ստանալուց հետո երբ որ կարողանում է միջազգային դիտորդներ ուղարկել տարբեր տեղամասեր, ընտրախախտումներն արդեն վերացած են լինում, ուստի, նորից, մարդկային ռեսուրսը կարեւոր է լինելու։ Բայց իրենց խոսքն, անկասկած, այս ընտրություններում ավելի կարեւոր է լինելու»,- նշել է Հակոբյանը։
Տեղական դիտորդական կազմակերպություններին անդրադառնալով՝ Հակոբյանը նշել է, որ նրանց գործը մշտապես բավականին դժվար է եղել․ «Նկատի ունեմ այն դիտորդական առաքելություններին, որոնք քաղաքական տարբեր թիմերից չեն ունեցել աջակցություն կամ ֆինանսավորում։ 2018-ին նրանք առանձնապես անելիք չունեին, քանի որ լայնածավալ ընտրակեղծիքների սպառնալիք չկար։ Բայց այս ընտրություններում իրենց դերը եւս բավականին լուրջ է լինելու։ Բայց, ինչպես նշեցի, հաշվի առնելով տարբեր տեղական կազմակերությունների քաղաքական փոխկապակցվածությունները, կտեսնենք, թե ինչպես կիրականացնեն այդ դիտորդական առաքելությունը՝ եւ լոգիստիկ, եւ բողոքարկումների, եւ մնացած տարբեր առումներով»։
Խոսելով հետընտրական հնարավոր զարգացումների եւ բողոքարկումների պարագայում Սահմանադրական դատարանի դերակատարության մասին՝ Հակոբյանն ասել է, որ ՍԴ-ն եւս բավականին վճռորոշ դերակատարում է ունենալու, եւ որ «ՍԴ-ի համար պահն է իրապես ձերբազատվելու այն բացասական պատմությունից, որ ՍԴ-ն մշտապես ունեցել է կեղծված ընտրությունները դակելու գործում»։
«Այդ առումով, ցավալի է, որ այնտեղ դեռեւս կան հնի այնպիսի մնացուկներ, ինչպիսիք են Հրայր Թովմասյանը, Արեւիկ Պետրոսյանը, եւ այլն։ Շատ ցավալի էր նաեւ ՍԴ դատավոր Վաղարշյանի կողմից թեկնածուներից մեկի քարոզչական տեսանյութը Ֆեյսբուքում տարածելու փաստը, հուսանք՝ Արթուր Վաղարշյանն իրապես ազնիվ է եւ ճիշտ է ասում, որ աղջկա մատն է կպել, չնայած՝ շատերը թերահավատությամբ են լցված այդ մեկնաբանության հանդեպ։ Կապրենք՝ կտեսնենք»,- ասել է Հակոբյանը։
Հաշվի առնելով այն հռետորաբանությունը, որ կիրառվում է այս նախընտրական քարոզչության ժամանակ, արդյո՞ք հնարավոր են հետընտրական ցնցումներ։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այդ անընդհատ հիշատակվող մուրճի պարագայում Նիկոլ Փաշինյանն անում է այն վերապահումը, որ ինքը իրավական առումով նկատի ունի՝ ասելով, որ մուրճը կիջնի տարբեր գլուխների։ Ցանկալի էր, իհարկե, դրանից խուսափեին, բայց նաեւ այս տարբեր խոսակցություններին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում, քանի որ դրանք նախկինում էլ են եղել, այդ թվում՝ «վերջ թավիշին», բայց ինչպես տեսանք, պետական համակարգի սաբոտաժը, այդ խորքային պետության դրսեւորումները շարունակվում էին այս ողջ ընթացքում։ Արդեն ժամանակն է այդ վախեցնելու, բառերի մակարդակոով ավելի քիչ դրանց դիմելու, եւ ավելի շատ գործին դիմելու համար․ «գործի դիմել» ասելով նկատի չունեմ մուրճն իրապես առնել եւ ընկնել սրա-նրա հետեւից, այլ իսկապես իրավական պետություն ստեղծել, որտեղ պետական մարմիններն ու իշխանության 3 ճյուղերը կիրականացնեն իրենց լիազորությունները՝ անկախության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի սկզբունքների հիման վրա»։
Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ճիշտ են պնդումները, որ Քոչարյանը ցանկանում է իշխանության գալ Փաշինյանից վրեժ լուծելու համար, Հակոբյանը նշել է, որ միանգամայն համաձայն է նման գնահատականների հետ՝ հետեւելով Քոչարյանի գործունեությանը եւ քիչ թե շատ հասկանալով այդ մարդու հոգեկերտվածքը։
«Բսյց էլի, ու՞մ մեղքն էր դա, ինչո՞ւ այդ մարդիկ չկրեցին այն պատասխանատվությունը որը պետք է կրեին, եւ ոչ միայն Քոչարյանը, այլեւ իր եւ «Պատիվ ունեմ»-ի թիմում գտնվող շատ այլ անձնինք, որոնք դեռ մի բան էլ հնարավորություն ունեցան քաղաքական հայտ ներկայացնել։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Բայց շատ չկենտրոնանանք Քոչարյանի անձի վրա, ավելի կարեւոր է, որ այս քաղաքական ուժերը կգան ու կգնան, իսկ մենք բոլոր միասին ապրելու ենք մի պետությունում, եւ հետընտրական ցնցումները մեզ միայն վնասելու են, եւ եթե ընտրություններն իսկապես անցնեն առանց կեղծիքների, բոլոր քաղաքական ուժերը պետք է ընդունեն այդ արդյունքները։ Եթե տարբեր տեղամասերի վերաբերյալ լինեն վեճեր, պետք է իրավական ընթացակարգերով այդ վեճերը լուծել, եւ ամեն կերպ խուսափել այն ապակայունացումից, որը մենք ունեինք նախորդ ամիսների ընթացքում՝ այդ հետհայտարարության փուլում։ Ի՞նչ ունեցանք, դա մեզ միայն վնասեց, դրա, Սյունիքը անջատելու փորձերի, եւ այլնի արդյունքում մենք մեր պետության անվտանգության համար մեծ սպառնալիքներ ունեցանք՝ մայիսի 12-ի այդ հարձակումների, գերեվարումների տեսքով եւ այլն։ Մենք իրոք պիտի հասկանանք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Չեմ կանխատեսում, որ այս ընտրվելիք ԱԺ-ն 5 տարվա կյանք կունենա, բայց մենք պետք է սովորենք քաղաքակիրթ ճանապարհով իշխանության գալու, փոխելու, ստանալու ուղին, եւ խուսափենք պետության ապակայունացմից, որովհետեւ պետությունը միակ բանն է, որ ունենք»,- ասել է Հակոբյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ Հայաստանում կցանկանար արթնանալ ընտրություններից հետո, Հակոբյանը պատախանել է․
«Կուզենամ արթնանալ Հայաստանում, որտեղ ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, որտեղ քաղաքական ուժերի միջեւ հաստատվել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ համերաշխություն, եւ այդ ուժերը, ինչպիսիք էլ որ լինեն, որոնք էլ հայտնվեն ԱԺ-ում, քաղաքակիրթ բանավեճի, երկխոսության, ընդդիմախոսության միջոցով մեր երկիրը դուրս կբերեն այն մարտահրավերներից, այն աղետից, որոնց առջեւ մենք կանգնած ենք այսօր»։
