«300․1 հոդվածքով քրեական հետապնդման թեման փակված է։ Մնում է այն ամենը, ինչ կար մինչ այս․ առաջին անգամ չէ, որ մենք այս մասին խոսել ենք։ Մենք այս մասին խոսել ենք նաեւ սեպտեմբերի 8-ին, երբ հայտարարեցինք, որ դադարեցնում ենք մեր մասնակցությունը կոնկրետ պատճառներով, կոնկրետ ակնկալիքներով եւ մտավախություններով` դրանց թվում նշելով նաեւ այդ գործի քննության արդյունքների ոչ ճիշտ գնահատումը եւ առաջադրված մեղադրանքի, եւ դատարան ուղարկված մեղադրանքի ոչ ամբողջականությունը։ Հետեւաբար, այն ամենը ինչը, որ ունենք, մնում է, բայց իհարկե, շատ վախենալու է, որ այդ կապակցությամբ այսօրվա իշխանության պայմաններում որեւէ մեկը որեւէ շարժումներ սկսի, քանի որ, ամենայն հավանականությամբ, նույն ելքն է լինելու »։
Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան, Մարտի 1-ի գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով այդ գործով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կայացված հայտնի որոշումը, եւ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այսպիսով փակված է Մարտի 1-ի դատավարության թեման։
Եգորյանի խոսքով տեղի ունեցածը «առհասարակ տրամաբանական փակուղի է պետության համար, փակուղի է Սահմանադրության գործողության տեսանկյունից, ժողովրդի իշխանության, ժողովրդավարության համար է փակուղի․ երբ ՍԴ անունից գործող անձինք ՍԴ անունից կայացնում են նմանօրինակ դատարկ մի որոշում, որը որեւէ պատճառաբանություն չունի, չի դիմանում որեւէ քննադատության, կայացվել է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով եւ կոնկրետ խմբային շահերի սպասարկման նպատակով»։
«Ըստ էության, իրենց վստահված լիոզորությունները, որ իրենց երդմամբ պետք է ծառայեցնին Սահմանադրությանը եւ այն պաշտպանելու գործին, կիրառում են ժողովրդի իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման հանցավոր արարքները պարտակելու նպատակով։ Այ սա կարելի է մեղմ անվանել փակուղի։ Թե չէ մնացածը ածանցյալ է սրանից, սա էլ ածանցյալ է այսօր ստեղծված քաղաքական իրավիճակից, հանրային իշխանություն ստանձնած, ժողովրդի առջեւ երդում տված այն պաշտոնյաների կամքի, կամ համարձակության, կամ կարողության բացակայությունից, որի հետեւանքները մենք այսօր ճաշակում ենք»,- ասել է Եգորյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ այդ որոշումը կայացվել է 8 դատավորի կազմով, այդ որոշման կայացմանը չի մասնակցել եւ այս գործով դատավոր չի հանդիսացել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը․ այդ 8 դատավորներից 3-ն էլ նոր դատավորերն են։
«Եթե հիշում եք օգոստոս-սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, վարչապետի կողմից հնչեցված այդ պարսավանքները՝ այդ ինչ-որ թեկնածուների առաջ մղման հետ կապված, այդ ամենի արդյունքում ընտրվեցին այս երեքը՝ Շաթիրյանը, Խունդկարյանը, Վաղարշյանը։ Այս երեքը եւս մասնակից են եղել, եւ մենք որեւէ տեղեկատվություն չունենք, որ նրանցից որեւէ մեկը տարբերվող հատուկ կարծիք է ունեցել»,- ասել է Եգորյանը։
Եգորյանը նաեւ զուգահեռներ է անցկացրել Մոլդովայում եւ Ուկրաինայում Սահմանադրական դատարանների շուրջ ստեղծված իրավիճակների հետ՝ նշելով․ «Այս փակուղիների հետ կապված ընդամենը կուզենայի զուգահեռներ տանել Մոլդովայում՝ ՍԴ-ի հետ կապված նմանատիպ իրավիճակի, եւ Ուկրաիանում՝ վերջերս ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի միջեւ։ Ըստ էության, նույն տրամաբանության շրջանակներում, համադրելի քաղաքական նկատառումների, կամ պայքարի շրջանակներում կայացված ակտեր էին, ուղղակի, տարբերությունն այն է, որ թե՛ այն ժամանակ Մոլդովայի, թե՛ այսօր՝ Ուկրաինայի իշխանությունները բավարար կամք եւ կարողություն ունեցան այս հարցերի կապակցությամբ պրոցեսներ ձեւավորել եւ այդ խնդիրները լուծել։ Ցավոք, այսօր Հայաստանի իշխանություններից նման կարողություն ես չեմ ակնկալում»։
Արդյո՞ք հենց այս համատեքստում է փաստաբանը վտանագավոր համարում է այն, որ հիմա գործով նոր փորձեր կարող են ձեռնարկվել։
«Այո, այսօր, այս ղեկավարմամբ գործող դատախազության, իշխանության գործադիր եւ օրենսդիր բլոկերում գործող տարբեր պաշտոնյաների վարքագծի եւ կարողությունների պայմաններում չափազանց վտանգավոր է որեւէ նոր լուրջ նախաձեռնություն, քանի որ ամենակարեւոր բանը, որ նրանք հաջողել են, դա ամենակարեւոր բաները տապալելն ու ցեխի մեջ խեղդելն է։ Պետության եւ պետականության համար կարեւորագույն խնդիրները, որոնց լուծմանը ժողովուրդը սպասել է տասնամյականեր, եւ որոնց համար նրանց շնորհել է իր իշխանությամբ, նրանք ուղղակի անդառնալիորեն ձախողել են»,- նշել է Եգորյանը։
Գնահատելով Մարտի մեկի գործի զարգացումների շրջանակներում ՍԴ դիմելու Գլխավոր դատախազի որոշումը՝ Եգորյանը նշել է, որ, նաեւ որոշակի նկատառումներից ելնելով, չէր ցանկանա բովանդակային անդրադարձ կատարել այդ քայլին, բայց լուրջ չի վերաբերվում դրան։
Հետեւաբար միայն սպասվող արտահերթ ընտրություններից հետո՞ է պետք սպասել գործընթացի վերսկսմանը։ Ըստ Եգորյանի, այո, քանի որ, առաջիկայում ակնկալվող ամենաէական իրադարձություններից թերեւս հենց ընտրությունները պետք է դիտարկել, որոնք, սակայն, «ցավոք, այսօրվա պայմաններում նորից առանձնապես մեծ հույս չեն ներշնչում, որովհետեւ տարբեր աձնանց եւ կազմակերպությունների կողմից բավարար կամք ու կարողություն չգործադրվեց կարող եւ անհրաժեշտ, պայմանական ասած, մի դաշինք ձեւավորելու համար, ինչի արդյունքում այսօր դաշտում մի կողմից, այսպես ասած, որսի կարգավիճակում հայտնված իշխանություն իրացնողների խումբն է, մյուս կողմում՝ նախկին բլոկը, որը առաջնորդում է Ռոբերտ Քոչարյանը»։ Եւ այս երկու խմբերի միջեւ ընտրությունը, Եգորյանի խոսքով, շատ ստորացուցիչ է եւ դաժան։
Իսկ արդյո՞ք տեղի ունեցածից հետո հրաժարականների անհրաժեշտություն կա, հատկապես՝ Գլխավոր դատախազի, ՀՔԾ պետի, Արդարադատության նախարարի։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․ «ՀՔԾ-ի եւ հատկապես ՀՔԾ ղեկավարի մասով ես չեմ տեսնում նման խնդիր, մեղադրանքը հաստատում է դատախազը։ Ընդհանրապես, նախաքննության մարմինը պատասխանատվություն է կրում արդյունավետ, խորքային, բազմակողմանի քննության համար, մեղադրանքը դատախազի բեռն է, դատախազը պետք է ծանրութեթեւ անի։ ՀՔԾ-ի մասով ես խնդիր եմ տեսնում ոչ թե ղեկավարի, այլ այդ ծառայության նկատմամբ ձեւավորված տոտալիտար եւ մասնակի հաղթահարված իշխանության մնացորդների կողմից այդ ծառայության աշխատանքը մաքսիմալ ճնշելու եւ անարդյունավետ դարձնելու համատեքստում, ինչը եւս այսօրվա քաղաքական իշխանությունը կարողություն չի գտնում հաղթահարելու։ Դատախազության մասով պատասխանատվությունը պետք է իր բոլոր, այսպես ասած, խողովակներով անցնի։ Արդարադատության նախարարության մասով ի՞նչ ասեմ․ արդեն երեւի նմանվում եմ «Արջը յոթ երգ գիտի․․․» պատմությանը։
Իրավական քաղաքականության համար ենթադրյալ պատասխանատուները պետք է ամենայն ծանրությամբ կրեն պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվեց 2018-ի հեղափոխական իրադարձություններից հետո՝ ժողովրդի իշխանության իրացման այս երեք տարիների ընթացքում, այն ամենի համար, այն ապականումների համար, որոնք արվեցին, այն մսխված եւ վատնված ռեսուրսի համար, որը ժողովուրդը այդպիսի մեծ վստահությամբ հանձնեց այսօրվա դերակատարներին»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարել է, թե ինքը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել, ու թեեւ իրենց քայլերի դանդաղկոտության մասին հանրային ընկալում կա, այդուհանդերձ, դեռ ոչ տեսանելի, բայց ինստիտուցիոնալ փոփոխություններ են արվել։
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Եգորյանն ասել է․ «Ո՞ւմ է հետաքրքիր այդ ամենը, լուրջ չեմ վերաբերվում այդ խոսակցություններին։ Եթե որոշ մարդկանց թվում է, թե ե՛ւ ժողովրդին, ե՛ւ առանձին մասնագետների կարելի է էշի տեղ դնել, ապա կարծում եմ, որ հայելու պակաս կա այն սենյակներում, որտեղ նրանք գտնվում են։
Բոլոր նախաձեռնությունները, որոնք ամպագոռգոռ ձեւերով ներկայացվեցին, իրենց հիմնական ու առանցքային կետերում կոտրվեցին։ Դրանց մի մասը կոտրվեց ՍԴ-ի ձեռամբ, մի մասը կոտրվեց ԱԺ-ի «գերօբյեկտիվ» եւ, այսպես ասած, կոմայի մեջ գտնվող չեզոքության մակարդակի հասած պատգամավորների ձեռամբ, մի մասը կոտրվեց հենց նույն Արդարադատության նախարարության ձեռամբ, եւ այդ «շատ սիստեմիկ, լուրջ» պրոցեսների արդյունքում, (ես սա հեգնանքով եմ ասում) այն ամենը, ինչը դեռ չի կոտրվել, կոտրվելու ընթացքի մեջ է, վստահ եղեք, որ այս պրոցեսի շարունակությունը հանգեցնելու է դրան։ Օրինակ՝ այս պահին երկրորդ ընթերցմամբ ընդունման սպասվող Քրեական դատավարության օրենսգիրք կա, այդ օրենսգրքով եւս կարեւոր մեխանիզմներ են ներդրված նույն Ռոբերտ Քոչարյանի անձնական, այսպես ասած, պաշտպանությունը եւ անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով։ Բազմաթիվ այլ մեխանիզմներ էլ կան այնտեղ, որոնք անհնարին են դարձնելու կոռուպցիայի դեմ պայքարի այդ մեջբերված «ինստիտուցիոնալ» մեխանիզմները, դրանք չեզոքացվելու են այդ ՔրԴատՕր-ով։ Հետեւաբար, այս դատարկ հայտարարություններին այլեւս հարկ չեմ համարում անդրադառնալ»։
Լրագրողի հարցին, թե եթե մի դեպքի համար մարդը արդարացվում է, արդյո՞ք հնարավոր է նրան հետագայում նույն արարքի համար այլ հոդվածքով մեղադրանք առաջադրել, Եգորյանը արձագանքել է․ «Սա փոքր-ինչ այլ իրավիճակ է, այդպիսի պարզ իրավիճակ չէ, ինչպես փորձում են ներկայացնել տարբեր անձինք։ Այո, այստեղ մենք գիտենք, թե ինչ հնարավորություններ կան, բայց այդ հնարավորություններն այս պահին ձեւավորված պետական պաշտոնյաների եւ համակարգերի կազմերով հնարավոր չէ իրագործել, անգամ վտանգավոր է այդ մասին որեւէ նախաձեռնությունը, այդ պատճառով ես լուծումների մասին հիմա կնախընտրեմ չխոսել»։
Լրագրողը հիշեցրել է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածի հարցը նրա փաստաբանները դեռ 2 տարի առաջ էին բարձրաձայնում, Քոչարյանն էլ ասում էր, թե ինչպե՞ս կարող էր ինքը՝ երկրի ղեկավար լինելով, սահմանադրական կարգ տապալել։
Ի պատասխան այս հիշեցման` Եգորյանը նշել է, որ «սրանք այն ժանրի հայտարարություններից են, որոնք սովորաբար «առանց մեկնաբանության» խորագրի ներքո են տրվում»։
«Ես ի՞նչ ասեմ իրավագիտակցության այդ մակարդակի հայտարարությունների վերաբերյալ։ Իսկ Քոչարյանի պաշտպանները ուրիշ ի՞նչ պետք է ասեն, բա ինչի՞ համար են վարձատրվում, գան-հաստատե՞ն, որ՝ այո, նա մեղավոր է, նաեւ խոստովանական ցուցմունքներ ապահովե՞ն։ Նորմալ է, որ նրանք կատարում են իրենց աշխատանքը՝ իրենց ընկալած մասնագիտական եւ էթիկական տիրույթներում։ Համենայն դեպս, ես դա չեմ դիտարկում իմ կողմից անդրադարձի կամ քննադատության առարկա։ Դա նորմալ է»,- նշել է Եգորյանը։
Իսկ ինչպե՞ս են իր պաշտպանյալները արձագանքել տեղի ունեցածին։ Եգորյանի խոսքով, այդ արձագանքն ու ավելի մանրամասն անդրադարձը իրենք դեռ կներկայացնեն, նաեւ մեկ այլ առիթով ՍԴ-ի մի քանի պարբերություն պարունակող այդ որոշումը եւս կքննարկեն։
«Բայց մի բան ֆիքսենք․ բոլոր նրանք, ովքեր ունեցել են հնարավորություն, ում պատվիրակվել է կարողություն, իշխանություն, ովքեր ունեին երդում՝ այս պետությունում հեղափոխական իրադարձություններից հետո ժողովրդավարության եւ ինքնիշխանության վերականգնման եւ հաստատման կապակցությամբ, ովքեր առանձին էպիզոդներով մասնակցել են առանձին հարցերի, եւ մասնավորապես, այսօր, այս գործով այս որոշման հեղինակները, ՍԴ դատավորի կարգավիճակում գործող դերակատարները, բոլորը միասին համատեղ եւ առանձին կրում են ինչպես այս ամենի, այնպես էլ՝ կոնկրետ այս գործով պատասխանատվություն, երբ իրենց մասնագիտական, կամ բարոյական որակների շրջանակներում մտմտում էին քաղաքական նպատակահարմարությունների, ուժերի բալանսի մասին, երբ փնտրում էին արդարացումներ, որոնք բացի իրենց հարազատների ականջներին ասվող շշուկներից որեւէ այլ տեղ չէին կարող արտաբերել, բոլոր դրանք կրում են պատասխանատվություն, կրում եւ կրելու են այս խարանը, եւ մենք հիշելու ենք դա, եւ փոխանցելու ենք այդ հիշողությունը»,- ասել է Եգորյանը։

