ՍԴ այդ որոշումը արդարացնում է Մարտի 1-ին հանուն իշխանության հեղված արյունը․ Տիգրան Եգորյան

«Մեզ այս պահին միայն ՍԴ որոշման եզրափակիչ մասն է հայտնի․ ՍԴ-ն այն հրապարակելու ժամանակ ունի, իսկ եզրափակիչ մասն այն մասին է, որ ՔՕ 300․1 hոդվածը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին չհամապատասխանող։ Առավել մանրամասն հիմա հնարավոր չէ քննարկել։ Սա մեծ հաշվով այն էր, ինչի մասին խոսվում եւ կանխատեսվում էր, որ հենց այսպիսի դիրքորոշում է արտահայտվելու, այսինքն, որ հակասահմանադրական է ճանաչվելու, ընդ որում, հակասահմանադրական լինելը մի բան է, ՍԴ-ի կողմից այդպես ճանաչվելը՝ այլ։ Եւ դա բնավ չի նշանակում, որ այդպես էլ կա»։

Այդ մասին 1in.am-ի տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ վերջին որոշումը, ըստ որի` ՔՕ 300․1 հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Եգորյանը նշել է, որ ՍԴ այդ որոշումից հետո, Քոչարյանի հանդեպ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Դրանից հետո գործում մնում են միայն մյուս մեղադրանքները․ այս մասով գործը պետք է կարճվի, մնացած մասով շարունակվի։

Հարցին, թե արդյո՞ք ինքն այս գործով նման շրջադարձ ենթադրում էր, Եգորյանը պատասխանել է․

«Հեղափոխությունից ի վեր երեք հարց ենք բարձրացրել, եւ, ըստ էության, դրանցից ամենաառանցքայինը ՍԴ եւ դատական իշխանության ռեֆորմն էր` հաշվի առնելով այն, որ ոչ այս ՍԴ-ն, ոչ այսօր գործող դատարանները՝ դատավորների մեծամասնությամբ, ի զորու չեն սպասարկելու Սահամանդրությամբ սահմանված սկզբունքներն ու նպատակները, եւ դրանք երաշխավորող օրենսդրությունը, իրավունքի գերակայությունը, որ նրանք չեն կարող դեմ գնալ իրենց էությանը, որը ձեւավորվել է նախորդ 25 տարիների ընթացքում, որ նրանք չեն կարող ինքնասպանություն գործել։ Այսինքն, սա այն է, ինչը մենք՝ սկսած հեղափոխության առաջին իսկ օրերից, բացատրում, զգուշացնում, հորդորում էինք, փորձում էինք առաջարկել այդ ռեֆորմների իրավական քաղաքականության ճիշտ եւ անհրաժեշտ ուղղությունները։ Սակայն ե՛ւ 2018-ին, ե՛ւ 2019-ին, ե՛ւ 2020-ին՝ ՍԴ այդ փոփոխություններից հետո ձեւավորված թափուր տեղերը լրացնելու գործընթացի ժամանակ, ցավոք, մեր կանխատեսումները բավարար հետեւությունների առիթ չտվեցին»։

Իսկ ո՞րն է այս որոշման ուղերձը ՀՀ քաղաքացիներին։

«ՍԴ-ն ընտրական վեճերով տարիներ շարունակ որդեգրել էր մի սկզբունք, որի համաձայն` իշխանության հարցը պետք է լուծվի փողոցում եւ որ իրավունքի դատարանն այդ հարցին չի միջամտելու։ Ավելի նեղ շրջանակներին հայտնի էր, որ դա Գագիկ Հարությունյանի կոնցեպտն էր, եւ դրա հետեւորդներն էին այդ շենքում աշխատող ՍԴ անդամները։ Այդ մասին արդեն հեղափոխությունից հետո Ֆելիքս Թոխյանն էր բավական անկեղծ ՍԴ միջանցքներում պատմում մեզ, որ ժողովուրդը հարցը պետք է լուծի փողոցում։ Սա այն հիմնական ուղերձն էր, որ Սահմանադրության 2-րդ հոդվածով սահմանված ժողովրդի իշխանության դրսեւորման պրոցեսների կապակցությամբ ՍԴ-ն, որը օժտված էր Սահմանադրության այդ անփոփոխ հոդվածի պաշտպանության լիակատար եւ բացառիկ իրավասությամբ եւ առաքելությամբ, փոխանցում է ժողովրդին, որ՝ եթե չի ստացվում ընտրությունների միջոցով, ապա հույս մի դրեք ինձ վրա, կռիվ տվեք փողոցում։ Մարտի 1-ի գործը այն մասին էր, որ երբ ժողովուրդը, ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտելուց հետո, նորից բախվելով իր իշխանությունը հաղթահարող եւ այդ ճանապարհին միջոցների մեջ խտրություն չդնող իշխանության կեղծիքներին, դուրս եկավ փողոց, (ինչպես հորդորում էր ՍԴ-ն), եւ տեւական հանրահավաքների միջոցով իրացնելով Սահմանադրությամբ իր մյուս իրավունքները՝ պահանջում էր, որ իր կողմից իշխանություն ձեւավորելու առանցքային իրավունքը հարգվի, այս պահանջը իշխանության կողմից խեղդվեց արյամբ։ Դրանցի հետո 10 տարի ՀՀ-ում ժողովրդավարությունն առհասարակ թմբիրի մեջ էր։ 2018-ը այն կուլմինացիոն պահն էր, երբ այդ կումուլացված էներգիան դուրս հորդաց եւ մենք ականատեսը եղանք այն հեղափոխական գործընթացների, որոնք բերեցին իշխանափոխության։ Մարտի 1-ի գործը, որ այդ ժամանակահատվածից ի վեր սկսվեց արդյունավետ քննվել, ըստ էության, այն մասին էր, որ այդպիսի իրադարձություններ եւ միջամտություններ, մահաբեր ուժի այդպիսի կիրառություն ժողովրդի սահմանադրական իրավունքների նկատմամբ անթույլատրելի է, եւ այն գործադրած պաշտոնյաներն ու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, որ այդպիսի պատասխանատվությունը լինելու է անխուսափելի, թեկուզ 10, կամ 15 տարի անց։ Մարտի 1-ի գործը չափազանց խորհրդանշական ուղերձ ուներ նաեւ, որ ժողովրդի իշխանության նկատմամբ ոտնձգությունները, վաղ թե ուշ, պատժվելու են։ Այսօր, այս որոշմամբ, ՍԴ-ն ոչ միայն վերահաստատում է իր՝ նախկինում ձեւավորած եւ պարբերաբար արտահայտած ուղերձը առ այն, որ ձեր՝ 2-րդ հոդվածով ընտրության իրավունքի, իշխանության ձեւավորման իրավունքի հարցը լուծեք փողոցում, այլ նաեւ վերահաստատում եւ խորացնում է այն, որ այդ դեպքում ձեր նկատմամբ բռնությունների հետ կապված հարցերը եւս պետք է լուծեք ինքնուրույն։

Սա չափազանց վտանգավոր մի գիծ է, որը ՀՀ ՍԴ-ն այսօր քաշելով, Հայաստանում ստեղծում է մի իրավիճակ, երբ ժողովուրդը զրկված է Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված ժողովրդավարության իր բոլոր զենքերից, մեն-մենակ է փողոցում, տանը, երկրում՝ իր նկատմամբ ոտնձգող ներքին հրոսակախմբերի դեմ պայքարում»,- նշել է Եգորյանը։

Արդյո՞ք նշանակում է, որ ՍԴ այդ որոշումը արդարացնում է Մարտի 1-ին հանուն իշխանության հեղված արյունը։

Ըստ Եգորյանի` եթե կարճ, այո, այն թույլատրում է հաղթահարել ժողովրդի իշխանությունը ցանկացած գնով եւ միջոցով, այն, ըստ էության, բացում է դարպասները միգուցե եւ քաղաքացիական բախումների համար, իսկ եթե մի քիչ պաթոսով ասել, ապա «այն բացում է դժոխքի դարպասները»։

Ըստ Եգորյանի` այն արարքները, որոնք քրեորեն հետապնդելի էին 300․1 հոդվածով, այսպիսով այս պահին քրեորեն հետապնդելի չեն։

Այսինքն, նույն գործողությունը կարող է տեղի ունենալ Երեւանում նաեւ այսօ՞ր․ Եգորյանի կարծիքով «շատ ավելի վատ դրսեւերումներով»։

«Բայց ես կարծում եմ, որ շատ ավելի կարեւոր եւ պարզեցնող իրավիճակ է ստեղծում․ երբ այն նկարագրվում է, գուցե անհավանական է թվում, կամ դավադրությունների տեսության ինչ-որ մի ածանցյալ մաս, բայց ունենք մի իրավիճակ, որտեղ առավելագույնս հստակեցվել եւ մերկացվել է այն, որ ցավոք, բայց առաջիկայում եւս, ինչպես սկսած Ղարաբաղյան շարժումից, ՀՀ-ում ժողովրդի իշխանության եւ ժողովրդավարության, եւ ՀՀ ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդը դեռ պետք է ինքն ու ինքնուրույն որոշի եւ պայքարի իր իշխանության եւ իրավունքների համար, եւ այդ պայքարը պետք է մղի ոչ միայն արտաքին թշնամիների, այլեւ՝ ներքին այն հակառակորդնների դեմ, որոնք արհամարհում են ժողովրդավարությունը։ Այդ ժողովրդավարության վրա հենված ինքնիշխանության արհամարհանքը դրսեւորվում էր մեծ հաշվով իշխանությունը պահպանելու նպատակով եւ պատճառաբանությամբ, իբր հօգուտ Ղարաբաղյան հարցի։ Այսինքն, արտաքին խնդիրների, մարտահրավերների լուծման կապակցությամբ հաղթահարվում էր ժողովրդի իշխանությունը։ Այժմ եւս, խնդիրը դրված է այդպես․  ինչպես մենք տեսնում ենք տարբեր քաղաքական գործիչների, կամ իշխանության յուրացման, բռնի միջոցներով զավթման նպատակ հետապնդող գործիչների վերջերս հնչող հայտարարություններից՝ ժողովրդի իշխանությունը երկրորդական է, եւ հետեւաբար, ժողովուրդն այս պահին կանգնած է շատ պարզ եւ հստակ ընտրության առջեւ, ինչը, ըստ իս, ամփոփում է այն ցիկլը, որի մեջ մենք հայտնվեցինք ինչ-որ պահից․ ես շատ ստույգ այս պահին պնդել չեմ կարող, թե ո՞ր թվականից դա սկսվեց, որովհետեւ տարբեր բաղադրիչներ են եղել, բայց ինձ թվում է՝ այս դիսկուրսը՝ «Ժողովրդավարությո՞ւն, թե՞՝ պայմանական ասած՝ անվտանգություն», սկսել է դեռ 1994-ի վերջից-1995 թվականներից։ Այն հետո առավել խորացել է, հանգեցրել է ներքին լրջագույն պառակտումների՝ այդ թվում նաեւ ՀՀՇ-ում։ Մի կողմը համարում էր, որ այդ արտաքին մարտահրավերին դիմակայելու եւ այն հավուր պատշաճի լուծելու նպատակով կարելի է նաեւ ժամանակավորապես, այսպես ասած,  հետաձգել ժողովրդավարության զարգացումը։ Բայց, ցավոք, այդ ճանապարհը այդ թիմը չկարողացավ հետապնդել մինչեւ վերջ՝ կամքի, կամ այլ բանի հետեւանքով։ Դա հայտնի դարձավ մեզ 1998 թվականին, դրանից հետո էլ ժողովրդի իշխանությունը հաղթահարվում էր կրկին նույն պատրվակով։

Եւ այսօր, 2018-ի հեղափոխական իրադարձություններից հետո, ժողովուրդը նորից կանգնած է նույն խնդրի առջեւ, որովհետեւ իր բերած իշխանությունը, ցավոք, ժողովրդի իշխանության հաղթարշավն ապահովելու համար բավարար ռեսուրս չունեցավ, եւ հիմա  ժողովուրդը պետք է նորից վճռականորեն որոշում կայացնի եւ գործի ըստ այդ որոշման․ պաշտպանել իր իշխանությունը, հաստատել իր իշխանությունը, ընդ որում, մի փոքր ավելի բարդ խնդիր է դրված, քան 2018-ին։ Եթե 2018-ին ընտրությունը մեկն էր, այսօր ժողովուրդը պետք է առնվազն ավելի խոր քննարկում իրականացնի․ միայն մեկ ուժի լիարժեք վստահությունը բավարար չի լինելու։ Բայց միեւնույն ժամանակ, մեծ անելիք ունեն բոլոր այն ուժերը, որոնք ի տարբերություն այս մեր նկարագրած նախորդ շրջանում գործած ուժերի, ի զորու են համախմբվել եւ հայտ ներկայացնել, ներկայանալ ժողովրդին որպես նոր, այսպես ասած, մաքուր ընդդիմադիր դաշտի գործիչներ, որոնք եւս պետք է ստանան ժողովրդի մեջ վստահություն, եւ ժողովուրդը պետք է դուրս մղի բոլոր մնացած այն ուժերին որոնք նախորդ ամբողջ շրջանում, ըստ էության, այս արատավոր ցիկլի մասնակիցներն ու բաղադրիչներն են եղել»,- ասել է Եգորյանը։

Ի պատասխան այն հարցի, թե պատերազմի հետեւանքը կապ ունի՞ ՍԴ այս որոշման  հետ, Եգորյանը նշել է, որ խորապես վստահ է, որ 2018 թվականից ի վեր բոլոր այն խնդիրները, խոչընդոտները, ձախողումները, հատուկ գործողությունները, սաբոտաժները՝ այդ թվում կարեւորագույն քրեական գործերով, օրենսդրական նախաձեռնություններով, այդ ամեն ինչը փոխկապակցված է։

Իսկ արդյո՞ք ՍԴ որոշման վրա դրսի ճնշումը հավանական է։

Ի պատասխան այս հարցի Եգորյանն ասել է․

«Ես հստակ համոզմունք ունեմ, որ ՍԴ այսօրվա որոշումը այդ որոշման տակ ստորագրող, որպես դատավոր աշխատող անձանց ինքնուրույն եւ մտավոր ընկալման արդյունքը չէ լոկ։ Այն կոնկրետ խմբային, իր մեջ ընդգրկված անհատական շահերի սպասարկման նպատակ հետապնդող համաձայնությունների արդյունք է։ Սա, եթե կուզեք,  խորքային պետության հերթական հաղթանակն է ժողովրդի իշխանության նկատմամբ։ Ավելին, այս մասով ՍԴ-ն վերջին զենքը չէր․ եթե ՍԴ-ում հնարավոր չլիներ ապահովել այդ որոշումը, ապա մենք առաջիկայում ԱԺ-ում ունենք քվեարկության դրված քրեական դատավարության օրենսգիրքը, որով սահմանված կոնկրետ դրույթներ եւս փակելու էին Մարտի մեկի գործով 300․1 հոդվածով Քոչարյանի հանդեպ հետապնդումը։ Այսինքն, այս չարորակ ուռուցքի համակարգը շատ ուղղություններով հետեւողական աշխատանք է տարել եւ այն տալիս է իր արդյունքները»։