«Օմբուդսմենի ասուլիսից պարզ է դառնում, որ նրա հետ այդ քննարկումը վարել են կառավարության ֆինանսական բլոկի պատասխանատուները։ Եթե ֆինանսների նախարարը՝ ուսումնասիրելով բյուջեի վիճակը, հետպատերազմյան Հայաստանի ֆինանսների վիճակը, հանգել է այն եզրահանգման, որ պետական բոլոր մարմինների ֆինանսավորումը պետք է կրճատել, այդ թվում նաեւ ՄԻՊ գրասենյակինը, եւ այդ կրճատման խոչընդոտը օրենքի այն դրույթն է, ըստ որի ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող նախորդ տարվանից քիչ լինել, եւ ըստ այդմ են այդ քննարկումները ծավալվել, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են ի սկզբանե սլաքներն ուղղում «Իմ քայլի», կամ կառավարության ուղղությամբ․ չէ՞-որ Ատոմ Ջանջուղազյանը նախկինում եւս պաշտոնյա է եղել, եւ որեւէ կերպ այդ խմբակցության անդամ չէ։
Բայց ես ուղղակի չեմ հասկանում, թե այդ որոշակի բյուջետային կրճատումները ի՞նչ կերպ պետք է վերացնեն այդ ինստիտուտի անկախությունը ։ Ես հեռու եմ այն մտքից, որ ՄԻՊ-ի բյուջեն պետք է անպայման կրճատել․ բնականաբար, պետությունը հնարավորության սահմաններում պետք է ավելացնի մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ֆինանսավորումը, բայց, միեւնույն ժամանակ, մենք ունենք հետպատերազմական իրավիճակ, բազում խնդիրներ, տաս հազարներով փախստականներ, զոհվածների ընտանիքների կարիքներ, հաշմանդամություն ստացած զինծառայողներ,ուստի, չենք կարող այդ իրողությունների հետ հաշվի չնստել։ Այն, որ ՄԻՊ-ը այդ համատեքստում է հայտարարություններ է անում, հենց առաջին նախադասությամբ իր անկախության վերացման թեզն է առաջ քաշում, այդ փաստարկները համոզիչ չէին»։
Այդ մասին «Առավոտ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով ՄԻՊ-ի՝ վերջին ասուլիսում հնչեցրած տեսակետները։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ իր գրասենյակի ֆինանսավորումը նախատեսվում է կրճատել, թեեւ օրենքով յուրաքանչյուր տարի ֆինանսավորումը պետք է լինի ավելի շատ, քան նախորդ տարում։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ դա ուղղված է իր գրասենյակի անկախության վերացմանը։
Ասուլիսի ժամանակ ՄԻՊ-ը հայտարարել է, թե կան պետական մարմիններ, որոնց ֆինանսավորումը, սակայն, չի կրճատվել։ Հակոբյանի խոսքով, այդ համեմատությունները եւս սխալ են, հատկապես, եթե չի նշվում, թե կոնկրետ ո՞ր մարմինների մասին է խոսքը, որքա՞ն աշխատակազմ ունեն դրանք, ի՞նչ գործառույթներ են իրականացնում, եւ ըստ այդմ, արդյո՞ք դրանք համադրելի են ՄԻՊ գրասենյակի հետ։
Հարցին, որ տեսակետներ կան, թե իշխանությունները պատժում են ՄԻՊ-ին, կա՞ իրականում նման միտում, Հակոբյանը պատասխանել է․
«Երեւի նկատի ունեն այն, որ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող տարբեր զգայուն հարցերին հրապարակային դիրքորոշում է արտահայտել, եւ այդ դիրքորոշումները հաճախ եղել են իշխող խմբակցության, կամ կառավարության դեմ, եւ, ըստ էության, այդ պատճառով են այդպես գնահատում ու այդ թեզերը շրջանառում։ Չեմ կարող ասել՝ դա այդպե՞ս է, թե՞՝ ոչ։ Բայց ինձ արժանահավատ է թվում այն, որ հետպատերազմյան իրավիճակում գտնվող մեր պետությունը՝ ունենալով բազում խնդիրներ, կրճատումներ է անում ֆինանսական ոլորտում։ Եւ իմ տեղեկություններով, դա ոչ միայն նախարարությունների ֆինանսավորմանն է վերաբերվել, այլեւ՝ դատական համակարգի, այլ տարբեր ինստիտուտների ֆինանսավորմանը։ Այսինքն, ֆինանսավորման լայնամասշտաբ կրճատումներ են իրականացվել։ Եւ դա ընդամենը տրամաբանական էր այս իրավիճակում»։
ՄԻՊ-ը հայտարարել էր նաեւ, որ սա կարող է ազդել նաեւ իր գրասենյակի ակրեդիտացիայի վրա։
Հակոբյանը նշել է, որ ակրեդիտացիան իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների համաշխարհային դաշինքը, որտեղ երեք կարգավիճակներ կան՝ A, B, C։ Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը 2006 թվականից ի վեր ունեցել է A կարգավիճակը։ Եւ ըստ այդ դաշինքի կարգավորումների` կարգավիճակի վերանայումները տեղի են ունենում յուրաքանչյուր 5 տարին մեկ։
«Նախորդ վերանայումները տեղի են ունեցել 2013-ին եւ ապա 2019-ի մարտին։ Այսինքն, տրամաբանական է, որ հաջորդը, եթե այլ հատուկ հանգամանքներ ի հայտ չգան, տեղի է ունենալու 2024 թվականին, կամ՝ անգամ ավելի ուշ։ Հատուկ վերանայում կարող է իրականացվել եթե բացառիկ հանգամանքեր ի հայտ գան, որոնց վերաբերյալ իրավապաշտպան հանրությունը կդիմի այդ կառույցին։ Օրինակ՝ Մեքսիկայի դեպքում էր նախորդ տարի եղել նման դեպք, երբ իրավապաշտպան հանրությունը դիմել էր եւ ասել, որ այդ ազգային ինստիտուտի ղեկավար կազմի ընտրության ժամանակ եղել է շահերի բախման իրավիճակ, եւ դրա հետ կապված հատուկ վերանայում է արվել։ Այս դեպքում, ո՞վ պետք է դիմի այդ մարմնին, եթե, իհարկե, ՄԻՊ-ը չանի այդ վատությունը իր սեփական ինստիտուտին, ինչի հողն, ի դեպ, նախապատրաստում էր՝ առաջինը հայտարարելով, որ դա իր անկախությունը վերացնելուն է ուղղված։ Եթե ինքը չգրի նման հիմնավորումներ, չեմ կարծում, որ այնտեղ օդից որոշեն կարգավիճակի վերանայում իրականացնել»,- ասել է Հակոբյանը։
Հակոբյանը նաեւ հիշատակել է նշյալ ենթակոմիտեի 2019 թվականի Հայաստանի վերաբերյալ զեկույցը։ Այնտեղ, նրա խոսքով, բավականին առաջարկություններ կան, որոնք ՄԻՊ-ը պետք է իրականացներ, սակայն, այդ ուղղությամբ քայլեր կամ չեն ձեռնարկվել, կամ՝ գրեթե չեն ձեռնարկվել։
Մասնավորապես, Հակոբյանի խոսքով, ՄԻՊ-ին առաջարկվում էր ակտիվորեն խթանել տարածաշրջանային եւ միջազգային կոնվենցիաների ընդունումն ու վավերացումը, եւ մասնավորապես, ուժեղացնել օրինակ՝ ԼԳՏԲ համայնքի և կանանց իրավունքների պաշտպանությունը։
Առաջարկ է եղել նաեւ մեծացնել Օմբուդսմենների ընտրության պրոցեսի թափանցիկությունը, մրցակցայնությունը, եւ հասնել նրան, որ դա օրենսդրորեն կարգավորվի, եւ հենց ՄԻՊին են առաջարկել այդ հարցում առաջատար դեր ստանձնել եւ խթանել այնպիսի մրցութային ընթացակարգերի ներդրումը օրենսդրության մեջ, որոնցով հնարավոր կլիներ առաջնորդվել հաջորդ Օմբուդսմենի ընտրության ժամանակ։
«Բայց հետաքրքիր է այն, որ ինքը օրինակ այս պրոցեսի շրջանակներում 2019 թվականին մատնանշել է, որ Օմբուդսմենների ընտրության գործընթացը Հայաստանում միշտ եղել է թափանցիկ, մրցակցային։ Բայց մեր երկրում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր նախկին Օմբուդսմենների պարագայում կայացվել են քաղաքական որոշումներ, եւ որեւէ մրցակցային, կամ թափանցիկ գործընթացի մասին մենք խոսել չէինք կարող։
Իր ասուլիսում Արման Թաթոյանը նաեւ Ադրբեջանի Օմբուդսմենի հետ էր համեմատություններ տանում, որ՝ ա՛յ, այդ դրույթը, որ ՄԻՊ-ի ֆինանսավորումը չի կարող նախորդ տարվանից քիչ լինել, իրենք նույնությամբ ներդրել են իրենց օրենսդրության մեջ եւ հիմա դիմել են A կարգավիճակի համար։ Բայց եթե Ադրբեջանը հազար նման դրույթ էլ ներմուծի իր օրենսդրության մեջ, այնտեղ իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը 0 հավանականություն ունի, որ երբեւէ A կարգավիճակ կստանա, եթե այնտեղ լուրջ դեմոկրատական փոփոխություններ չլինեն, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ առաջընթաց չլինի։ Ուստի, եթե ինքը չի ցանկանում իր կարգավիճակով հավասարվել Ադրբեջանի իր գործընկերոջը, ապա ավելի լավ է ինքը նման ասուլիսներ ու նման հայտարարություններ քիչ անի։
Այդ բոլոր հայտարարությունների ամբողջականությունը մի քիչ այլ բան է հուշում․ իր հայտարարություններով ինքը հիմնականում այսօրվա իշխանության վրա է սլաքները ուղղում, թեեւ այդ կարիքների հարցը իր առջեւ, ըստ երեւույթին, դրվել են ֆինանսների ոլորտի պատասխանատուների կողմից։ Ես այս հարցում չեմ ցանկանում ամենեւին այսօրվա իշխանության պաշտպանի դերում հանդես գալ, բայց մեր ներկայիս իրավիճակը մենք չենք կարող հաշվի չառնել»,- նշել է Հակոբյանը։
Դիտարկմանը, որ նախկին Օմբուդսմենները ավելի քիչ բյուջեներով եւ ավելի խիստ քաղաքական պայմաններում են աշխատել, Հակոբյանն արձագանքել է, որ անխոս, իրավիճակները տարբեր են եղել, բայց, իհարկե, Արման Թաթոյանը ամենաբարենպաստ իրավիճակում է աշխատել եւ աշխատում․ երբ նա ընտրվել էր՝ «կառավարությունում իր գործընկերներն էին իշխանության, նույն Արփինե Հովհաննիսյանը, եւ այլք, որոնց մոտ նա երկար ժամանակ աշխատում էր, ինքը այդ քաղաքական թիմից էր, դրանից հետո էլ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ոչ մի կերպ համեմատելի չէ 2018-ից առաջ եղած իրավիճակի հետ, այս առումով էլ ամենաբարենպաստ իրավիճակում է աշխատել»։
Հակոբյանը անդրադարձել է նաեւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդրին․ ներկայում ակտիվորեն քննարկվում է ԸՕ-ն փոխելու հարցը, արդյո՞ք գործող ԸՕ-ն խոչընդոտ կարող է լինել այդ ընտրությունների համար։
«Ես դեռ նախորդ տարվանից, երբ բոլորը բացառապես արտահերթ ընտրություններից էին խոսում, միակներից եմ եղել, որ ասել եմ՝ ընտրական միջավայրը խիստ անբարենպաստ է արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, մանրամասնել եմ, որ խնդիրներ կան ոչ միայն ԸՕ-ի, այլեւ հարակից օրենսդրության հետ, ընտրական հանձնաժողովների հետ կապված ռիսկերն եմ բարձրաձայնել։ Մենք ներկայում մի ԿԸՀ ունենք, որի կազմը, ինքս՝ որպես դիտորդատական առաքելության ղեկավար, տեսել եմ, թե ինչպես է տարբեր բողոքների կապակցությամբ միաձայն քվեարկում։ Կազմը նույնն է մնացել, 2016 թվականին իրենք վերընտրվել են, կարծեմ՝ 6 տարով, եւ իրենք այնտեղ դեռ մնալու են, եւ այս հետպատերազմյան փուլում տարբեր պետական մարմինների մատուցած անակնկալների ֆոնին ռիսկը մեծ է, որ վաղն էլ այդ նույն ԿԸՀ-ն, ինչպես նաեւ ՏԸՀ-ները, նույն անակնկալը կմատուցեն։ Այո, ԸՕ-ն խնդիրներ ունի, այդ մասին բազմիցս է խոսվել եւ այդ լուրջ խնդիրները պետք է վերացվեին նախքան արտահերթի գնալը։ Հիմա էլ այս պատճառաբանություններն են բերվում, իբրեւ թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն են սպասում․ տարիներ շարունակ, դեռ նախորդ իշխանությունից սկսած, մարդկանց բացատրում էինք, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական բնույթի կարծիքներ է տալիս։ Եւ վերջապես, այս Ընտրական oրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը հաստատապես նախկինում կարծիք տվել է․ ի՞նչն է խանգարում վերցնել նախկին կարծիքը եւ ըստ այդմ փոփոխել»,- ասել է Հակոբյանը։
Դիտարկմանը, որ անհասկանալի է նաեւ «17+» ֆորմատով ընդդիմադիրների պահվածքը, որոնք հայտարարել են, թե հրաժարվում են մասնակցել Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին, ի՞նչն է վախեցնում իրենց, Հակոբյանը արձագանքել է, որ վախը գալիս է այն փաստից, որ ժողովուրդը իրենց կողքին չէ։
«Այն օպերացիաները, որ իրենք պլանավորում են եւ հրապարակ են նետում, դրանք իրենց ուզած կերպով չեն հանգուցալուծվել, քանի որ առայսօր ժողովուրդը իրենց կողքը կանգնած չէ, եւ իրենց պարագայում ռիսկերը մեծ են, որ այն օպերացիաները, որ իրենք էլի կերկնեն, եւ կփորձեն ընտրական պրոցեսների վրա ազդել, դրանք եւս կարող է իրենց համար ցանկալի վերջնարդյունք չունենան։ Բայց մեկ այլ ավելի լուրջ բան կա․ իրենք երբեք էլ չէին ցանկանում, որ ընտրություններ լինեն, իրենց ծրագիրը ի սկզբանե այն էր, որ տեղի ունենա հեղաշրջում։ Իրենք ժողովրդավարական պրոցեսները ոչ խթանել են, ոչ էլ՝ ջատագովել, իրենք ի սկզբանե իմացել են, որ այդպիսի պրոցեսներով իրենց իշխանության գալն ուղղակի բացառված է, ուստի եւ հակասահմանադրական ճանապարհներն են ջատագովել »,- նշել է Հակոբյանը։
Եթե ԸՕ-ն չփոխվի եւ գործի այս ռեյտինգային համակարգը, արդյո՞ք վտանգ կա, որ հին ընտրական երեւույթները նորից գործի կդրվեն։
Ըստ Հակոբյանի, այդ երեւույթները ամեն դեպքում գործի են դրվելու։
«Ես կասկած չունեմ, եւ նաեւ որոշ ուժերի գործիչների տարբեր հայտարարություններից է դա արեւում, նրանք անթաքույց հայտարարում են, որ անգամ ընտրություններն իրենց պայքարը չեն նվազեցնելու, իրենք նույն կերպ իրենց ջանքերը շարունակելու են, այսինքն, այս առումով, մենք չպետք է պատրանքներ ունենանք։ Եւ այդ առումով, ինձ համար այս արտահերթ ընտրությունները ավելի շատ կեղծ օրակարգ էին, եւ ես դրանք երբեք չեմ էլ ջատագովել, ուղղակի, որոշ շրջանակներ համարում էին, որ այսպես ասած՝ ժողովրդի սասանված վստահության վերահստատման համար դա անհրաժեշտ է։ Բայց իմ կարծիքով, նախ ընտրական միջավայրն էր անբարենպաստ, ապա՝ դա էլի շատ մեծ ծախս է պետության համար, էլ չասած, որ անգամ պատգամավորների թիվը չի նախատեսվում նվազեցնել»,- նշել է Հակոբյանը։
Այդուհանդերձ, արդյո՞ք պետք է արտահերթ ընտրություններից առաջ շուտափույթ փոխել գործող ԸՕ-ն։ Ըստ Հակոբյանի՝ միանշանակ։
