«Այդ տարընթերցումներն, ըստ իս, պարզունակ սոփեստություններ են, եւ եթե դրանք հաղթահարելի են տրամաբանության, սթափ դատողության եւ ճգնաժամերը լուծելու պատրաստակամության շրջանակներում, ապա չկա տարընթերցում, եթե հաղթահարելի չեն, ուրեմն՝ գործ ունենք սոփեստությանը զոհ գնալու հետ։ Խնդիրը Սահմանադրությունը լուծում է, եւ այն միակ փաստարկը, թե բառացի նշված չէ <ազատում> բառը, դա այնքան պրիմիտիվ պնդում է, որ իմաստ չունի քննարկել։ ։ Հստակ է, որ երբ դու մեկ սուբյեկտի լիազորություն ես շնորհում, որով նա պետք է Սահմանադրության մի շարք այլ կարեւոր դրույթների, պետական կարգի կատարումն ապահովի, ապա այդ լիազորության բոլոր բաղադրիչները եւս շնորհվում են։ Եթե դու տալիս ես նշանակման, այն ենթադրում է նաեւ ազատման լիազորություն։ Որովհետեւ վարչպետը նշանակում է կատարում միայն Սահմանադրությամբ իր վրա դրված մյուս լիազորությունների պատշաճ կատարման նպատակով։ Այսինքն, ԳՇ պետի նշանակումը եւ ազատումը վերապահված է բացառապես վարչապետին։ Նա պետք է կարողանա ազատել, որպեսզի ըստ անհրաժեշտության, նոր նշանակում կատարի։ Այո, ազատման պատճառը պարտադիր չէ, որ լինի չափազանց եւ մինչեւ վերջին դետալը բացատրելի, նույնիսկ այնպիսի հանգամանքները, որոնք փաստացի անհնարին են դարձնում վարչապետի կողմից իր սահմանադրական լիազորությունների արդյունավետ կիրառումը, կարող է հիմք հանդիսանալ ԳՇ պետի ազատմանը»։
Այդ մասին հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգրոյանը 1in.am-ի տաղավարում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԶՈւ ԳՇ հայտնի հայտարարության շուրջ կատարվողը ունի սահմանադրական լուծում՝ առանց տարընթերցումների։
Կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ հավելել է, որ նույնկերպ, երբ Սահմանադրությունը սահմանում է կառավարության ձեւավորման կարգը, այդ դեպքում եւս ոչ մի տեղ չի նշվում, որ վարչապետը նաեւ ազատում է նրանց։ «Բայց չէ՞-որ վարչապետն ունի այդ լիազորությունները։ Դա բխում է նրանից, որ կառավարությունն ամբողջական մարմին է եւ ենթակա է։ Նույնկերպ էլ Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, պատերազմական իրավիճակում գերագույն հրամանատարը վարչապետն է, ոչ պատերազմական իրավիճակում ղեկավարում է պաշտպանության նախարարը, եւ այդ կարգավորումներից բխում է, որ վարչապետն ունի նաեւ ազատման լիազորություն»,- նշել է Հակոբյանը։
Մեկնաբանելով որոշ իրավաբանների այն պնդումները, թե Սահմանադրության մեջ հատուկ չի նշվել «ազատում» բառը, որ Զինված ուժերը անկախ մնան եւ զերծ լինեն քաղաքական ուժերի հարաբերակցությունից, Տիգրան Եգորյանն ասել է․
«Սա գիտե՞ք ինչպիսի տգիտություն է պետության եւ իրավունքի եւ իշխանության թեւերի տարանջատման նպատակի եւ առհասարակ պետության արդյունավետ գործարկման նպատակների ու սահմանադրական կարգավորումների մասին։ Նման դատողությունները չափազանց վտանգավոր են, եթե չասենք, որ դրանք խոսում են այդ մարդկանց մասնագիտական որակների մասին։ Եթե Զինված ուժերը ստանան իշխանության առանձին թեւի կարգավիճակ, դա նշանակում է, որ դադարում է Սահմանադրության անփոփոխելի 1-ին եւ 2-րդ հոդվածների գործողությունը։ Որովհետեւ ցանկացած պահի այս իշխանությունը, ունենալով ուժի գործադրման հնարավորություն՝ կարող է թելադրել պայմաններ իշխանության մյուս ճյուղերին։ Նման դատողություններ անող մարդկանցից կարելի է սպասել, որ հայտարարեն նաեւ, որ լավ սահմանադրագետ լինելու համար ձախ կիսագունդը պետք է անկախանա աջից։
Այս ամբողջ պրոցեսի եւ իրար հաջորդող ակտերի նպատակը ժողովրդի իշխանության հաղթահարումն է, սակայն, այնպիսի ուժի կիրառմամբ, որը արտաքուստ քողարկված կլինի ինչ-որ իրավական շղարշով, իրականում, սակայն, այստեղ որեւէ իրավական հնարավորություն չկա ԶՈւ ԳՇ կողմից նման քաղաքական հայտարարության եւ պահանջի։ Եթե այն իրականացվեց, ապա հանգեցնում է սահմանադրական կարգի տապալման․ 2-րդ Հոդվածով ժողովրդի իշխանության գործողության դադարեցման, ժողովրդի ընտրության միջոցով գործող իշխանության լիազորությունների դադարեցման, եւ այդ իշխանությանը իրենց լիազորություններից բխող գործողություններ պարտադրելուն։ Այս երկու հանցակազմերով դրսեւորվող արարքներ են, որոնք փորձել են սքողել քվազիիրավական պրոցեսներով»։
Հարցին, թե որտե՞ղ ձախողվեց այդ փորձը, Լուսինե Հակոբյանը պատասխանել է․
«Ըստ իս, դա ուղղակի ի սկզբանե լավ չմտածված օպերացիա էր, այսպես ասած՝ մի քայլանի օպերացիա։ Երբ որ հիմա հետահայաց նայում ես այդ ամբողջ իրավիճակին, ցավով արձանագրում ես, որ պատերազմում էլ մենք դատապարտված էինք՝ այսպիսի ստրատեգիկ մտածողությամբ մարդկանց այսպիսի հաշվարկների պայմաններում։ Եթե մեր գեներալիտետը ուղղակի անում է հայտարարություն, եւ հետագա քայլերի մասին չի մտածում, եւ պլան չունի, ապա զարմանալի չէ, որ մենք պատերազմում նման մասշտաբի անհաջողություն ունեցանք»։
Իսկ ի՞նչ դիրք է գրավել այս իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանը։
Ըստ Տիգրան Եգորյանի, Սարգսյանը քաղաքական նկատառումներով պայմանավորված քաղաքական դիրքավորումներ է իրականացնում։ Եւ սա, ըստ նրա, արդեն 4-րդ դեպքն է, երբ նախագահը չի կատարում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։
«Լիազորություններից ոչ մեկը չի իրագործում եւ իրավիճակը հանգուցալուծվում է նման իրավիճակներում պետական համակարգի կոլապս թույլ չտալու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված այլ կարգավորմամբ։ Այսինքն, այն, որ իրավունքի ուժն է գործադրվում, դա ոչ թե նախագահի իրավունքն է, կամ լիազորությունը, այլ այն վրա է հասնում, երբ նախագահը ձախողում է իր վրա Սահմանադրությամբ դրված պարտականությունների կատարումը։ Թյուր ընկալում է, որ եթե նա ստորագրում է, այդպիսով կողմնապահություն է դրսեւորում, դա Սահմանադրությամբ նախատեսված մի ընթացակարգ է, որի նպատակը որոշումների թրծումն է, որոշումների ավելի առարկայական, առանձին սուբյեկտների կարծիքների բախման միջոցով առավել բարձր քննարկման եւ որակական արդյունք ապահովումը։ Հիմա եթե նախագահը սա անում է, եւ ստորագրում է, դրանով նա այդ որոշման կողմ չի դառնում։ Բայց երբ նախագահը դա չի անում, ուրեմն կոնկրետ քաղաքական նկատառումներով գործառույթներ է իրականացնում»,- ասել է Եգորյանը։
Իսկ այն, որ Արմեն Սարգսյանը ՍԴ է ուղարկել այն օրենքը, որով վարչապետը պաշտոնանկ է արել Օնիկ Գասպարյանին, դա ի՞նչ հետեւանքներ է ենթադրում։
Լուսինե Հակոբյանի խոսքով, կոնկրետ այս հրամանագրի գործողության համար այլեւս որեւէ հետեւանք չի ենթադրում, քանի որ ազատման հրամանագիրը ուժի մեջ է մտել եւ այս նոր նշանակման հրամանագիրն էլ ուժի մեջ կմտնի։ ՍԴ մասին օրենքն, ըստ նրա, հստակ է՝ ՍԴ որոշումները հետադարձ ուժ չեն կարող ունենալ։ Իսկ եթե ՍԴ-ն ինչ-ինչ դիրքորոշումներ արտահայտի, եւ դրա համար օրենսդրական փոփոխություններ պահանջվեն, կառավարությունը պետք է օրենքի նոր նախագիծ մշակի եւ ԱԺ-ն քննարկի։
Իսկ այն, որ Օնիկ Գասպարյանը իր ազատումը վիճարկելու համար դիմել է Վարչական դատարան, Տիգրան Եգորյանը անիմաստ գործողություն է համարում։ Ավելին, ըստ Եգորյանի, դա Գասպարյանի որոշումը չէ։ Նա հիշեցրելն է, որ դրա մասին հարցազրույցներում տարբեր իրավաբաններ էին խոսում․ խոսքը այն իրավաբանների մասին է, որոնք սպասարկում են սահմանադրութանը հակասող հեղաշրջման ձգտող խմբերին։
«Վարչական դատարանը չի կարող քննարկել այս հարցը, քանի որ այն ըստ Սահմանադրության, պետք է եւ կարող է քննարկել ՍԴ-ն՝ նախագահի դիմումի հիման վրա, այդպիսի դիմումի բացակայության պարագայում որեւէ այլ իրավասու սուբյեկտ չկա, որ կարող է այդ հարցը բարձրացնել։ Մյուսը իրավունքի հարցն է, կոնկրետ Օնիկ Գասպարյանն ի՞նչ անհատական իրավունք է վիճարկում, իր ո՞ր իրավունքն է խախտվել, գլխավոր շտաբի պետ լինելո՞ւ իրավունքը։ Չկա այդպիսի իրավունք։ Այն, որ իրեն ազատել են, ինքը ինչ-որ մի տեղ վարձու աշխատող չէ, որ աշխատանքային օրենսգրքով երաշխիքներ ունենա։ ԳՇ պետը բարձրագույն պաշտոնների ցանկի պաշտոններից մեկն է, եւ այն չի ենթադրում նման իրավունքներով պաշտպանվածություն։ ՄԻԵԴ-ն էլ նման որոշումներ ունի, այդ թվում Հայաստանի մասով, ՄԻԵԴ-ն սահմանում է, որ կան որոշակի պաշտոններ, որոնց մասով ազատումները պետության բացարձակ հայեցողությունն է»,- ասել է Եգորյանը։
Լուսինե Հակոբյանն էլ զինվորականություն-քաղաքական իշխանության վերաբերյալ ուշագրավ օրինակներ է բերել ԱՄՆ պատմությունից։
«Վերջին դեպքը եղել է Բարաք Օբամայի եւ գեներալ ՄըքՔրիսթալի կոնֆլիկտը․ այդ գեներալը հրապարակավ սարկաստիկ կարծիք է հայտնել այն ժամանակ փոխնախագահ Բայդենի վերաբերյալ, եւ ստիպված է եղել հեռանալ իր պաշտոնից։ Իսկ առավել բուռն, փոթորիկ առաջացրած օրինակը եղել է Տրումանի նախագահության օրոք։ Իրենք լեգենդար գեներալ ՄքԱրթուր են ունեցել, որը կարեւոր դերակատարություն է ունեցել երկրորդ աշխարհամարտի ժամանակ, տարբեր հաջող ռազմական գործողություններ է իրականացրել Ֆիլիպիններում, Հյուսիսային Կորեայում եւ այլն, բայց Հյուսիսային Կորեայի պատերազմի ժամանակ լուրջ տարաձայնություններ են ծագել Տրումանի ադմինիստրացիայի՝ քաղաքական իշխանության, եւ այդ գեներալի միջեւ, քանի որ նա ցանկացել է շարունակել այդ պատերազմը, իսկ քաղաքական իշխանությունը մտավախություն է ունեցել, որ այդ պատերազմի շարունակականության դեպքում Չինաստանը կներքաշվի, եւ արդեն միջուկային զենքերով լուրջ պատերազմ կծավալվի։ Գեներալը, հակառակ քաղաքական իշխանության որոշումների, դիվանագիտական կորպուսի հետ աշխատանքներ է ծավալել, բայց արդյունքում նրան ազատել են պաշտոնից, որովհետեւ քաղաքական իշխանության հետ տարաձայնություն է ունեցել, թեեւ չի համարվել, որ նա ինչ-որ հանցագործություն է կատարել։ Ուղղակի տարաձայնությունների արդյունքում, բնականաբար, քաղաքական իշխանությունը պետք է մնար, իսկ զինվորականությունը, որը քաղաքացիական իշխանության վերահսկողության տակ է գտնվում, պետք է զիջեր իր տեղը»,- նշել է Հակոբյանը։
Իսկ գեներալների ընդվզման ի՞նչ իրական պատճառ կարող է լինել։
Տիգրան Եգորյանի խոսքով, ըստ երեւույթին, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը պատասխանատվության մեջ բաժին ունեն։
«Կարծում եմ, որ պատասխանատվության մեծ բեռ կա, եւ ինձ թվում է եւ գնալով համոզվում եմ այն բանում, որ սա մի քայլ էր այդ պատասխանատվության բեռը ամենաէժան ու ստոր ճանապարհով ուղղակի բարդելու քաղաքական իշխանության վրա։ Ես Նիկոլ Փաշինյանին երբեք ուժեղ պաշտպանություն չեմ տրամադրել, բայց այստեղ շատ հստակ է, պատերազմի հետ կապված բոլոր կարեւորագույն դրվագները երբ փորձ է արվում բարդել բացառապես քաղաքական իշխանության վրա, ես այդտեղ մեծագույն խնդիր եմ տեսնում, եւ պատասխանատվությունից խուսափել ցանկացող անձանց մեծ թիվ։ Որովհետեւ եթե նրանք բավարար դիսցիպլինա, համարձակություն ունենային եւ իրենց պարտքը կատարելու պատրաստակամություն, մենք դրա մասին կարող է չիմանայինք էլ, բայց իրենք ամեն գնով վարչապետի կյանքը դժոխքի կվերածեին, եւ ամեն օր կոնկրետ խնդիրներով քննարկումները կգերակայեին, եւ ոչ թե այսպիսի ինտրիգների շուրջ այսքան երկար ժամանակ ու ռեսուրս վատնեին։ Ես սարսափում եմ, որ եթե հանկարծ ինչ-որ նոր սարսափելի բան տեղի ունեցավ, նոր վտանգ առաջացավ, ո՞րն է լինելու այս ամբողջ ընթացքում դրան չպատրաստվելու պատասխանատուների շրջանակը եւ գինը»,- նշել է Եգորյանը։
Լուսինե Հակոբյանն էլ հավելել է․
«Այս ժամանակի կորուստը մեր վրա իրոք կարող է շատ թանկ նստել։ Մենք հիմա պետք է հստակ պլան ունենայինք, թե պահեստազորայինների համակարգն ինչպես է աշխատելու, մենք պետք է պլան ունենայինք, թե եթե Աստված չանի, եւս մի արհավիրքի առջեւ կանգնենք, կամավորականների ներուժն ինչպե՞ս պետք է կազմակերպվի, ինչ-որ ծրագիր, ճանապարհային քարտեզ մշակվե՞լ է, թե՞՝ ոչ։ Թե՞ մենք էլի բախվելու ենք մի իրավիճակի, երբ մեզ էլի ասելու են՝ վստահեք մեր բանակին, վստահեք իշխանությանը, իսկ վերջում էլի կանգնելու ենք սարսափելի իրողությունների առջեւ»։
