Իրավունքի ուժով Գասպարյանի պաշտոնավարումը համարվում է դադարեցված․ Լուսինե Հակոբյան

«ԳՇ հայտարարությունը իրավաչափ չէր․ Սահմանադրության 14-րդ Հոդվածը սահմանում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ, որ նրանք ապահովում են անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ այլն, բայց իրավունք չունեն քաղաքական հայտարարություններ անել՝ իրենց հայեցողությամբ»։

Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Հարցին, թե արդյո՞ք ԶՈւ ղեկավարությունը չի կարող նման հայտարարություն անել, եթե երկրի անվտանգության հարցում վտանգ է տեսնում քաղաքական ղեկավարությունից, Հակոբյանը պատասխանել է․ «Այդ որոշումները վերապահված են քաղաքական իշխանությանը։ Նման տրամաբանությամբ ցանկացած կառույց կարող է ամեն օր անվտանգային նկատառումներից ելնելով հազար ու մի գործողություններ ձեռնարկել, որոնք կխարխլեն պետության հիմքերը։ Դրա համար հստակ գոյություն ունի սահմանադրական կարգ եւ սահմանադրական կարգի հիմունքներ բաժնում հստակ ամրագրված է այդ սկզբունքը, եւ դա նորություն չէ, եւ ոչ էլ մի բան, որ հատուկ է միայն մեր Սահմանադրությանը․ դա ժողովրդավարության հիմնաքարային սկզբունք է, եւ բոլոր ժողովրդավարական պետություններում այն գործում է։ Դա անգամ պետությունների համար ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին անդամակացելու պայման է, որ ԶՈւ-ն չի կարող գտնվել քաղաքացիական վերահսկողությունից դուրս, այսինքն, պետության եւ հասարակության համար կարեւորագույն որոշումները կայացնում են այդ պետության ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները, եւ ԶՈւ-ն նման հարցերում ասելիք չունի։ Իսկ եթե նրանք համարում են որ վտանգ կա, պետք է այդ հարցերը բարձրացնեն կառավարության մոտ․ գոյություն ունի ԱԽ, սահմանված այլ ընթացակարգեր, պետք է գնան այդ ընթացակարգերով»։

Անդադառնալով այդ հայտարարությունից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու շուրջ ստեղված իրավիճակին եւ դրա վերաբերյալ մեկնաբանություններին՝ Հակոբյանը նշել է, որ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ վարչապետը ներկայացնում է առաջարկություն ԶՈւ հրամկազմի նշանակման եւ ազատման վերաբերյալ, եւ նախագահը այդ հրամանագիրը կամ ստորագրում է, կամ՝ ուղարկում է ՍԴ։ Բացի դրանից, Հակոբյանի խոսքով, այդ հարցերը մանրամասն կարգավորվում են «Զինծառայության մասին եւ Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով․ 40-րդ Հոդվածը, մասնավորապես, սահմանում է բարձրագույն հրամանատարական կազմի պայմանագրային զինծառայողների ազատման հիմքերը, եւ դրա 3-րդ մասում ասում է, որ բարձրագույն հրամկազմին կարելի է ազատել անկախ օրենքում նշված ազատման հիմքերից։ Այսինքն, անկախ 40-րդ հոդվածում թվարկված հիմքերից կարգավորում է, որ ազատումը հայեցողական լիազորություն է։

Սակայն, կան իրավաբաններ, որոնք պնդում են, թե վարչապետն իրավունք չուներ պաշտոնանկ անել Օնիկ Գասպարյանին։ Մեկնաբանելով այդ պնդումները՝ Հակոբյանն ասել է․ «Այդ կարծիքները հենվում են հիմնականում այն կարգավորման վրա, որ ԶՈւ ԳՇ պետի նշանակման կարգում սահմանված է ընթացակարգ, բայց Սահմանադրությունը որեւէ բան չի ասում ազատման մասին, այսինքն, Սահմանադրության մեջ ազատում բառը չկա։ Բայց այդ տրամաբանությամբ մեր Սահմանադրությունը 150-րդ հոդվածով կարգավորում է կառավարության կազմավորման կարգը եւ այնտեղ եւս որեւէ բան չկա ազատման մասին։ Պարզապես Նախագահի լիազորությունների թվարկման մեջ ասվում է, որ վարչապետն առաջարկում է նախագահին կառավարության կազմի փոփոխություններ, որը նախագահը կարող է ընդունել, կարող է եւ չընդունել, եւ էլի այս պարագայում ստացվում է, որ եթե ազատում բառը չկա, ապա փոխվարչապետներին և նախարարներին վարչապետը չի կարող ազատել։ Նման պնդումը որեւէ քննադատության չի դիմանում։ Մենք պետք է հիմնվենք հետեւյալ դրույթների վրա, որ ԶՈւ-ն գտնվում է կառավարության ենթակայության ներքո, դա կարգավորված է մեր Սահմանադրության 155-րդ հոդվածով։ Որոշ իրավաբաններ բերում են Օմբուդսմենի օրինակը, թե ինչպես որ Օմբուդսմենին ԱԺ-ն ընտրում է որոշակի ժամկետով եւ հետո նա չի կարող պաշտոնանկ արվել, այնպես էլ այս դեպքում պետք է լինի։ Սակայն, ՄԻՊ-ի դեպքում Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ նա անկախ պաշտոնատար անձ է, ինչը ԶՈՒ ԳՇ պետի դեպքում չի ասվում։ Հակառակը, ասվում է, որ ԶՈւ-ն գտնվում է Պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո, որ պատերազմական իրավիճակում Գերագույն հրամանատարը ՀՀ վարչապետն է, որ նրանք ենթակա են կառավարությանը։ Ավելին, Սահամանդրությունը ԳՇ պետի պաշտոնավարման այդ 5 տարվա ժամկետի մասին էլ որեւէ բան չի ասում, այդ ժամկետը սահմանվնած է «Պաշտպանության մասին» օրենքով։ Օրենքը ասում է, որ նշանակվում է 5 տարի ժամկետով, միեւնույն ժամանակ գոյություն ունի «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որի 40-րդ Հոդվածի 3-րդ մասն ասում է, որ անկախ այդ հոդվածում նշված ազատման հիմքերից կարող է ԳՇ պետը ազատվել։ Նախագահի լիազորությունների թվարկման մեջ էլ ասվում է, որ նախագահը վարչապետի առաջարկով նշանակում եւ ազատում է ԳՇ պետին։ Եւ այն որ Նախագահը ՍԴ չուղարկեց այդ հրամանագիրը, նշանակում է, որ իրավունքի ուժով Գասպարյանի պաշտոնավարումը համարվում է դադարեցված»։

Օնիկ Գասպարյանը որոշել է իր ազատման հարցը վիճարկել Վարչական դատարանում։ Մինչ այդ նման հայցով Վարչական դատարն էր դիմել նաեւ նրա նախկին տեղակալը, վերջինիս պարագայում դատարան արդեն վարույթ է ընդունել դիմումը։

Հակոբյանի խոսքով, շատ զարմանալի է, որ դատարանը դիմումը այդպես արագ վարույթ է ընդունել, որովհետեւ, որպես կանոն, մեր դատարանների պարագայում, ամիսներ է տեւում մինչեւ որոշում են՝ վարույթ ընդունե՞լ գործը, թե՞՝ ոչ։

«Բայց պետք է նորից հղում կատարեմ Սահմանադրությանը, որը շատ հստակ ասում է, որ ԶՈւ ԳՇ պետին նշանակում եւ ազատում են հստակ սահմանված ընթացակարգով, եւ նկարագրված է այն սուբյեկտների կազմը, որոնք այս հարցով կարող են դիմել ՍԴ, այսինքն, այս կարգի վեճը քննության է ենթակա ՍԴ-ում։ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ Հոդվածի 2-րդ մասը հստակ ասում է, որ Վարչական դատարանին ընդդատյա են այն վեճերը, որոնք ընդդատյա չեն Սահմանադրական դատարանին, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին եւ այլն։ Այսինքն, այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, իսկ սա այսպիսի հարց է, չեն կարող ընդդատյա լինել վարչական դատարանին։ Այդ հարցով ՍԴ կարող էր գնալ նախագահը, որը չօգտվեց իր այդ լիազորությունից, ուստի այդ վեճը հնարավոր չէ տանել Վարչական դատարան» ,- նշել է Հակոբյանը։ Այդ դեպքում ինչպե՞ս է Վարչական դատարանը վարույթ ընդունել ԳՇ պետի նախկին տեղակալի դիմումը։ Ըստ Հակոբյանի, այստեղ էլ գալիս-հանգում ենք այն խնդրին, թե ինչո՞ւ խորքային դատաիրավական բարեփոխումներ տեղի չունեցան։ Ըստ նրա, եթե համադրում ենք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունը, դատարանների վարքագիծը մի փունջ հայտնի գործերով, որոնք հետեւեցին անցած տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ապա այստեղ զարմանալու քիչ տեղ ունենք։

Ընդդիմություն հայտարարում է, որ ճիշտ կլինի, որ բանակը իշխանությունը վերցնի իր ձեռքը եւ ձերբակալի վարչապետին․ արդյո՞ք Սահմանադրության մեջ նման նորմեր կան։ Նման նորմեր Սահմանադրության մեջ, Հակոբյանի խոսքով, չկան։ Ուստի եթե նման քայլի դիմի ԶՈւ-ն, դա ըստ էության ռազմական հեղաշրջում կլինի։

«Դա քաղաքական հարց է․ ուզենք, թե չուզենք, հավանենք, թե չհավանենք ժողովրդավարական կարգը, բայց ինչպես ասում են՝ մարդկությունն ավելի լավ կարգ չի հորինել։ Մեր Սահմանադրությունից բխում է, որ իրենք պետք է ենթարկվեն Գերագույն գլխավոր հրամանատարին, որ նրանք գտնվում են կառավարության ենթակայության ներքո։ Եւ այնպես չէ, որ իրենք այդ մասին չգիտեն։ Ամբողջ միջազգային համայնքը՝ ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ԵՄ-ն իրենց համար հատորներով նյութեր է հրապարակել, դրանցից մեկը՝ Զինված ուժերի խորհրդարանական վերահսկողության մասին դեռ 2005 թվականին է թարգմանվել, ես էլ խմբագրել եմ այն։ Իրենք ժամերով վերապատրաստումներ են անցել դրա վերաբեյալ, իրենց համար դա նորություն չէ, եւ ես զարմանում եմ, թե իրենք ինչպես կարող էին այդ քայլին գնալ՝ չմտածելով, թե այդպիսով ինչ հարված են հասցնում պետության եւ բանակի հեղինակությանը»,- նշել է Հակոբյանը։

Վարչապետը ԳՇ պետի պաշտոնում առաջարկել է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի թեկնածությունը, այս միջնորդությունը եւս նախագահը առարկություններով հետ է ուղարկել կառավարություն, որից հետո վարչապետը նորից է միջնորդությունն ուղարկել նախագահին։ Մեկնաբանելով այս հարցի շուրջ զարգացումները՝ Հակոբյանը նշել է․ «Կոնկրետ Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված հասարակության մոտ որոշակի հարցեր ծագել են, թե ինչո՞ւ է նա ժամանակին ազատվել ԳՇ պետի պաշտոնից, եւ կարծում եմ, որ հիմա տրամաբանական է, որ հարցեր առաջանան, թե ինչո՞ւ է դարձյալ իր թեկնածությունն առաջ քաշվում այդ պաշտոնի համար։ Ինչ վերաբերվում է նախագահի առարկություններին, ապա կարծում եմ, որ նախագահն իր գործողությունների տրամաբանության մեջ է։ Ինքը ազատելու հարցում էլ փորձեց անգործություն դրսեւորել եւ պատասխանատվություն չստանձնել, նույնն էլ անում է հիմա։ Կարծում եմ, որ նրա մտադրությունը դա է․ ինքը չի ստորագրի հրամանագիրը եւ այդ նշանակումը տեղի  կունենա իրավունքի ուժով»։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանին՝ իշխանությունը վերցնելու կոչ արած ուժերին՝ Հակոբյանը հավելել է․

«Այդ մարդիկ ընդհանրապես ժողովրդավարական հասարակությունից խոսելու իրավունք չունեն։ Իրենք անթաքույց ասում են, որ համընդհանուր ընտրական իրավունքը պետք է վերացվի, որոշակի ցենզեր պետք է սահմանել, ասում են, որ իշխանությունը պետք է փոխանցվի Վազգեն Մանուկյանին եւ մի որոշակի ժամանակ մենք ընտրություն չիրականացնենք ընդհանրապես, այդ արանքում իրենք չգիտեմ ինչերով զբաղվեն, եւ ոչ մի պատասխանատվություն չկրեն ժողովրդի առջեւ։ Բնական եւ խիստ տրամանական է, որ իրենք այդ հակասահմանադրական թեզերն էին շրջանառելու։ Այդ ուժերը անթաքույց ցանկանում են հակասահմանարդական եղանականերով իշխանություն վերցնել․ իրենք դա ուզում էին անել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, չհաջողվեց, դրանից հետո տարբեր կոչերով, հայտարարություններով, գործողություններով ցույց են տալիս, որ էլի դա են ուզում անել, խոսում են ապստամբությունից, հեղաշրջումից, կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնելուց, բայց դա մեր Սահմանադրությանը դեմ է, եւ ոչ մի զարմանալի բան չկա, որ հիմա էլ խրախուսելու էին ԶՈւ-ին հեղաշրջում իրականացնել։ Բնականաբար, իրենք չէին ակնկալում, որ եթե Օնիկ Գասպարյանը դիմեր այդ քայլին, դրանից հետո պետք է ինքն իրեն վարչապետ կարգեր, նրանք ակնկալում էին, որ այդ իշխանությունը հետո պետք է մատուցվեր իրենց, դա էր պլանը։ Բայց չստացվեց, քանի որ հասարակության արձագանքը խիստ միանշանակ էր, նույնիսկ այն մարդիկ, որոնք չէին մասնակցում Փաշինյանի հավաքներին, հստակորեն իրենց դիրքորոշումն արտահայտեցին, որ ԶՈւ ԳՇ պետը եւ մնացած գեներալները նման հայտարարություն անելու իրավունք չունեն, դրան գումարվեց նաեւ միջազգային համայնքի խիստ միանշանակ արձագանքը»։