Ուղղակի ամոթալի էր, որ միջազգային համայնքը պետք է ՀՀ Զինված ուժերին հիշեցներ ՀՀ Սահմանադրությունը պահպանելու անհրաժեշտությունը․ Լուսինե Հակոբյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանյան ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման ուղիները» խորագրով փորձագիտական քննարկում, որին մասնակցում էր նաեւ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Թեման Հայաստանյան քաղաքական վերջին զարգացումներն էին՝ ԶՈւ ԳՇ պետի եւ մի շարք բարձրաստիճան զինվորականների վերջին համատեղ հայտարարությանը հետեւած իրադարձությունների համատեքստում։ Արդյո՞ք նրանք ի պաշտոնե իրավունք ունեին նման հայտարարություն անել, արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, թե իբր վարչապետն օրենքով իրավունք չուներ ի պատասխան պաշտոնանկ անել ԳՇ պետին, ինչպես որ պնդում են իշխանության դեմ հանրահավաքներ անցկանցնող «17+» ուժերին աջակցող որոշ գործիչներ։

Այս համատեքստում Հակոբյանը պնդել է, որ նշյալ հայտարարությունը հակասահմանադրական է, իսկ վարչապետն էլ կարող է ազատել ԳՇ պետին։ Հակոբյանն իր պնդումները փաստարկել է Սահմանադրությունից եւ օրենքներից մեջբերումներով։

Լուսինե Հակոբյանի պարզաբանումները՝ ստորեւ։

«ՀՀ Սահմանադրության 14-րդ Հոդվածով սահմանվում է, որ «ՀՀ Զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմաննների անձեռնմխելիությունը»։ Այս Հոդվածի 2-րդ մասը, ասում է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»։ ԶՈւ ԳՇ պետի եւ մոտ 40 զինվորականների փետրվարի 25-ի հայտարարությունը հստակորեն կարելի է գնահատել որպես այս քաղաքացիական վերահսկողությունից դուրս գալու, քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական կարգի կարեւորագույն հիմունքի ոտնահարում, որը արժանի էր քրեաիրավական գնահատականի, ինչպես սահմանված է ՀՀ Քրեական Օրենսգրքում՝ ՀՀ Սահմանադրական կարգի տապալում հոդվածի շրջանակներում։

Սահմանադրության 155-րդ Հոդվածն ասում է․ «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են, Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:  Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է

Այսինքն, ֆիքսում ենք, որ Զինված ուժերը, այսպես ասած, առանձին ինստիտուտ չեն պետության իշխանության երեք ճյուղերի ճարտարապետության մեջ, եւ հստակորեն ենթակա են կառավարությանը։ Դա է հենց Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխը, որ իրենք չեն կարող լինել առանձին ինստիտուտ, իրենք գտնվում են կառավարության ենթակայության ներքո, եւ որ պետության համար ստրատեգիական հարցերում, հասարակության կազմավորման համար ստրատեգիական հարցերում, պետական իշխանության ձեւավորման համար կարեւորագույն հարցերում իրենք ասելիք չեն կարող ունենալ։

Հոդված 133․ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»:

Նշանակում եւ ազատում է, ամեն ինչ շատ հստակ է։

ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի, ինչպես եւ այլ զինծառայողների նշանակման եւ ազատման կարգը հանգամանալից կերպով կարգավորվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, որը ընդունվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին, այն նույն ժամանակ, երբ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքը։ Հետեւաբար, այդ երկու օրենքները տրամաբանորեն չէին կարող հակասություն ունենալ, քանի որ դա նույն մարմինն է մշակել եւ ներկայացրել, եւ փոխկապակցվածությամբ եւ համապատկեր մոտեցմամբ են դրանք մշակվել։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35․1 Հոդվածը սահմանում է պայմանագրային զինծառայողի բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելը․

«Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ․․․․: 2. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին։ 3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան»։

Տվյալ դեպքում նախագահը չստորագրեց եւ չդիմեց ՍԴ։

Նույն Հոդվածի 6-րդ մասը ասում է․ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, (այսինքն՝ ոչ ստորագրում է, ոչ էլ ուղարկում է ՍԴԼ․Հ) ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` պայմանագրային զինծառայողը բարձրագույն հրամանատարական կազմի տվյալ զինվորական պաշտոնին նշանակված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում»:

Այս նույն օրենքի Հոդված 4-ի առաջին մասով սահմանվում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու հիմքերը; Դրանք են՝ այլ պաշտոնի նշանակելը, հաստիքների կրճատում, եւ մի շարք այլ հիմքեր, որոնք չեմ մանրամասնում, քանի որ նույն Հոդվածի 3-րդ մասի ուժով տեսնում եմ, որ դրանք էական չեն, քանի որ Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումը իրականացվում է սույն օրենքի 35․1 Հոդվածով սահմանված կարգով։

Այսինքն, ինչ կարգով որ նշանակվում է, նույն կարգով էլ ազատվում է․ «Բարձրագույն հրամանատարական զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա՞ են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը, թե՝ ոչ»։

«Պաշտպանության մասին» օրենքի 6-րդ Հոդվածը նորից հստակ սահմանում է, որ Զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո․ «2. Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը»:

17-րդ հոդվածը սահմանում է ԶՈւ ԳՇ պետի լիազորությունները։ Եւ միայն այս մի հոդվածում է, որ զինծառայողի նշանակման եւ ազատման մասին որեւէ հիշատակում կա։ Այսինքն, այս օրենքը, ըստ էության, այս հարցերը չի կարգավորում, ուղղակի որպես ԳՇ պետի լիազորությունների թվարկում, նշում է նաեւ, որ ստորադաս զինվորականությանը նշանակելու եւ ազատելու լիազորություն եւս ունի։ Այսինքն, ազատման եւ նշանակման կարգը այս օրենքի հետ որեւէ կապ չունի։

Ընդամենը մի հիշատակում, որ ԳՇ պետը նշանակվում է 5 տարի ժամկետով եւ որ նույն անձը իրավունք չունի կրկին անգամ զբաղեցնելու ԳՇ պետի պաշտոնը։

Այսինքն, այս մի դրույթից, այսպես կոչված սահմանադրագետները, իրավագետները, եւ այլն, բխեցրել են, թե հնարավոր չէ որեւէ կերպ ազատել ԶՈւ ԳՇ պետին իր պաշտոնից։ Զավեշտն այն է, որ ըստ այդ տրամաբանության, ստացվում է, որ ԳՇ պետին ընդհանրապես հնարավոր չէ ազատել ոչ մի դեպքում, անգամ եթե նա մահացել է, անգամ եթե լրտեսություն է իրականացնում հօգուտ այլ պետության, ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ, ըստ երեւույթին, այդ նույն Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը եւ մյուսները մոռացել են «ազատել» բառը Սահմանադրության մեջ նշել, ինչպես որ ՍԴ անդամների հետ կապված ճգնաժամի դեպքում մոռացել էին գրել, որ փոփոխություններից հետո այդ մարդիկ շարունակելու են պաշտոնավարել որպես դատավորներ։

Նույն կերպ այս հարցում է․ քանի որ այստեղ այդ բառը մոռացել են գրել, ուստի որոշել են ամբողջ Սահմանադրության տրամաբանությունը փոխել եւ ասել, թե այն, որ գրված է, որ կառավարության ենթակայության ներքո է, դա՝ ոչինչ է, այն, որ քաղաքացիական վերահսկողության ներքո պետք է լինի, դա ևս ոչինչ է, ոչ էլ ժողովորդավարության սկզբունք է, այն որ քաղաքական հարցերում պետք է չեզոքություն պահպանեն, այդ մասին ընդհանրապես որեւէ անդրադարձ չկա։ Եւ դեռ հակառակը, պնդում է արվում, թե մի բան էլ շատ ճիշտ են արել՝ անվտանգության նկատառումներից ելնելով են արել, ինչը ուղղակի աբսուրդ է, ինչը նշանակում է, խրախուսել Զինված ուժերին ձեւավորել պետություն պետության ներսում։ Իսկ դա ռազմական դիկտատուրային բնորոշ երեւույթ է, եւ բացարձակապես անընդունելի ժողովրդավարական հասարակությունում։ Եւ դա էր հենց պատճառը, որ միջազգային համայնքը չվարանեց եւ անմիջապես արեց այդ բոլոր հայտարարությունները՝ անգամ հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը։ Եւ ուղղակի ամոթալի էր, որ միջազգային համայնքը պետք է ՀՀ Զինված ուժերին հիշեցներ ՀՀ Սահմանադրությունը պահպանելու անհրաժեշտությունը»։