«Այդ հայտարարությունը պարունակում է հանցակազմի տարրեր եւ արդեն պետք է քրեական գործ հարուցված լիներ։ Այս հայտարարությունը հստակորեն խախտում է Սահմանադրության 14-րդ հոդվածը, որը Զինված ուժերից պահանջում է քաղաքական չեզոքություն, եւ ամրագրում է, որ Զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ։ Բայց դա չպետք է դիտարկել որպես մեկուսի արարք, դա պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 10-ին հետեւած զարգացումների լույսի ներքո, երբ հայտնի շրջանակները փորձում են բոլոր միջոցներով, այդ թվում հակասահմանադրական, զավթել իշխանությունը։ Դեռեւս պատերազմի ժամանակվանից փորձ էին անում այդ ամենի մեջ ներքաշել Զինված ուժերին, հիշում ենք Վազգեն Մանուկյանի հայտնի կոչը։ Պետք է պատմական զարգացումների մեջ դիտարկել իրադարձությունները․ տեսնում ենք, որ ԳՇ պետը բավական երկար ժամանակ որոշակի դիմադրություն ցույց տվեց․ հրադադարին հետեւած օրերի ընթացքում սկզբից արեց հայտարարություն այն մասին, որ ըստ էության, կիսում է պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ, հետո, այնուամենայնիվ, ինչ-ինչ գործոնների եւ ազդեցության տակ տեղի տվեց»։
Այդ մասին 1in.am-ի տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով ԶՈւ ԳՇ հայտարարությունը, որով ԳՇ գեներալները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հակոբյանը նշել է, որ այդպիսով ԶՈւ ԳՇ մի խումբ զինվորականներ իրենց դուրս դրեցին Սահմանադրությունից, ըստ էության իրենց վրա վերցրեցին քաղաքական գործչի գործառույթ եւ մտան քաղաքականություն, ինչը շատ վատ նախադեպ է ստեղծում մեր երկրում։
Իսկ կա՞ անհրաժեշտություն վեթթինգ իրականացնել գեներալիտետի շրջանում, մասնավորապես՝ նրանց ունեցվածքի, հարստության հարցով։
Ի պատասխան այդ հարցի Հակոբյանը նշել է․ «Միանշանակ, այդ բոլոր ապօրինի հարստացումների դրսեւորումները պետք է լուրջ քննության առարկա դառնան, բայց, իհարկե, դա ավելի վաղուց պետք է արվեր, պետք էր բանակը, այսպես ասած, կուռք սարքելու փոխարեն, ավելի մեծացնեինք թափանցիկությունը։ Բայց այն փորձերը, որոնք ձեռնարկվում էին բանակի թափանցիկությունը մեծացնելու ուղղությամբ, շատ ագրեսիվ ռեակցիայի էին արժանանում, նման քայլ անելու անհրաժեշտության մասին բարձրաձայնող մարդիկ պիտակավորվում էին որպես ազգի թշնամիներ, բանակի թշնամիներ։ Սա հատկապես սրվեց պատերազմի ժամանակ, չնայած, այդ պահանջները բարձրացրած մարդիկ, բնականաբար, պատերազմի ժամանակ նման պահանջներ չէին ներկայացնում, այլ մեր սիրտը մեր բանակի, մեր ժողովրդի հետ էր։ Այդ հակահարձակումների պատճառները հասկանալի էին, որովհետեւ բանակի ներսում հարստացումները, այսպես ասած, մեկուսի երեւույթներ չէին, դրանք այդ ամբողջ համակարգի տրամաբանական զարգացումներն էին, երբ համակարգի գլխին կանգնել էին մարդիկ, որոնց նպատակը եղել էր նյութական բարեկեցությունը՝ ի հաշիվ պետության շահի, ուստի, բնականաբար, այդ ամենը հիերախիկ ձեւով շարունակվում էր եւ տեղ էր գտնում նաեւ բանակում, ինչպես շատ այլ պետական ինստիտուտներում»։
Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման», կամ՝ «17+»-ի ղեկավարների հայտարարություններին, որոնցով վերջիններս ողջունում էին ԳՇ հայտարարությունը՝ Հակոբյանը նշել է, որ այդ անձանց վարքին արդեն գնահատական տրվել է։
«Դրանք մարդիկ են, որոնք որեւէ հանրային, պետական շահ չունեն, իրենց հետաքրքիր է իշխանության օղակներում հայտնվելը՝ էլի իրենց անձնական բարեկեցության, անձնական ամբիցիաների եւ նաեւ, ինչ-որ առումով, որոշակի արտաքին ուժերի ծառայելու նպատակով։ Դա է, շատ բան չկա նրանց մասին ասելու։ Ուղղակի, ցավալի է, որ այդ մի շարք զինվորականները անտեսեցին այն հեղինակությունը, որ Հայաստանում ուներ բանակը, եւ այդ հեղինակությանը շատ մեծ վնաս հասցրեցին, որովհետեւ հասարակության գնահատականը խիստ միանշանակ է»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով, պատահական չէր նաեւ, որ ԳՇ հայտարարությունը ողջունել էին նաեւ մարտիմեկյան գործով անցնող գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։
«Այդպիսով նրանք ուղղակիորեն ապացուցում էին, որ ամեն ձեւ բանակը ներքաշել էին մարտիմեկյան իրադարձությունների մեջ։ Եթե իրենք որպես սկզբունք չեն դիտարկում այն, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական հարցերին ու պետք է մնա քաղաքացիական վերահսկողության ներքո, ապա դրանով իսկ իրենք ապացուցում են իրենց մեղքը՝ մարտի մեկի արյունալի իրադարձությունների ժամանակ բանակը ներքաշելու հարցում, որովհետեւ դա իրենց համար փաստորեն անընդունելի չէ»։
Հակոբյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարությանը, թե իրենք բոլոր հայ գերիներին վերադարձրել են, իսկ մնացյալը «ահաբեկիչներ են»։ Արդյո՞ք պատահական է, որ Ալիեւն այդ հայտարարությունն անում է «17+»-ի ակտիվացմանը զուգահեռ։
«Բնականաբար Ալիեւն այդքան խելք ունի, որ այդ հայտարարությունն անի հենց հիմա։ Ալիեւը մեր բարեկամը չէ․ եթե մեր՝ ՀՀ բանակի բարձրաստիճան զինվորականներ այսպիսի իրավագիտակցություն են ցուցաբերում, ապա Ալիեւից մենք ինչի՞ պետք է սպասենք հումանիզմ, Հայաստանի շահին հետամուտ լինելու դրսեւորումներ»,- ասել է Հակոբյանը։
Իսկ ո՞րն է ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Ըստ իրավաբանի, «կոնկրետ այդ խումբը պետք է ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկվի, իշխանությունը պետք է ցուցադրի, որ Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, որ չի կարող լինել Զինված Ուժեր Սահմանադրությունից դուրս, Գլխավոր դատախազությունը եւս պետք է քրեական գործ հարուցի»։
«Ինչո՞ւ պետք է ԶՈւ-ն գտնվի քաղաքացիական վերահսկողության ներքո։ ԶՈւ-ն այլ բնույթ ունի․ իրենք պատրաստված են պատերազմի, իրենց մոտ այլ կանոններ են գործում՝ կուռ կարգապահություն, հնազանդություն, ավտորիտարիզմ, ինչը ժողովրդավարության հակոտնյան է։ Ժողովրդավարությանը հատուկ է համախոհությունը, քննարկումը, բանավեճը, ուստի, բնականաբար, ժողովրդավարությունը պահանջում է, որ ԶՈւ-ն, որը կարող է, այսպես ասած, մի զարկով շատ կտրուկ որոշումներ ընդունել, պետության ստրատեգիական որոշումների մեջ ասելիք չունենա, ասելիք ունենա միայն արտաքին թշնամու դեմ պայքարում, երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելության պահպանության հարցերում, բայց իրենք չեն կարող ասելիք ունենալ քաղաքական հարցերում, եւ առավելեւս չեն կարող պահանջնել ժողովրդի կողմից ընտրված իշխանության հրաժարականը։
Այս իրավիճակում քաղաքացիական վերահսկողությունը խաթարված է, այն պետք է վերականգնվի, ԶՈւ մնացած առողջ մասը պետք է հասկանա դա։ Ես ուղղակի չեմ էլ պատկերացնում, թե նրանք ինչպես են այդ քայլին գնացել, նրանք տարիներ ի վեր վերապատրաստումներ են անցել, ԵԱՀԿ-ն ու Եվրախորհուրդը հատորներով ձեռնարկներ են տպել եւ իրենց բաժանել, այն մասին, թե ինչու պետք է ԶՈւ-ն գտնվի քաղաքացիական, խորհրդարանական վերահսկողության ներքո։ Ինչպե՞ս կարող էին իրենք մտքով անգամ անցկացնել նման քայլի դիմել»,- ասել է Հակոբյանը։
Հակոբյանը անդրադարձել է նաեւ ԱԱԾ նախկին պետ, ներկայում «17+»-ի ղեկավարներից մեկի՝ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե եթե ինքը իշխանության լիներ, ապա գերիների հարցը մի քանի օրվա մեջ անձնական կապերի շնորհիվ կլուծեր։
«Եթե ինքը մտածում է մեր հայրենակիցների մասին, ի՞նչն է իրեն խանգարում այդ անձնական կապերը (եթե նա իրոք նման կապեր ունի) հիմա օգտագործել եւ հասնել դրան, անպայման պետք է իշխանությա՞ն լինեն։ Թող հասնի դրան, Հայաստանը փոքր երկիր է, բոլորը կիմանան, որ դա Վանեցյանն է արել։ Թե չէ, ես էլ կարող եմ հայտարարել, որ եթե ես իշխանության լինեմ, մենք վաղը գերտերություն կդառնանք»,- ասել է Հակոբյանը։
